Հրանդ Մարգարեան. ՀՅԴ-ն 300-ից աւելի զոհ է տուել Ղարաբաղում

4274

ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի` «Երկրի Հարց»-ը Հաղորդաշարին Տուած Հարցազրոյցը

«ԵՐԿՐԻ ՀԱՐՑ».- Շատերի աչքից չվրիպեց այն, որ ապրիլի 24-ին, երբ Հայաստանից ու սփիւռքից բազմաթիւ հայեր, այդ թւում եւ ձեր շատ ու շատ կուսակցական ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից ժամանում էին Երեւան, դուք մեկնել էիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն` Ստեփանակերտ: Թոյլ տուէք հարցնել` ինչո՞ւ:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Հէնց այն պատճառով, որ բոլորը գալիս էին Հայաստան: Մեր հինգ նախագահներից Երեւանում չէր միայն Ղարաբաղի նախագահը` Բակօ Սահակեանը: Դա իր պատճառներն ունէր: Բայց, անկախ այդ պատճառներից, ես հարկ համարեցի, որ անձամբ լինեմ Ղարաբաղում: Սա որեւէ ուրիշ բան չէր նշանակում, որովհետեւ մեր կուսակցութեան շատ ու շատ ընկերներ Ծիծեռնակաբերդում էին, Բիւրոյի անդամներ Ծիծեռնակաբերդում էին: Այսինքն հարցը որեւէ հակադրութեան մէջ պէտք չէ դիտարկել: Ապրիլի 24-ին Արցախում լինելը եւս կարեւոր էր: Կարեւոր էր նաեւ այն առումով, որ մենք պէտք չէ մոռանանք, որ մեր գերխնդիրն այսօր Ղարաբաղն է: Մենք նոյն թափով, նոյն միասնականութեամբ, նոյն ոգով, որ աշխատեցինք, պայքարեցինք 100-ամեակի միջոցառումները յաջողեցնելու համար, նոյն կերպ պէտք է վարուենք Ղարաբաղի հարցում` ընդհանրապէս:

«ԵՐԿՐԻ ՀԱՐՑ».- Որո՞նք են Ղարաբաղի համար Հայ յեղափոխական դաշնակցութեան հիմնական անելիքները. մի կողմից, միջազգային մակարդակում` միջազգային դիւանագիտական-քաղաքական հարթութեան մէջ, միւս կողմից` Ղարաբաղի ներպետական խնդիրների հարթութեան մէջ:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Այս օրերին լայնօրէն նշուող հարիւրամեակը վառ օրինակով ցոյց է տալիս այն, ինչ պէտք է անենք Ղարաբաղի հարցում: Այսօր Ազրպէյճանը փորձում է մի նոր պատերազմ մեզ պարտադրել, այսպէս ասած` մաշող պատերազմ պարտադրել, մի պատերազմ, որ իր օգտին է, մեզ` ի վնաս: Այդ մաշող պատերազմում մեր ժողովուրդն իր հոգեբանական վիճակով, իր նուազող թուաքանակով կը դժուարանայ դիմանալ: Անշուշտ կը դիմանայ, բայց Ազրպէյճանն ձգել, այս պատերազմը շարունակել: Մենք պէտք է այս պատերազմը փոխադրենք այլ դաշտ, այն դաշտը, որտեղ մենք կ՛ունենանք առաւելութիւն: Եւ այդ դաշտը այս դաշտն է` 100-ամեակի դաշտը: Միջազգային առումով մենք պէտք է ստեղծենք մթնոլորտ, վիճակ, ցուցական աշխատանք, յարաբերական աշխատանք, քարոզչական աշխատանք` Ազրպէյճանի վրայ ճնշում բանեցնելու նպատակով: Սա պէտք է մէկ ալիքի` մեծ ալիքի դեր ունենայ, որպէսզի Ազրպէյճանը անդրադառնայ, որ արդէն վնասւում է ինքը եւ փոխի վերաբերմունքը` Ղարաբաղի հարցի լուծման տարբերակների հարցում: Կարծում եմ սա կարեւոր հարց է: Եւ նոյն միասնականութիւնը, նոյն ոգեւորութիւնը, նոյն կազմակերպուածութիւնը, որ մենք ցուցաբերեցինք 100-ամեայ տարելիցի միջոցառումների կտրուածքում, պէտք է կարողանանք ցոյց տալ նաեւ Ղարաբաղի հարցում` ամբողջ աշխարհում հակաազրպէյճանական մթնոլորտ ստեղծելու առումով, այս մաշող պատերազմի դէմ մթնոլորտ ստեղծելու առումով: Պէտք է ճնշում բանեցնենք, որ Ազրպէյճանը հրաժարուի այս պատերազմից: Կարծում եմ` դա շատ կարեւոր է:

«ԵՐԿՐԻ ՀԱՐՑ».- Իսկ Ղարաբաղի ներքին հարցերի՞ առումով…

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ղարաբաղի ներքին հնարաւորութիւնները, միջոցները, հասկանալի պատճառներով սահմանափակ են: Կենսունակ տնտեսութիւն ունենալու համար Ղարաբաղը պէտք է երրորդ երկրների հետ յարաբերութիւններ ունենայ, սահման: Մինչդեռ Ղարաբաղը առաջին գիծ է: Այս իրավիճակում մի քանի օրէնք կայ, որ պէտք է պաշտպանենք: Առաջին` Ղարաբաղում միասնականութիւնն ու կայունութիւնը մեծ արժէք ունեն: Երկրորդ` այնտեղ պէտք է լինի շատ աւելի լաւ վիճակ, քան որեւէ տեղ: Այնտեղ արդարութեան, ներքին հանդուրժողականութեան, ներքին յարգանքի եւ պատասխանատուութեան մթնոլորտը պէտք է իսկապէս լիակատար լինի: Ղարաբաղի մասին խօսելիս` մենք խօսում ենք մեր զինուորների թիկունքի մասին` անմիջական թիկունքի մասին: Այնտեղ պէտք է լինենք ամուր, հաստատակամ, միասնական, խաղաղ: Ղարաբաղը նոյնիսկ այս վիճակի մէջ պէտք է դառնայ նախանձելի վայր, որ ամէն մի հայ ձգտի այնտեղ ապրել: Այնտեղ պէտք է ներդրումներ լինեն, մենք պէտք է կարողանանք Ղարաբաղը ընդհանուր ուշադրութեան կենտրոն դարձնել: Այլ խօսքով, պէտք է գուրգուրել Ղարաբաղը, որ նա կարողանայ յաղթահարել այս մարտահրաւէրը եւ իր յաղթանակը վերջնականապէս ամրագրի միջազգային իրաւունքով:

«ԵՐԿՐԻ ՀԱՐՑ».- Ընդհանրապէս ինչպիսի՞ն է ՀՅԴ-ն արցախցու ընկալումներում: Ըստ ձեզ, ինչո՞ւ պէտք է արցախցին վստահի, իր ձայնը տայ Դաշնակցութեանը` նրան խորհրդարանում ներկայացուած տեսնելու համար:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Գիտէք` պատմութեան ընթացքում ղարաբաղցիներ շատ են եղել Դաշնակցութեան մէջ, ունեցել են պատասխանատու հանգամանքներ, նոյնիսկ ղեկավար դիրքեր են ունեցել. Նիկոլ Դումանը, Արամը, Վահան Նաւասարդեանը… Կարելի է մի քանի տասնեակ անուններ յիշել, ովքեր ղարաբաղեան ծագում ունեն եւ կարեւոր դերակատարութիւն են ունեցել ՀՅԴ պատմութեան մէջ: Սակայն մենք Ղարաբաղում չենք ունեցել կուռ եւ մեծ կազմակերպութիւն: Նոր ժամանակաշրջանում Դաշնակցութեան անունը ուղղակի աղերսւում է Ղարաբաղում ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման գործին: Մենք մեծ ներդրում ենք ունեցել այդ ազգային-ազատագրական պայքարում: Այս 25 տարիների ընթացքում մենք երբեք չենք բացակայել Ղարաբաղից, իսկ Ղարաբաղից դուրս մեր գործունէութեան մէջ Ղարաբաղը բացակայ չի եղել: Սա, անշուշտ, չի կարող չգնահատուել: Վերջապէս այս կազմակերպութիւնը, ես նկատի չունեմ միայն ղարաբաղեան կառոյցը, այլեւ` Ղարաբաղից դուրս եղած Դաշնակցութեան ողջ կառոյցը, 300-ից աւելի զոհ է տուել Ղարաբաղում: Մեր թուի համեմատ սա շատ մեծ տոկոս է: Մենք միս ու ոսկորով ենք նոյնացել Ղարաբաղի պայքարի հետ, մենք այս պայքարը կողքից չենք ընկալել, մենք մերուած ենք եղել այդ պայքարի հետ, դա մեր պայքարն է եղել: Վերջապէս, առաջին նախագահը եղել է դաշնակցական, բանակի առաջին հրամանատարը եղել է դաշնակցական, այդպէս էլ եղել են առաջին զոհերը, առաջին վիրաւորները, առաջին մարտական խմբերը, առաջին փարթիզանական յարձակումները® Մենք նոյնացած ենք Ղարաբաղի հետ, մենք տարբեր չենք Ղարաբաղից:

«ԵՐԿՐԻ ՀԱՐՑ».- Իսկ զինադադարի հաստատումից յետոյ ինչպիսի՞ն է եղել ձեր մասնակցութիւնը Ղարաբաղի կառուցման, շէնացման գործում, ի՞նչ ծրագրեր էք իրականացրել ու դեռ ի՞նչ ծրագրեր կան իրականացնելու:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ես չէի ասի, որ շատ մեծ բան ենք արել, որովհետեւ պահանջը, կարիքը շատ աւելին է, քան` մեր արածը: Բայց կարող եմ ասել, որ այս տարիներին այն, ինչ արել ենք, հիմնականում Ղարաբաղի համար ենք արել: Այնքանով, որ կարողացել ենք ուժերը ուղղորդել դէպի Ղարաբաղ, այնքանով, որ կարողացել ենք աշխատանքները ուղղորդել դէպի Ղարաբաղ, այդքանով արել ենք ամէն ինչ: Ուրիշ որեւէ ուղղութեամբ աւելին չենք արել: Այսպէս ասեմ` աւելի ճիշդ կը լինի: Կրկնեմ` այն պահանջը, այն կարիքը, որ կայ, այդ կարիքի համեմատ մենք գրեթէ ոչինչ չենք արել: Սա ցաւով եմ ասում, բայց դա է իրականութիւնը: Շատ բան արած կը լինէինք, եթէ Ղարաբաղից ոչ ոք չարտագաղթէր, եթէ Ղարաբաղում հզօր տնտեսութիւն լինէր: Ղարաբաղի բնակչութիւնը պէտք է թուային աճ ունենար, մենք այնտեղ պէտք էր շատ աւելի լաւ պայմաններ ունենայինք: Եթէ այս ամէնը դեռ չկայ, բնականաբար, բոլորի հետ նաեւ մենք ենք մեղաւոր:

«ԵՐԿՐԻ ՀԱՐՑ».- Իսկ առաջիկայում ձեր թուարկած խնդիրների լուծման ուղղութեամբ ինչ որ ծրագրեր, մտայղացումներ, գաղափարներ, որ ընտրութիւններից յետոյ հնարաւոր է իրականացնել, կա՞ն:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Անշուշտ կան, թէեւ մենք միշտ փորձել ենք Ղարաբաղի համար դրսում` արտասահմանում ապահովել քաղաքական թիկունք, ապահովել քարոզչական թիկունք, ապահովել յարաբերական թիկունք: Դռներ բացելու, կացութիւն ստեղծելու, նպաստաւոր մթնոլորտ ստեղծելու, քաղաքական առաւելութիւններ ստեղծելու գործերի վրայ ենք դրել հիմնական շեշտը, բայց, անշուշտ, բոլոր դաշնակցականներն էլ հասկանում են, որ եթէ պէտք է քո ազգային մտահոգութիւններով, ազգային գիտակցութիւնից ելնելով մի բան անես կամ մի ներդրում կատարես, դա առաջին հերթին պէտք է լինի Ղարաբաղում:

«ԵՐԿՐԻ ՀԱՐՑ».- Պարո՛ն Մարգարեան, ի տարբերութիւն Ղարաբաղի, Հայաստանը կուսակացական պայքարի տեղ է, եւ այս օրերին Հայաստանում աշխուժօրէն շրջանառւում են կառավարութեան հնարաւոր փոփոխութեան մասին տեղեկութիւններ, որ առաջիկայում սպասւում են լուրջ քատրային տեղաշարժեր կառավարութիւնում, այդ թւում` շրջանառւում են նաեւ ձեր կուսակից ընկերների անունները` որպէս հաւանական նախարարներ: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս լուրերը, արդեօք սրանք համապատասխանո՞ւմ են իրականութեանը:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Ես մի քիչ աւելի հեռուից եմ ուզում գալ: Մենք ունեցել ենք 100-ամեակ, այդ 100-ամեակում, կարծում եմ, մենք նուաճել ենք մի բարձունք: Մենք կարողացել ենք մեր ազգը եւ մեր պետականութիւնը արժեւորել, մենք կարողացել ենք մեծ ձեռքբերում ունենալ 100-ամեակի այս միջոցառումներով, քարոզչական բարձր մակարդակ ենք ապահովել: Մենք յաջողել ենք մի քանի պատճառներով: Նախ` տասնեակ տարիներ մարդիկ այս ուղղութեամբ պայքարել են, աշխատել են, ճիգ են թափել, ժամանակ են դրել` խնայելով իրենց ընտանիքներից, Հայ դատի յանձնախմբերը աշխարհի չորս կողմերում աշխատել են այս ուղղութեամբ: Երկրորդ` մենք այս հարցում եղել ենք միասնական: Մենք Ցեղասպանութեան 100-ամեակը ոգեկոչեցինք միասնականութեան մթնոլորտում: Եթէ նոյնիսկ կային կողքից հնչող տեսակէտներ էլ, դրանք այնքան թոյլ ու անտրամաբանական էին, որ եղանակ չստեղծեցին: Մենք միասնական էինք իբրեւ ժողովուրդ եւ իբրեւ պետականութիւն: Նոյնիսկ պետութեան մէջ քաղաքական ուժերը կարողացան այնքան խոհեմ, այնքան գիտակից լինել, որ պահեն այդ միասնականութեան մթնոլորտը` 100-ամեակի հետ կապուած: Եւ, վերջապէս` մենք այս յաջողութիւնն ունեցանք մեր պետականութեան շնորհիւ: Ես ընդդիմադիր կուսակցութիւն եմ ներկայացնում, բայց չեմ խուսափի ասել, որ այն, ինչ արեց մեր պետականութիւնը, մեր պետութիւնը 100-ամեակի առիթով, միայն գնահատութեան կարող է արժանանալ: Հռոմի պապի ելոյթը, Գերմանիայի նախագահի ելոյթը, ապրիլի 24-ին չորս նախագահների եւ քառասուն երկրներից պատուիրակութիւնների ներկայութիւնը Ծիծեռնակաբերդում` խօսում են միայն շատ լուրջ կազմակերպուածութեան եւ կատարուած աշխատանքի մասին: Պէտք է կարողանալ գնահատել սա: Քանի որ մենք միասնական էինք, եւ նոյն թիրախին էր, որ փորձում էինք հարուածել, մենք ունեցանք յաջողութիւն: Մենք այսօր ե՛ւ համազգային առումով, ե՛ւ ներպետական առումով ունենք շատ դրական մթնոլորտ, շատ դրական մեկնարկային վիճակ: Անցած 25 տարիներին, հաւատացէք, մենք այսպիսի իրավիճակ չենք ունեցել: Գուցէ մէկ էլ Շուշիի ազատագրումը կարող էր նման վիճակ ստեղծել, բայց ժամանակի նախագահը եւ իշխանութիւնը թոյլ չտուեցին, որ Շուշիի ազատագրումը ազգային համախմբման եւ ոգեւորութեան առիթ դառնար: Հակառակը` փորձեցին դա խեղդել, նսեմացնել, ծածկել: Ինչեւէ, հիմա մենք շատ դրական վիճակում ենք, եւ այս դրական մթնոլորտը առաջինը պէտք է օգտագործեն իշխանութիւնները` դրական ընթացք ապահովելու համար: Ես կարծում եմ, որ իշխանութիւնն այսօր, 100-ամեակի միջոցառումներից յետոյ, ունի այնքան լաւ դրամագլուխ, որն իրեն թոյլ կը տայ հիմնական փոփոխութիւններով ապահովել դրական շարունակութիւնը: Քաղաքական իշխանութիւնները պէտք է ըստ այդմ դիրքորոշուեն:

Բոլոր այն զրոյցները, որ մենք մտել ենք, մտնում ենք կառավարութիւն, երկու նախարար, երեք նախարար… ամբողջը սուտ է: Մենք այդ հարցով իշխանութիւնների հետ որեւէ բանակցութիւն, հանդիպում, քննարկում մինչեւ այն պահը, որ ես այստեղ նստած եմ, չենք ունեցել: Սակայն, մենք ո՛չ երդուեալ ընդդիմադիր ենք, ո՛չ էլ երդուեալ իշխանամէտ: Մենք երդուեալ հայաստանասէր ենք, մենք մեր ժողովրդի երդուեալ կողմնակիցն ենք: Եթէ մեր ժողովրդի կամ երկրի շահը կ՛ասի, որ պէտք է լինի նոր ընթացք եւ դա լինելու է դրական, անշուշտ մենք պատրաստ կը լինենք մասնակցելու: Բայց եթէ չի լինի այդ դրական ընթացքը, ապա յանուն աթոռի, յանուն ինչ որ բանի մենք մեր կեցուածքը չենք փոխի:

Ասեմ ձեզ` մենք մեր հակադրութեան մէջ էլ մեզ նման ենք: Մենք ընդդիմադիր վիճակում էլ մեզ նման ենք: Մենք դրսից տղայ չենք բերում այս երկրի վրայ, մեր իշխանութիւններին խեղճացնելու համար երբեք ուրիշին աւելի բարձր չենք դասում: Մենք մեր ժողովրդի վրայ յենուած կը փորձենք պայքարի դուրս գալ. դա էլ մեր տեսակն է, որովհետեւ մեզ համար ամենակարեւորը Հայաստանն է եւ հայ ժողովուրդը, ոչ թէ` իշխանութիւններին յաղթելն ու իշխանութիւն ձեւաւորելը: Մեզ համար կան սկզբունքներ եւ արժէքներ, որ չենք խախտելու:

«ԵՐԿՐԻ ՀԱՐՑ».- Երկու խօսքով էլ անդրադառնանք արտաքին աշխարհի հետ մեր անելիքներին: Ապրիլի 24-ը անցաւ: Յետո՞յ… Ի՞նչ ենք մենք ուզում, յստա՞կ են մեր ասելիքը եւ ձեւակերպումները, թող որ Ցեղասպանութեան 100-ամեակի հռչակագրով հանդերձ, յստա՞կ են մեր հետագայ քայլերը:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Այդպէս է միշտ, մարդիկ սովոր են արագ արդիւնքի սպասել` մէկ, երկու, երեք` ո՞ւր է արդիւնքը: Ես այդպէս չեմ մտածում: Ես մտածում եմ, որ սա երկարատեւ պայքար է, որտեղ մենք կարեւոր մէկ հանգրուան յաղթահարեցինք, եւ դրանից յետոյ սկսւում է պայքարի մէկ նոր հանգրուան, որը շա՜տ-շա՜տ կարեւոր է: Մենք պէտք է կարողանանք նոյն միասնական ոգով, նոյն կազմակերպուածութեամբ այդ աշխատանքները շարունակել: Սա յարատեւ պայքար է, յարատեւ մէկ ընթացք է, մինչեւ որ կարողանանք ամբողջական արդարութիւն հաստատել: Կ՛ասէք` բացարձակ արդարութիւն չկայ: Ա՛յ դրա համար էլ պայքարը յարատեւ է: Միշտ աւելի արդարին հասնելու, աւելի լաւը ունենալու ցանկութեամբ պէտք է աշխատել: Մենք, կարծում եմ, ունեցել ենք կարեւոր յաջողութիւն, եւ հիմա կարեւոր է, որ չգինովնանք այս յաջողութեամբ ու բաւարարուենք, այլ ճիշդ կազմակերպուածութեամբ, ճիշդ ծրագրաւորմամբ նոր հանգրուանը սկսել, որը, կարող ենք ասել, հատուցման հանգրուանն է, պահանջատիրութեան հանգրուանն է, պայքարը եւ քաղաքական աշխատանքները դէպի մեր երկիր փոխադրելու ժամանակաշրջան է, որին մենք պէտք է պատրաստ լինենք:

«ԵՐԿՐԻ ՀԱՐՑ».- Կարելի՞ է, արդեօք, որպէս այդ նոր հանգրուանի առաջին քայլ դիտարկել Արամ Ա. կաթողիկոսի հայցը Թուրքիայի Սահմանադրական դատարան` Սիսի կաթողիկոսութեան խնդրով:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Արամ Առաջինի հայցը մի քիչ մասնակի հարց է: Աւելի կարեւորը անցեալ տարուայ ապրիլի 24-ին երկու վեհափառների` Արամ վեհափառի եւ Գարեգին Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հռչակուած կոնդակն էր, որտեղ նրանք ասում էին, որ իրենք Արեւմտեան Հայաստանի (Թուրքիայի տարածքի) հայկական եկեղեցիների ժառանգութեան տէրն են: Դա է ամենակարեւորը, դա է, որ պահանջատիրութեան այս նոր ժամանակաշրջանի մէջ ինքնին կարեւոր հանգրուան է: Ես կարծում եմ, որ սա է ընդհանրական քայլը մեր նոր հանգրուանի, որ հայկական եկեղեցիները, եկեղեցուն պատկանող գոյքը, տարածքը, այդ ամէնը մշակութային արժէք են, եւ իրենք են այդ արժէքների տէրը: Սրանից էլ բխել է Սիսի կաթողիկոսութեան հարցով հայցի յարուցումը:

ԱԶԴԱԿ, 15 մայիս, 2015. http://www.aztagdaily.com/archives/240254