Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ես նմա՞ն եմ մարդու, որ կարող է փախչել»

1292

Ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց իմ և մեր դատավորը պետք է լինի ժողովուրդը, Արագածոտնում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` դիմելով բնակիչներին: Նա շեշտեց` եթե ժողովուրդը որոշի գնդակահարել, ինքը խոնարհ կանգնելու է գնդակահարության պատի տակ:

«Որովհետև ժողովուրդն է, որ կարող է դատել ձեզ էլ, մեզ էլ, ու այս ֆոնին զարմանալի բան է տեղի ունենում. Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է անում, ասում է` կազմակերպենք` վարչապետը Հայաստանից գնա ուրիշ երկրում ապաստան գտնի: Չհասկացա, Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում քաղաքական երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մարդու, որ կարող է փախչել: Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ, որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախչեմ: Եվ դուք ունեք այդ իրավունքը, ժողովո՛ւրդ», – հայտարարեց նա:

Առաջին նախագահ, Փաշինյանի երբեմնի ներկայացրած քաղաքական ուժի` Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Տեր-Պետրոսյանը օրերս հայտարարել էր, որ թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում:

Ազատություն ռադիոկայան