Արցախի և հարակից շրջանների 2500 հայերի նամակը Նիկիտա Խրուշչովին. Հրանուշ Խառատյան

975

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը անդրադառնում է ԼՂԻՄ-ի տարածքը հայերից մաքրելու գործողությունների Ադրբեջանի քաղաքականության որոշ նյութեր՝ անհասկանալի «միջազգային հանրության»՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու «պահանջը» հայերի անվտանգության խնդիրների քննարկումներով կարգավորելու հայաստանյան իշխանության պատկերացումների համար:

Մաս առաջին

1962թ. Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից հայկական շրջանների շուրջ 2500 հայեր նամակ են ուղարկել Խորհրդային Միության կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար և Նախարարների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովին: Հարկավ այս նամակը Խորհրդային մամուլում չի հրատարակվել, բայց ինչ որ ձևով հայտնվել է (ուղարկվել է) սփյուռքի հայերին: Առաջին անգամ հրապարակվել է Բեյրութի «Սփյուռք» շաբաթաթերթի 1963 թ. դեկտեմբերի 31-ի համարում, ապա՝ «Ալիք» (Թեհրան), 1964 թ. մայիսի 23, 24 և 25, «Յուսաբեր» (Կահիրե), 1964 թ. հուլիսի 14, 15 և 16, «Ազդակ» (Բեյրութ), 1964 թ. հուլիսի 21, 22 և 24, «Հայաստան» (Փարիզ), 1964 թ. մայիսի 21 և 28, թերթերի համարներում:

Այստեղ կներկայացվի այդ նամակում բարձրացված խնդիրների միայն տնտեսական մասը: Ինչպես նամակագիրներն են գրում՝ «Ամեն ինչ կատարվում է բարեկամության ու եղբայրության քողի տակ», բնականաբար՝ Խորհրդային աչալուրջ վերահսկողության պայմաններում: Խորհրդային վերահսկողությունը հիշեցնում եմ՝ արցախահայության անտանգության վերաբերյալ առաջիկա քննարկումներում հնարավոր «երաշխիքների» արժեքը գնահատելու նպատակով:

«Ինքնավար մարզի իրավունքներն աստիճանաբար սահմանափակվեցին և այժմ համարյա իսպառ վերացվել են: Ադրբեջանական ՍՍՌ-ի հայ ազգաբնակչության նկատմամբ վարվել է ուղղակի ազգայնական քաղաքականություն, ստեղծվել են սահմանափակումներ և կյանքի ծայրահեղ աննպաստ պայմաններ: Եթե ինքնավարության ստեղծման առաջին շրջանում որոշ բան, այնուամենայնիվ, արվել է մարզի արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, ապա հետո ամեն մի ձեռնարկում արգելակվել է. սկսված ամեն մի բան խոչընդոտվել է և կամ տրվել ադրբեջանական շրջաններին: Մինչդեռ մեր մարզի նկատմամբ ներկայացվել են բարձր և ուժից վեր պահանջներ (ներքնակների, վերմակների ու բարձերի միջից հարկադրաբար բուրդ հանելու և մթերման հանձնելու դեպքերը): Հայ ազգաբնակչության տնտեսական վիճակի վատթարացման և մարզից հարկադրաբար հեռանալու նպատակով ձեռնարկված այդ սքողված միջոցառումներից բացի ձեռնարվել են նաև վնասարարական գործողություններ: Ժողովրդի թշնամի Բագիրովը ադրբեջանցիներով էր վերաբնակեցնում Մարտունու և Մարզի այլ շրջանների հայկական գյուղերը, չնայած այն բանին, որ Ադր. ՍՍՌ-ի մի շարք շրջաններում գոյություն ունեին ոռոգվող հողերի ազատ տարածություններ: Դրա հետևանքով այդ գյուղերում քիչ էր մնում, որ առաջանային ազգամիջյան ընդհարումներ: Բագիրովի հետևորդները չեն մոռացել նրա ցուցումները: Հայ ազգաբնակչության շահերի անվերջ ու սիստեմատիկ ոտնահարումով, թշնամական միջոցառումներով նրանք ջանում էին ոչ միայն ոչնչացնել մարզի ինքնավարությունը, այլև հայ ազգաբնակչությունը դուրս մղել Ղարաբաղից: Բերենք մի քանի օրինակներ.

  • Ստեփանակերտի հացի գործարանը ենթարկվում է Աղդամին (30 կմ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական շրջկենտրոն): Աղդամի շրջանում պիտի կազմակերպեն Ստեփանակերտին հաց մատակարարելու գործը, պլանավորեն ալյուր բաց թողնելն ու հացի որակը:
  • Մարզի առողջապահական բաժինը ենթարկվում է Աղդամին, որտեղից նշանակվում կամ հեռացվում են մարզի առողջապահական աշխատողները: Հիվանդանոցներն ու այլ հիմնարկներն ապահովվում են և ավելի ճիշտ` չեն ապահովվում անհրաժեշտ գույքով ու դեղանյութերով: Մարզի դեղատները նույնպես ենթարկվում են Աղդամին, ինչպես մատակարարման, այնպես էլ աշխատակիցներ նշանակելու առումով:
  • Շինարարական վարչությունը ենթարկվում է Մինգեչաուրին, որը 120 կմ հեռու է Ստեփանակերտից: Դրա անհապաղ արդյունքը եղավ այն, որ լավագույն մեքենաներն ու մեխանիզմները տեղա- փոխվեցին Մինգեչաուր, իսկ դրա փոխարեն բերեցին անպետք, հնացած սարքեր, տեխնիկա: Ստեփանակերտի ավտոպարկի գլխավոր աշխատողներն ազատվել են և նրանց տեղերն ուղարկվել են ադրբեջանցիներ:
  • Մարզի մետաքսի կոմբինատը, որն ունի 3000 բանվոր (մարզի միակ արդյունաբերական ձեռնարկությունը), ենթարկել են Նուխու համապատասխան, բայց փոքր հզորության մի ձեռնարկության, որը 120 կմ հեռու է Ստեփանակերտից: Ներկարարական ֆաբրիկան տեղափոխել են Նուխի, որի հետևանքով կրճատվել է աշխատավարձի ֆոնդը և իջեցվել է Ստեփանակերտի բանվորների աշխատավարձը: Խնձրիստանում, Սեյիդշենում, Ղշլաղում և այլ գյուղերում փակվել են մետաքսամանվածքային ֆաբրիկաները:
  • Մարզի «Սոյուզպեչատի» բաժինը (թերթերի և հրատարակչությունների առաքման բաժին) տեղափոխվել է Աղդամ (1962 թ. մայիսից): Աղդամը պետք է պլանավորի, թե մենք ինչ պիտի կարդանք: Իսկ Ստեփանակերտի «Սոյուզպեչատի» աշխատողները մնացել են անգործ:
  • Ստեփանակերտի ցեմենտ-բետոնի գործարանը ենթարկվում է Բարդայի շրջանին (60 կմ հեռավորությամբ), որը բացարձակապես ոչ մի կապ չունի գործարանի հետ:
  • Թարթառգէսի շինարարության հարցը մտցված է եղել հետպատերազմյան հնգամյակի մեջ, բայց լիապես չի կատարված: Թարթառգէսը կոչված է լուծելու մարզի էներգետիկայի և լեռնային ու նախալեռնային շրջանների ոռոգման հարցը: Մինգեչաուրի շինարարության պատճառով դադարեցվել է Թարթառգէսի շինարարությունը, իսկ Մինգեչաուրը չի կարող լուծել Թարթառգէսի հարցերը:
  • Մարզի համար վերջին հնգամյակների մեջ մտցված մի շարք օբյեկտների (հրուշակեղենի կոմբինատը, Կուրոպատկինոյի գինեգործարանը և ուրիշներ) շինարարությունները չեն կատարվել:
  • Չնայած անհրաժեշտ նախադրյալների ու կադրերի առկայությանը, յոթնամյա պլանով նախատեսած Ստեփանակերտի ավտովերանորոգման գործարանը կառուցվել է Կիրովաբադում:
  • Քառասուն տարիների ընթացքում գյուղերի և մարզային կենտրոնի միջև ոչ մի կիլոմետր ճանապարհ չի կառուցվել և չեն բարեկարգվել եղած ճանապարհները:
  • Ոչ մի հնարավոր գործ չի ձեռնարկվել մարզի գյուղատնտեսության զարգացման համար… Լեռնային Ղարաբաղի մի շարք գետերի վրա ոռոգման նպատակով ջրամբարներ են կառուցվել, բայց այդ ջրերից օգտվում են միայն ադրբեջանական գյուղերը: Լեռնային Ղարաբաղի կոլտնտեսականները իրավունք չունեն օգտագործելու իրենց գետերի ջրերը: …

…Ավտոնոմ մարզի և նրա հայկական ազգաբնակչության նկատմամբ կիրառված ապօրինի գործողությունների թվարկումն անգամ բնութագրում է մարզի ազգաբնակչության ծանր իրավիճակը: Դա ծաղր է ինքնավարության, հայ ազգաբնակչության շահերի ու սովետական քաղաքացու իրավունքների նկատմամբ: […] Լեռնային Ղարաբաղի հիմնարկ-ձեռնարկները` 40–60 կմ հեռավորության վրա գտնվող ադրբեջանական շրջանների համապատասխան ձեռնարկություններին ենթարկելու (Աղդամ, Բարդա, Մինգեչաուր, Կիրովաբադ, Նուխի և այլն) փաստերը, մարզի հիմնարկություններն ու ձեռնարկությունները Ադրբեջանական ՍՍՌ-ի շրջաններ տեղափոխելը, մարզի` պլանով նախատեսված արդյունաբերական և այլ անհրաժեշտ ձեռնարկությունների կառուցման խափանումը, հասցրել են մարզի վարչատնտեսական գործունեության կատարյալ քայքայման: Այդ միակողմանի վնասակար միջոցառումների պատճառով մարզի հայ ազգաբնակչությունը զրկվել է աշխատանքից ու բարեկեցությունից ու հարկադրաբար թողնում է իր հարազատ օրրանը, որին և ձգտում են ադրբեջանական իշխանությունները: Ահա թե ինչով պետք է բացատրել վերջին 25 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության աճի կատարյալ բացակայության փաստը: Պետք է նշել, որ վերը նշվածի շնորհիվ Ղարաբաղը միաժամանակ բնակեցվում է ադրբեջանցիներով: Ուղղակի տարվում է ազգային-շովինիստական, պանթուրքիստական քաղաքականություն, որը միանգամայն աներևակայելի է ու անհարիր Սովետական իշխանության պայմաններում, բայց, ըստ երևույթին, ընդունելի է Ադրբեջանի հանրապետության ղեկավարության համար: Այդ քաղաքականությունը ավելի նողկալի ձևեր է ընդունել մարզից դուրս գտնվող հայկական շրջաններում (Շամխորի, Շահումյանի, Խանլարի շրջաններ): Ստեղծվել է անհանդուրժելի դրություն: Խտրականությունն ամենուր է և ամեն ինչում: Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918– 1920 թթ.` թուրք մուսավաթական և անգլիական նվաճման շրջանում: Ամեն ինչ կատարվում է բարեկամության ու եղբայրության քողի տակ: Մենք առաջ էլ բողոքել ենք, որ փաստորեն չկա ինքնավար մարզ: Փորձեր են արվել պարզելու մասսայի դժգոհության պատճառները, բայց դրա համար գործադրվել են անթույլատրելի մեթոդներ: Օրինակ, Բագիրովը Ստեփանակերտում հրավիրել էր կուսակցական ակտիվի նիստ և առաջարկել. «Ովքեր ճիշտ չեն համարում Ղարաբաղի` Ադրբեջանական ՍՍՌ-ին միացումը, թող դուրս գան ժողովից»: Պարզ է, թե տվյալ դեպքում ինչով կարող էր վերջանալ ժողովից դուրս գալը»:

Տպագրված է «Հայության պայքարը ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ միավորելու համար: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու : Կազմողներ և խմբագիրներ՝ Կ.Խաչատրյան, Հ.Աբրահամյան, Երեւան, 2011» գրքում, էջ 39-45/ Борьба армян за восстановление НКАО с Советской Арменией. Сборник документов и материалов. Составители: к.и.н. Карен Хачатрян, Грант Абраамян. Ереван, Институт Истории, 2011

2500 մարդ ստորագրել է այս նամակը: Հավանաբար վախեցել են, բայց ստորագրել են:

Հրանուշ Խառատյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/hranush.kharatyan

Դիտել նաև՝