Հինգ երեւելի ՀՅԴ-ականներ մեկ հատորում. ԱՆԻ-ի նոր նախաձեռնությունը

1977

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հրատարակության է պատրաստում հինգ նշանավոր Դաշնակցական գործիչների գրությունները մեկ հատորում։

Դա գրեթե հարյուր տարի առաջ հրապարայանորեն ծավալված հեռակա բանավեճ է մի կողմից Հովհաննես Քաջազնունու, մյուս կողմից՝ Սիմոն Վրացյանի, Վահան Նավասարդյանի, Ռուբեն Դարբինյանի և Արշակ Ջամալյանի միջև։

Այդ բանավեճը այսօր էլ արդիական է և վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, որտե՞ղ փնտրել Հայաստանի անվտանգությունը, ինչպե՚՞ս հարաբերվել Թուրքիայի հետ, Հայաստանի դիրքը Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում։

Երբ 1923-ին Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին գրեց իր նշանավոր «Հ. Յ. Դաշնակցութիւնը Անելիք Չունի Այլ Եւս» զեկուցումը, անմիջապես հետևեցին Սիմոն Վրացյանի, Վահան Նավասարդյանի, Ռուբեն Դարբինյանի և Արշակ Ջամալյանի պատասխանները։

Ի պատասխան Քաջազնունու, ընդարձակ հրապարակումներով հայ հանրությանը ներկայացան Վրացյանը իր «Խարխափումներ»-ով, Դարբինյանը՝ «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիին», Նաւասարդեանը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Անելիքը» և Ջամալյանը «Յ. Քաջազնունին եւ Հ.Յ. Դաշնակցութիւնը» գործերով։

Կարդալով այս հինգ գրությունները մեկ գրքում, որպես մեկ ամբողջություն, մենք ստիպված ենք լինելու ընդունել, որ հարյուր տարի առաջվա հիմնական մարտահրավերները գրեթե չեն փոխվել, չեն նվազել։

Բանավեճը հինգ երեևելի ՀՅԴ-ականների միջև ուշագրավ էր նաև այն իմաստով, որ ցույց էր տալիս հայ քաղաքական մտքի հասունության աստիճանը և խորքը։