Զորավար Անդրանիկի հայաստանյան օրագրությունը (1918թ. ապրիլ-1919թ. ապրիլ)՝ տպարանում

1790

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը այսօր տպարան (Լուսակն հրատարակչություն) է ուղարկել Եղիշէ Քաջունու “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” խորագիրը կրող հատորը արևմտահայերենով, դասական ուղղագրությամբ:

Գրքի տպագրական ծախսերը հոգացել է ՏԱՇԻՐ բարեգործական հիմնադրամը։

Զորավար Անդրանիկի մասին գրվել են բազմաթիվ հատորներ, սակայն Եղիշե Քաջունու այս օրագրությունը, մեր կարծիքով, ամենից կարևորը, արժանահավատը, հետաքրքրականն է, որի բովանդակությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը:

Զորավարը իր մի քանի հազար զինվորների և մի քանի տասնյակ հազար արևմտահայ գաղթականության հետ մեկ տարվա ընթացքում անցավ Գյումրի (Ալեքսանդրապոլ)-Տաշիր (Վորոնցովկա)-Ստեփանավան (Ջալալ Օղլի)-Դսեղ-Դիլիջան-Սևան (Ելենովկա)-Գավառ (Նոր Բայազետ)-Մարտունի (Ղարանլուղ)-Վարդենյաց լեռներ (Սելիմ) -Եղեգնաձոր (Քեշիշքենդ)-Նախիջևան-Ջուղա (Ջուլֆա)-Խոյ-Ջուղա-Նախիջևան-Քաջարան-Կապան-Գորիս-Բերձոր (Աբդալլար)-Գորիս-Սիսիան-Արարարտ (Դավալու)-Մասիս-Էջմիածին ճանապարհը։ Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։

Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։

Այս գիրքը առաջին անգամ տպագրվել է 1921-ին Բոստոնում՝ ԱԶԳ-ի տպարանում։ Կյանքի վերջին շրջանում՝ 1976-ին, Քաջունին վերահրատարակել է այն “Անդրանիկի եւ Հայկական Առանձին Հարուածող Զօրամասի հետ” խորագրով։ Հաշվի առնելով այն իրողությունը, որ առաջին և երկրորդ հրատարակությունների միջև տարբերությունը զգալի է (ըստ էության՝ երկրորդ հրատարակությունը նոր գիրք է. այն ոչ այնքան և ոչ թե օրագրություն է, այլ արդեն հեղինակային գործ), ԱՆԻ-ին երրորդ հրատարակության համար հիմք է ընդունել 1921-ի հրատարակությունը։

Անդրանիկը և իր զորքը կարևոր դեր կատարեցին Զանգեզուրը Հայաստանի մաս պահելու հարցում։ Բրիտանացիները, ովքեր մինչև 1919-ի վերջերը իշխում էին Անդրկովկասում, որոշել էին Զանգեզուր-Արցախը կցել Ադրբեջանին, փոխարենը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը առաջարկում էին Նախիջևանն ու Կարսը։

Այս գիրքը՝ “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը”, պատմում է իրական Անդրանիկի մասին՝ առանց փառաբանման ու ֆետիշացման: Այս գրքում Անդրանիկը ներկայացվում է որպես պարզ մարդ, պարզ հայ, պարզ արևմտահայ։ Այս գիրքը պետք է հասու լինի Հայաստանի ընթերցողին նաև արևելահայերենով և աբեղյանական ուղղագորությամբ: Բայց դա արդեն առաջիկա ամիսների և տարիների խնդիր է։

Այս գրքի վերահրատարակությունը՝ դասական ուղղագրությամբ և արևմտահայերենով կարող է նվեր լինել զորավարի 150-ամյակին: Հայաստանում 2015-ը անվանվել է Անդրանիկի տարի։ 150 տարի առաջ՝ 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին Գարահիսարում ծնվել է զորավարը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին իր կայքում (www.aniarc.am) մաս-մաս տեղադրել է Քաջունու՝ Անդրանիկի, նրա զորքի, գաղթականության, բայց նաև Հայաստանի օրագրությունը։

Հունիսի առաջին օրերին գիրքը ամբողջական տարբերակով կդրվի ընթերցողի սեղանին։ Վերահրատարակվող հատորում արվել են բազմաթիվ ծանոթագրություններ, որպեսզի ընթերցողը ավելի լավ ընկալի հարյուր տարի առաջվա դեպքերը։

Գրքի առաջաբանում խոսք են թողել Եղիշե Քաջունու թոռները, որոնք բնակվում են Նյու Ջերսիում (Միացյալ Նահանգներ)։

ԱՆԻ կենտրոն