Տեր-Պետրոսյանի խոսնակը հրապարակել է նախագահի գրությունը և քննադատել Փաշինյանին

1642

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի համատեղ հայտարարությունը, որով նրանք արձագանքել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին։

Մուսինյանը գրել է.

«Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար: Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, եւ նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաեւ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը:

Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը.

«Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը. Լևոն Տեր-Պետրոսյան»:

Հիշեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից»։

Երեկ Մուսինյանը մեկ այլ գրառում էր արել.

«Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ.

Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»: