Այգեպարը՝ կարմիր տանիքներով

1165

Այգեպարը նոր գույն է ստանում: Հուլիսին՝ տավուշյան մարտերի ընթացքում, ադրբեջանական կողմից մի քանի տասնյակ տների տանիքներ շարքից դուրս էին բերվել:

Կիրակի օրը կարճ ժամանակով եղա Այգեպարում: Շինարարությունը եռում է: Մեկը մյուսի հետևից ադրբեջանական կրակից վնասված տանիքները վերանորոգվում են: Նախկին շիֆերին, որը գորշ ու տխուր տպավորություն էր թողնում, փոխարինում են կարմիր տանիքները:

Այգեպար. Ադրբեջանի սահմանին ամենամոտ գյուղը՝ եռօրյա կրակից հետո 

Այգեպարը կարմիր գույն է ստանում, և դա համաչափ երևում է վերևից, այդ թվում՝ ադրբեջանական դիրքերից: Սա լավ պատասխան է Ադրբեջանին:

Աշխատուժը ևս տեղից է և հարևան գյուղերից: Տանիքներից բացի՝ վերանորոգվում են, հետո ասֆալտապատվելու են գյուղի փողոցները: Ճանապարհների երկարությամբ ջրատարներ են կառուցվում:

Այգեպար․ պատերազմի հետ՝ 30 տարի|Aygepar: 30 Years of War

Այգեպարի գյուղի դպրոցը մասնակցելու է Բերդի տարածաշրջանի դպրոցականների ֆուտբոլի մրցաշարին, որը կայանալու է սեպտեմբերի 21-ի նախօրեին և կրելու է Անկախության գավաթ անունը:

Այգեպարը խաղալու է կարմիր գույնի մարզահագուստով:

Բերքաբերի հետ միասին Այգեպարը Ադրբեջանի հետ սահմանին գտնվող ամենամոտ գյուղերից է: Ադրբեջանական դիրքերից մինչև վերանորոգվող տանիքներ մի քանի հարյուր մետր է:

Բերքաբեր. կրակոցների տակ ապրող մարդիկ

Սահմանակից է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղին:

Տավուշ գետի ձախ ափին գտնվող գյուղը հիմնվել է 1930-ական թվականների վերջին՝ ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի բազայի վրա: Հետագա տասնամյակներում, երբ այստեղ կառուցվեցին գինու և պահածոների գործարանները, բնակչությունը սկսեց ավելանալ:

1959թ. սկսեց գործել օդանավակայանը, որտեղից թռիչքներ էին իրականացվում դեպի Երևան:

Գյուղի հարևանությամբ է գտնվում Տավուշի ջրամբարը, որը ոռոգում է Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ, Մովսեսգեղ և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հողատարածությունները:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի