Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքը շրջանցում է Շուշին և Լաչինը, դուրս գալիս՝ Կոռնիձոր

2351

Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհ/միջանցքը անցնելու է Ստեփանակերտ-Կրկժան-Ղայբալու-Զառսլու-Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան (Մեծ Շեն, Հին Շեն, Տասը Վերստ, Կանաչ Թալա, Եղցահող) հատվածով եւ դուրս է գալու Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի մոտ:

Այսպիսով՝ նոր ճանապարհը շրջանցելու է ադրբեջանցիների կողմից գրավված Շուշին, ինչպես նաեւ Բերձոր/Լաչին քաղաքը, որը պետք է վերադարձվի Ադրբեջանի վերահսկողության տակ: Նոր ճանապարհը կառուցվում է համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության: Դա տեղի է ունեցել ադրբեջանական կողմի պահանջով, որպեսզի հայերը չանցնեն Շուշիի մերձակայքով եւ չմտնեն Լաչին:

Համաձայն պայմանավորվածության՝ հայկական կողմը՝ Արցախը, կառուցելու է նոր ճանապարհի Ստեփանակերտ-Հին Շեն հատվածը, Ադրբեջանը՝ Հին Շենից, այն է՝ նախկին ԼՂԻՄ սահմանից մինչեւ Խորհրդային Ադրբեջան-Խորհրդային Հայաստան սահման՝ Կոռնիձորի հատված:

Արցախյան կողմը դեռ չի սկսել շինարարական աշխատանքները, երկրաբանական ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, մինչդեռ Ադրբեջանն արդեն կատարել է Հին Շենից մինչեւ Հայաստանի սահման հողային աշխատանքները եւ մասամբ կառուցել է կամուրջ Աղավնո գետի վրա, որի վրայով անցնելու է նոր ճանապարհը:

Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում հրապարակվել է կիսակառույց կամուրջը:

Այն կառուցվում է, որպեսզի Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը չհատվի Ադրբեջանի հարավարեւմտյան շրջանները Լաչինի եւ Քարվաճառի հետ կապող ճանապարհի հետ:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ նոր միջանցքում չպետք է լինեն բնակավայրեր: Վիճելի է մնում Աղավնո գյուղի ճակատագիրը: Հայկական կողմի հաշվարկով Աղավնո գյուղը ադրբեջանցիների կողմից կառուցվող կամրջից գտնվում է ոչ հեռու, քան 2,5 կիլոմետր, հետեւաբար պետք է մնա միջանցքի տարածքում, որի լայնությունը 5 կիլոմետր է:

Road Kornidzor-Stepanakert

Աղավնո գյուղը կառուցվել է սփյուռքահայերի ԱՐԻ հիմնադրամի միջոցներով՝ Արցախի կառավարության հետ համագործակցաբար:

Հայկական կողմը դեռ չի սկսել նոր ճանապարհի Խորհրդային Ադրբեջան-Կոռնիձոր-Տեղ հատվածի շինարարությունը:

Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում էր. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։