2003-ից, երբ Իլհամ Ալիևը իշխանությունը ժառանգեց հորից, Ադրբեջանը նախապատրաստվում էր մեծ պատերազմի: Միլիարդավոր դոլար արժողությամբ սպառազինությունների գնումը, հայատյացությունը պետական մակարդակի բարձրացնելը, բանակցություններում փոխզիջումների ճանապարհով հակամարտությունը կարգավորելու առաջարկները մերժելը խոսում էին այն մասին, որ Բաքուն նախապատվությունը տալիս է հարցը ռազմական եղանակով լուծելու տարբերակին:
Ադրբեջանում արտգործնախարարի վերջին փոփոխությունը հստակ ուղերձ էր, որ Բաքուն այլևս չի շարունակելու Պրահյան գործընթացն ու դրա արդյունքում ծնված Մադրիդյան և նրանից ածանցյալ փաստաղթղթերի շուրջ բանակացությունները: Էլմար Մամեդյարովը խորհրդանշում էր ղարաբաղյան բանակցային գործընթացի 15-ամյակ (2004-2020), և նրա հեռացումով Բաքուն հրաժեշտ է տալիս բանակցային մի ձևաչափի, որի փիլիսոփայությունը ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականությանª անհամատեղելի թվացող սկզբունքների համատեղման փորձն էր:
Ռազմական գործողությունների սկզբից մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստվում է մեծ պատերազմի: Այդ մասին նա խոսեց նախ Բաքվում, ապա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթում: Ալիևը ընդգծեց, որ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի տարածքից: Ակնհայտ էր, որ Բաքուն հարձակման համար քարոզչական հող և առիթ է նախապատրաստում:
Քաղաքագետ Արման Գրիգորյանը նշում է, որ ՚Ալիևը ուներ երեք ընտրություն` ընդունել ստատուս-քվոն և հանձնվել, շարունակել բանակցությունները և պատերազմ սկսելՙ:
՚Ստատուս-քվոն չէր ընդունելու: Հայկական կողմը դուրս եկավ բանակցություններից: Մենք հայտարարեցինք, որ եթե Ադրբեջանը դե յուրե չի ընդունում Արցախի անկախությունը, ուրեմն խոսելու բան չկա, հայտարարեցինք, որ Հայաստանի վարչապետը չի ստացել մանդատ` Արցախի անունից բանակցելու, Արցախի ժողովուրդը նրան չի ընտրել, այս բանակցային ձևաչափը անընդունելի է, պետք է նոր ձևաչափ, որտեղ Արցախը ներգրավված կլինի… Ես գիտեի, որ մենք պատրաստ չենք պատերազմին, բայց թե ինչ աստիճանի պատրաստ չէինք, դա զարմանալի էրՙ,- ասում է Գրիգորյանը:
Ժիրայր Լիպարիտյանը ուշադրություն է դարձնում այն իրողության վրա, որ վարչապետ Փաշինյանը չի հասել երեք նպատակներին, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դրել էր իր առջև․ ՚Արցախի ղեկավարությանը բանակցությունների սեղանի շուրջ բերելը, որևէ որոշման ընդունումըª հակամարտության մեջ ներգրավված բոլոր երեք` Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների կողմից հավանություն ստանալու պայմանը, հնարավորությունը թեկուզ հեռավոր ապագայում Արցախի անկախությունն ապահովելուՙ։
Նա գրում է. ՚Մենք պարտվեցինք պատերազմում, որից պետք է ամեն գնով խուսափեինք, պատերազմ, որը մենք չէինք կարողանա հաղթել։ Մեր ժողովրդի ևս մեկ հատված կորցրեց իր տոհմական օջախները և հավաքականորեն ապրելու հնարավորությունը։ Կորցրինք երիտասարդների մի ամբողջ սերունդ` մեր ամենաթանկ արժեքներից մեկը։ Կորցրինք տարիներ շարունակ Արցախում ներդրված մարդկային և ֆինանսական կապիտալըՙ։
Հայկական իրականության մեջ կար առասպել, եթե կուզեք` համոզում ու հավատ, որ եթե ստատուս քվոն պահել ենք 25 տարի, կպահենք 50 տարի, կպահենք հավերժ և ստատուս-քվոն էլ է լուծում:
Ստատուս-քվոն պահպանելու առաջին փորձությունը 2016-ի ապրիլին էր: Թվում է` Ադրբեջանը այդ ժամանակ փորձում էր ստուգել առաջնագծի ամրությունը: Թեև լուրջ հաջողության չհասավ` գրավելով մի քանի հարյուր հեկտար միայն ու մոտ երկու տասնյակ հենակետեր, սակայն պարզ դարձավ, որ հայկական պաշտպանական գիծը անանցանելի չէ: 2020-ի սեպտեմբերյան պատերազմի առաջին իսկ օրերին ադրբեջանական կողմը կարողացավ ճեղքել Հորադիսի ուղղությունը: Եթե մինչև Խոդաֆերինի ջրամբար հայկական ուժերը ծանրագույն կորուստներով կարողացան պաշտպանական մարտեր մղել, ապա ջրամբարից մինչև Մեղրիի սահման 50 կմ տարածությունը հակառակորդն անցավ մի քանի ժամերի ընթացքում` չհանդիպելով դիմադրության:
Արցախյան առաջին պատերազմից հետո ստեղծվել էին այլ առասպելներ ևս: Օրինակ` Հայկական բանակն անպարտելի է: Աշխարհում անպարտելի բանակներ չկան: 44-օրյա պատերազմում անհնար էր հաղթել Ադրբեջանին ու նրան աջակցող Թուրքիային ու ջիհադական խմբավորումներին, քանի որ, փաստացի 20-րդ դարի բանակը կռվում էր 21-րդ դարի բանակի դեմ, 3-միլիոնանոց Հայաստանը/Արցախը կռվում էր 10-միլիոնանոց Ադրբեջանի ու նրան աջակցող 80-միլիոնանոց Թուրքիայի դեմ:
Արցախում վերջին տարիների ընդդիմադիր գործիչներից Հայկ Խանումյանը կարծում է, որ հայկական կողմը կարող էր այս պատերազմում չպարտվել կամ գոնե այս ձևով չպարտվել:
՚Զինադադարից հետո անցած 26 տարին բավարար ժամանակ էր, որպեսզի ազգային խնդիրներ դնեինք և իրականացնեինք: 2000-ական թվականներից Ադրբեջանը ինտենսիվորեն զինվում էր: 2016-ին հասկացանք, որ տեխնոլոգիապես և զենքի առումով լուրջ զիջում ենք: 2016-ից սպառազինություն գնվեց, ինժեներական աշխատանքներ արվեցին, բայց պարզվեց, որ դա էլ բավարար չէ: Հակաօդային պաշտպանության ուժերի մի մասը պատերազմի առաջին օրերին ոչնչացվեց, հրետանին դառնում էր անօդաչու թռչող սարքերի և հրթիռների թիրախ: Այս ամենին մենք պատրաստ չէինք: Մենք պարտվեցինք ոչ միայն զենքով, այլ գիտելիքով: Թուրքական Բայրաքթարը նախ և առաջ գիտելիք է: Հայկական դպրոցը պարտվեց թուրքական դպրոցինՙ,- ասում է նա:
Խանումյանը մասնակցում էր Հադրութի Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պաշտպանությանը: Պատերազմի ավարտից շաբաթներ անց` նոյեմբերի վերջերին, նա Կարմիր խաչի աշխատակիցների հետ Խծաբերդից հասել էր Խնձորեսկ` կտրելով հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքները:
՚Ես տեսա տասնյակ թափված դիակներ, խոսել եմ ողջ մնացածների հետ, ովքեր այդ ստորաբաժանման կազմում են եղել, թե ինչ հրամաններ են տվել նրանց, ինչպես է այդ ամենը ընթացել և պարզ է դառնում, որ հրամանատարությունը չէր տիրապետում իրավիճակին: Որոշ հրամանատարներ ձախողեցին: Մեծաքանակ զոհեր ունեցանք գովաբանված մի շարք գեներալների պատճառով: Հարյուրավոր մարդիկ էին կոտորվում, շարասյուներով, ամբողջական ստորաբաժանումներ ընկնում շրջափակման մեջ ու ոչնչացվում: Ուղղակի փախչում էին, օրական 15-20 կիլոմետր նահանջում էին, փախչում էին անկանոն: Մի պահ կորցրել էինք թշնամուն: Հայկական զինվորական և քաղաքացիական ղեկավարությունը տեղյակ չէր, թե որտեղ է թշնամին: Այնքան արագ էին փախել, որ կորցրել էին թշնամուն: Այսպիսի կազմալուծում` պետական կառավարման, զինվորական հրամանատարության, որևէ կերպ չէի կարող պատկերացնելՙ,- ասում է նա:
Խանումյանը համոզված է, որ հակառակորդին հնարավոր էր կանգնեցնել Ջերբայիլի մոտ և պահել գիծը, եթե կարողանայինք կազմակերպել պաշտպանության նոր գիծ Հադրութում: Ամենամեծ խնդիրը գործող համակարգն է եղել, որը ինքնակազմակերպման հնարավորություն չի տվել: Արցախյան առաջին պատերազմում ջոկատներից ստեղծվեց բանակ, այս անգամ բանակը վերածվեց ջոկատների: Մյուս կողմից, նա ընդունում է, որ հակառակորդի մարտավարությունը անակնկալ է եղել պաշտպանական բանակի համար:
՚Ճեղքում էին մի ուղղությամբ և կազմալուծում թիկունքը: Պաշտպանության բանակը առաջնագծում կանգնած զորք էր, որը մեծամասամբ մնաց առաջնագծում, իսկ թիկունքը ամբողջովին հանձնվեց: Առաջնագիծը հերոսաբար պահվում էր, բայց թշնամին մի տեղ ճեղքեց, և թիկունքը կազմալուծվեց: Առաջնահերթ էր դառնում պահեստազորի ճիշտ կազմակերպումը, քաղաքացիական ղեկավարների գործն էր կարևոր դառնում: Հադրութում այդ գործը տապալվեց: Հադրութից Շուշի անտառային տարբեր ճանապարհներ կային, այդ ճանապարհներով ադրբեջանցիները հասան Շուշիՙ,- պատմում է Խանումյանը:
Այս պատերազմում հայկական կողմը պարտվեց, որովհետև ուժերն անհավասար էին։ Ադրբեջանը Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների և իսրայելական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ կարողացավ հարձակման հենց առաջին օրերից հասնել առավելության և այն պահպանեց մինչև այն պահը, երբ Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 10-ին դադարեցվեցին ռազմական գործողությունները։
Ժիրայր Լիպարիտյանը գրում է. ՚Մենք պարտվեցինք, որովհետև ավելի քան երկու տասնամյակ մեր առաջնորդները իրականության երեսին նայելու փոխարեն իրենց դատողությունները հիմնեցին գաղափարական, քաղաքական, կուսակցական և անձնական նկատառումների վրա։ Մենք պարտվեցինք, քանի որ հրաժարվեցինք ուժերի հավասարակշռության փոփոխություն տեսնել, ընդունել, որ ժամանակը մեր օգտին չէ։ Մենք լավ ինքնազգացողությունը շփոթեցինք ռազմավարական մտածողության հետՙ։
Բացի այդ. ՚Արևմուտքը, Արևելքը, Հարավն ու Հյուսիսն արդեն ավելի քան քսան տարի մեզ ասում են, որ` ա) իրենք չեն ճանաչելու Արցախի անկախությունը, և բ) վերահսկվող յոթ շրջանները համարում են գրավյալ տարածքներ, և որ ինչպիսին էլ որ լինեն մեր կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության պատճառները, մենք պետք է դրանք վերադարձնենք։ Ադրբեջանն այս ամբողջ ընթացքում մեզ ասել է, որ իրենք պատերազմի են գնալու այդ շրջանների համարՙ։
Հայ իրականության մեջ կար մտայնություն և համոզում, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի: Այս առասպելը, թեև 2016-ի Ապրիլյանից հետո որոշ չափով մղվեց երկրորդական պլան, սակայն շարունակում էր շրջանառվել ու բթացնել հարմարավետ կյանքով ապրող հայերին: Իրականում, պատերազմն անխուսափելի էր, և կարևոր էր դա գիտակցել ու համապատասխան քայլեր ձեռնարկել, ինչը չարվեց: Ավելին, այս աղետալի պատերազմից խուսափել հնարավոր էր, եթե 1997-ի աշնանը գնայինք փուլային լուծման, որի դեպքում ունենալու էինք ԼՂԻՄ-ը և Լաչինի ամբողջ շրջանը` ավելի քան 6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախ` ձայնի ու վետոյի իրավունքով։ Այսինքն` կրկնակին, քան ունենք այսօր: Մենք էինք այն ժամանակ տոն տվողն ու հաղթողը, իսկ այսօր մենք ընդամենը գլխիկոր ստորագրել ենք մեր առջև դրված փաստաթուղթը և ընդունել Ադրբեջանի բոլոր կամ գրեթե բոլոր վերջնագրերը:
Ապաշնորհ, անպատասխանատու և արկածախնդիր քաղաքականության արդյունքում կորցրեցինք մի քանի հազար մեր երեխաներին, մինչև 10 հազար կամ ավելի վիրավորներ ունեցանք: Մենք մահվան դուռն ենք ուղարկել 2000-2001 թվականների մի ամբողջ սերունդ: Մենք հանգցրեցինք մի քանի հազար հայ ընտանիքների լույսերը:
Մարդկային կորուստներն անչափելի են: Սա ազգային ողբերգություն է և ազգային աղետ: Սա վերջին 100 տարիների մեր երկրորդ ամենամեծ պարտությունն է և ազգային ողբերգությունը Կարսի 1920 թվականի կորստից հետո: Այն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ իշխանության էր ՀՅԴ-ն, կորցրեց մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր: Այսօր Արցախն ու Հայաստանը, որտեղ իշխանության է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կորցրեց շուրջ 8 հազար քառակուսի կիլոմետր հող, որը հայ ժողովուրդը 1991-1994-ին նվաճել էր պատերազմի հազար օրերի ընթացքում` տալով 6 հազար զոհ:
Մեկ այլ առասպել` ՚Նոր պատերազմ` նոր տարածքներՙ հոխորտանքը, շրջանառության մեջ դրեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Քուռ-Արաքսյան միջագետք էինք դուրս գալու, Բաքվում թեյ խմելու, Ադրբեջանը մասնատելու: Ստացվեց հակառակը. Ադրբեջանը մասնատեց Արցախը, դուրս եկավ Սյունիքի սահման, իսկ Ալիևը թեյ խմեց Շուշիում:
Ժիրայր Լիպարիտյանը գրում է, որ մեր խնդիրներից մեկը մեր քաղաքական մշակույթն է, որը հենվում է երազանքների, այլ ոչ թե ամուր փաստերի վրա. ՚Մենք քաղաքական ռազմավարությունը հարմարեցնում ենք մեր ցանկություններին, այն բանին, ինչը ստիպում է մեզ լավ զգալ, այլ ոչ թե հաշվի առնում պարզ փաստերը, որոնք միասին կազմում են իրականությունը: Մենք գերագնահատում ենք մեր կարողություններն այնպես, որ անգամ չենք վիճարկում մեր ռազմավարության ու երազների միջև փոխզիջումը։ Մենք կարծում էինք, որ ՚ոչ մի թիզ չզիջելուՙ մեր ռազմավարությունը ճիշտ էր, քանի որ մեր գործն արդար էրՙ։
Տասնամյակներ քարոզվում էր, որ Հայաստանը կարող է զարգանալ փակ սահմաններով, կարող է զարգանալ` չզիջելով: Այս առասպելը շրջանառում էին ոչ միայն անհատներ, այլ քաղաքական ուժերª դարձնելով նախընտրական քարոզարշավի մաս: Իրականում, սակայն, 3-միլիոնանոց Հայաստանը, որը երկու կողմերից շրջափակված է Թուրքիայով և Ադրբեջանով, չէր կարող դիմանալ ու դիմադրել թուրք-ադրբեջանական ագրեսիային:
Այս պատերազմում եղել են քաջագործության, նվիրումի ու հերոսության բազմաթիվ դեպքեր` 18 տարեկան զինվորից մինչև պահեստազոր ու սպայական կազմ, սակայն, որպես վերջնարդյունք, հայկական կողմը պարտվել է: 44 օրերի ընթացքում` 2020թ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը, հայկական կողմը տարածքային առումով կորցրել է Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը, Ղուբաթլուն, ինչպես նաև` Հադրութի շրջանն ու Շուշին նախկին ԼՂԻՄ տարածքում։ Եվս երեք շրջան` Աղդամը, Քարվաճառը և Լաչինը, բացառությաբ 5 կմ լայնությամբ միջանցքի, Ադրբեջանը հետ է ստացել` համաձայն Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթղթի:
Հայկական իրականության մեջ տենդագին և քամահրանքով շրջանառվում էր համոզում, որ ադրբեջանցիները կռվել չգիտեն, վախկոտ են, խելացի չեն: Եթե նրանք կռվել չգիտեն, վախկոտ են, խելացի չեն, ապա ինչո՞ւ պարտվեցինք: Թուրքերն օգնեցին: Ճիշտ է: Իսկ ինչո՞ւ մեզ չօգնեցին մե’ր դաշնակիցները կամ նրանք, ում դաշնակիցներ ենք համարել, ինչո՞ւ մնացինք մենակ:
Հայ ժողովրդի գլխին եկած վերջին աղետը հրապարակախոս Գեղամ Բաղդասարյանին մեկ անգամ ևս համոզեց, որ անհաջողությունների ու դժբախտությունների գլխավոր պատճառներից մեկը, իսկ գուցե և ամենագլխավորն այն է, որ ՚մենք չենք կարողանում քաղաքակիրթ մթնոլորտ ապահովել համազգային-համապետական հարցերի հանրային առողջ-կառուցողական քննարկումների համար և չենք կարողանում դուրս գալ դավաճան-հերոս պրոկրուստյան մահճակալի տիրույթ-ծուղակից` արդյունքում ոչնչացնելով դրանից դուրս գտնվող ամեն միտք ու գաղափարՙ։
՚Մարգարեական են հնչում արցախյան շարժման ռահվիրաներից Իգոր Մուրադյանի խոսքերը. ՚Պարզվեց, որ թշնամու վրա կրակելն ավելի հեշտ է, քան հայրենիքի ճակատագիրը հայրենակիցների հետ քննարկելըՙ։ Վերջին աղետը, սակայն, նաև այլ բան պարզեց` այս տխուր-խառնակ իրողությունում թշնամու վրա կրակելն էլ հեշտ չէ…ՙ:
2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունից զրկված ուժերն իրենց հսկայական (ու հատկապես` տեղեկատվական) ռեսուրսներով փորձեցին յուրաքանչյուր քաղաքացու ուղեղ մտցնել այն միտքը, որ հեղափոխական առաջնորդը եկել է մեր ազատագրած հողերը հանձնելու և ծանր զիջումների գնալու համար, ասում է Բաղդասարյանը։ Հընթացս քարոզվում էր, որ Նիկոլ Փաշինյանի հենարանը արևմտյան-միջազգային կազմակերպությունների հետ համագործակցած անձինք ու կազմակերպություններն են, իրապես անկախ քաղաքացիական հասարակությանը, բոլոր նրանք, ովքեր իրենց հետ գաղափարակից չեն։ Արժեզրկելու և դավաճանական խարանով պատելու միջոցով ծանր հարված հասցվեց ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով խաղաղարար ջանքերին ու խաղաղարարությանն ընդհանրապես։
՚Այսպիսի անողոք աքցանի մեջ հայտնված նոր իշխանությունների արձագանքը համահունչ էր` բանակցային գործընթացում պաշտոնական դիրքորոշման խստացում, այդ աքցանից դուրս գալու և հակառակն ապացուցելու հուսահատ փորձեր, այդ թվում` իրապես անկախ քաղաքացիական հասարակությունից ինքնօտարում։ Անկախ քաղաքացիական հասարակությունն էլ այս պայմաններում հայտնվել էր խաղից դուրս վիճակում։ Հենց այս ահավոր մթնոլորտն էլ եղավ իրավիճակը համարժեք գնահատելու և պատերազմին հետևողականորեն պատրաստվող Ադրբեջանից բխող սպառնալիքներն ըստ ամենայնի ընկալելու անկարողության հիմնական պատճառըՙ,- համոզված է Բաղդասարյանը։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախկին իշխանական նույն շրջանակները պատերազմից հետո հեղափոխության առաջնորդներին մեղադրում էին պատերազմ հրահրելու, պատերազմը ժամանակին` թեև ծանր, բայց անխուսափելի զիջումներով չկանգնեցնելու մեջ։ Մի կողմ թողնենք, քանի որ այդ շրջանակներից այլ բան սպասելի էլ չէր, որովհետև նրանք առաջնորդվում էին միայնումիայն իշխանափոխության տրամաբանությամբ` ամեն ինչ ստորադասելով այդ նպատակին, և այս առումով նրանց պահվածքը կանխատեսելի էր։ Մի կողմ թողնենք ու հարցնենք` իսկ ի՞նչ է արել իշխանությունն այս պայմաններում և ի՞նչ կարող էր անել, հարցնում է արցախցի հրապարակախոսը։
՚Իշխանությունն անհեռատեսորեն մտել էր այս պարտադրված օրակարգ-աքցանի մեջ և սկսել էր գործել նույն տրամաբանությամբ ու հոգեբանությամբ, նույն բառամթերքով ու ոճով, տեղեկատվական նույն գործիքակազմով։ Մինչդեռ պետք էր հանրային քննարկումների մթնոլորտը փոխել, իրապես հանրային օրակարգ ձևավորել։ Նոր իշխանությունը խուսափեց համակարգային փոփոխություններ անելուց, գերադասելով իրավիճակային լուծումները և այն էլ` հին համակարգի գործիքակազմով։ Արդյունքում պարտվեց, քանի որ հներն ավելի լավ էին տիրապետում այդ` իրենց իսկ ստեղծած գործիքակազմին։ Իշխանությունը չհասկացավ, որ համակարգային փոփոխություններով ու նոր գործիքակազմով, քաղաքական բանավեճի նոր մթնոլորտով թե՛ իրեն կփրկեր և թե՛ երկիրը։ Փոխելու դեպքում էլ հեշտ չէր լինի, բայց իր քաղաքացիների հետ անկեղծ ու շահագրգիռ զրույցը, նրանց դժվարին լուծումների տանելու և դրանց շուրջ հանրային կոնսենսուս ձեռք բերելու առաքելությունը կարող էր դառնալ փրկօղակ, եթե ոչ անխուսափելիորեն իշխանության, ապա հաստատ երկրի ու ժողովրդի համարՙ,- ասում է Բաղդասարյանը։
Իգոր Մուրադյանի խոսքերով ասած` նոր իշխանությունն էլ գերադասեց թշնամու վրա կրակել, քան հայրենիքի ճակատագիրը հայրենակիցների հետ ազնվորեն քննարկել։ Ողբերգազավեշտը նրանում է, որ հայրենիքի ճակատագիրը հայրենակիցների հետ ազնվորեն քննարկելու պարագայում շատ հնարավոր է` թշնամու վրա կրակելու անհրաժեշտություն էլ չծագեր…
Ալիև-Փաշինյան-Պուտին հայտարարությունը. 10 նոյեմբեր, 2020թ
Նոյեմբերի 9-ին, երբ Արցախի իշխանությունները ընդունեցին, որ կորցրել են վերահսկողությունը Շուշիի նկատմամբ, և նախօրեին Ալիևը հայտնել էր քաղաքի գրավման լուրը, իսկ ադրբեջանական լրատվադաշտում տեսանյութեր էին տարածվում, Հայաստանի վարչապետը ֆեյսբուքի իր էջում գրեց. ՚Շուշիի համար մարտերը շարունակվում ենՙ։
Ընդամենը մի քանի ժամ անց Փաշինյանը Ալիևի և Պուտինի հետ ստորագրեց զինադադար հաստատելու հայտարարության տակ, և անհասկանալի է, թե որն էր ապատեղեկատվություն տարածելու իմաստն ու նպատակը:
Հայ հանրության շոկը այդ օրը կրկնակի էր. Շուշիի կորուստ և եռակողմ հայտարարություն, որով Հայաստանը պարտավորվում էր երեք շաբաթվա ընթացքումª մինչև դեկտեմբերի 1-ը, հայկական զորքը և քաղաքացիական բնակչությանը դուրս բերել Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջաններից: Փաշինյանը որևէ մեկի հետ չէր քննարկել հայտարարության տեքստը: Կապիտուլյացիան այդպես է. քեզ բանակցելու հնարավորություն և քննարկելու ժամանակ չեն տալիս, քո առաջ դնում են թուղթ, որը ստորագրում ես:
Հայտարարության տեքստը
1. 2020թ. նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանը և Հայաստանը, այսուհետ` կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020թ. նոյեմբերի 20-ը:
3. Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ` 1960 զինծառայող կրակային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր մեքենա և հատուկ տեխնիկա:
4. Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը: Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման մնալու տևողությունը 5 տարի է` հետագա 5-ական տարիներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
5. Հակամարտության կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:
6. Հայաստանը Ադրբեջանին վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը` մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը կտեղափոխվի այնտեղ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկի անվտանգությունը երկու ուղղություններով:
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:
8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եռակողմ տեքստը անասելի ցավոտ է անձամբ իր և հայ ժողովրդի համար. ՚Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկՙ:
Արցախի նախագահը հայտարարեց, որ պետք չէ դավաճաններ փնտրել, զինադադար կնքվել է` հաշվի առնելով ստեղծված վիճակը, երբ ադրբեջանական զորքը գրավել էր Շուշին, գտնվում էր Ստեփանակերտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա և Արցախի մայրաքաղաքը անպաշտպան էր մնացել, իսկ զինվորները, զորքը շրջափակման վտանգի տակ են եղել:
՚Զորքին թողել եք մենակ, 18-20 տարեկաններին թողել եք մենակ: Դավաճան չփնտրեք: Այն քաղաքական գործիչները, որոնք այսօր փորձում են դավաճաններ փնտրել, հատ-հատ թող ներկայացնեն իրենց տղաների, իրենց եղբայրների, իրենց մասնակցությունը, նկարվելը չեմ ասում: Բոլորին եմ ասում` որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք: Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակՙ,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
—-