Շվեյցարահայերը ջուր և լույս են բերել Նախիջևանի հետ սահմանակից Խաչիկ գյուղին

1637

Շվեյցարահայ իմ բարեկամներից Րաֆֆի Գարիբյանի հետ երեկ, կիրակի օրը, միացա ևս մի քանի տասնյակ սփյուռքահայերի ու հայաստանցիների, և ուղևորվեցինք Նախիջևանին սահմանակից, երեք կողմերից ադրբեջանական գյուղերով շրջապատված Խաչիկ գյուղ։

«Արմենիա» և «Փիլիպոսյան-Փիլոսյան» հիմնադրամները Վայոց Ձորի մարզի այս գյուղում երեք ծրագիր են իրականացրել։ Շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը հիմնադրամներից առաջինի ատենապետն է, երկրորդի՝ պատվո նախագահը։

Կեսօրին հասանք Խաչիկ և ուղևորվեցինք գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցի։ 13-րդ դարում հիմնադրված այս եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2020-ին շվեյցարահայ այս երկու հիմնադրամների և Գաբրաշի նվիրատվության շնորհիվ։

Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը և ներկաները միասնական աղոթք ասացին հայ գերիների ազատ արձակման, 44-օրյա պատերազմում զոհված նահատակների հոգիների խաղաղության, սահմանների պաշտպանության, հայ ժողովրդի հարատևության համար։

«Մեր բարերարների ցանկությամբ Խաչիկում երեք աշխատանք է կատարվել։ Առաջինը կապված է ջրի, երկրորդը՝ լույսի, երրորդը՝ եկեղեցու տանիքի հետ։ Ջուրը կյանք է, կյանքը ջրով է առաջացել։ Մեզ լույս պետք է, որ խավարի մեջ չմնանք, լույսն առաջնորդող է։ Մեզ տանիք պետք է, որ միասին հավաքվենք ընդ տանիք»,- պատարագի ընթացքում ասաց Տեր Հովհաննեսը։

Պատարագից հետո, եկեղեցու բակում, որտեղ ամբողջ գյուղն էր հավաքվել, տեղի ունեցավ սահմանների օրհնության արարողակարգ, որից հետո Վահե Գաբրաշն ու Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը միացրեցին Խաչիկի փողոցային լուսավորությունը։ Գյուղի բոլոր փողոցները լուսավորվել են։

Երրորդ ծրագիրը, որ իրականացրել են շվեյցարահայ երկու հիմնադրամները, ամենաառաջնայինն է գյուղացիների համար։ Քանի որ Խաչիկը ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա է, ոռոգման ջուրը մղվում է Արփա գետից։ Խորհրդային ժամանակ կառուցված ջրամբարը, որտեղ ամբարվում էր մղված ջուրը, տարիների ընթացքում լցվել էր տիղմով և չէր շահագործվում։ Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանի, Խաչիկ Հակոբյանի և գյուղի բնակիչների անմիջական մասնակցությամբ ջրամբարը մաքրվել է տիղմից և հանձնվել շահագործման։

Պատարագից և սահմանների պաշտպանության արարողակարգից հետո տեղի ունեցավ ընդունելություն։ Շնորհակալության և երախտիքի խոսքեր հնչեցին Վահե Գաբրաշի, երկու հիմնադրամների, Փարիզից Ժնև տեղափոխված հայազգի Ժան Պիեռ Սեդեֆի, Բելգիայից Արսլանյան ընտանիքի հասցեին։ Դպրոցական աղջիկները և տղաները պարեցին, իսկ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը դպրոցականների հետ երգեց նշանավոր «Տոտիկը»։

Հյուրերի, ներկաների և գյուղացիների համար սա առաջին ուրախ միջոցառումն էր 44-օրյա աղետալի պատերազմից հետո։

Խաչիկ գյուղը տեղեկանք

Խաչիկ գյուղը խոշորացված Արենի համայնքի 8 բնակավայրերից է։ Մյուս 7 գյուղերն են՝ Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Չիվա, Ռինդ և Արենի, որ համայնքի կենտրոնն է։

Հայոց Լեռների դեպի արևմուտք նայող լանջի վրա գտնվող Խաչիկից դեպի Շարուրի դաշտը և Արարատ լեռը բացվում է լայնատարած և չքնաղ տեսարան։

Խաչիկը հարավից Նախիջևանի հետ ունի 27 կմ ընդհանուր պետական սահման։ Սահմանակից է ադրբեջանական Շահբուլաղ, Յուխարը Յայջի, Ախուրա և Հավուշ գյուղերի հետ։ Հյուսիսից Խաչիկը սահմանակից է Արենիին, արևելքից՝ Գնիշիկին։ Գտնվում է Արենիից 21 կմ, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 120 կմ հեռու։

Գյուղում առաջին մարդահամարն անց է կացվել 1831 թվականին․ գյուղում հաշվված էր 22 ընտանիք, 101 մարդ։ Ընտանիքներից 18-ը բնիկներ էին, 4 ընտանիք ներգաղթել է Պարսկաստանից։ Այսօր գյուղի բնակչությունը 1000-ի սահմաններում է։

Խաչիկ գյուղից 4 կմ դեպի հյուսիս գտնվում է Քարկոփ կամ Խոտակերաց վանական համալիրը։ Վանքի հարավային պատի ծավալուն արձանագրությունը վկայում է, որ Վանքը կառուցել է Սյունյաց Աշոտ իշխանը, սակայն 9-րդ դարի վերջում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այն քանդվել է, իսկ Աշոտի մահից հետո, նրա կինը` Շուշանիկ իշխանուհին, վերականգնել է այն, ի հիշատակ իր ամուսնու։ Վանքի օծման արարողությունը կատարվել է 910 թվականին, որին ներկա են եղել Հայոց Կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին և Սյունյաց Հովհաննես Եպիսկոպոսը։

1254-1272 թվականներին Քարկոփի վանքը նորոգում է Սմբատ Օրբելյան իշխանը, որի մահից հետո նրա եղբայրը այն ժառանգություն է տալիս որդուն` պատմագիր Ստեփաննոս Օրբելյան եպիսկոպոսին։ Վերջինս 1297 թվականին Քարկոփը նվիրում է Նորավանքին։

Խաչիկ գյուղում դպրոց հիմնադրվել է 1870 թվականին, Երևանի բնակիչ և Խաչիկում մեծ հողատեր Ստեփանոս Եղիազարյանի հորդորով: Նույն թվականին կառուցվել է դպրոցի շենքը։

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյան

Հիմնական լուսանկարում՝ Րաֆֆի Գարիբյան, Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյան, Ժան Պիեռ Սեդեֆ, Վահե Գաբրաշ

Ժան Պիեռ Սեդեֆը և Վահե Գաբրաշը
Պարուհիները
Վահե Գաբրաշը և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը
Պարոն Արսլանյանը Բելգիայից և Խաչիկ Հակոբյանը
Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Խաչիկ Հակոբյանը
Արսլանյան ընտանիքը՝ Բելգիայից
Արտուշ Եղիազարյանը՝ Գյումրիից, ցույց է տալիս դեպի Նախիջևան