Հայաստանին և Արցախին թիկունք կանգնել հիմա. «Արմենիա»-ի և Րաֆֆի Գարիբյանի գործը

1052

Պատերազմի հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Րաֆֆի Գարիբյանը ձայնային հաղորդագրություն էր թողել. «Ես Ստեփանակերտում եմ, և եթե հնարավոր է՝ հանդիպենք»:

Րաֆֆիին երկու անգամ էի հանդիպել՝ Ժնևում, որտեղ ելույթ էի ունեցել 2019-ի աշնանը, և ապա՝ Երևանում: Զարմացա, երբ լսեցի, որ Արցախում է:

«Պատերազմի ժամանակ զգացի, որ պետք է մի բան անել: Նախ իմ խնայողություններով բժշկական օգնություն հասցրեցի Ստեփանակերտի հոսպիտալ»,- պատմում է նա:

Գարիբյանը հոկտեմբերի առաջին օրերին արդեն համոզվել էր, որ Հայաստանն ու Արցախը և հայ ժողովուրդը ընդհանրապես, պատրաստ չեն պատերազմին: Ամեն բան կազմակերպվում էր վերջին վայրկյանին:

«Տեսա հոսպիտալի արյունլվա վիճակը: Երիտասարդ տղա աչքիս առաջ մահացավ: Հիվանդանոցն իմ տեղը չէր: Դեռ չէին հասցնում տեղավորել 10-12 վիրավորներին, երբ վիրավորներով նոր մեքենան էր մոտենում»,- հիշում է պատերազմական օրերը:

Գարիբյանը գործի է դնում իր կապերն ու ծանոթությունները: Արցախին, վիրավոր զինվորին օգնելու համար դրամ են հավաքում նրա բարեկամները և բարեկամների շրջանակը: «Սատարենք մեր հերոսներին» կազմակերպությունը Գարիբյանին տրամադրում է անհրաժեշտ բժշկական կարիքների ցանկը, գնումները կատարում է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» տնօրեն Հայկուհի Մինասյանը:

Մի քանի օր անց՝ Ստեփանակերտից Երևան վերադարձին, Գարիբյանը տեսնում է փախստականների քարավանը և այդ օրվանից որոշում, որ պետք է աշխատել նրանց հետ:

Վանաձորի մանկատանը տեղավորվել էին 180 փախստականներ: Նրանց տրամադրվում են սավաններ, սրբիչներ և ամենօրյա ուտելիք:

Ապա օգնություն է հասցվում Գորիսի «Դիանա» հյուրանոցում ապաստանած փախստականներին՝ սավաններ, սրբիչներ, հիգիենայի պարագաներ, ուտելիք:

Քանի որ փախստականների մեծ մասը տեղավորվել էր Գորիսում՝ հյուրանոցներում, մանկապարտեզներում, մասնավոր տներում, Գարիբյանը սկսում է աշխատել քաղաքապետարանի հետ: Նիվա մակնիշի մեքենա և անվադողեր են նվիրաբերվում Գորիսի քաղաքապետարանին: Պատերազմից հետո «Սատարենք մեր հերոսներին» կազմակերպության հետ գնվում է բժշկական սարքավորումներով ապահովված 5 հատ շտապ օգնության մեքենա: Դրանցից երկուսի գումարը տրամադրում են շվեյցարահայ «Արմենիա» հիմնադրամը և Գարիբյանի շրջանակը:

Կիրակի, մայիսի 9-ին, Գորիսի Քաղաքային պատկերասրահում «Արմենիա» հիմնադրամը Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ Արցախից տեղահանված 14 և Գորիսից 6 հղի մայրերի նվերներ բաժանեց: Բարեսիրական այս ծրագրին միացել էին նաև ՄԱԿ-ը և People in Need կազմակերպությունը:

Փաթեթներում նորածինների համար առաջին անհրաժեշտության պարագաներ էին՝ վերմակներ, բարձեր, տակդիրներ, ծածկոցներ, հիգիենայի պարագաներ: Դրանց մի մասը ձեռագործ աշխատանքներ էին: Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը իր հարկի տակ վճարովի աշխատանքի հնարավորություններ է ստեղծել Արցախից տեղահանված կանանց համար:

Կենտրոնի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը ասաց, որ այս ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել «Արմենիա» հիմնադրամի և անձամբ Րաֆֆի Գարիբյանի ջանքերով:

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հիշեցրեց, որ Գարիբյանը պատերազմի օրերին և հետո անդադար եղել է Գորիսի հետ: Նա երախտիքի խոսք ասաց նաև «Ռեսուրս կենտրոնի» հասցեին, որը կանանց պահում է ուշադրության կենտրոնում: «Մեծ և փոքր աջակցություն չի լինում, կա մարդասիրություն»,- նշեց Յոլյանը:

Գարիբյանը Քաղաքային պատկերասրահում հավաքված հղի մայրերին դիմելով ասաց, որ այս ծրագիրը շարունակական է լինելու: Եվս 100 հղի կանայք առաջիկայում ստանալու են իրենց բաժին աջակցությունը:

«Մենք առաջին օգնությունն ենք բերում նրանց, ովքեր նոր կյանք են տալիս: Մեր ուշադրության կենտրոնում են առաջին հերթին այն ընտանիքները, որոնք զոհ և վիրավոր են տվել պատերազմում: Գալիք երեխաներին մաղթում եմ լավագույն կյանքը: Մինչև այդ երեխաների չափահաս դառնալը, հուսանք, որ կկարողանանք ունենալ ավելի լավ Հայաստան»,- ասաց նա:

Գարիբյանը «Արմենիա» հիմնադրամի և իր բարեկամների հետ շարունակելու է բարեսիրական և տնտեսական օժանդակության ծրագրերը: «Սատարենք մեր հերոսներին» կազմակերպության հետ Արցախի Նախիջևանիկ գյուղում իրականացնելու են 16 տների կառուցման նախագիծը: Գնված հողի վրա պետք է կառուցվեն 16 նոր տներ: Ճանապարհի բարեկարգման, էլեկտրականության և գազի խնդիրը լուծելու է «Արմենիա» հիմնադրամը 50 հազար դոլարի շրջանակներում:

Առաջիկայում ծրագիր է իրականացվելու նաև Շուռնուխ գյուղում: Մոտ 60 հեկտար հողատարածք է վարվելու և ցանվելու: Ծրագրվում է նաև արտասահմանից Շուռնուխ բերել ոչխարի նոր ցեղատեսակ, որի կաթնատվությունը կլինի բարձր, իսկ բուրդը՝ որակյալ:

Նախագծերը շատ են, ասում է Գարիբյանը և կատակում. «Նախկինում Հայաստան արձակուրդ էի գալիս, հիմա Շվեյցարիա արձակուրդ եմ գնում»:

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի