«Վատ հաշտություն, բայց անկա՛խ Հայաստան»

493

Հայաստանի առաջին արտգործնախարար եւ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը իր հուշերում մի քանի տող է հատկացրել Օսմանյան կայսրության պատվիրակության խորհրդատու Մյունիր բեյին, ով անփոփոխ, 1918-1922 թվականներին, ուղեկցում էր թուրքական պատվիրակություններին Բաթումում, Ալեքսանդրապոլում, Լոնդոնում, Լոզանում:

1918 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետությունը փաստացի հռչակվեց մոտ 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, ինչը սարսափելի իրողություն էր հայկական պատվիրակության համար: Բաթումում հայկական պատվիրակությունը Օսմանյան կայսերական կառավարության հետ Հաշտության եւ բարեկամության պայմանագիրը, ապա 1920 թվականին Ալեքսանդրապոլում Հայ-թուրքական դաշնագիրը ստորագրելու արարողությունների ընթացքում չէր թաքցնում իր հուսահատությունը: Եվ ամեն անգամ Մյունիր բեյը ընկճված եւ տխուր հայերին ասում էր. «Այսպես է ստեղծվում պետությունների պատմությունը, չպետք է մտահոգվել, ոչ մի բան հավերժ չէ, եւ ամեն պայմանագիր ժամանակավոր է»:

Վերջին հարյուր տարիների ընթացքում Հայաստանը կամ հայկական վերահսկելի տարածքը ընդարձակվել է չորս անգամ, ապա նեղացել գրեթե կիսով չափ:

Հայաստանի ընդարձակման եւ նեղացման՝ ստատուս-քվոների փոփոխության պատճառները եղել են տարբեր՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: Երբեմն արտաքին դերակատարների եւ միջազգային հանգամանքների պատճառով կորցրել եւ կամ ձեռք ենք բերել տարածքներ:

1918 թվականի մայիս-հունիսին Հայաստանը հիմնադրվեց ընդամենը 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Հիմնադրման օրերին` 1918-ի հունիսին, Բաթումում գծվեց հայ-թուրքական սահման, մինչդեռ մյուս երկու հարեւանների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանները մնացին վիճելի, իսկ հաշտարարի դերում Օսմանյան կայսրությունն էր մինչեւ Մուդրոսի զինադադար, որով թուրքերը պարտված ճանաչվեցին:

Հիմնադրումից վեց ամիս անց՝ 1918-ի նոյեմբերից, սկսվեց հանրապետության ընդարձակումը: Այն նախ եւ առաջ պայմանավորված էր նրանով, որ Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրությունը սկսեց զորքերը դուրս բերել գրավյալ հայկական հողերից: 1919-ի գարնանը եւ ամռանը Հայաստանն էլ ավելի ընդարձակվեց, երբ բրիտանական 3000-անոց զորքի օգնությամբ եւ անմիջական մասնակցությամբ Հայաստանին միացվեցին Նախիջեւանն ու Կարսը: Այսպիսով` հիմնադրումից ընդամենը մեկ տարի անց Հայաստանը տարածքով ընդլայնվեց գրեթե վեց անգամ՝ հասնելով փաստացի 60 հազար քառակուսի կիլոմետրի:

Հայաստանը կարող էր է՛լ ավելի ընդարձակվել նույն այդ ժամանակահատվածում, եթե Արցախը եւս միացվեր Հայաստանին, սակայն նույն բրիտանացիները Արցախի եւ Զանգեզուրի հարցում այլ քաղաքականություն էին վարում եւ ամեն կերպ փորձում էին հայկական այդ երկու շրջանները միացնել Ադրբեջանին:

1919-ի ամռանը Հայաստանի տարածքը փոքրացավ, երբ մենք չկարողացանք պահել Նախիջեւանը: Այն գրավեցին թուրք-թաթարական ուժերը, իսկ արդեն 1921-ին այդ գրավմանը փաստաթղթային տեսք տվեցին ռուս բոլշեւիկներն ու թուրք քեմալականները Մոսկվայում եւ Կարսում:

1920-ի ամռանը Հայաստանի տարածքը էլ ավելի նեղացավ, երբ ռուսները Հայաստանին ստիպեցին փաստաթուղթ ստորագրել եւ ժամակավորապես հրաժարվել Արցախի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի հանդեպ հավակնություններից: Նույն տարվա աշնանը սկսվեց քեմալականների հարձակումը արեւմուտքից, եւ մենք կորցրինք Սարիղամիշը, Կարսը, Արդահանը, Սուրմալուն եւ Ալեքսանդրապոլը (Գյումրի):

1920 թվականի օգոստոսից նոյեմբեր Հայաստանը կորցրեց իր տարածքի գրեթե կեսը: Այսպիսով` 1918-ի կեսերին Հայաստանը փաստացի ուներ 10-12 հազար, մեկ տարի անց՝ գրեթե 60 հազար, իսկ 1920-ի ուշ աշնանը՝ մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Եթե 1920-ի կեսերից թափ չառներ բոլշեւիկ-քեմալական գործակցությունը, որի զոհերից առաջինը Հայաստանն էր, գուցե իրականություն դառնար հայկական երազանքը՝ Սեւրը: Այդ շրջանում Հայաստանի սահմանները պետք է առավել ընդլայնվեին եւ հասնեին 160 հազար քառակուսի կիլոմետրի: Բայց այդպես չեղավ. Սեւրի ստորագրումից ամիսներ անց Հայաստանը թուրքական ներխուժման եւ սպառնալիքների տակ հրաժարվեց Սեւրից եւ ապա խորհրդայնացվեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, իսկ 1922-ին մաս կազմեց ձեւավորվող ԽՍՀՄ-ին:

Խորհրդային 70 տարիների ընթացքում Հայաստանը մնաց 30 հազար քառակուսի կիլոմետր եւ 1991-ին անկախացավ այդ տարածքի վրա: Փոխարենը տեղի ունեցավ հայոց պատմության մեջ ամենամեծ հայահավաքը: Եթե 1926 թվականին ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով Խորհրդային Հայաստանի բնակչության թիվը 880 464  էր, ապա ԽՍՀՄ-ի վերջին, 1989-ի մարդահամարի տվյալներով, 3,304,776 էր:

88-ի Արցախյան շարժումը երեք տարի անց վերաճեց պատերազմի: Զինված հակամարտության ընթացքում տեղի ունեցան ստատուս-քվոյի բազմաթիվ փոփոխություններ՝ ի վնաս եւ հօգուտ հայերի: 1994-ի մայիսին հաստատվեց անժամկետ զինադադար, եւ հայկական բանակը կանգնեց 42 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա:

Ստատուս-քվոյի փոքր փոփոխություն տեղի ունեցավ 2016-ի ապրիլին, երբ ադրբեջանական բանակը կարողացավ գրավել երկու հողաշերտ Արցախի վերահսկողության տակ գտնվող հարավ-արեւելքում եւ հյուսիս-արեւելքում՝ մոտ 800 հեկտար:

2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրեց 8000 քառակուսի կիլոմետր տարածք: 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Արցախից մնացած մոտ 3000 քառակուսի կիլոմետրը գրավվեց, իսկ 120 հազար հայեր մահվան սպառնալիքի տակ տեղահանվեցին:

Այսօր Հայաստանից մնացել է 29,8 հազար քառակուսի կիլոմետր, որից 200 քառակուսի կիլոմետրը ադրբեջանական օկուպացիայի տակ է:

1918 թվականի հունիսի 6-ին հայկական պատվիրակությունը Բաթումից գնացքով վերադարձավ Թիֆլիս՝ իր հետ բերելով 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանի առաջին դիվանագիտական փաստաթուղթը:

Հայաստանի առաջին արտգործնախարար եւ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը իր հուշերում պիտի գրեր. «Մեծ է հայ երկրի ոգին: Մենք բերում ենք հաշտության վատ դաշնագիր, սակայն բերում ենք ե՛ւ անկախ Հայաստան՝ տուն, բույն, որտեղ պիտի կռանվի ազգային միտքը: Այս ամենը կապում է, միացնում է, բարձրացնում է ոգին, իսկ դա կարեւոր է: Ես հավատ ունեմ դեպի մեր պետությունը»:

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։