Լեռնաձորի բնակչությունը 1831-1931 թվերին և խորհրդային տարիներին. Քաջարանի շրջան

1710

Լեռնաձոր գյուղը խոշորացված Քաջարան համայնքի մաս է կազմում: Գտնվում է քաղաքից 4 կմ արևելք, Քաջարան-Կապան ավտոմայրուղու վրա, Կապան քաղաքից 21 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա:

Քաջարան խոշորացված համայնքն ընդգրկում է Քաջարան քաղաքը և հետևյալ 20 գյուղական բնակավայրերը՝ Անդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ, Քաջարանց, Քարուտ: Ընդհանուր բնակչության թիվը ավելի քան 8 հազար է:

Մինչև Քաջարան խոշորացված համայնքի ձևավորումը, Լեռնաձորն ընդգրկում էր Կաթնառատ, Փուխրուտ, Կավճուտ, Բաբիկավան, Անդոկավան, Ձագիկավան (Ձագիկաձոր, Մուսալամ, Մուսաշաղ), Ներքին Գիրաթաղ, Վերին Գիրաթաղ բնակավայրերը։

Լեռնաձորը սահմանակից է Քաջարան և Կապան քաղաքային, Քաջարան, Գեղի, Տաշտուն, Լիճք, Ծավ, Շիկահող, Գեղանուշ, Ձորաստան, Վանեք, Անտառաշատ գյուղական համայնքներին։

Գյուղի վարչական տարածքում են գտնվում Լեռնաձոր (Տիրնիք, Տինիք, Քրդիկանց), Դալարձոր (Քոլագեղ, Դիլլար, Դալուլար), Բողաջիղ, Հին Փիրմազրա, Ընչաձոր (Մալալու) հին գյուղատեղիները, Շլորուտ, Բաղակու քար (4-18-րդ դդ․), Սուրբ Գևորգ (12-րդ դ․), Սուրբ Կաթողիկե (5-6-րդ դդ․) եկեղեցիների ավերակները։  Մինչև 1958 թ․ գտնվում էր ներկա դիրքից 2 կմ դեպի հյուսիս, ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա։ Ներկայիս գյուղը կառուցվել է 1958թ. նախկին Դիլլար-Տիրնիկ գյուղատեղիում։

Հին գյուղատեղում պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (17-րդ դար)։

Աղբյուրներում Լեռնաձորը հանդիպում է նաև Քրդիկանց, Քրդեկանց, Քրդիքենդ,  Քյուրդիքենդ, Դիլլաբ, Տիրնիք անուններով:

Խորհրդային շրջանում Լեռնաձորը Կապանի շրջանի գյուղերից էր և իր վարչական կազմում ներառում էր Կաթնառատ (Փիրմազրա), Ղովշուտ, Մուսալլամ և Փխրուտ բնակավայրերը:

Փուխրուտ գյուղը գտնվում է Փուխրուտ գետակի վերին ավազանում, ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա, Լեռնաձոր գյուղից 7․5 կմ դեպի հարավ։ Գյուղում կանգուն է 17-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին։

Կաթնառատ գյուղը գտնվում է Փուխրուտ գետակի վերին ավազանում, ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա, Լեռնաձոր գյուղից 6․5 կմ դեպի հարավ։

Կավճուտ (Հովշուտ, Ղովշուտ) գյուղը գտնվում է Գեղի գետի վտակի աջափնյա ձորալանջին, ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա, Քաջարան քաղաքից 13․5 կմ հյուսիս-արևելք։

Ձագիկավան (Ձագեձոր, Ձագիկձոր, Մուսաշաղ, Մուսալամ) գյուղը գտնվում է Ողջի գետի աջ ափին, Քաջարան-Կապան ավտոմայրուղու վրա, ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա, Քաջարան քաղաքից 9․5 կմ հյուսիս-արևելք։ Գյուղում կա 11-13-րդ դդ․ կիսավեր եկեղեցի և հին գերեզմանոց։

Լեռնաձոր գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 53 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 154 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 442 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 357 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 498 հոգի, 

1914 թվական – 52 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1919 թվական – 403 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 475 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 406 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 403-ը՝ հայ, 3-ը՝ թուրք,

1931 թվական – 405 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Լեռնաձորն ունեցել է՝

1939 թվական – 411 հոգի,

1959 թվական – 386 հոգի,

1970 թվական – 556 հոգի,

1979 թվական – 435 հոգի:

Այսօր, ըստ Սյունքի մարզպետարանի տվյալների, Լեռնաձորում բնակվում է 344 հոգի:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել և կարդալ նաև՝