Բագարան. Սաադլուի շրջանը Երևանի խանության օրոք

7011

Երևանի խանության օրոք Սաադլուի մահալը, որը տարածվում էր այսօրվա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի ձախ աջի մերձակա հողերի վրա (Երվանդաշատ, Բագարան և մերձակա բնակավայրեր), ուներ ընդամենը 9 բնակավայր 1.004 ընդհանուր բնակչությամբ:

Երվանդաշատը և Բագարանը եղել են պատմական Հայաստանի մայրաքաղաքներ: Բագրատունիների առաջին մայրաքաղաքը եղել է Բագարանը:

Երևանի խանության 15 մահալներից միակը, որը բնակեցված էր բացառապես մահմեդականներով, Սաադլուի մահալն էր: Մահալի կենտրոնը Խեյիր-Բեգլու, այսօր՝ Բագարան, գյուղն էր, որը 1832-ին ուներ 301 բնակիչ: Մահմեդականներ էին պարսիկները, քրդերը, կովկասյան թաթարները (ադրբեջանցիներ) և թյուրքալեզու տարբեր ցեղեր:

Համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, Սաադլուի 9 գյուղերն էին՝ Սոհաթլի, Հոսեյն-Քենդի, Ջիրուխլի, Էլիմջան, Հաջի-Բայրամլի, Ահրիսեֆաթ, Խեյիր-Բեգլու, Ասսար և Շահ-Վարիդ:

Ուշագրավ է, որ երբ 1828-ին ռուսները Երևանի խանության և Նախիջևանի խանության տարածքների վրա ստեղծեցին Հայկական մարզը, Սաադլուի շրջանում չբնակեցրին և ոչ մի հայի Պարսկաստանից կամ Օսմանյան կայսրության շրջաններից:

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին: Խանության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Երևանի խանությունը բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից 8-րդը Սաադլուի մահալն (շրջան) էր: (Առաջինի՝ Քառասուն Աղբյուր (Քըրխ բուլաղ) մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/10/kanaker-1832/, երկրորդի՝ Զանգի-Բասարի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/18/zangi-basar-1828-population/, երրորդի՝ Գառնի-Բասարի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/22/garni-basar-mahal-1832/, չորրորդի՝ Վեդի Բասարի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/25/vedi-basar-1832/,  հինգերորդի՝ Շարուրի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/09/sharur-nakhijevan-1921/, վեցերորդի՝ Սուրմալուի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/08/arart-igdir-surmalu-khanate-of-yerevan/, յոթերորդի՝ Կողբի (Դարաքենդ-Փարչենիս) մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/26/koghb-arax-1832/, իններորդի՝ Թալինի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/27/talin-mahal-mastara-1832/, տասնմեկերորդի՝ Սարդարապատի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/20/sardarapat-mahal-1828/):

Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:

Լուսանկարում՝ Արաքսը Բագարանի հատվածում