Աղավնաձոր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին․ Եղեգնաձորի շրջան

1308

Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղը, ըստ մարզպետարանի տվյալների, ունի շուրջ 2000 բնակիչ։ Գտնվում է մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևմուտք, Արփա գետի միջին հոսանքից հյուսիս տարածված Աղավնաձորի սարահարթ կոչվող տարածքի հյուսիս-արևելքում` Աղավնաձոր գետից արևելք, ծովի մակարդակից շուրջ 1500 մետր բարձրության վրա։

Աղավնաձորի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 155 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 367 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 531 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 851 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 776-ը՝ հայ, 75-ը՝ իսլամ,

1904 թվական – 838 հոգի, 

1914 թվական – 832 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 922 հոգի,

1916 թվական – 1317 հոգի,

1919 թվական – 1600 հոգի,

1922 թվական – 1300 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1331 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1322-ը՝ հայ, 4-ը՝ թուրք, 5-ը՝ այլք,

1931 թվական – 1540 հոգի, բոլորը՝ հայ:

Գյուղի հիմնադրումը վերագրվում է 13-րդ դարի սկզբներին։ Աղավնաձորը կոչվել է նաև Աղնաձոր, Այնազուր։ Հին գյուղը գտնվելիս է եղել այժմյան գյուղի կենտրոնական հատվածում։ Երկրորդ բնակեցումը եղել է 1828թ-ին։ Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին Պարսկաստանից, հիմնականում Խոյ, Սալմաստ, Մակու, ինչպես նաև՝ Վան, Սասուն, Նախիջևան։ Աղավնաձոր գյուղի շրջակայքում եղել են բնակավայրեր, դրանք են` Ապանան, որը գտնվում է
գյուղից մոտ 4 կմ հյուսիս արևելք, Բաղչաջղը` գյուղից մոտ 3 կմ հյուսիս արևմուտք,
Ղզլաղլը, Միրաշը, գրված է Վայոց Ձորի մարզպետարանի կայքում։ Գյուղից մոտ 4 կմ դեպի հյուսիս գտնվում է Ժամիդուզ կամ Ուլգյուր գյուղատեղը, որտեղ մինչև
այժմ կանգուն են մնացել Աստվածածին եկեղեցու պատերը (վերանորոգվել է 2004թ.), որի շրջապատում կա գերեզմանոց, կանգուն խաչքարեր, որոնք մահարձաններ են։ Նրանցից մեկը պատկանում է Սարգիս Երեցին։ Գյուղատեղում կա երկու գերեզմանոց, որոնցից փոքրը պատկանում է 10-14-րդ, իսկ մեծը` 15-18-րդ դարերին։ Ուլգյուր գյուղում է ծնվել միջնադարի մեծ նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ Մոմիկը, որի ձեռքի գործն է Նորավանք վանական համալիրը, շատ այլ վանքեր
ու մատուռներ, այդ թվում` Ուլգյուր լեռան ստորոտում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին։ Գյուղատեղի գերեզմանատանը պահպանվում է Մոմիկի որդու` Ասկանդրի խաչքարը։ Իսկ Աստվածածին եկեղեցու բակում գտնվել է Մոմիկի մոր և քրոջ գերեզմանները։ Գյուղի կենտրոնում գտնվում է սուրբ Մարիամ եկեղեցին, իսկ շրջակայքում բազմաթիվ խաչքարեր և մատուռներ։

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝