Եթե տանգո, ապա էլ ի՞նչ Համահայկական հռչակագիր

1675

Մինչ Հայաստանում (իշխանական շրջանակները) և Սփյուռքում (շատերը) շարունակում են գովաբանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը, որն ընդունվել է այս տարվա հունվարի վերջերին (Սերժ Սարգսյանը այն կարդացել է Ծիծեռնակաբերդի բարձունքում), Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե պաշտոնական Երևանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝  վավերացնելով ցյուրիխյան արձանագրությունները, և նրանից չունի տարածքային պահանջներ։

Ապրիլի 24-ի նախօրեին միջազգային մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում Սարգսյանը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ է կանչել խորհրդարանից՝ Թուրքիային «քաղաքական մեսիջ» հղելու նպատակով․ «Մեզ համար ցանկալի երևույթ է արձանագրությունների վավերացումը, բայց մեր մեղքը չէ, որ դրանք մնում են օդում կախված: Արձանագրությունների վավերացումը մի բան է, որ ցանկանում ենք, սակայն տանգո երկուսով են պարում, և դա միայն մեզնից չէ կախված»: Սարգսյանն ընդգծել է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կարող է վերսկսվել, երբ «Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ լինի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»:

Համահայկական հռչակագրում, անուղղակի տարածքային պահանջներ են ներկայացվում Թուրքիային. “Արժևորելով ․․․1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում․․․”։

Թուրքական «Հյուրիեթ» թեթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց է հրապարակել Սերժ Սարգսյանի հետ, որում վերջինս ասում է․ “Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնն, ի միջի այլոց, ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը և անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը”:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Համահայկական հռչակագրի ընդունումից հետո պաշտոնական Երևանը երրորդ կողմի օգնությամբ մարդ է գործուղել Անկարա՝ Թուրքիայի արտգործնախարարությանը վստահեցնելու, որ Համահայկական հռչակագիրը ընդունվել է Սփյուռքին գոհացում տալու նպատակով։

Թաթուլ Հակոբյան