Բոլոր ճակատներում պարտվածը. Վարդան Հարությունյանի հոդվածը՝ ԱլիքՄեդիա

1561

Ցանկացած պետություն լուրջ վտանգի է ենթարկվում, երբ դրա ղեկին են մոտենում ազգայնականները։ Վտանգն էլ ավելի է մեծանում, երբ ազգայնականները քրեականների հետ դաշինքի մեջ են մտնում։ Արդյունքում ստացվում է իշխանական մի համակարգ, որն ապրում է չգրված օրենքներով ու չգրված կանոններով։ Գրված օրենքներն ու սկզբունքները հետին պլան են մղվում ու երկիրը վերածվում է համատարած իրավախախտման տարածքի։

Նման երկրների օրինակներ շատ են եղել ու շատ կան։ Այսպիսին էր Հայաստանը 2000-ականների ողջ ընթացքում։ Ունեինք մերժելի իշխանություն, որից ազատվելու համար տարիներ շարունակ պայքարել ենք։ Վստահ էինք՝ ավելի վատ լինել չի կարող։ Թվում էր՝ կմերժենք հինը եւ ինչ էլ դրան փոխարինի՝ շատ ավելի լավն է լինելու։

Այսօր վստահորեն կարելի է արձանագրել, որ իշխանության ղեկին հայտնված ինքնասիրահարված, որեւէ գրված կամ չգրված օրենք չընդունող, անհավասարակշիռ, բախտախնդիր, բարոյական չափանիշներ ու արգելակներ չունեցող անձը երկրի համար շատ ավելի մեծ վտանգ է:

Ապացույցը մեր այսօրն է։ Անցյալի ողջ մերժելիին նոր ու ավելի բարդ խնդիրներ են գումարվել։ Կանգնած ենք աղետալի իրականության դեմ հանդիման ու չգիտենք՝ ինչ ենք անելու եւ ինչ է լինելու։

Իսկ այս իրականության կերտողն՝ առանց աչք թարթելու, առանց ամոթի ու մեղքի զգացումի հայտարարում է, թե անմեղ է ինքը։

Մեղք չունի, որ մերժված անցյալի բեռից ազատվելու ուղղությամբ ոչ մի նշանակալի քայլ չի արել։

Մեղք չունի, որ խոստմնազանց է եղել՝ հրապարակներում հանձն առած պարտավորությունները չի կատարել։

Մեղք չունի, որ ստել է ու ստել, որ ստում է ու ստում։

Մեղք չունի, որ իր անպատասխանատու ու անհավասարակշիռ քայլերով մեզ պարտություն խոստացող պատերազմի է տարել։

Հազարավոր երիտասարդ կյանքեր զոհելուց, հազարավոր երիտասարդների խեղելուց, այսքան կորուստներ արձանագրելուց հետո շարունակում է ինքնագոհ ու անվրդով ապրել ու իշխանությունը պահելու ծրագրեր մտմտալ։

Փաշինյանի դեպքում սեփական մեղքը չտեսնելը եւ չընդունելը պատահական չէ։ Սա վարքագիծ է։ Այդպես է նա ապրում։ Դրա լավագույն վկայությունը պատերազմի առաջին օրը խորհրդարանում նրա ունեցած ելույթի այս հատվածն է․ «Եկեք պայմանավորվենք, որ մենք երբեք մեզ, այլեւս ինչ էլ լինի, եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական եւ անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչի»։

Այս մեջբերումը բնութագրում է հեղինակի էությունը։ Ցույց է տալիս, որ նա իրականության հետ առերեսվել չի կամենում։ Չի պատրաստվում իր ակնհայտ պարտությունը ընդունել։ Բոլորը տեսնում ու արձանագրում են նրա պարտությունը, բոլորն իրենց ապագա ծրագրերը մշակում են այդ պարտությունը հաշվի առնելով, բոլորն այդ պարտության փաստի հետ հաշվի են նստում, իսկ նա՝ ոչ։

Չգիտի, որ հաջորդ պարտություններից խուսափելու համար պետք է պարտության հետ առերեսվել, կարողանալ հաշվի նստել պարտության փաստի հետ, վերլուծել ու խորապես հասկանալ պարտության պատճառները։

Միայն կամակոր, արկածախնդիր, անսկզբունք, կայուն համոզմունքներից զուրկ մարդն է ունակ չտեսնելու տալ իրականությունը։ Առանց բարդույթների, առանց հասարակական կարծիքի հետ հաշվի նստելու հայտարարել, թե չկա պարտություն։

Այստեղից էլ ծնվում է նրա ամբոխավարությունը։ Այստեղից է, որ պատերազմի զոհերի հիշատակի երթը, կամ մարտի 1-ի հանրահավաքը սեփական աջակցության ցույցի է վերածում։

Հավաքված բազմությունը նրա տարերքն է։ Ամբոխի վեր մեկնված ձեռքերը, ամբոխի բացականչությունները, ամեն ինչ ոտնատակ տալու, ամեն ինչ փշրելու ու ոչնչացնելու պատրաստակամությունը ոգեւորում է նրան։ Թող որ տապալվել է բոլոր ճակատներում։ Թող որ զիջել է ինչ պահանջել են։ Թող որ՝ ո՛չ ներսում, ո՛չ, հատկապես, դրսում, որպես վարչապետ չի ընկալվում։ Թող որ վտանգված են երկրի սահմանները։ Թող որ հակառակորդը երկրի սահմաններից ներս է իր ոտքը դրել։ Թող որ տարածաշրջանում երկիրը ամենաթույլն ու ամենաանպաշտպանն է, բայց գիտի՝ դեռ կարող է հրապարակում ամբոխ հավաքել։ Իր ձեռքի ցանկացած շարժում, իր ցանկացած բացականչություն այդ ամբոխը կրկնելու ու բազմապատկելու է։ Այս պարագան որոշիչ է։

Ով ինչ կուզի՝ թող ասի, որքան ակնհայտ կուզի՝ թող լինի պարտությունը, ինքը ոչ մի դեպքում իրեն մեղավոր չի համարելու ու ոչ մի դեպքում չի ընդունելու իր պարտությունը։

Վարդան Հարությունյան