Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը Ֆեյսբուքում. 29 նոյեմբեր, 2020թ
Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից:
Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով եւ Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց եւ պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:
Զանգահարեցի Արցախի նախագահին եւ ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց, համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին եւ տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են եւ այլն:
Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաեւ Հանրապետության նախագահը եւ Վեհափառ հայրապետը: Ընդդիմադիրները դժկամությամբ ընդունեցին լուրը, բայց ես այնպես տարա խոսակցությունը, որ չեմ պատրաստվում իրենց վրա որեւէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:
Հրապարակային որեւէ հայտարարություն անել չէի կարող, որովհետեւ եթե Ադրբեջանը առաջարկը մերժեր իմ հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ մեր դիմադրության ողջ համակարգի փլուզումը: Կրկին զանգահարեցի ՌԴ նախագահին, ասացի, որ համաձայն եմ: Ասաց, որ մինչեւ առավոտ կքննարկի Ալիեւի հետ եւ ետ կզանգի:
Հաջորդ օրը Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որեւէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաեւ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի անունից:
Բայց այս ամենը կարեւոր չէր, որովհետեւ, ես էի կայացրել որոշումը եւ պատրաստվում էի այն տանել մինչեւ վերջ:
Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիեւը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ եւ նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:
Նաեւ՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետեւ ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու՞ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:
Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի:
Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ: Այդ ժամանակ կորսված էին Ջեբրաիլը, Հադրութը եւ հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը: Մինչ այդ երկու անգամ մարդասիրական հրադադար էր հայտարարվել՝ մեկը հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Երկու միջնորդությունն էլ ձախողվել էր: