Բրազիլիայի Սենատը առայժմ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը

1163
Senate to the left, Chamber of Deputies to the right, Office Tower in the middle.

Բրազիլիայի Սենատի արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի քարտուղարությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր տեղեկացրեցին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև Սենատում առայժմ չի ընդունվել:

Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը այսօր «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց, թե Սենատը որոշումը կայացրել է, սակայն այն առայժմ պաշտոնական փաստաթուղթ չէ և դեռ անցնում է անհրաժեշտ ընթացակարգով:

Հարցին, թե արդյոք որոշումը քվեարկությամբ է ընդունվել, Գալոյանը պատասխանեց․ – «Քվեարկության կարիքը չեն ունեցել իրենք: Իրենք ասում են՝ հանձնաժողովի որոշումից հետո հավաքվում են սենատորների ստորագրություններ: Կա ներքին կարգով հստակ քանակը այդ ստորագրությունների, իրենք իրենց գործը արել են այդ առումով: Բայց որպեսզի դա դառնա փաստաթուղթ, ինչպես Դուք եք ակնալում, ես էլ դա ճշտում իրենցից հիմա, թե երբ պատրաստ կլինի: Ասում են՝ այսօրվա ընթացքում, վաղը․․․ այս ընթացքի մեջ են մի խոսքով իրենք»:

«Անկեղծ ասած՝ կարող եմ փոխանցել իրենց, իրենց հետ խոսեք: Բայց չգիտեմ, դրա կարիքը ունե՞ք, թե՞ չէ: Իրենք ասում են՝ լավ է մեդիաները սպասեն մինչև դա դառնա փաստաթուղթ, նոր հրապարակենք: Իրենք են խնդրում, որպեսզի դա դառնա վերջնական կնքված, ստորագրված փաստաթուղթ և դրվի իրենց բյուլետենի մեջ, որից հետո նոր արդեն խոսենք այդ թեմայով»:

Իսկ հարցին, թե երբ կարելի է ակնկալել փաստաթղթի ընդունումը, դեսպանն արձագանքեց․ – «Ես հիմա Սենատում եմ, ես էլ Ձեզնից ոչ պակաս եմ հետաքրքրված, որ վերջնական այդ թուղթը ստանամ: Իրենք ժամ առ ժամ աշխատում են դրա վրա»:

Մինչդեռ մայիսի 27-ին Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես տեղեկացրել էր․ – «Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած թիվ 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը»:

Ավելին՝ երկու օր անց արտգործնախարարությունը տարածեց նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ «այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»:

Մայիսի 29-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց նաև Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը․ – «Հայոց ցեղասպանության ոգեկոչումը շարունակվում է: Բրազիլիայի դաշնային խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև»:

Արտգործնախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը այսօր «Ազատությանն» ասաց, որ նախարարության տարածած հաղորդագրություններին ավելացնելու ոչինչ չունի:

Հայ դատի Բրազիլիայի հանձնախումբը նույնպես պնդում է, որ Սենատում նման բանաձև չի ընդունվել: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ իրենք ակնկալում է, որ խորհրդարանի վերին պալատը, այնուամենայնիվ, առաջիկայում կընդունի բանաձևը, և միայն դրանից հետո Բրազիլիան կմիանա այն երկրների շարքին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:

«Մեկ տեղեկությունը, որ կա․ բանաձևի հեղինակ սենատորը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է՝ ներկայացրեցինք և որդեգրվեց: Մի քիչ շփոթ է, պետք է ասել: Հայ դատի հանձնախմբի տեղեկություններով, տակավին չի հասել քննարկման և քվեարկության Սենատի լիագումար նիստին: Շատ էլ պարզ չէ, երբ սենատորը իր «Ֆեյսբուքի» էջում է ասում է, որ ներկայացրեցինք և որդեգրվեց, այդ ում կողմից է որդեգրվել՝ հանձնաժողովի՞, թե՞ լիագումարի»:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով մի քանի օր է հետևում է զարգացումներին, «Ազատության» հետ զրույցում ասաց․ – «Իմ տպավորությամբ, արտգործնախարարությունում ևս այնքան էլ մանրամասնորեն չեն տիրապետում, թե այդ ամենը ինչ ընթացակարգով է եղել»:

Սարգիս Հարությունյան, Հրապարակված է՝ 01.06.2015

http://www.azatutyun.am/content/article/27047520.html