Արգենտինա – Սաուդյան Արաբիա` 1-2

1711

Արգենտինայի հավաքականը սենսացիոն պարտութամբ մեկնարկեց Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: C խմբում ընդգրկված արգենտինացիներն առաջին տուրում 1-2 հաշվով անակնկալ պարտություն կրեցին Սաուդյան Արաբիայի հավաքականից:

Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, երբ 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին: 35-ամյա Մեսին դարձավ Արգենտինայի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը գոլ խփեց 4 աշխարհի առաջնություններում:

Առաջին խաղակեսում արգենտինացիները ևս 3 անգամ գրավեցին մրցակցի դարպասը, սակայն 3 դեպքում էլ արձանագրվեց խաղից դուրս վիճակ:

Ընդմիջումից հետո խաղի պատկերն ամբողջությամբ փոխվեց: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Սաուդյան Արաբիայի հավաքականը 5 րոպեում խփեց 2 գոլ ու առաջ անցավ հաշվի մեջ: 48-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» ակումբի հարձակվող Սալեհ Ալ-Շեհրին, իսկ 5 րոպե անց տպավորիչ հարվածով աչքի ընկավ նրա ակումբակից Սալեմ Ալ-Դոսարին:

Մնացած ժամանակահատվածում խաղը հիմնականում անցնում էր արաբական թիմի կիսադաշտում: Արգենտինայի հավաքականը մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին, սակայն գոլ խփել չհաջողվեց:

Արգենտինայի հավաքականի անպարտելի շարքը չշարունակվեց 37-րդ խաղում: Նախորդ անգամ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը պարտել էր 2019 թվականի հուլիսին: Անպարտելի խաղերի ցուցանիշով ռեկորդակիրը Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականն է, որը 2018-ի սեպտեմբերից մինչև 2021-ի հոկտեմբեր չէր պարտվել 37 հանդիպում անընդմեջ:

Թիմերի մեկնարկային կազմերը:

Արգենտինա.  Էմիլիոանո Մարտինես, Նաուել Մոլինա, Քրիստիան Ռոմերո, Նիկոլաս Օտամենդի, Նիկոլաս Տալյաֆիկո, Ռոդրիգո Դե Պաուլ, Լեանդրո Պարեդես, Պապու Գոմես, Լիոնել Մեսի, Անխել Դի Մարիա, Լաուտարո Մարտինես:

Սաուդյան Արաբիա.  Մոհամեդ Ալ-Օվայս, Յասեր Ալ-Շահրանի, Ալի Ալ-Բուլայկի, Հասան Տոմբակտի, Սաուդ Աբդելհամիդ, Սալեմ Ալ-Դոսարի, Սալման Ալ-Ֆարաջ, Սալման Ալ-Մալկի, Մոհամեդ Կանո, Ֆիրաս Ալ-Բրեյկան, Սալեհ Ալ-Շեխրի:

Աղբյուրը՝ https://www.vnews.am/