Քոչարյան – Դեմիրել. Ստամբուլ, Չրաղան պալատ՝ 17 նոյեմբեր, 1999թ

12115
ISTANBUL, TURKEY: A file photo dated October 17, 1999 shows that Turkey's ninth president Suleyman Demirel meets former President of Armenia Robert Kocharyan (L) at Ciragan Palace in Istanbul, Turkey. Former Turkish president Suleyman Demirel, who once escaped an assassination attempt and went through a military coup, has died of heart failure due to respiratory tract infection at the age of 91 late Tuesday night. (Photo by Abdurrahman Antakyali/Anadolu Agency/Getty Images)

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Հենց 1999-ին կրկին շրջանառության մեջ դրվեց տարածքների փոխանակման տարբերակով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը: Ռոբերտ Քոչարյանը պարզաբանել է. ՙԿա փակուղի, և փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է: Եվ այդ կոնտեքստում, այո, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ: Գաղափարը բավական տարբերվում է նրանից, որը տպագրվեց մեր մամուլում, բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակն իմ կողմից չի ընդունվել, և ներկա թեժ քննարկումներն ուղղակի անիմաստ են: Պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունը. ենթադրվում էր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատեւ խաղաղության՚:

Ավելի ուշ` 2008թ. փետրվարին, ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատության, Քոչարյանն ասել է. ՙՄեղրին հանձնելու տարբերակը Պոլ Գոբլի առաջարկն է, որը շրջանառության մեջ է դրվում պարբերաբար: ՙՏարածքների փոխանակման սկզբունքներ՚ կոչվող տարբերակն ընդամենը մեկ անգամ քննարկվել է համանախագահող երկրներից մեկի ներկայացուցչի հետ: Եթե պատասխանը դրական լիներ, ապա այն հետագայում կմշակվեր ու կդառնար Մինսկի խմբի առաջարկ: Այդ տարբերակը մերժել է և’ հայկական, և’ ադրբեջանական կողմը: Մեր իշխանավարման ընթացքում տարածքների փոխանակման սկզբունքները մերժել ենք` պատճառաբանելով, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը: Այն թուղթը, որ թափահարում է Տեր-Պետրոսյանը, ես երբևէ չեմ տեսել՚:

2008թ. փետրվարին Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիների համար մեջբերումներ էր անում ՙտասը տարի թաքցված՚ փաստաթղթից` այն որակելով ՙմեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ՚: Տեր-Պետրոսյանը Մեղրիի և  Ղարաբաղի փոխանակման փաստաթղթից ընթերցեց երկու հոդված: ՙՆախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը 1988թ. սահմաններով փոխանցվում է Ադրբեջանին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայումս Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի տարածք՚: Ապա Տեր-Պետրոսյանը շարունակեց. ՙՀայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ: Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք խափանեցին այդ ծրագիրը, և դրա գինը նրանց կյանքն էր՚:

Տարածքների փոխանակման գաղափարը 1992թ. առաջ էր քաշել ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակից Գոբլը: Ըստ էության, 2001թ. ապրիլին, երբ ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ Ֆլորիդայի Քի Վեսթ քաղաքում տեղի էին ունենում բանակցություններ, կարգավորման հիմքում ևսդրված էր Գոբլի գաղափարը, ճիշտ է` ակնհայտ փոփոխություններով եւ նորամուծություններով: Ամերիկացի դիվանագետը նշում էր ղարաբաղյան կարգավորման երեք տարբերակ:

Առաջին` Ղարաբաղի հայերի ոչնչացում կամ արտագաղթ, ինչը հնարավոր չէ բարոյական տեսանկյունից, երկրորդ` Ղարաբաղի հանձնում Հայաստանի իրավասությանը, ինչը հնարավոր չէ քաղաքական տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը կզրկվի ինչպես տարածքներից, այնպես էլ` ջրային պաշարներից, երրորդ` խոշոր ուժեր մտցնել հակամարտող կողմերին իրարից անջատելու համար, ինչը հնարավոր չէ ֆիզիկապես: Գոբլը փակուղին հաղթահարելու ճանապարհ էր նկատում տարածքների փոխանակման հնարավորությունը. ՙՂարաբաղի մի մասի հանձնում Հայաստանին: Բաքվին ջուր սնուցող գետերի ակունքներ ընդգրկող տարածքը պետք է հանձնել Ադրբեջանին` ադրբեջանաբնակ բնակավայրերի հետ միասին: Հայաստանի վերահսկողության տակ գտնվող եւ Նախիջևանն ու Ադրբեջանն իրարից անջատող տարածքների մի մասի հանձնում Ադրբեջանի իրավասությանը՚:

Հետագայում` 2000թ. հունիսին, Գոբլն ընդունեց, որ երկու սխալ է թույլ տվել, առաջինը` ԼՂ-ից Ադրբեջան ջրի հոսքն է, որն այնքան էլ մեծ կարևորություն չունի, երկրորդ` ավելի նշանակալի սխալն Իրանի հետ սահման ունենալու կարևորությունն է հայերի և Հայաստանի համար: ՙ1992թ. շատ քիչ առեւտուր կար այդ ճանապարհով, և ես կարևորում էի, որ հայերը կզոհաբերեն այդ (սահմանը) հանուն խաղաղության: Այժմ ես հասկանում եմ դրա հոգեբանական իմաստը, դա կարևոր է ոչ միայն առևտրի հետագա զարգացման համար, այլ մանավանդ որպես ելք դեպի աշխարհի ոչ թուրքական մասը: Ես այն ժամանակ թերագնահատել էի այդ հանգամանքը: Եթե վերանայեմ այդ ծրագիրն այժմ, պիտի առաջարկեի, որ Ադրբեջանը նախ զիջեր Արեւմտյան Նախիջևանի մի փոքր մասը, որպեսզի Հայաստանը սահման ունենար Իրանի հետ, և ապա Թուրքիան բացեր իր սահմանները Հայաստանի հետ՚:

2008թ. փետրվարի 12-ին Վարդան Օսկանյանը Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու Տեր-Պետրոսյանի հայտարարություններն ընդամենը որակեց Գոբլի ծրագիր, որը շրջանառության մեջ է դրվել 90-ական թթ. սկզբներին և 2000թ. կտրականապես ու վերջնականապես մերժվել: Օսկանյանն ընդգծեց, որ Մինսկի խումբը նման առաջարկ երբևէ չի ներկայացրել: Նա պնդեց նաև, որ դեռ 1994թ. Հայաստանի ղեկավարությունը նեղ շրջանակում քննարկել է Գոբլի ծրագիրը, և Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ եթե Նախիջևանի հյուսիսային` Հայաստանի անմիջական հարակից մասը, մինչև Իրանի սահմանը, տրվեր Հայաստանին, ապա դա ընդունելի տարբերակ կլիներ:

Ավելի վաղ` տարածքների փոխանակման ճանապարհով ղարաբաղյան հարցի լուծումն առաջ էր քաշել Նոբելյան դափնեկիր Անդրեյ Սախարովը դեռ 1988թ.: Բաքվում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ 2002թ. Ալիևն ասում էր. ՙԵրբ Սախարովը եկավ այստեղ, խոսակցություն գնաց Մեղրին Ադրբեջանին փոխանցելու, իսկ Լաչինից Հայաստանի համար միջանցք բացելու մասին, որպեսզի այդ հարցը լուծվի: Ադրբեջանը դրա հետ չհամաձայնեց: Այդ մասին ինձ Թուրքիայում ասել են հանգուցյալ Օզալը, հետագայում Դեմիրելը: Չեմ կարող ասել, որ ի վերջո հայերը կհամաձայնեին, բայց ամեն դեպքում նման տրամադրություններ կային: Սակայն ադրբեջանական կողմը լիովին դեմ եղավ՚:

Թուրքիայում հայտնի քաղաքական մեկնաբան, նախագահ Օզալի խորհրդական Ջենգիզ Չանդարը հիշում է. ՙ1991թ. Օզալն ինձ ուղարկեց Բաքու մի առաջարկությամբ, որով փորձում էր Ղարաբաղի հարցում ճշտել Մութալիբովի ճկունությունը: Այդ առաջարկության էությունը տարածքների փոխանակումն էր: Պատերազմը նոր էր սկսվել: Ըստ այդ առաջարկության` Ադրբեջանը Հայաստանին զիջում է Լաչինը և Ղարաբաղի մի մասը, իսկ Ղարաբաղի մյուս մասը Շուշիով, ինչպես նաև Մեղրին տրվում է Ադրբեջանին: Մութալիբովն ասաց, որ չի կարող ընդունել այդ առաջարկությունը: Ես մտածեցի, թե նա հաշվի է առնում Իրանի գործոնը: Մութալիբովի բացատրությունն այլ էր: Նա ասաց, որ Զանգեզուրը եղել է ադրբեջանական հող, և Ստալինն է տվել հայերին: Ինչո՞ւ մենք պետք է ադրբեջանական Լաչինը փոխանակենք ադրբեջանական Զանգեզուրի հետ՚:

Տարածքների փոխանակման կամ դրանից ածանցյալ առաջարկները թեև անընդունելի են եղել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար, սակայն դրանք քննարկվել են բանակցությունների տարբեր փուլերում: Ադրբեջանը ձգտում էր ցամաքային անմիջական կապ հաստատել Նախիջևանի հետ, սակայն դրա դիմաց, ակնհայտորեն, պատրաստ չէր զիջումների գնալ ԼՂ և Լաչինի հարցերում: Մյուս կողմից, Երևանը ձգտում էր տեսնել ԼՂ-ը և Լաչինի միջանցքը Հայաստանի կազմում, սակայն անվտանգության և այլ պատճառներով պատրաստ չէր զրկվել Իրանի հետ ընդհանուր սահմանից:

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև սկսված բանակցությունները շարունակվեցին այլ քաղաքներում: 1999թ. սեպտեմբերին Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը կայացավ Սադարակում՝ Հայաստան-Նախիջևան սահմանագլխին:

Այդ հանդիպման հաջորդ օրը ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը Քոչարյանին և Ալիևին հղած ուղերձում քաջալերում և հույս էր հայտնում, որ եթե նախագահներն իրենց աշխատանքի այս փուլը կարողանան ավարտել մինչև նոյեմբեր կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը, ապա ՙՍտամբուլում ԵԱՀԿ ողջ ընկերակցությունն իր աջակցությունը կհայտնի ձեռք բերած առաջընթացին՚:

Քոչարյանի խոսքերով` ՙԽոսքն ընդամենն այն մասին է, թե արդյոք հնարավոր կլինի՞ Ստամբուլում հայտարարել, որ մենք ինչ-որ գործընթաց ենք սկսում կամ ինչ-որ արդյունքների հասել ենք: Ես կողմնակից չեմ, որ մենք այդ գործընթացը պայմանավորենք Ստամբուլի գագաթաժողովով: Եվ հատկապես աշխարհագրական տեսակետից տեղը հայերի համար այնքան էլ հարմար չէ: Այդ առումով ես կնախընտրեի, որ դա լիներ մի քիչ նույնիսկ ավելի շուտ կամ ավելի ուշ, բայց ոչ Ստամբուլում՚:

Արդեն Ստամբուլում Քոչարյանը հերքում է լուրերը, թե գագաթաժողովում պետք է հաշտության պայմանագիր կնքվեր, և ինչին իբր խոչընդոտել է Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը. ՙՀարցն այդքան հասունացած չէ, և չէր էլ նախատեսվում, որ կարգավորմանը վերաբերող որևէ փաստաթուղթ պետք է ստորագրվեր այստեղ՚:

1999թ. հոկտեմբերի 19-ին Բաքվում Դեմիրելն ասել էր, թե ՙմոտ օրերս կիրականանա հայ-ադրբեջանական հաշտությունը՚, միայն թե ՙառանց Ռուսաստանի բարերար դերի այն հնարավոր չէ ապահովել՚: ՙԿովկասում հնարավոր չէ հաշտության մասին խոսել` առանց նկատի առնելու Ռուսաստանը: Եթե լուծում իրականացնելու ձեռնարկի առիթով նկատի չառնվի Ռուսաստանը, ապա ձեռնարկը կձախողվի, որովհետև Ռուսաստանը տակավին պահում է իր մեծ պետություն լինելու ներուժը՚:

Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի ամերիկացի եռանախագահ Քերի Քավանոն Երևանում հանդիպում են Քոչարյանի, Վ. Սարգսյանի, Օսկանյանի և Ս. Սարգսյանի հետ: Հաջորդ օրը Սեստանովիչը և Քավանոն Բաքվում ղարաբաղյան բանակցությունները շարունակում են Ալիեւի, Թոֆիկ Զուլֆուգարովի, Աբիևի հետ: Այս հանդիպումից երեք օր անց հրաժարական են տալիս արտգործնախարար Զուլֆուգարովը և Ալիևի աշխատակազմի կարևոր դեմքերից Էլդար Նամազովը: Ավելի վաղ հրաժարական էր տվել Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեն:

Հետագայում Զուլֆուգարովը և Նամազովը հաստատել են, որ Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին կողմերը լրջորեն քննարկել են տարածքների փոխանակման տարբերակը: Երկուսն էլ պնդել են, որ հրաժարական են տվել` իրենց անհամաձայնությունն արտահայտելով տարածքների փոխանակման առաջարկին: ՙՍտամբուլի գագաթաժողովի նախօրեին համաձայնություն էր ձեռք բերվել, որը, իմ կարծիքով, չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին: Այդ պատճառով, որոշեցի իմ մի քանի գործընկերների հետ հրաժարական տալ: Այդ համաձայնագիրը հավասարազոր էր ԼՂ-ին անկախություն տալուն, անշուշտ` ոչ դե-յուրե, այլ դե-ֆակտո՚,- ասել է Նամազովը:

Ալիևն իր հրապարակային ելույթներում ընդունել է, որ 1999թ. ընթացքում քննարկվել են տարբերակներ, որոնք հակասել են Ադրբեջանի շահերին, մյուս կողմից պնդել, թե Հայաստանն է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից. ՙՄենք մի քանի անգամ հանդիպեցինք (Քոչարյանի հետ), երկու անգամ մեկնեցի Ժնև, հանդիպեցինք (Հայաստան-Նախիջևան ) սահմանին: Կարող եմ ասել` դիրքորոշումները հնարավոր եղավ շատ մոտեցնել 1999թ. հոկտեմբերին: Բայց Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչությունից հետո Հայաստանը հրաժարվեց փոքր առաջընթացից, որին հասել էինք՚:

Դժվար է միանշանակ պնդել, թե գագաթաժողովի նախօրեին ո՞ր կողմն է նախնական համաձայնությունից հրաժարվել: Հստակ չէ, թե որքանո՞վ են մոտ եղել համաձայնությանը: Հակասական են նաև տեղեկությունները, թե ի՞նչ կապ կարող էր լինել Հայաստանի խորհրդարանի ոճրագործության եւ կարգավորման միջեւ:

Հոկտեմբերի 18-21-ը կայացավ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության այցը Մոսկվա, որը գլխավորում էր խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը։

Հոկտեմբերի 26-ին Ալիևն ընդունեց պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթին, Սեստանովիչին, Քավանոյին: Հոկտեմբերի 27-ի առավոտյան Քոչարյանը հեռախոսով զրուցում է Ելցինի հետ: Նույն օրը Երևանում Բաքվից ժամանած ամերիկյան պատվիրակությանն ընդունում է Հայաստանի նախագահը: Բանակցությունները, որին մասնակցում էին նաև վարչապետ Վազգեն Սարգսյանն ու արտգործնախարար Վարդան Օսկանյանը, շարունակվում է ավելի քան հինգ ժամ: Այդ հանդիպումից անմիջապես հետո վարչապետ Վ. Սարգսյանը շտապում է Ազգային ժողով, իսկ Օսկանյանը ամերիկյան պատվիրակությանը ուղեկցում է օդանավակայան: Կարճ ժամանակ անց, երբ Երևանից Մոսկվայով ամերիկյան պատվիրակությունն ուղևորվում էր Անկարա` թուրքական իշխանությունների հետ շարունակելու ղարաբաղյան քննարկումները, Հայաստանի ազգային ժողովում լսվում են կրակոցներ:

Ահա այս համընկնումն է պատճառ դարձել պնդելու, որ ահաբեկչությունը կապված էր ղարաբաղյան կարգավորման հետ: Ավելին` շրջանառվում էին տեսակետներ, թե կարգավորման տարբերակին, որը ենթադրում էր տարածքային փոխանակումներ, առաջին հերթին դեմ էին Վ. Սարգսյանն ու Դեմիրճյանը:

ՙԴեպքից մի քանի օր առաջ Կարենը երկու անգամ այդ մասին կիսվել է իմ և որդուս հետ: Նա ինձ և Ստեփանին ասաց, որ որոշված է Մեղրիով ճանապարհ թողնել: Նա ասաց, որ բոլորը համաձայն են, նույնիսկ ուրախացած են, որովհետև խոստացել են մեծ փողեր, մտածում էին այդ գումարներով Հայաստանը կարգի բերել: Շատ շուտ Վազգենն անցավ Կարենի կողմը, համոզվեց, որ չի կարելի տալ Մեղրին: Նա ասում էր, որ իրեն համոզել չեն կարող, որովհետև Մեղրին տալը Հայաստանի վերջն է՚,- ասում է Ռիմա Դեմիրճյանը:

Վաղարշակ Հարությունյանը ևս հաստատել է, որ տարածքների փոխանակման տարբերակը քննարկվել է բավական լրջորեն. ՙԵս` որպես պաշտպանության նախարար, այդ փաստաթղթի քննարկումներին մասնակցել եմ: Առաջին անգամ Մեղրիի տարբերակի մասին ինձ ասել է Վ.  Սարգսյանը: Դրանից հետո Սադարակում Քոչարյան-Ալիեւ և Աբիևի ու իմ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Այնուհետեւ Քոչարյանն է այդ տարբերակն ինձ ներկայացրել և ասել, որ լավ լուծում է: Դրանից հետո ես հանդիպել եմ Մինսկի խմբի համանախագահներին, այս հարցի շուրջ համանախագահների հետ հանդիպում է ունեցել նաև Արամ Սարգսյանը՚:

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Փիթեր Ռոզենբլաթը, ով 1999թ. ընթացքում մի քանի անգամ այցելել է տարածաշրջան, պնդել է. ՙՀոկտեմբերի 27-ի սոսկալի սպանդի նախօրեին վարչապետ Սարգսյանը նախագահի հետ ամբողջովին համաձայն է եղել: Ես այդպես եմ տեղեկացված: Սարգսյանին հանդիպել եմ սպանությունից մի քանի օր առաջ և տպավորություն ստացա, որ նա լիովին չի արտահայտվում բանակցությունների մասին, սակայն նրանք, ովքեր Սարգսյանի հետ են եղել կյանքի վերջին մի քանի օրերին, ինձ ասում են, թե լիովին համաձայն է եղել Քոչարյանի հետ՚:

Ստամբուլի գագաթաժողովին նախորդող և հաջորդող ամիսներին հայկական, ադրբեջանական և  միջազգային մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ բանակցություններում քննարկվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հնարավորությունը. Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ, այսինքն` առանց հատելու Ադրբեջանի սահմանագիծը:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը և Թալբոթի այցի համընկնումը բիտանացի լրագրող Թոմաս դե Վաալը որակելով ՙշատ ապշեցուցիչ՚, մեջբերում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի խոսքերը, թե կողմերը ՙշատ, շատ մոտ էին՚ համաձայնության հասնելուն, և որ տեղի ունեցած սպանդը ՙմարդկային, քաղաքական և աշխարհաքաղաքական աղետ էր՚: Խոսակցություններ էին շրջանառվում, թե ահաբեկիչներին հանձնարարվել էր կանխել վերահաս ճեղքումը ԼՂ հարցում` ազատվելով Սարգսյանից, ով պատրաստ էր պաշտպանել խաղաղ համաձայնագիրը: Այդուհանդերձ, որոշ այլ հանգամանքներ ենթադրում են, որ հարձակման ժամկետը պարզապես համընկել էր բանակցությունների հետ, իսկ ահաբեկչությունը հավանաբար ուներ ներքաղաքական դրդապատճառ. սպանդի գիշերը խորհրդարանում Հունանյան եղբայրները չէին հիշատակել Ղարաբաղը: Եթե ծրագրված էր խափանել խաղաղ գործընթացը, ապա Սարգսյանը չպիտի լիներ ակնհայտ թիվ մեկ թիրախը, քանի որ այդ պահին դեռ ակնհայտ չէր, որ նա պաշտպանում է խաղաղ համաձայնագիրը: