Կողբը (Դարաքենդ-Փարչենիս) Երևանի խանության օրոք

39448

Երևանի խանության օրոք Կողբի (Դարաքենդ-Փարչենիս) մահալը, որը տարածվում էր այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի տարածքի հյուսիսային հատվածի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսին մերձակա հողերի վրա, ուներ 55 բնակավայր՝ բոլորն էլ բնակեցված մահմեդականներով, բացառությամբ մահալի կենտրոն Կողբի (այսօր՝ Թուզլուջա), որտեղ բնակվում էին բացառապես հայեր՝ 1.118 հոգի կամ 173 ընտանիք: Մեկ հայ ընտանիք կամ հինգ հոգի էր բնակվում Ակերակ գյուղում:

Ուշագրավ է, որ երբ 1828-ին ռուսները Երևանի խանության և Նախիջևանի խանության տարածքների վրա ստեղծեցին Հայկական մարզը, Կողբում չբնակեցրին և ոչ մի հայի Պարսկաստանից կամ Օսմանյան կայսրության շրջաններից:

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին: Խանության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Կողբի շրջանում բնակչության ընդհանուր թիվը, համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, կազմում էր 4.387 հոգի, որից հայեր՝ 1.123, մահմեդականներ՝ 3.264 մարդ: Մահմեդականներ էին պարսիկները, քրդերը, կովկասյան թաթարները (ադրբեջանցիներ) և թյուրքալեզու տարբեր ցեղեր:

Երևանի խանությունը բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից 7-րդը Կողբի (Դարաքենդ-Փարչենիս) մահալն (շրջան) էր:

Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:

Լուսանկարում՝ Կողբը (այսօր՝ Թուզլուջա)