Նոյեմբերյանը վերականգնել է Արցախի Մարտունի քաղաքի էլեկտրականության ներքին ցանցը

2656

Նոյեմբերյան համայնքի ձևավորած 12 հոգանոց մասնագետների խումբը հինգ օրերի ընթացքում վերականգնել է Արցախի Մարտունի քաղաքի էլեկտրականության ներքին ցանցը:

Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան, Նոյեմբերյան համայնքի 12 մասնագետները ուղևորվել էին Արցախի Մարտունի քաղաք՝ վերականգնելու փողոցային լուսավորությունը, որը պատերազմի օրերին ամբողջովին վնասվել էր:

Կարճ ժամանակում համայնքը՝ քաղաքապետ Կարեն Աբազյանի ղեկավարությամբ, որոշում էր կայացրել օգնության ձեռք մեկնել Արցախի ավերված բնակավայրերից մեկին: Արցախի իշխանությունը անմիջապես արձագանքել էր կոչին:

Մասնագետների խումբը գլխավորում էր համայնքապետարանի աշխատակից Սեյրան Մամյանը:

Խումբը վերականգնել է Մարտունի քաղաքի էլեկտրականության ներքին ցանցը (քաղաքի բոլոր՝ 13 կայանները եղել են հոսանքազրկված), փողոցային լուսավորությունը, բարեկարգել է մշակույթի պալատը, վերանորոգել և տեղադրել է քաղաքի լուսակիրները, հնարավորինս աջակցել է տեղի՝ բարեկարգման և վերանորոգման աշխատանքներին։

Մոնթե Մելքոնյանի արձանին իր հին տեսքը հաղորդելուց և շրջակայքը մաքրելուց հետո, ծննդյան օրը, հարգանքի տուրք են մատուցել Արցախի հերոսի հիշատակին։

Աշխատանքային պարագաները, ինչպես նաև անհրաժեշտ նյութերի մեծ մասը խումբը ձեռք է բերել իր ջանքերով և Նոյեմբերյան համայնքի զարգացման և ներդրումների հիմնադրամին ուղղված միջոցներով։