Սեպտեմբերի 27-ի ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական պատերազմը հասել է Սյունիքի սահմաններ:
Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղը պատերազմական գործողությունների վայր է այն օրերից, երբ ադրբեջանական բանակին հաջողվեց գրավել Ղուբաթլու քաղաքը և շրջանի մի հատվածը:
«Գյուղը ամուր կանգնած է: Մեզ համար թուրքերի հետ կռվելը նորություն չէ: 1905-06 թվերին կռվել ենք, 1918-20-ին կռվել ենք, 1992-93-ին կռվել ենք»,- հեգնանքով ու մի քիչ էլ հումորով պատմում է Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը:
Սեպտեմբերի 27-ին և 1994 թվականից ի վեր Դավիթ Բեկից մինչև հակամարտության գոտի 100 կիլոմետրից ավելի էր: Այսօր ադրբեջանցիները փորձում են հաստատվել Ղուբաթլու քաղաքում և շրջանում: Դավիթ Բեկի սահմանից մինչև Ղուբաթլու քաղաքը 10 կիլոմետր էլ չկա:
Գյուղապետն ասում է, որ ադրբեջանցիները քաղաքացիական բնակչությանը, տներին, գույքին հարվածում են Սմերչ և այլ տեսակի զենքերով:
«Դավիթ Բեկում ունեցել ենք 2 զոհ, որոնցից մեկը գյուղացի է, մյուսը՝ կամավորական Սիսիանի շրջանից: Կան նաև վիրավորներ»,- ասում է վարչական ղեկավարը:
Դավիթ Բեկը խոշորացված Կապան համայնքի մաս է կազմում: Հենց պատերազմը հասավ Սյունիք, Կապանի շրջանի այն գյուղերը, որոնք սահմանակից չեն Ադրբեջանին, օգնության հասան:
Գյուղացիները՝ առաջին հերթին կանայք, երեխաներն ու ծերերը, իջնում են ներքնահարկեր, երբ սկսվում է հրետակոծությունը: Ադրբեջանը հարվածում է արդեն ՀՀ տարածքին: Հրետակոծության հետևանքով տասնյակ հեկտար անտառներ հրդեհվել և արդեն երեք օր ծխի մեջ են:
«Ո՞ւմ մտքով կանցներ, որ 30 տարի անց նորից պատերազմ կլինի»,- ասում է գյուղի 50 տարիների արդեն նախկին բուժքույր Ռուզաննա Մովսիսյանը:
Նա ասում է, որ պատերազմի հոտ առել էր, երբ ամռանը Նախիջևանում տեղի էին ունենում թուրք-ադրբեջանական զինավարժություններ:
Սյունիքը Նախիջևանի հետ ունի մի քանի հարյուր կիլոմետր սահման նախկին Մեղրիի, Կապանի, Գորիսի և Սիսիանի շրջաններում: Երբ ադրբեջանական ուժերը հոկտեմբերի կեսերից մասամբ գրավեցին Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները, Սյունիքը Ադրբեջանի հետ անմիջական սահման, այս դեպքում՝ ճակատ ունեցավ նաև արևելքում:
«Մենք այսօր կռվում ենք ադրբեջանցիների, թուրքերի և ահաբեկիչների դեմ: Հային երբեք չեք հաղթելու»,- ասում է նախկին բուժքույր Մովսիսյանը:
Գրիգոր Ջհանգիրյանի տունը մի քանի օր առաջ հերթական հրթիռակոծության ժամանակ վնասվել է: Պատմության ուսուցիչը ասում է, որ դա նորություն չէ, քանի որ 1992-93 թվականների կռիվներին ևս ադրբեջանցիները մի քանի անգամ հարվածել են իր տանը:
«Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ տարածքը, հրետակոծում է քաղաքացիական բնակչությանը, թիրախավորում տները, որոնք որևէ ռազմական նշանակություն չունեն»,- պատմում է Ջհանգիրյանը:
Դավիթբեկցի Վահագն Մովսիսյանին հանդիպեցինք նոր եկեղեցու բակում: Գյուղի ունի մի քանի հարյուր տարվա բազիլիկ եկեղեցի և նորակառույց:
«Տրամադրությունը գյուղում մարտական է և ռազմական, ինչպես 100 տարի առաջ, ինչպես 90-ականների արցախյան պատերազմի և 2016-ի Քառօրյայի օրերին: Դավիթբեկցիները միշտ ամուր են, թշնամին այս հողը չի տեսնի»,- դուրս գալով եկեղեցուց պատմում է Մովսիսյանը:
Դավիթբեկցիները հպարտությամբ հիշում են, որ իրենք Արամ Մանուկյանի հետնորդներն են, թեև վերջնականապես ապացուցված չէ, որ նա ծնվել է այս գյուղում: Ավելի հավանական է, որ ՀՀ հիմնադիրներից Արամ Մանուկյանը ծնվել է Շուշիում, երբ ընտանիքը նոր էր այն ժամանակ Զեյվա, այսօր՝ Դավիթ Բեկ գյուղից տեղափոխվել Արցախի բերադաքաղաք:
ՀՀ հիմնադրման 100-ամյակի օրերին գյուղում կանգնեցվեց Արամ Մանուկյանի արձանը:
Այս կողմերում կռվել է Նժդեհը: 1920 թվականի ձմռանը նա իր մի քանի հարյուր զինվորներով Հադրութին օգնության էր մեկնել Դավիթ Բեկի կողմերից: