1994-1997 թթ Ադրբեջանն ընդունեց իր կապիտուլյացիան, բայց նրան փրկեցին հայ ոչմիթիզականները. Լևոն Զուրաբյան

33401

Որոշեցի վերջապես համակարգային պատասխան տալ նրանց, ովքեր մեղադրում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին, որ մենք, իբր, առաջին ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից հետո Ադրբեջանին չենթարկեցինք կապիտուլյացիայի այնպես, ինչպես դա անում է հիմա Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ։

Իրականում մենք ենթարկել էինք Ադրբեջանին կապիտուլյացիայի` այն էլ շատ ծանր պայմաններով։ 1994 թվականին ստիպեցինք Ադրբեջանին որպես զինադադար ստորագրող կողմ ընդունել Լեռնային Ղարաբաղին, իսկ 1997 թվականին Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն տվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված Փուլային պլանին, ըստ որի.

-Կնքվում էր խաղաղության պայմանագիր, որի տակ, որպես հավասարազոր կողմեր, ստորագրում էին Հայասատանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը, ընդ որում ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի հովանու ներքո (կետ XIII)։ Սրանով հաստատվում էր միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտայնությունը եւ Ադրբեջանի հետ իրավահավասարությունը` հսկայական քայլ դառնալով Արցախի ինքնիշխանության միջազգային ճանաչման ուղղությամբ։

– Բացառվում էր որեւէ հղում Ադրբեջանի կամ ընդհանրապես պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին եւ ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բանացություններով եւ կներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային կոնֆերանսին՝ հաստատման համար (կետ XI)։

Նման ձեւակերպումը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին վետոյի իրավունք էր տալիս՝ Արցախի՝ մեզ համար անցանկալի որեւէ ստատուսի մերժման համար, այսպիսով, ըստ էության, բացառելով նրա վերադարձը Ադրբեջանի կազմի մեջ։ Սա նշանակում էր աշխարհի կողմից Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախության լռելյայն ճանաչում։

– Ադրբեջանը զրկվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի (կամ որեւէ այլ հարցի) շուրջ անհամաձայնության դեպքում ուժի կիրառման իրավունքից (կետ I), եւ այլեւս չէր կարողանա հղում տալ ՄԱԿ-ի կանոնադրության 51 կետին, որը թուլ է տալիս պետություններին ուժ կիրառել ինքնապաշտպանության նպատակով։

– Հակամարտող բանակների արանքում ստեղծվելու էին երկու` ամբողջությամբ ապառազմականացված՝ բուֆերային եւ բաժանարար գոտիներ (կետ III), ինչի հետեւանքով Ադրբեջանի բանակը ոչ միայն առաջ չէր գա, այլ նաեւ 10 կիլոմետր հետ կքաշվեր 1994 թվից գործող շփման գծից։

– Լեռնային Ղարաբաղի եւ նրան Հայաստանի հետ կապող ամբողջ Լաչինի շրջանի սահմաններով կստեղծվեր բուֆերային գոտի, որը չէր բնակեցվի (այսինքն այդտեղ ադրբեջանիցներ չէին վերադառնա) եւ ամբողջությամբ կապառազմականցավեր (կետ III.A)

– Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը կստանար միջազգային պայմանագրով հաստատված կարգավիճակ եւ Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի շրջանը վերահսկելու բացառիկ դերակատարություն (կետ III.D)։ Հայկական վերհսկողության տակ մնացող Լեռնային Ղարաբաղի (ներառյալ Շուշիի) եւ Լաչինի շրջանի ամբողջ տարածքը ոչ մի ադրբեջանցի չէր վերադառնա (կետ V)։

– Ադրբեջանցի խաղաղ բնակչությունը կվերադառնար միայն բաժանարար գոտի, այսինքն` Լեռնային Ղարաբաղից եւ Լաչինի շրջանից դուրս տարածքները, բայց Ադրբեջանը իրավունք չէր ունենա ռազմական տեխնիկա, ոչ էլ, ընդհանրապես, բանակ բերել այդ տարածք, այլ միայն թեթեւ զենքով զինված ոստիկաններ (կետեր III, V.A), հազար բնակչին՝ մեկ ոստիկան հաշվարկով, այսինքն Քելբաջարում, Աղդամում, Ջեբրայիլում, Ֆիզուլիում, Զանգելանում եւ Ղուբաթլիում Ադրբեջանը իրավունք կունենար պահել ոչ ավել քան 700 ոստիկան։

– Եւ Բուֆերային, եւ Բաժանարար գոտիներում կտեղակայվեին միջազգային խաղարարար ուժեր, որոնք կերաշխավորեին խաղաղության պայմանագրի իրականացումը, կստեղծվեր ռազմական օդանավերի թռիչքների համար արգելված գոտի (կետեր III.A,B,C, IV)։

– Ադրբեջանը միջազգային խաղաղության պայմանագրով կկորցներ ռազմական վերահսկողությունը բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք նա կորցրել էր 1994 թվականի զինադադարի հետեւանքով (կետեր II.B.(3), III)։

– Հայաստանի Հանրապետությունը ստանձնում էր խաղաղ կարգավորման իրականացման եւ Լեռնային Ղարանաղի անվտանգության երաշխավորի դերը (կետ XIV), ինչը նշանակում էր, որ Հայաստանը լեգիտիմ իրավունք էր ստանում Լեռնային Ղարաբաղի տարածք զինված ուժեր ուղարկել, եթե Ադրբեջանի կողմից պայմանագրի խախտման պատճառով վտանգ առաջանար Արցախի համար։

Կապիտուլյացիայի ավելի դժվար պայմաններ Ադրբեջանի համար հնարավոր չէ պատկերացնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհ պատրաստ չէր բացահայտ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Այս կապիտուլյացիայից Ադրբեջանին փրկեց Ռոբերտ Քոչարյանի թիմը։ Նրանք Լեռնային Ղարաբաղի ձեռքերով մերժեցին այս պլանը, իսկ գալով իշխանության, այդպես էլ երբեք չկարողացան ստանալ Ադրբեջանի համաձայնությունը խաղաղության որեւէ այլ` անգամ Ադրբեջանի համար ավելի նպատավոր պլանների համար, քանի որ Ադրբեջանն արդեն հասկացել էր, որ ժամանակն աշխատում է իր օգտին` ամեն օր թուլացնելով Հայաստանին եւ ուժեղացնելով Ադրբեջանին։

Խաղաղության վերջին շանսը 2019 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանին ներկայացված պլանն էր։ Այդ պլանում թեեւ Քելբաջարը նույնպես մնում էր հայկական վերահսկողության ներքո մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, բայց, միեւնույն ժամանակ, վերացված էր Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավասուբյետայնության ճանաչումը, ինչի հաշվին էլ ձեռք էր բերված Ադրբեջանի համաձայնությունը։ Այս հիմքով Փաշինյանը մերժեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին շանսը եւ մեզ նետեց կործանարար պատերազմի հորձանուտը։

Ահա այսպես` աղետաբեր ոչմիթիզական ղեկավարների ձեռքով, մենք հայտնվեցինք այսօրվա անմխիթար վիճակի մեջ։ Մենք կարողացանք հաղթել Ադրբեջանին, բայց չկարողացանք հաղթել մեր շահասիրական եւ պատրանքասեր հիմարությունը։

Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի այս գրությունը հրապարակվել է նրա ֆեյսբուքի էջում

Օգտակար է կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2020/01/25/nk-package-1997-july/

https://www.aniarc.am/2021/12/02/step-by-step-1997-december-nkr/

https://www.aniarc.am/2020/01/25/common-state-1998-nk/

https://www.aniarc.am/2020/01/25/madrid-principals-armenian-text/