Իմ այցը Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատուն և զրույցը դեսպան Ունալ Չեվիքյոզի հետ. 20 նոյեմբեր, 2012թ

1920

Նոյեմբերի 18-24-ը ես անցկացրեցի Լոնդոնում և Բրյուսելում: Բրիտանական «Հաշտեցման պաշարներ» (Conciliation Resources) կազմակերպությունը ադրբեջանցի փորձագետ Թաբիբ Հուսեյնովին և ինձ հրավիրել էր, որպեսզի երկու քաղաքներում արցախյան հարցով կազմակերպի բանավեճեր:

Ես գրեթե միշտ մերժում եմ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանավեճերի մասնակցության հրավերները: Հայ-ադրբեջանական բանավեճերին չեմ մասնակցում, քանի որ հայ և ադրբեջանցի լրագրողների, փորձագետների ու քաղաքագետների հանդիպումները կառուցողական մթնոլորտում չեն անցնում, մենք միմյանց լեզուները ուղղակի և անուղղակի իմաստով չենք հասկանում: Մենք ասում ենք, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ադրբեջանցիներն ասում են, որ Արցախը երբեք չի կարող լինել անկախ:

Հայ-թուրքական բանավեճերին ես գրեթե երբեք չեմ մասնակցում, քանի որ համարում եմ, որ դրանք Թուրքիան շահարկում է՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ հայերն ու թուրքերը միմյանց հետ խոսում են, երկխոսում են:

Լոնդոն և Բրյուսել հրավերը ընդունեցի երկու հիմնական պատճառով: Առաջին, ինձ և Թաբիբ Հուսեյնովին հրավիրել էր «Հաշտեցման պաշարներ» կազմակերպության կովկասյան հարցերով առաջատար վերլուծաբան և մասնագետ Լորենս Բրոերսը, որի նկատմամբ ես ունեմ խորը հարգանք: Լորենսը, ի տարբերություն կովկասյան հարցերով շատ վերլուծաբանների, ովքեր հաճախ են գրում Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների մասին, գերազանց է հասկանում և զգում Կովկասը: Նա Կովկասը հասկանում է մանրամասնորեն, մի քանի եվրոպական լեզուների կողքին գիտի նաև վրացերեն ու ռուսերեն, բազմաթիվ անգամ եղել է Արցախում:

Հրավերներն ընդունելու երկրորդ պատճառն այն էր, որ մեր բանավեճերից մեկը պետք է տեղի ունենար Լոնդոնի հռչակավոր Chatham Hօuse-ում, և ես իրավունք չունեի առիթը բաց թողնել:

Կարճ անդրադառնամ այն հանդիպումներին և բանավեճերին, որոնք ունեցա մեկ շաբաթվա ընթացքում՝ վերլուծություններն ու տպավորությունները թողնելով հետագային:

Նոյեմբերի 20-ին Լոնդոնում ես մեկժամանոց հանդիպում ունեցա Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան Ունալ Չեվիքյոզի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնում Թուրքիայի դեսպանատանը: Ես բազմաթիվ անգամ եմ եղել Թուրքիայում, մեկ անգամ հայ լրագրողների խմբի հետ Անկարայում այցելել եմ այդ երկրի խորհրդարան, սակայն կյանքում առաջին անգամ էի ոտք դնում որևէ թուրքական դեսպանատուն: Դեսպան Չեվիքյոզը, որ անցյալում եղել է Թուրքիայի դեսպանը Ադրբեջանում և ներգրավված էր հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացում, հետաքրքիր զրուցակից էր ու ինձ վրա թողեց խորը դիվանագետի ու համեստ մարդու տպավորություն: Նրանից սովորեցի մի ասացվածք. «Բաղնիք գնալուց առաջ պիտի քրտնելու պատրաստ լինես»: Ես դեսպան Չեվիքյոզին ու դեսպանատան առաջին քարտուղար Զեյնափ Էրշահին Աշըկին նվիրեցի իմ Karabakh Diary: Green and Black գիրքը, որը շուտով հրատարակվելու է նաև թուրքերեն: Նրանց ես փոխանցեցի նաև Սիվիլիթաս հիմնադրամի մի քանի տարեկան զեկույցներ:

Նույն օրը երեկոյան Լոնդոնի «Հայ տանը» տեղի ունեցավ իմ հանդիպումը լոնդոնահայերի հետ, որը կազմակերպել էր Ստեփան Օվանեսոֆը: Հայ առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդ Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Լոնդոնում Հայաստանի դեսպանության աշխատակիցների ու մի քանի այլ ներկաների ես կարճ ներկայացրի ԼՂ խնդրում և հայ-թուրքական հարաբերություններում այսօր առկա վիճակը: Հանդիպման ընթացքում ներկայացրի նաև իմ երկու՝ «Արցախյան օրագիր. կանաչ ու սև» և «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» աշխատությունները, ինչպես նաև՝ Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունն ու տարեկան զեկույցները:

Նոյեմբերի 21-ին Chatham Hօuse տեղի ունեցավ իմ և ադրբեջանցի վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովի բանավեճը «Լեռնային Ղարաբաղ. տեղահանություն և կարգավիճակ» թեմայով: Քննարկումից հետո մենք այցելեցինք Մեծ Բրիտանիայի արտգործնախարարություն, որտեղ զրույց ունեցանք Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Նեյլ Ֆլոյդի հետ: Երեկոյան Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցում (School of Oriental and African Studies) տեղի ունեցավ իմ և Հուսեյնովի բանավեճը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում. կա՞ արդյոք փակուղուց դուրս գալու ելք» խորագրի ներքո:

Հաջորդ օրը մենք Լոնդոնից գնացքով մեկնեցինք Բրյուսել: Մեր առաջին հանդիպումը Բելգիայում Հայաստանի դեսպանությունում էր: Մեզ ընդունեց դեսպան Ավետ Ադոնցը: Հուսեյնովը առաջին անգամ էր այցելում որևէ հայկական դեսպանություն, թեև երկու անգամ եղել էր Հայաստանում: Բելգիայում Հայաստանի դեսպանությունում ինձ, Թաբիբին, Լորենս Բրոյերսին ու մեզ միացած Քրեյգ Օլիֆանդին, որը ներկայացնում էր բրիտանական Safer World ոչ կառավարական կազմակերպությունը, ընդունեցին հարգանքով: Մեկ ժամ տևած մտքերի փոխանակությանը ներկա էին դեսպանության երկու այլ դիվանագետներ:

Ապա մենք այցելեցինք Եվրոպական խորհրդարան, իսկ նույն օրը երեկոյան «Եվրոպական քաղաքականության կենտրոն»-ում տեղի ունեցավ արցախյան հարցով մեկ այլ բանավեճ իմ և Հուսեյնովի միջև:

Նոյեմբերի 23-ին մենք հանդիպում ունեցանք Եվրոպական Միության երեք պաշտոնյաների հետ, որոնք զբաղվում են Հարավային Կովկասի հարցերով: Նույն օրը Բրյուսելում հայ համայնքի ներկայացուցիչներից Պետո Դեմիրճյան-Քյուրքչյանը կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որի ընթացքում ես կարճ ներկայացրեցի իմ գրքերը, Սիվիլիթասի գործունեությունը, ինչպես նաև անդրադարձա արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին: Նեղ շրջանակով այս հետաքրքիր հանդիպումը տեղի ունեցավ «Եվրոպահայերի դաշնություն հանուն արդարության և ժողովրդավարության» (European Armenian Federation for Justice and Democracy) կազմակերպության գրասենյակում:

Նախատեսվում էր նաև իմ և Հուսեյնովի այցը Բրյուսելում Ադրբեջանի դեսպանություն, որը չկայացավ: Փոխարենը Բրյուսելի սրճարաններից մեկում հանդիպում տեղի ունեցավ Ադրբեջանի դեսպանության երկրորդ քարտուղարի հետ, որին ես ներկա չգտնվեցի երկու պատճառով: Նախ, այդ նույն ժամին էր կազմակերպվել իմ հանդիպումը Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, երկրորդ՝ արդարացված կլիներ, եթե պահպանվեր հավասարությունը: Եթե Հայաստանի դեսպանը սիրահոժար ընդունում է հայ և ադրբեջանցի լրագրող-փորձագետներին, ապա նույնը կարող էր անել նաև Ադրբեջանի դեսպանը:

Թաթուլ Հակոբյան

Երևան-Փարիզ-Լոնդոն-Բրյուսել-Փարիզ-Երևան

26 նոյեմբերի, 2012թ
Այս գրությունը նախապես տեղադրվել է ՍիվիլՆեթ կայքում՝ 2012թ նոյեմբերի 26-ին՝  «Արցախյան հարցով բանավեճեր և այց Թուրքիայի դեսպանություն» վերնագրով