«Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին երեք ճանապարհ»․ մանրամասներ Թաթուլ Հակոբյանից, JAMnews

2310

Ադրբեջանին առաջարկվող ճանապարհները

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ «Երեք նոր անցակետեր հայ-ադրբեջանական սահմանին»։ Փաստացի՝ սա վարչապետի հանձնարարության կատարման քայլերից է։ Երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ԱԱԾ տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել ադրբեջանական կողմի անարգել անցումը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան:

«Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու: Այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան: Հենց այսօր»,- ասել էր Հայաստանի վարչապետը:

Օրենքի նախագծով, եթե այն ընդունվի, անցակետեր կտեղադրվեն «Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու»։

Քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը բացատրել է, թե ինչ է առաջարկում հայկական կողմը Ադրբեջանին՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» փոխարեն։ Ներկայացնում ենք փորձագետի կարծիքը, որը նա արտահայտել է ֆեյսբուքյան իր էջում։

Ադրբեջանին առաջարկվող տարբերակը խելամիտ է

«Հայաստանի ԱԱԾ օրենքի շրջանառության մեջ դրեց նախագիծ, համաձայն որի Հայաստանը հայտարարում է՝ պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տալ, որպեսզի այն կապվի Նախիջևանի հետ։ Եվ հստակ նշվել են անցակետերը, տարածքները, որտեղով Հայաստանն այդ առաջարկն անում է։

Իհարկե, դա դեռ պետք է հաստատվի, բայց կասկած չկա, որ հաստատվելու է։ Որովհետև սա հետևում է Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 4-ի հայտնի ելույթին, որտեղ նա ասում էր, որ Ադրբեջանը այսօր էլ ցանկացած ժամանակ կարող է մեր տարածքով օգտվել և կապվել Նախիջևանի հետ։

Ու նա բազմաթիվ տարածքներ էր նշում․ Իջևանից սկսած մինչև Գորիսի կողմերը։ Եվ ուշադրություն դարձրեք՝ չէր նշում Մեղրիի հատվածը, էն հատվածը, որի վրա պնդում է Ադրբեջանը։

Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես, տվյալ դեպքում ԱԱԾ-ն խելամիտ քայլ է որդեգրել՝ առաջարկելով Ադրբեջանին երեք ճանապարհներ։ Կբացատրեմ, որտեղ է խելամտությունը։

Առաջին․ էդ ճանապարհներից մեկը Երասխ-Սադարակ հատվածում է, դա Արարատյան դաշտավայրի վերջն է։ Սա այն կետն է կամ մոտ այն կետին, որտեղ նաև թուրք-նախիջևանյան սահմանն է։ Այսինքն, եթե այդ հատվածը բացվում է, Հայաստանը կարող է մտնել, չնայած էս դեպքում խոսքը մեր մասին չէ, խոսքը Ադրբեջանի մասին է, որը կարող է օգտվել այդ հատվածից։

Այսինքն, եթե երկկողմ երթևեկությունը բացվի, խոսքը հենց ցամաքային ճանապարհների մասին է, հայերը, ադրբեջանցիները և այլ ազգեր, այդ թվում թուրքերը կարող են Իգդիրից անցնել Նախիջևան՝ 92 թվականին, գիտեք, Արաքս գետի վրա թուրքերն ու ադրբեջանցիները կամուրջ են կառուցել, և այնտեղից Հայաստան։ Եվ Հայաստանից նույն ուղղությամբ կարելի է այդպես գնալ։

Երկրորդ սահմանադուռը, որ հայերն առաջարկել են, դա Սոթք-Քարվաճառ, կամ ինչպես գրված է՝ Քելբաջար-Սոթք հատվածն է։ Գիտեք, որ Քելբաջարը, Քարվաճառը ևս անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Հայաստանի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո։

Եվ վերջապես, երրորդ ճանապարհը՝ Քարահունջ՝ դեպի Ղուբաթլու։ Սա Գորիսից ներքև՝ այն հատվածն է, որ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, նկատի ունեմ Որոտան-Էյվազլու հատվածը»։

Ադրբեջանի ուզածը սա չէ

«Ինչպես Ադրբեջանը կարձագանքի, չգիտեմ։ Բայց Ադրբեջանի ուզածը սա չէ։ Ադրբեջանը մեզանից միջանցք է ուզում, և Հայաստանը պարզ ասում է, որ պատրաստ չի միջանցք տալ։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Ադրբեջանն այս կետը մեկնաբանում է այսպես․ անխոչընդոտ տեղաշարժ նշանակում է, որ հայկական կողմը չի ունենալու այդ տարածքի նկատմամբ վերահսկողություն:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն պատրաստ չէ կորցնել սուվերենությունը բացվող ճանապարհների նկատմամաբ։ Դա ենթադրում է «միջանցք» եզրույթը, որը եռակողմ հայտարարությունում չի կիրառվել։

Կկարողանա արդյոք Հայաստանը դիմադրել, թե չի կարողանա, դժվարանում եմ ասել։ Պայմանավորված է նաև արտաքին այլ հանգամանքներով։

Թվում է, որր Հայաստանը գիտակցել է, որ չի կարելի կորցնել Հայաստան-Իրան սահմանը։ Դա շատ թանկ գին արժի, դա ավելին արժի, քան շատ-շատ այլ բաներ։

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մենք չկորցնենք մեր սուվերեն իրավունքները Հայաստան-Իրան սահմանի 45 կմ հատվածի վրա։ Որովհետև, եթե մենք կորցնում ենք, դրանով մենք տարածք չենք կորցնում, դրանով մենք ևս մի խոշոր աստիճանով կորցնում ենք Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, կորցնում ենք սահմանը Իրանի հետ։

Հայկական կողմը սրա հետ մեկտեղ փոխվարչապետների եռակողմ՝ Մհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաև, Ալեքսեյ Օվերչուկ բանակցություններում համաձայնվել է, որ Ադրբեջանը կարող է օգտվել Արաքսի երկայնքով ձգվող ինչպես երկաթգծից (այս հատվածը կառուցվել է 1930 թվականներին և թալանվել է 2000-ներին, այդ հատվածը հայկական կողմը նախ պետք է կառուցի), այնպես էլ ճանապարհից։ Բայց այդ ճանապարհը պետք է Հայաստանի սուվերեն վերահսկողության տակ մնա։

Այսինքն Հայաստանը համաձայն է, որ ադրբեջանական բեռները, ավտոմեքենաները, մարդիկ Հայաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունու այդ կետից անցնեն Հայաստանի տարածք։

Առաջին բնակավայրն այնտեղ Նռնաձորն է, նախկին Նյուվադին։ Եվ այնտեղ նրանց կհանդիպի ռուս սահմանապահը։

Սրան Հայաստանը պաշտոնապես համաձայնվել է, սա ես չեմ հնարում։

Ապա հայ մաքսավորը նրանց կստուգի ու ռուսական կոնվոյի ուղեկցությամբ նրանց հասցնի մինչև Հայաստան-Իրան-Նախիջևան այդ եռանկյունի, այսինքն այնտեղ, որտեղ ավարտվում է այդ 45 կիլոմետրանոց հատվածը։ Եվ արդեն ճանապարհը մտնում է Նախիջևանի տարածք, Օրդուբադի շրջան, բուն հայերեն անվանումն ասեմ՝ Գողթն գավառ»։

Երբ բանակցություններում «ոչ» ես ասում, պետք է այլընտրանք առաջարկես

«Ես կարծում եմ, Հայաստանը ճիշտ է արել, որ նման առաջարկով է հանդես եկել, որովհետև, երբ դու բանակցություններում ոչ ես ասում ինչ-որ բանի, պետք է դրա այլընտրանքն առաջարկես։ Եվ տվյալ դեպքում Հայաստանը ոչ է ասել, չգիտեմ՝ կկարողանա այդ ոչ-ը պահել, բայց ամեն դեպքում պետք է կարողանաս այլընտրանք առաջարկես։

Այլընտրանք առաջարկվել է, հիմա գնդակը Ադրբեջանի դաշտում է։ Տեսնենք՝ ինչ արձագանք կունենա։

Բայց կրկնում եմ, որ չափազանց կարևոր է նաև այլ խաղացողների կեցվածքը, մասնավորապես, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի։

Ռուսաստանը լռում է, իր  համար ձեռնտու է, որ այդ ճանապարհը օգտագործեն Ադրբեջանը, Թուրքիան, որովհետև գիտի՝ իր վերահսկողության տակ է։ Եվ իր վերահսկողության տակ պահելով՝ ինքը ոչ միայն Հայաստանի վրա է լծակ ունենալու, այլ նաև և Ադրբեջանի, և Թուրքիայի վրա։

Դրա համար ռուսների համար էլ ձեռնտու է Արաքսի երկայնքով այդ ճանապարհը։

Այլ խնդիր է՝ Ռուսաստանը ինչ կարծիք ունի, եթե Հայաստանի սուվերեն իրավունքները այդ տարածքի վրա չլինեն։

Բնական է, որ Ադրբեջանը սա առաջ է տանում, նաև սակարկում է Ռուսաստանի հետ՝ ասելով․ եթե դուք կանգնած եք և ապահովում եք Հայասատնից դեպի Արցախ տանող միջանցքը, ապա ինչու մենք էլ չենք կարող միջանցք ունենալ։

Այսինքն պարզ՝ Ադրբեջանը փորձում է հավասարազոր միջանցք ունենալ՝ Լաչինի միջանցքին, այսինքն դրան փոխարինող միջանցքին հավասարազոր։ Նրանք այդ իրենց համար ցանկալի միջանցքը՝ հայկական Մեղրիի տարածքով, անվանում են «Զանգեզուրյան միջանցք»։

Շատ կարևոր է Ռուսաստանի դերակատարությունը։ Եթե Ռուսաստանը կարողանա էս հարցում ունենալ այնպիսի դիրքորոշում, ինչպիսին Հայաստանի դիրքորոշումն է, ես կասկած չունեմ, որ թուրք-ադրբեջանական այս սպառնալիքները կչեզոքացվեն։ Իսկ եթե Հայաստանը միայնակ մնա, շատ բարդ է լինելու։

Իհարկե, կարևոր է նաև Իրանի դերակատարությունը, որն անդադար խոսում է, թե թույլ չի տա, որ Հայաստան-Իրան սահման չլինի։ Բայց եկեք իրատես լինենք և շատ հույս չդնենք Իրանի վրա։

Որովհետև Իրանն այն պետությունն էր, որը շնորհավորեց Ադրբեջանի հաղթանակը պատերազում։ Իրանի արտաքին գործերի նախարարը գնաց Բաքու՝ շնորհավորեց։ Հիմա ասում են, Իրանը թույլ չի տա, որ սահմանը վերանա, ժամանակին ասում էին, որ Իրանը թույլ չի տա՝ Ադրբեջանը հարձակվի և գրավի Արաքսի էդ հատվածը, ասենք, էսօրվա Ադրբեջանին անցած Զանգելանի, Ջեբրաիլի շրջանները։ Մեզ հույս էինք տալիս։ Այդպես միֆերով, կեղծիքներով կերակրում էին հայ ժողովրդին»։

Աղբյուրը՝ https://jam-news.net/