Արենի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին․ Հայաստան-Նախիջևան սահմանի բնակավայրերը

1516

Արենի համայնքը կազմավորվել է 2017 թվականի հունիսի 9-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ գյուղական համայնքների միավորումից: Այս վարչական տարածքում ընդգրկված է նաև Մոզրով գյուղական բնակավայրը։ Համայնքի կենտրոնը Արենի գյուղն է։

Արենի գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 63 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 294 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 416 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 579 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 545-ը՝ հայ, 34-ը՝ իսլամ, 

1904 թվական – 559 հոգի, 

1914 թվական – 559 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 613 հոգի,

1916 թվական – 670 հոգի,

1919 թվական – 730 հոգի,

1922 թվական –  513 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 613 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 594-ը՝ հայ, 15-ը՝ թուրք, 4-ը՝ այլք,

1931 թվական – 714 հոգի, բոլորը՝ հայ:

2011 թվականի ՀՀ մարդահամարի տվյալներով՝ Արենին ուներ 1772 մարդ մշտական և 1566 մարդ առկա բնակչություն:

Արենի գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում`Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում: ՀՍՍՀ Գերագույն սովետի 10/9 1946թ. հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի: Արենի բնակավայրը Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ: Համայնքը ծովի մակարդակից բարձր է 980 մ: Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս` բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին վեհաշուք եկեղեցին: Պահպանվել են եռակամար կամուրջը (1265-1287թթ.), Սուրբ Աստվածածին եկեղեցին (1321թ.), 13-րդ դարի ամրոց: Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ` Մագիլի և Թռչունների քարանձավները:

Արենի համայնքի բնակչությունը, ըստ մարզպետարանի տվյալների, 11․784 հոգի է։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի, նրա ֆեյսբուքի էջից

Կարդալ և դիտել նաև՝