Դավիթ Բեկ գյուղի բնակչությունը 1831-1931թթ և խորհրդային տարիներին. Կապանի շրջան

2065

Դավիթ Բեկը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, մաս է կազմում խոշորացված Կապան համայնքի:

Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Դավիթ Բեկը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանի Որոտան՝ Ղուբաթլու քաղաքին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Դավիթ Բեկը դարձել է սահմանակից Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանին:

Դավիթ Բեկը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1.100 մետր բարձրության, Կապան քաղաքից 25 հեռավորության վրա:

Նախկինում կրել է Զեյվա անունը: Զեյվայից Դավիթ Բեկ է վերանվանվել 1949 թվականի հունիսի 29-ին:

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում դրված տեղեկատվության համաձայն՝ Զեյվան հիմնադրվել է 18-րդ դարում՝ Դավիթ Բեկ զորավարի ցուցումով՝ Արցախից տեղափոխված մի քանի ընտանիքների կողմից: 19-րդ դարում այստեղ են տեղափոխվել շրջակա Տախ, Ենկիճա, Փակահան, Ակն, Խաթուն, Բաղ գյուղերի բնակիչները։

ՀՀ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը գրում է, որ Զեյվայում է ծնվել հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը:

Դավիթ Բեկի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 81 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 427 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 592 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 671 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 664-ը՝ հայ, 7-ը՝ իսլամ,

1904 թվական – 757 հոգի, բոլորը՝ հայ, 

1914 թվական – 758 հոգի, բոլորը՝ հայ,

1919 թվական – 1268 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 714 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 761 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 758-ը՝ հայ, 3-ը՝ քյուրդ,

1931 թվական – 913 հոգի, բոլորը՝ հայ:

Զավեն Կորկոտյանի ցուցակում Զեյվա գյուղի հետ նշվում է նաև Զեյվա գյուղակ բնակավայրը և մարդահամարի տվյալներ երկու տարիների համար.

1926 թվական – 14 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք,

1931 թվական – 49 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Դավիթ Բեկն ունեցել է.

1939 թվական – 859 հոգի,

1959 թվական – 815 հոգի,

1970 թվական – 931 հոգի,

1979 թվական – 800 հոգի:

Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Դավիթ Բեկն ունի 747 բնակչություն:

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/02/10/kapan-region-1831-villages-list-korkotian/

Դավիթ Բեկը ամուր կանգնած է

Դավիթ Բեկ՝ Արամ Մանուկյանի ծննդավայրը. ՍիվիլՆեթ