Տեր-Պետրոսյանը մասնակցում է Օզալի թաղմանը, զրուցում Էլչիբեյի հետ. 1993-ի ապրիլ

1874

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից

1993թ. ապրիլի 20-ին նախագահ Օզալի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Անկարայում գտնվող հայկական պատվիրակությանը` նախագահ Տեր-Պետրոսյանին, արտգործնախարար Փափազյանին և նախագահի խորհրդական Լիպարիտյանին, ընդունում է վարչապետ Դեմիրելը: Շատ բովանդակային և հետաքրքիր զրույց էր, պատմում են Փափազյանն ու Լիպարիտյանը: ՙԴեմիրելը գզրոցից մի քարտեզ հանեց և թուրքերենով ասաց` սա Հայաստանն է, հայկական հող է, հարց չունենք` մեր հարևանն է, սա Ղարաբաղն է, հայկական հող չէ, բայց այնտեղ հայեր են ապրում, մտահոգություններ ունեք, վերցրեցիք Ղարաբաղը, դա էլ հասկացանք, սա Լաչինն է, սա ձեր հողը չէ, ոչ էլ հայեր էին ապրում, վերցրեցիք, ասացիք անվտանգության համար է, դա էլ հասկացանք: Քելբաջարի հետ ի՞նչ գործ ունեք: Քելբաջարը որ գրավեցինք, այդ մարդիկ (թուրքերը) ասացին, չէ’, մեր եղբայրներին ծեծում եք՚,- հիշում է Լիպարիտյանը:

Այսպես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Անկարան կապեց և առ այսօր կապում է ԼՂ հարցի հետ: Նախքան Քելբաջարը Թուրքիան արդեն իսկ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ, սակայն ձեռնպահ էր մնում հայ-թուրքական սահմանը շրջափակելու թշնամական գործողությունից: Հայ դիվանագետները, ովքեր բանակցել են թուրքերի հետ, դժվարանում են պնդել, որ Թուրքիան Հայաստանի հետ կհաստատեր դիվանագիտական հարաբերություններ, եթե հայկական ուժերի ռազմական հաջողությունները սահմանափակվեին Լաչինով: Նրանցից ոմանք հակված են կարծելու, որ թուրքերի համար առաջնայինը Հայաստան-Թուրքիա այսօրվա սահմանների ամրագրումն է, այսինքն` Կարսի 1921թ. պայմանագրի վերահաստատումը, և երկրորդ` հայերի կողմից ցեղասպանության պնդումներից և միջազգայնորեն դրա ճանաչմանը հետամուտ լինելուց հրաժարումը:

Թուրքագետ, ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Ավագյանի խոսքերով` Անկարան Ցեղասպանության հարցին մոտենում է հետևյալ կերպ. ՙՀայերը բարձրացնում են ցեղասպանության ճանաչման հարցը, դրան կհետևի հատուցման պահանջը, ապա կհետևեն տարածքային պահանջները: Թուրքիայի համար ցեղասպանության հարցն ուղղակի նշանակում է վտանգ իր տարածքային ամբողջականությանը: Պատահական չէ, որ 1991 թ. Թուրքիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման հռչակագրում հատուկ հղում է արվում Կարսի պայմանագրին: Սա, ըստ էության, կոչ էր Հայաստանին` ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՚:

ՙԵրբ ղարաբաղյան խնդրին մոտենում ենք Թուրքիայի տեսակետից, ապա պիտի նշենք, որ թուրքական քաղաքական որոշ շրջանակներում տիրապետող է այն կարծիքը, թե ԼՂ հարցն անմիջականորեն կապված է Թուրքիայի տարածքային ամբողջականության հետ: Քելբաջարի դեպքերից հետո Թուրքիայի խորհրդարանը հրավիրեց արտակարգ նիստ` ՙՀայկական ագրեսիան` ընդդեմ Ղարաբաղի և Նախիջևանի՚ թեմայով: Այն ժամանակ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Էջևիթը այսպես ձևակերպեց իրադարձությունը. եթե այսօր հայերը վերցնում են Ղարաբաղը, վաղը կդրվեն Նախիջևանի, ապա` Կարսի, Արդահանի խնդիրները, և որպեսզի նման զարգացումից խուսափենք, անհրաժեշտ է հայերի առաջն առնել առաջին փուլում՚,- ասում է Ավագյանը:

1993թ. փետրվարի առաջին օրերին Հարվարդի համալսարանում մի ամերիկահայ նախագահ Օզալին ՙհարևանների կողմից Հայաստանի պարտադրված շրջափակման՚ հետ կապված հարց ուղղեց: Թուրքիայի նախագահը ընդգծեց, որ գլխավոր խնդիրը ՙՀայաստանի ու Ադրբեջանի միջև եղած ընդհարումն է, ոչ թե Թուրքիայի ու Հայաստանի՚:

ՙԹուրքիան նույնիսկ նկատի է առնում , որ Հայաստանի հետ լավ հարաբերությունները կնպաստեն, որ սփյուռքի հայերը Թուրքիայի դեմ չաշխատեն, սա է մեր նպատակը: Սակայն Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները երբեմն դժվարացնում են որոշ հարցերի լուծումը: Ինչո՞ւ: Մենք մոտ 4 միլիոն ադրբեջանցի քաղաքացիներ ունենք մեր երկրում, նրանք մեծ կշիռ ունեն Թուրքիայում: Երկրորդ, հակառակ հայ-ադրբեջանական կնճիռներին, մենք Հայաստանին տվել ենք 50 հազար տոննա ցորեն: Դա ադրբեջանցիների կողմից լավ չընդունվեց, մեզ ասում էին` ինչո՞ւ եք մեր թշնամիներին օգնում: Մենք որոշել ենք, իմ առաջարկով, Հայաստանին էլեկտրաէներգիա տալ, որովհետև նա մեր անմիջական հարևանն է: Նորից Թուրքիայում խլրտումներ եղան, ինչո՞ւ եք այդպիսի բան անում, դա մեզ համար վնասակար է: Սակայն ես վստահ եմ և հավատում եմ, որ առաջին բանը, որ պետք է լուծել, Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրն է՚,- ասել է Օզալը:

Հայաստան-Թուրքիա արձանագրության նախագծի և Երևան-Անկարա հարաբերությունների շուրջ բանակցությունները շարունակվեցին մինչև 1993թ. գարուն: Հունվարի 31-ին վարչապետ Դեմիրելը փոխվարչապետ Ինոնյուի և արտգործնախարար Չեթինի ներկայությամբ ընդունեց Լիպարիտյանին ու Շահնազարյանին: Քննարկվում են Թուրքիայից հացահատիկի մատակարարումը շարունակելու, Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցեր: Հայ ներկայացուցիչների այցը հաջորդել էր Տեր-Պետրոսյանի և Դեմիրելի միջև հեռախոսազրույցին, որի ընթացքում Հայաստանի ղեկավարը դիմել էր մարդասիրական օգնություն ցույց տալու խնդրանքով:

Հայ բանագնացների հետ հանդիպման ընթացքում Դեմիրելը հավաստիացրեց, որ Թուրքիան կվերսկսի եղանակային պայմանների պատճառով մոտ մեկ ամիս դադարեցված ցորենի մատակարարումը և չնայած Ադրբեջանի բուռն դժգոհությանը, իր երկիրը կթույլատրի 100 հազար տոննա ցորենի փոխադրումը Հայաստան:

ՙԱյս ընթացքում պատերազմը Լեռնային Ղարաբաղում շարունակվում էր, կար իրական վտանգ, որ Թուրքիան կարող է մասնակցություն ունենալ ռազմական առումով, այսինքն` կար վտանգ, որ Ադրբեջանին ռազմական օգնությունից զատ, Թուրքիան ռազմական գործողությունների մեջ կներքաշվի՚,- ասում է Դավիթ Շահնազարյանը:

Լիպարիտյանի խոսքերով` երկկողմ հարաբերությունների հարցը Թուրքիան կապում էր ԼՂ-ում զինադադարի հետ: Թուրքերի համար կարևոր էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կայուն վիճակում լինեն: Երբ չկա կայունության, ռազմական գործողությունները միշտ կարող են արգելք լինել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: ՙՎարչապետ Դեմիրելը խնդրեց, որ մեր հարաբերություններն այս ձևով շարունակենք: Եթե ինչ-որ հարց կա, տեղեկացվի առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հաշվի առնելու: Մեր վերջին հանդիպման ընթացքում նշվեց, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության տեքստը շատ մոտ է համաձայնեցված լինելուն, շատ քիչ տարբերություն է մնացել: Նրանց կարծիքով, ավելի վատ կլինի, եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո ռազմական գործողությունների հետևանքով ստիպված լինեն խզել կապերը: Ասացին, որ եթե զինադադար լինի, հաջորդ օրն իսկ կհաստատեն հարաբերություններ՚:

Մարտի 8-ին Չեթինը հեռախոսազրույց ունեցավ Տեր-Պետրոսյանի հետ: Մինչ այդ` մարտի 6-ին, Բաքվում Չեթինը հանդիպել էր նախագահ Էլչիբեյի հետ: Ավելի վաղ` մարտի 1-ին, Մոսկվայում իր թուրք գործընկերոջն ընդունել էր Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը: Չեթինը զրույցի ընթացքում առաջարկել է Բոսնիայի և Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հարցում Անկարայի և Մոսկվայի միջև համագործակցության ձև գտնել: Կոզիրևը համաձայնություն էր տվել Չեթինի առաջարկին` միասին այցելել Բաքու և Երևան:

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: