Հայ Յեղափոխական Դաշնակցության, վրաց մենշևիկների (սոցիալ-դեմոկրատներ) և ադրբեջանցի մուսավաթականների՝ տարագրության մեջ շփումների և գործակցության մասին հայ պատմագրությունը քիչ բան է գրել:
Իրականում, այս թեման, արժանի է ուշադրության:
Հայտնի է, որ օրինակ, 1928 թվականին Փարիզում, երբ նշվում էր Հայաստանի հիմնադրման 10-ամյակը, տոնական միջոցառմանը ներկա էին նաև Վրաստանի և Ադրբեջանի նախկին առաջնորդները:
Կասկած չկա, որ Հայաստանի հիմնադիր հայրերն էլ իրենց հերթին մասնակցել են Վրաստանի և Ադրբեջանի հիմնադրման օրվան նվիրված ձեռնարկներին:
1934 թվականի նոյեմբերին, երբ Փարիզում հանկարծամահ եղավ Ադրբեջանի հիմնադիր հայրերից Ալիմարդան Թոփչիբաշովը, նրա հիշատակին խոսք են ասել Ակակի Չխենկելին ու Ալեքսանդր Խատիսյանը: Թոփչիբաշովը եղել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ և երկրորդ արտգործնախարար: Խատիսյանը և Թոփչիբաշովը ծնվել են Թիֆլիսում և մահացել Փարիզում, ինչպես և Չխենկելին:
Փարիզը եղել է անդրկովկասյան երեք հանրապետությունների առաջնորդների կյանքի վերջին հանգրվանն այն բանից հետո, երբ բոլշևիկները իշխանության եկան նախ Ադրբեջանում, ապա Հայաստանում և Վրաստանում:
Թ. Հ.