134 դոլար՝ փաթաթված հայկական դրոշի մեջ՝ «հայ վիրաւոր զինուորներու համար»…

2551

Նախորդ շաբաթ իմ այս սյունակում անդրադարձել էի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանն ու գործելաձեւին (տես՝ «Ազգ», 29.05.15), առաջարկելով բարեփոխել նրա գործելաձեւը եւ որպես արդյունավետ հանգանակության օրինակելի փորձ հիշել էի 1919 թ.ին Միացյալ Նահանգների ու Կանադայի 61 քաղաքներում եւ բնակավայրերում Զորավար Անդրանիկի գլխավորությամբ անցկացված Փրկության հանգանակությունը:

Հավանաբար սիրելի Զորավարի անունն էր պատճառը, որ ընթերցողներիցս շատերը խրախուսեցին ինձ առանձին անդրադառնալ այդ հանգանակությանը, ինչը փորձում եմ անել, մեր ներկա համարի 7-8 էջերում ներկայացնելով նրա կոչը ամերիկահայությանը եւ կազմակերպական բնույթի հրահանգները հանգանակիչ հանձնախմբերին՝ մեզ համար շատ ուսանելի, շատ խորիմաստ բովանդակությամբ, մեկ անգամ եւս հաստատելով այն համոզումը, թե Անդրանիկը քաջ զորավար եւ պարզապես հայդուկ կամ ֆիդայի չէր, այլ կազմակերպչական ջիղ ու տաղանդ ունեցող հմայիչ անձնավորություն նաեւ:

Խոստովանեմ, որ ինքս էլ տեղյակ չէի հիշյալ հանգանակության մանրամասներին, մինչեւ որ, վերջերս, Ամերիկայից ստացա այժմ հազվագյուտ օրինակներից մեկը 1921 թ.ին Պոստոնում, «Երան» տպարանում, 3000 օրինակով լույս տեսած «Պատուոյ գիրք Փրկութեան հանգանակութեան հայոց Ամերիկայի 1920-1921» վերնագրով գրքի, 260 էջ ծավալով, որի 200 էջերում, ըստ բնակավայրերի բաժանված գլուխների ներքո, նվիրատուների անվանացանկերն են՝ անուն-ազգանուն, ծննդավայր (Կարին, Խարբերդ, Չմշկածակ, Մալաթիա, Արաբկիր եւ այլն), եւ նվիրաբերած գումարը՝ 1-ից մինչեւ, շատ հազվադեպ, 3000 դոլար:

Շուրջ 7000 մարդ է մասնակցել այդ հանգանակությանը, որոնց շարքում երբեմն հանդիպում ենք լատինատառ անունների՝ բնիկ ամերիկացիներ: Սակայն իմ կարծիքով, ամենասրտառուչ ու թանկագին նվիրատվությունը եղել է 134.17 դոլարը, որը փաթաթված է եղել հայկական դրոշի մեջ՝ «հայ վիրաւոր զինուորներու համար»…

Գրել էի, որ Փրկության հանգանակության վերջնարդյունքը եղել է 532,036.40 դոլար, որի այսօրվա արժեքը հաշվարկել էի շուրջ 15 միլիոն: Հետագայում դիմելով ԱՄՆ կենտրոնական բանկի ցուցիչներին, պարզվեց, որ 1920 թ.ի 1 դոլարը այսօրվա սակագնով կազմում է 12.40 դոլար: Ստացվում է՝ 6,597,251.36 դոլար, եւ ոչ թե 15 միլիոն: Այսուամենայնիվ, եթե նկատի ունենանք այդ օրերի ամերիկյան դրամանիշի գնողական արժեքը, ապա հաստատապես կարելի է ողջախոհ թիվ համարել իմ նախապես հաշվարկածը: Այդ գումարին պետք է ավելացնել Ամերիկյան նպաստամատույցի (Near East Relief) շուրջ 200,000 դոլարի օգնությունը, ինչպես նաեւ նվիրատվությամբ գնված ապրանքների (մեծամասամբ զինվորական վերարկուներ) որոշ մասի տեղափոխության ծախսերը:

Հանգանակությանը մասնակցել են ամերիկահայ գլխավոր կազմակերպությունները, բացի հայ կաթոլիկ համայնքից եւ Հնչակյան կուսակցությունից: Իսկ ՀՅԴաշնակցությունը ուղղակի բոյկոտել է այն, առարկելով այդ նախաձեռնության զուտ ամերիկահայկական չլինելը եւ փոխարենը առաջարկել հանգանակիչ կենտրոնական մարմնի ներգաղութային ընտրություններ: Իսկապես ապշեցուցիչ վարքագիծ մի կազմակերպության կողմից, որը սիրում է իրեն վերագրել ամեն դրական գործ մեր ժողովրդի կյանքում: Ապշեցուցիչ հատկապես այն փաստի համար, որ Փրկության հանգանակության արդյունքի 40 տոկոսը ի սկզբանե սահմանված է եղել Հայաստանի Հանրապետության եւ Հայոց բանակի կարիքների համար: Եվ, արդարեւ, 1920 թ.ին 175.440 դոլարի օգնություն է փութացվել Հայաստան:

Կարիք կա՞ ավելացնելու, որ ամերիկահայկական քաղաքական մյուս երկու կազմակերպությունները՝ Ազգային Ռամկավար եւ Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունները, որոնք հետագայում՝ 1921 թ.ին, միավորվելով կազմեցին Ռամկավար Ազատական կուսակցությունը, ՀԲԸՄիության եւ Հայ առաքելական ու Հայ ավետարանական եկեղեցիների ու հայրենակցական միությունների հետ ձեռք-ձեռքի՝ ամբողջանվեր աշխատանք են տարել Պողոս Նուբար փաշայի հանձնարարականով Զորավար Անդրանիկի գլխավորած հանգանակության հաջողության համար:

Հակոբ Ավետիքյան, “Համահայկական օրինակելի հանգանակություն” 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015, http://www.azg.am/AM/2015060501

Այս թեմայով Հակոբ Ավետիքյանի նախորդ հոդվածը կարդալ այստեղ՝ https://www.aniarc.am/2015/05/29/hakob-avedikian-fundraising-armenia-diaspora/ (Հակոբ Ավետիքյանը իրերը կոչում է իրենց անուններով)