Ադրբեջանը բանակցություններում չի ձգտում խաղաղության, այլ փորձում է ավարտին հասցնել իր կիսատ թողած պահանջները

957

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը ղարաբաղյան սպասվող բանակցություններում հայկական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտության մասին

Դատելով լրահոսից՝ կարելի է ենթադրել, որ շուտով կվերսկսվեն ղարաբաղյան բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։ Թե ինչ զարգացում կունենա այդ գործընթացը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն գլխիվայր փոխվել է։ Նույնիսկ համանախագահ երկրների հմուտ դիվանագետների համար է այսօր դժվար կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում է պետք ունենալ և հատկապես ինչ սկիզբ ազդարարել այս նոր գործընթացին։

Մի կողմից հազիվ թե այսօր համանախագահ երեք երկրների դիրքորոշումները նախկինի նման միահունչ լինեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում և, բնականաբար, այդ երկրի ուժեղացած դիրքերը քաղաքական հարթությունում։ Մյուս կողմից, համանախագահ երկրները չգիտեն, թե կողմերն ինչ դիրքորոշումով կներկայանան բանակցային գործընթացին։

Հայկական կողմի՝ կարևոր այս առաջին հանդիպմանը ներկայացնելիք օրակարգը մեծապես կպայմանավորի,  թե փաստաթղթային ինչ բովանդակություն կձևավորվի և կամրագրվի բանակցությունների հետագա ողջ ընթացքում։

Մինսկի խումբն իր գործունեության նախորդ քսանհինգ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հինգ առաջարկություն է ներկայացրել։ Այդ հինգ առաջարկություններից յուրաքանչյուրն առանց բացառության արտացոլել է այդ օրվա Հայաստանի իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում որդեգրած սկզբունքները և վարած քաղաքականությունը։

Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը խարսխված էր Հայաստանի այդ օրերի առկա և տեսանելի համախառն ներուժի սթափ գնահատման վրա՝ զուգորդված իր՝ միջազգային և աշխարհաքաղաքական իրադարձությունների նկատմամբ անվերապահ ռեալիզմով։ Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ հետսառըպատերազմյան միջազգային տրամադրություններն այնպիսին են, որ պարզապես անհնար է հասնել Ադրբեջանից դուրս Լեռնային Ղարաբաղի ամբողջական ինքնորոշման։ Նա, հետևապես, տրամաբանում էր, որ եթե ազգովի անպայման պահանջում ենք Ղարաբաղի խնդրի ամբողջական լուծում, ապա պետք է համակերպվել Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության հետ, իսկ եթե ոչ, ապա պետք է գնալ փուլային ճանապարհով։

Հետաքրքրական է, որ 1997-ին Մինսկի խումբը մեզ առաջարկեց իրար հաջորդող երկու փաստաթուղթ, որոնք ամբողջությամբ արտացոլում էին Լևոն Տեր-Պետրոսյանի տրամաբանությունը։ Առաջինը «փաթեթայինն» էր, որով Լեռնային Ղարաբաղին տրվում էր բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Այն անմիջապես մերժվեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կողմից, իսկ դրան հաջորդած «փուլայինը»՝ տարածքների վերադարձ առանց կարգավիճակի հստակեցման, Տեր-Պետրոսյանը համարեց չարյաց փոքրագույնը, ինչը և ավելի ուշ դարձավ նրա հրաժարականի պատճառներից մեկը։

Ռոբերտ Քոչարյանի ղարաբաղյան քաղաքականությունը հիմնված էր ոչ թե Հայաստանի Հանրապետության առկա հնարավորությունների, այլ ապագա հնարավոր ներուժի վրա և զուգորդվում էր միջազգային քաղաքականության մեջ նրա խիստ պրագմատիզմով։ Քոչարյանը վստահ էր, որ կառավարման հարցերում լինելով խիստ նպատակային և կազմակերպված՝ առկա պայմաններում հնարավոր է զարգացում ապահովել և առավել բարենպաստ դիրքերից հանդես գալ բանակցային գործընթացում։ Այդ պրագմատիզմն արտահայտվում էր նրանում, որ նա, ճիշտ գնահատելով օրվա աշխարհաքաղաքական իրադարձությունները և միտումները, ինչպես նաև գլխավոր դերակատարների տրամադրությունները, ղարաբաղյան կարգավորման հարցում ծայրահեղ պահանջներ չէր դնում՝ հակառակ իր անձնական համոզմունքների։ Այդ օրերի հայկական պահանջներն էին․ ա) հորիզոնական կապ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, բ) Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովում, գ) անխափան կապ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև։

Հետաքրքրական է, որ Քոչարյանի տասը տարիների ընթացքում Մինսկի խմբի կողմից եղել է երեք առաջարկություն՝ «ընդհանուր պետություն», որտեղ առաջարկվում էր հորիզոնական կապ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև; «Քի Վեսթ», որտեղ Ղարաբաղը դրվում էր Հայաստանի ինքնիշխանության ներքո, և վերջապես՝ «Մադրիդյան փաստաթուղթ», որտեղ Ղարաբաղը ստանում էր Ադրբեջանից դուրս միջանկյալ կարգավիճակ՝ ապագայում հանրաքվեի հեռանկարով:

Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը հիմնականում Քոչարյանի պրագմատիզմի մասամբ իներցիոն, մասամբ նախաձեռնողական շարունակությունն էր։ Այդ ժամանակահատվածում նոր փաստաթուղթ չի ծնվել, այլ ընդամենը տեղի են ունեցել Մադրիդյան փաստաթղթի տարատեսակ փոփոխություններ, այդ թվում այսպես կոչված՝ «Լավրովյան պլանը», որը թերևս Մադրիդյանի փուլային տարբերակն էր։

Փաշինյանի իշխանության սկզբնական շրջանում Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշումը անորոշ և քաոսային էր։ Դժբախտաբար նա չուզեց խորհրդակցել նախկիններից որևէ մեկի հետ։ Հայտնվել էր «եթե չգիտես ուր ես գնում, ապա երբեք չես կորում» խաբուսիկ շրջանի մեջ, ուստի որևէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թե արդյոք սխալ ճանապարհո՞վ չի գնում։

Որոշ ժամանակ անց Փաշինյանի մոտ ձևավորվեց միտքը,— որը կարծես դարձավ նրա ղարաբաղյան քաղաքականության անկյունաքարը,— որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Շատ քննադատներ ու մեկնաբաններ պնդում են, որ պատերազմի բռնկման  պատճառներից  մեկը Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն էր։ Ես կարծում եմ՝ նրա հենց այս գաղափարն էր, որ Ադրբեջանին աոիթ տվեց պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինությունը։ Ադրբեջանցիների ընկալմամբ՝ դա ցինիզմի և չհիմնավորված իդեալիզմի համադրություն էր։

Հետպատերազմյան շրջանում և ահավասիկ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների հնարավոր վերսկսման նախաշեմին Փաշինյանի ցինիզմի և իդեալիզմի այս համադրությունը նոր դրսևորումներ է ստացել։ Առաջինը արտահայտվում է մեր կորուստների թերագնահատմամբ ու անտեսմամբ և, ինչն առավել ցավալի ու վտանգավոր է, դրանց արդարացմամբ, իսկ նրա իդեալիզմը՝ տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու աոաջարկով։

Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը բանակցություններում չի ձգտում խաղաղության։ Նա ձգտելու է բանակցություններով ավարտին հասցնել իր կիսատ թողած պահանջները և իր ամբողջ ավարը միջազգայնորեն օրինականացնել։ Ադրբեջանի համար խաղաղությունը կարող է լինել այդ ամենի արդյունքը:

Հայաստանի համար, եթե խաղաղության ձգտումը վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմի վախը զենք կդառնա հակառակորդի ձեռքում, որը առնվազն մեզ կտանի բարոյական զինաթափման։

Շատ կուզեի տեսնել, որ Փաշինյանը չկրկնի իր նախկին սխալները և անպատրաստ չգնա բանակցությունների։ Այստեղ չէի ցանկանա նորից խորհուրդներ տալ Հայաստանի քաղաքական դիրքորոշման բովանդակության մասով։ Դա արել եմ հետպատերազմյան ժամանակաշրջանում իմ հրապարակած հինգ հոդվածներում, հատկապես վերջինում, որի խորագիրն է «Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել»։ Մնում եմ այս դիրքորոշմանը։

Բայց այստեղ կուզեի անել մի քանի տակտիկական առաջարկություններ․

1. Բանակցություններին լավ պատրաստվելու համար Փաշինյանը պետք է կարողանա վեր կանգնել նեղ շահերից և խորհրդակցել այս հարցում կարևոր ներդրման հնարավորություն ունեցող մարդկանց հետ՝ անկախ նրանց՝ իր տված պիտակավորումներից։

2. Իշխանության գործադիր և օրենսդիր ներկայացուցիչները պետք է զերծ մնան կորուստների արդարացումից, ոչ հայանպաստ արտահայտություններից և առհասարակ զգույշ լինեն իրենց յուրաքանչյուր բառի նկատմամբ։ Մի բան, որի կարևորությունը, վախենամ, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները չեն գիտակցում:

3. Բանակցություններում հայկական կողմը ոչ թե պետք է ձգտի խաղաղության, այլ օրինակարգ (legitimate) համակարգի հաստատման, որի անկյունաքարը լինի ոչ թե ուժերի հավասարակշռությունը, այլ կողմերի բավարարվածությունն ու արդար կարգավորման հեռանկարը։ Միայն սա կարող է բերել կայուն խաղաղություն։

4. Երբեք չենթարկվել ճնշումների ժամանակի առումով և հապճեպություն չցուցաբերել հարցի համապարփակ հանգուցալուծմանը հասնելու ճանապարհին։ Հայկական կողմը հենց այստեղ պետք է որդեգրի խնդրի առաջխաղացման փուլային տարբերակը։

5. Մտքում միշտ ունենալով գլոբալ և տարածաշրջանային մեծ պատկերը, գլխավոր դերակատարների տարաբնույթ շահերը՝ միշտ կենտրոնացած մնալ կոնկրետ մեր շատ նեղ խնդրի վրա՝ առաջնորդվելով միմիայն ազգային առաջնահերթություններով։

Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել։