«Մահվան հովիտ» և «Արցախյան օրագիր». 23 մարտ, Արթբրիջ, 19.00-21.00-ն՝ Թաթուլ Հակոբյանի հետ

3561

Արթբրիջ սրճարան-գրախանութը և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում են, որ մարտի 23-ին, երեքշաբթի, երեկոյան ժամը 19.00-ից մինչև 21.00-ը, տեղի կունենա լրագրող Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ» և «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» (հայերեն 4-րդ հրատարակություն) հատորների շնորհանդեսը:

Հանդիպման հասցեն՝ Արթբրիջ սրճարան-գրախանութ, Աբովյան, 20, Երևան:

Շնորհանդեսի ընթացքում, որը կուղեկցվի գինու հյուրասիրությամբ, Հակոբյանը կներկայացնի հատորները, անդրադարձ կկատարի 44-օրյա աղետին ու Արցախյան հակամարտության կարևորագույն թվականներին ու դեպքերին, կպատասխանի գրասերների հարցերին:

2008-ի ամռանը առաջին անգամ լույս տեսած «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքի 4-րդ հայերեն հրատարակությունն է սա: Նախորդ՝ 3-րդ հրատարակությանը ավելացվել է երեք նոր գլուխ, որոնք ընդգրկում են 2011-ից 2020 ժամանակաշրջանը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը:

«Մահվան հովիտ. 44-օրյա աղետ» հատորը հեղինակի օրագրությունն է 2020-ի 44-օրյա պատերազմի մասին՝ ռեպորտաժի ժանրով, ինչպես նաև 2016-ից մինչև այսօր լրագրողի հրապարակումները արցախյան հակամարտության մասին:

Շնորհանդեսի օրը հեղինակի գրքերը հնարավոր կլինի ձեռք բերել՝

«Արցախյան օրագիր. Կանաչ ու սև»՝ 6.000 դրամ,

«Մահվան հովիտ. 44-օրյա աղետ»՝ 5.000 դրամ:

Շնորհանդեսի օրը դուք հնարավորություն կունենաք ձեռք բերել նաև հեղինակի և ԱՆԻ կենտրոնի մյուս՝ մոտ 15 հատորները՝ հայերեն, արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն և արաբերեն:

Սիրելի գրասեր բարեկամ,

քանի որ Արթբրիջում հնարավոր է տեղավորել սահմանափակ քանակությամբ մարդիկ, խիստ ցանկալի է, որպեսզի դուք ձեր ներկայության մասին գրեք այսօրվանից հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ aniarcf@gmail.com կամ զանգահարել Արթբրիջ սրճարան-գրախանութ՝ 374-10-581284 , +374-10-521239:

—–

Ներկայացնում ենք «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» գրքի հայերեն 4-րդ հրատարակության առաջաբանը և մի կտոր «Մահվան հովիտ. 44-օրյա աղետ» հատորից:

«Արցախյան օրագիր. Կանաչ ու սև»

Երկու խոսք` չորրորդ հրատարակության առիթով

Իմ այս հատորը, որի վրա աշխատել եմ երկար, երկար տարիներ, հայերենով հրատարակվում է չորրորդ անգամ: 2008-ին, երբ լույս տեղավ ՚Կանաչ ու սև. Արցախյան օրագիրՙ գրքի հայերեն առաջին հրատարակությունը, ես չէի մտածում, որ այն թարգմանվելու է մի քանի լեզուներով, ունենալու է յոթ հազար սպառում և լինելու է պահանջված Հայաստանում և մեր երկրի սահմաններից դուրս:

Արևելահայերենի կողքին, կարճ ժամանակում, գիրքն ունեցավ ռուսերեն, անգլերեն, արևմտահայերեն/մեսրոպյան ուղղագրությամբ, թուրքերեն և արաբերեն թարգմանություններ, ընդհանուր` 7 հրատարակություն:

Սա գրքի հայերեն չորրորդ և բոլոր լեզուներով ութերորդ հրատարակությունն է:
Հայերեն վերջին` 2011-ի հրատարակության հետ համեմատ, երեք նոր գլուխ ենք ավելացրել, որոնք ընդգրկում են 2010-ից մինչև 2020-ը` 44-օրյա պատերազմը ներառյալ:

Նախորդ բոլոր հրատարակությունների հետ համեմատ, ճշգրտումներ և հավելումներ ենք կատարել, ավելացրել փաստեր և իրադարձություններ, որոնք մեզ հայտնի են դարձել 2010-ից հետո: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ գրել են հուշերի հատորներ, որոնք ևս օգտակար են եղել: Նոր հարցազրույցներով, արխիվային նոր նյութերով հարստացրել ենք մի քանի գլուխներ:

Այս հատորից հավելվածների բաժինը դուրս ենք թողել, քանի որ Արցախի պատմության և հակամարտության մասին փաստաթղթերը մի քանի լեզուներով տեղ են գտել գրքի նախորդ հրատարակություններում և նաև հասանելի են համացանցում:

Գրքի ենթավերնագրերից մեկը` ՚ոչ պատերազմ, ոչ խաղաղությունՙ, հանել ենք և դրել նորը՝ ՚2020-ի հայկական աղետըՙ: Հանել ենք նաև վերջին գլուխը` ՚Անավարտ վերջաբան. Կանաչ ու սևՙ, փոխարենը համառոտ շարադրել 2020-ի 44-օրյա պատերազմը:

Հայկական կողմի համար դա ողբերգական ու աղետալի հետևանքներ ունեցավ:

Հայաստանն ու Արցախը տվեցին հազարավոր զոհեր ու վիրավորներ, կորցրեցին մի քանի շրջաններ, այդ թվում` Հադրութն ու բերդաքաղաք Շուշին:

44-օրյա պատերազմը ներկայացրել ենք հակիրճ, քանի որ դեպքերը շատ թարմ են և ժամանակ ու պրպտուն աշխատանք է պետք ամբողջովին հասկանալու, թե ինչու և ինչպես հնարավոր եղավ մի քանի շաբաթում կորցնել այն, ինչ ձեռք էինք բերել մի քանի տարիների ընթացքում և պահել ավելի քան 25 տարի, ինչու և ինչպես ընկավ անառիկ համարվող Շուշին և բազում այլ հարցեր: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմը առանձին ուսումնասիրության, առանձին հատորի նյութ է:

՚Կանաչ ու սև. Արցախյան օրագիրՙ հատորը, ենթադրում եմ, հայերեն չորրորդ հրատարակությամբ չի ավարտվի և ապագա տարիներին ու տասնամյակներին կունենա նոր հրատարակություններ ինչպես հայերեն, այնպես էլ` այլ լեզուներով:
Սրտի ցավով, այս հատորը նվիրում եմ 18-20 տարեկան տղաների հիշատակին, որոնք կանգնեցին դիրքում մինչև վերջ և ընկան:

«Մահվան հովիտ. 44-օրյա աղետ»

Վաղ առավոտյան ինձ ֆեյսբուքով գրեցին, որ իրենց տղան վիրավոր է Շուշիի տակ։ Խնդրեցին, որ մի բան անեմ։ Բայց ես ի՞նչ կարող եմ անել։ Գրեցի Արցախի նախագահի խոսնակին, ապա նրա հեռախոսահամարը տրամադրեցի ընտանիքին, որոնց տղան վիրավոր մնացել է Շուշիի տակ:

Ստեփանակերտում վաղ առավոտյան տեղատարափ անձրև է։ Գիշերել ենք մի ներքնահարկում, որը հենց դիահերձարանի մոտ է։ Ուազ մեքենայից իջեցնում են անշնչացած զինվորականի մարմին։ Անձրևի տակ կանգնած նայում եմ․․․

Քարվաճառի կողմերը ամենայն արագությամբ ապամոնտաժում են Հէկ-երը։ Տեխնիկա են բերել, ավտոմեքենաներ, բանվորներ: Մարդիկ իրենց 18-ամյա տղաներին են տվել այս պատերազմին, իսկ սրանք հարստությունն են փրկում: Տեսնում եմ այս այլանդակ պատկերը՝ հէկ, սև սյուներ, էլեկտրալարեր, իսկ ականջներիս մեջ Շուշիի տակ մնացած վիրավոր տղայի/տղաների օգնության ձայնն է, աչքիս առաջ՝ հայրենիքի համար ընկած զինվորականի անշնչացած մարմինը։