Ինչու չկա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային մեծ պահանջ

1917

Ինչո՞ւ չկա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային մեծ պահանջ: Հայաստանը պարտվել է պատերազմում, տվել մինչև 5 հազար զոհ ու մինչև 10 հազար վիրավոր, կորցրել ավելի քան 8 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Այսպիսի աղետ Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին պատուհասել է 1920-ին, երբ Հայաստանի Հանրապետությունը թուրք քեմալականների հարվածների տակ կորցրեց Կարսը, հայկական այլ հողեր՝ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր, իսկ նույն տարվա նոյեմբեր-դեկտեմբերին բոլշևիկացվեց:

Հայաստանը 1991 թվականի անկախությունից ի վեր երբեք այսքան անպաշտպան ու խոցելի չի եղել: Ադրբեջանցիները 5-6 հոգանոց խմբով կարող ենք երևալ Հայաստան-Ադրբեջան սահմանապռնկին Սյունքի հատվածում, և նրանց՝ հայ ժողովրդի հանդեպ սադրիչ և արժանապատվությունը խոցող քայլերը կանխում են բացառապես ռուս խաղաղապահները:

Չնայած վերոնշյալին և ապագայի հանդեպ առկա անորոշություններին ու ընդհանուր անպաշտպան զգացողությանը, Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրաժարականի համար հանրային պահանջ չի հասունանում:

Պատճառները մի քանիսն են:

Առաջին. 2018-ի ապրիլյան հեղափոխությունը հայկական հանրությունից հանել է բողոքի ու ցասման գրեթե ամբողջ էներգիան, որ կուտակվել էր 1995 թվականի ընտրություններից հետո: Հասարակությունները ի վիճակի չեն ամեն տարի կամ երկու երեք տարին մեկ կուտակել բողոքի լիցքեր և դուրս գալ փողոց՝ ընդդեմ իշխանությունների՝ անկախ վերջիններիս ժողովրդայնության կամ դրա պակասի: Պետք է կուտակվի բավարար չափով բացասական լիցք:

Հայաստանում մի քանի անգամ եղել են ընդվզման գործողություններ և դրանք ունեցել են որոշակի պարբերականություն և պայմանավորված են եղել տեղ գտած ընտրակեղծարարությամբ, անարդարություններով, սոցիալական ծանր վիճակով: Հայաստանի ժողովուրդը տասնյակ հազարներով փողոց է իջել 1996-ին, 2003-ին, 2008-ին, 2013-ին և 2018-ին: Դրանք ունեցել են առնվազն 5 տարվա ժամանակահատված և համընկել են նախագահական ընտրություններում տեղ գտած ընտրակեղծարարություններին և դրան նախորդած ու հաջորդած բռնություններին:

Այս ընդվզումներից միայն մեկն է ունեցել հեղափոխական արդյունք: Հայաստանի քաղաքացիների ավելի քան 70 տոկոսը մերժել է Սերժ Սարգսյանին ու նրա վարչակարգը, իր ձեռքով ընտրել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին:

2018-ի ապրիլին Հայաստանի ժողովուրդը գրեթե ամբողջությամբ պարպեց իր ներքին զայրույթն ու ընդվզումը: Անկասկած, Նիկոլ Փաշինյանն ու թիմը, մեղմ ասած, չեն արդարացրել սպասելիքները, մյուս կողմից սակայն, հանրության մեջ դեռևս չի կուտակվել բավարար չափով էներգիա հերթական անգամ փողոց իջնելու համար:

Երկրորդ, Արցախում մեր պարտությունը այնպիսի շոկ է ու ողբերգություն, որ շատերը ուղղակի չեն կարողանում ուշքի գալ հոգեկան ու հոգեբանական հարվածներից: Մարդիկ չունեն ապագայի ծրագրեր: Համազգային ողբերգության ժամանակ դժվար է պատկերացնել լեփ-լեցուն փողոցներ: Ողբերգության ծավալն ու խորքն այնպիսինն է, որ մտել է հարյուր հազարավոր հայ ընտանիքներ:

Երրորդ. 2018-ի ապրիլին հայ հանրությունը մերժել է հենց այն ուժերին, որոնք 2020-ի դեկտեմբերին փորձեցին դուրս գալ փողոց և կարողացան միայն մի քանի հազարներով դուրս գալ:  Քաղաքականության մեջ հիշողության գործոնը կարող է առաջնային չլինել, բայց նման կարճ ժամանակահատվածը՝ երկուսուկես տարին բավարար է, որպեսզի մարդիկ հիշեն, թե ով ով էր 2018-ի մարտին: Շատերը դուրս չեն գալիս փողոց ոչ թե այն պատճառով, որ շարունակում են համակրել Նիկոլ Փաշինյանին (թեև քիչ չեն նաև վարչապետին աջակցողները), այլ որովհետև նրանք փողոցում տեսնում են մարդկանց, ում մերժել են ընդամենը երկուսուկես տարի առաջ:

Այսօր դեռևս չի ձևավորվել երրորդ ուժը, որ կարող է հույս ներշնչել այն մարդկանց մոտ, որոնք հիասթափվել են Նիկոլ Փաշինյանից ու նրա թիմից, բայց չեն ուզում լսել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ու նրանց քաղաքական թիմերի անունները: Նման ուժ ձևավորվելու դեպքում հնարավոր են զարգացումներ, որոնք կարող ենք ներքաղաքական կյանքում բերել փոփոխություններ և ստիպել իշխանություններին՝ հրաժարական տալ կամ կազմակերպել նոր ընտրություններ:

Կա նաև չորրորդ գործոնը՝ Ռուսաստանը: Դեկտեմբերյան փողոցային ցույցերը հավանության չարժանացան Մոսկվայում: Ռուսաստանը կարևոր պայմանավորվածություններ է ձեռք բերել Ադրբեջանի և Հայաստանի հետ, հիմնականում դա տեղի է ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հաշվին, գործընթացները դեռ չեն ավարտվել, հետևաբար՝ Մոսկվայի համար այս պահին նախընտրելի է գործ ունենալ հենց Նիկոլ Փաշինյանի հետ:

Թաթուլ Հակոբյան