Նիկոլ Փաշինյանը փակում է արժանապատիվ նահանջի ճանապարհները

726

Արցախում թույլ տված սխալները Նիկոլ Փաշինյանը կրկնում է նաև ներքաղաքական դաշտում:

Նախքան պատերազմը Հայաստանի վարչապետը երկուսուկես տարի ժամանակ ուներ Ադրբեջանի նախագահի հետ խորքային և առարկայական բանակցություններ վարելու և արժանապատիվ փոխզիջումներով խաղաղություն բերելու համար: Դա թույլ էին տալիս նրա ժողովրդայնությունն ու խորհրդարանում ստացած քվեն: Փոխզիջումների քայլը աջակցության էին արժանանալու միջազգային հարթակում և առաջին հերթին Ռուսաստանում: 2015-ից Մոսկվան հասկացնել է տալիս՝ ստատուս-քվոն այլևս հանդուրժելի չէ:

Փաշինյանը, սակայն, շարունակեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, այն է՝ ձգել և լուծումը թողնել ավելի հարմար ժամանակների կամ չլուծել ընդհանրապես:

Ի տարբերություն Քոչարյանի և Սարգսյանի, որոնք ունեին տանելի հարաբերություններ Իլհամ Ալիևի հետ (երկրորդ նախագահը իր կենսագրական հատորում շատ դրական է արտահայտվում ինչպես հայր, այնպես էլ որդի Ալիևի հասցեին), ինչը չափազանց կարևոր է ոչ միայն կարգավորման, այլ պատերազմը զսպելու հարցում, Փաշինյանը կարճ ժամանակում փչացրեց հարաբերությունները, իսկ 2020-ի հուլիսյան դեպքերից հետո փորձեց ստորացնել և նվաստացնել Ադրբեջանի նախագահին:

44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը առնվազն երկու անգամ մերժեց ռուսական վատ, ապա ավելի վատ առաջարկները, իսկ նոյեմբերի 9-ին ստիպված եղավ ստորագրել ստորացուցիչ հայտարարության տակ: Այդպես է դիվանագիտությունը. մերժում ես այսօրվա վատ, անընդունելի առաջարկը, վաղը խնդրում ես երեկվա անընդունելին, բայց արդեն ուշ է ու դա էլ չես ստանում:

Հայաստանը պարտության ու աղետի տարած վարչապետը, թվում է, պետք է հեռանար, քանի որ պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել Հայաստանը, եթե անգամ շարունակում է վայելել ժողովրդի մի հատվածի աջակցությունը, խորհրդարանում ունենալ բացարձակ մեծամասնություն:

Հեռանալու ճանապարհը շատ պարզ էր: Հրաժարական ես տալիս, խորհրդարանական մեծամասնությունն ընտրում է նոր վարչապետ իշխող թիմից, ձևավորվում է ժամանակավոր նոր կառավարություն, նշվում են խորհրդարանական նոր ընտրությունների ժամկետներ: Փողոց դուրս եկածները և քաղաքական մյուս ուժերը պատրաստվում են նոր ընտրությունների, որով և քաղաքական լարվածությունը նահանջում է:

Փաշինյանը, սակայն, որոշեց, որ ինքը ժողովրդի քվեն ունի և իրավունք չունի հեռանալ:

Կար նաև երկրորդ ճանապարհ. ժամանակավոր կառավարությունը ղեկավարում է հանրության մեջ վստահություն վայելող գործիչ, որը ձևավորում է տեխնոկրատների ժամանակավոր կառավարություն:

Այս տարբերակը ևս անընդունելի եղավ Փաշինյանի և իշխող թիմի համար:

Փաշինյանն ու թիմը հապաղում են, մինչդեռ ժամանակը կանգ չի առնում և ամեն անցնող օրվա հետ նրանք կորցնում են իրենց աջակիցներին ու փակում արժանապատիվ նահանջի ճանապարհները:

Անկասկած, Փաշինյանը այսօր էլ շարունակում է վայելել ժողովրդի մի հատվածի վստահությունն ու աջակցությունը: Սակայն փոխվել է ներքաղաքական միջավայրը, որտեղ Փաշինյանի վարկանիշը առաջնային գործոն չէ այլևս:

Ժողովրդի քվեն ստացած Զվիադ Գամսախուրդիան ամենաբարձր վարկանիշն ուներ Վրաստանում, սակայն մեկ տարի անց հրաժարական տվեց և ստիպված եղավ ժամանակավոր ապաստան գտնել Իջևանում:

Ժողովրդի քվեն ստացած Աբուլֆազ Էլչիբեյը շարունակում էր վայելել Ադրբեջանի հանրության մեծ հատվածի վստահությունը, սակայն մեկ տարի անց հրաժարական տվեց և հեռացավ ծննդավայր՝ Նախիջևանի Քելեքի գյուղ:

Հայաստանում նույնպես կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքացիների 70 տոկոս քվեն ստացած և դրա մի մասը վայելող Փաշինյանը իր գործողություններով Հայաստանը տանի փակուղի՝ տեղ չթողնելով իր իսկ նահանջի համար:

Եռօրյա սուգի ընթացքում տեղի ունեցած երկու տհաճ իրադարձություններ ցույց են տվել, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին:

Եռաբլուրում նա մի կերպ կարողացավ հաղթահարել պատնեշը, իսկ Սյունքիում ի վիճակի չեղավ իրականություն դարձնել նախապես հայտարարված այցը Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներ:

Փաշինյանը իր անզիջում կեցվածքով ոչ միայն փակում է իր հեռանալու խաղաղ ճանապարհը, այլ ճանապարհ բացում հնարավոր հեղաշրջման և ոչ սահմանադրական ճանապարհով իշխանափոխության համար, ինչին ձգտում են նաև փողոց դուրս եկած ուժերը:

Հեղաշրջումը և քաղաքացիական պատերազմը ևս մեկ ծանր հարված կլինեն Հայաստանի Հանրապետությանը:

Թաթուլ Հակոբյան

Սիվիլնեթ