Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային դիվանագիտության պահերից. ապրիլ 22, 2009թ

2842

Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարությունը

Հայաստանը և Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները և զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը ողջ տարածաշրջանում:

Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց և փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:

Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ԱՐՄԵՆՊՐԵՍ-ին, 27 ապրիլ, 2009թ.

Հարց. – Հայտարարությունը հրապարակվեց ապրիլի 22-ին` Մեծ Եղեռնի տարելիցի նախօրեին, ինչը նույնպես տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

Պատասխան. – Երբ որ ասում ենք առանց նախապայմանների ենք կարգավորում   հարաբերությունները, մենք նկատի ունենք որեւէ նախապայման չկա Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված և որեւէ նախապայման չկա ցեղասպանության ճանաչման հետ: Եվ հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ հարցականի տակ չի դնում ցեղասպանության իրողությունը, և դրա մասին բազմիցս ասել է հանրապետության նախագահը, արտաքին գործերի նախարարը: Գիտեք, ես հուսով եմ, որ երբ որ մենք բարելավենք, կարգավորենք մեր հարաբերությունները, ապա ոչ միայն մեր երկրի` Հայաստանի ղեկավարները կգան Ծիծեռնակաբերդ ծաղիկներ դնելու, այլև Հայաստանի ղեկավարներին կմիանան Թուրքիայի ղեկավարները: Ինչո՞ւ մենք չենք կարող անել այն, ինչ-որ արեցին Շառլ դը Գոլը և Ադենաուերը: Ես վստահ եմ, որ կգա այդպիսի օր, և այդ քայլը կանեն նաև Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները: Եւ ե՞րբ հարմար կլինի այդպիսի քայլ անել, եթե այդ օրվան մենք հասնենք, միգուցե, հենց ապրիլի՞ն: Դրա մեջ, կարծեմ, նաեւ ինչ-որ խորհրդանիշ կարող է լինել: Եվ ամսի 22-ին այդ հայտարարությունը անելու մեջ էլ, միգուցե, այդ խորհուրդ կա:

Հարց. – Այդուամենայնիվ, ինչո՞ւ ապրիլի 22-ի գիշերը:

Պատասխան – Նկատի ունեք` գիշե՞րը: Գիտեք, դիվանագիտության մեջ չկա ո՛չ ցերեկ, ո՛չ գիշեր, ո՛չ առավոտ, ո՛չ երեկո հասկացողությունները: Ընդհանրապես, բանակցություններն ունեն իրենց տրամաբանությունը, որոնք բերում են որոշ հանգրվանների, համապատասխան առաջընթացների, և որոնց մասին իրազեկվում է հանրությունը: Ես հիշում եմ` Ֆրանսիայում, երբ ճանաչվում էր ցեղասպանությունը, երբ Սենատում ընդունվում էր ցեղասպանության ճանաչման օրենքը, այդ քննարկումները գնում էին կեսգիշերին, և որոշումն ընդունվեց առավոտյան ժամը 4-ին: Եվ ոչ մեկը ոչ զարմացավ, ոչ էլ հարցրեց. ինչու՞ քննարկումները գիշերն էին, և առավոտյան ընդունվեց այդ որոշումը: