Վարչապետ Նիկոլ Փաշինյանն նոյեմբերի 11-ին ֆեյսբուքյան հերթական ուղիղ հեռարձակմամբ խոսեց Շուշիի անկման շուրջ քննարկումների, դավադրության տեսությունների մասին։
«Իմ ամենամեծ մեղքը» վերնագրված լայվում նա մանրամասնեց․«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքը այդ հայտնի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար, հանձնել Ադրբեջանին։ Իրականում, շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին էր»։
«Որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել էր մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին և երբ, ըստ էության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում էին, և Արցախի քաղաքական ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը խոսեց այն մասին, թե ինչ կլիներ, եթե փաստաթուղթն այդ պահին չստորագրվեր։
«Իրականում այդ փաստոաթղթով տրվել է այն, ինչ, ըստ ռազմական գնահատականի, մենք չէինք կարողանա այդ իրավիճակում պահել։ Եվ, ըստ էության, մի իրավիճակում, երբ որ Ստեփանակերտը անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանականություն կար, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, մեր հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ։ Արդյունքում տեղի կունենար նաև ամբողջական կոլապս։ Հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այդ որոշումը։ Եվ, պատահական չթվա, որ այս օրերին առաջնագծից, արդեն տասնյակ դեպքեր կան, երբ զինվորները վիդեոուղերձներ են հղում, որ իրենք պաշտպանում են կայացված որոշումը։ Սա ինչի՞ց է․ սա նրանից է, որ նրանք տեսել են և հասկացել են իրավիճակը, ինչքան էլ այդ իրավիճակը դառը լինի»։
Վարչապետի խոսքով՝ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո, և ԶՈւ ԳՇ-ի և Արցախի նախագահի գնահատականը այն էր, որ Ստեփանակերտը շատ թույլ էր պաշտպանված կամ սիմվոլիկ էր պաշտպանված։ Եվ, եթե թույլ տային դրա գրավումը, կկորցնեինք նաև այն մնացած տարածքները, որ արձանագրված են փաստաթղթով։
Փաշինյանը անդրադարձավ նաև Շուշիի շուրջ դավադրությունների մասին խոսակցություններին․ «Շուշիի անկումից հետո երկու անգամ Շուշին ետ վերադարձվելու փորձեր են արվել․ մեկը ձախողվել է ամբողջությամբ, մյուսը՝ մի ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի։ Եվ Շուշիի շուրջ լրատվությունների ամբողջ հակասությունները կապվում էին հենց սրա հետ»։
«Ինձ ասացին, որ երեկ ԲԿՀ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել, թե իբր հոկտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում, բայց ես չեմ համաձայնել այդ ժամանակ, և համաձայնել եմ այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել։ Այսինքն էդպես է եղել պայմանավորվածությունը, որ Շուշին կլինի, հետո նոր ես կհամաձայնեմ խաղաղապահներին։ Սա իհարկե բացարձակ անհեթեթություն է,- ասաց Փաշինյանը և մանրամասնեց։- Սա ի՞նչ կոնկրետ փաստով է հերքվում․ հոկտեմբերի 22-ին ռուսական Ռիա նովոստիին տված հարցազրույցում ես ասել եմ, որ կողմ եմ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայմանը, նույնը կրկնել եմ հոկտեմբերի 25-ին։ Այսինքն, հոկտեմբերի 22-ին և 25-ին հրապարակային կողմ արտահայտվելով խաղաղապահների տեղակայմանը՝ որևէ կերպ չէի կարող 28-ին դեմ արտահայտվել դրան»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին Շուշիի պաշտպանության և անկման վերաբերյալ։
«Իսկ եթե դավադրության մասին ենք խոսում կամ պատճառների մասին ենք խոսում, եկեք արձանագրենք մի էսպիսի փաստ․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ որ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու և անձամբ է գլխավորելու այն։ Ու հետո մենք տեսանք ռեպորտաժ, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորների հետ, տեսանք Նիվաներ՝ կամուֆլյաժ ներկով ներկված, տեսանք Վիլիսներ, բայց այդպես էլ չտեսանք կամավորական ջոկատ, առավել ևս՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորւթյամբ Շուշիի մատույցներում կռվելիս։ Գուցե հենց սա էր պատճառը, որ Շուշին ընկավ։ Որովհետև այդ ջոկատը, որ ասում եմ, էդ խումբը, որը կռվում էր Շուշիի մոտակայքում և մի խումբն էլ, որ ներս էր թափանցել, գուցե եթե բավարար ռեզերվներ լինեին հնարավոր կլիներ Շուշին պահել։ Թերևս սխալված չեմ լինի ասել, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին»,- ասել է Փաշինյանը։