Գևորգ Ե Վեհափառի կոչը ժողովրդին՝ 1920թ բոլշևիկների մայիսյան ապստամբության առիթով

2499

1920 թվականի մայիսին հայ բոլշևիկները, ոգևորված Ադրբեջանում ապրիլի 28-ին խորհրդային կարգերի հաստատման լուրից, ապստամբություն բարձրացրին և կարճ ժամանակով իշխանությունը վերցրին Ալեքսանդրապոլում, ինչպես նաև խռովություններ իրականացրին մի շարք քաղաքային բնակավայրերում, այդ թվում՝ Կարսում և Նոր Բայազետում:

Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հայտարարություններով անվերապահ աջակցեցին կառավարությանը և դատապարտեցին հայ բոլշևիկների քայլը՝ նրանց մեղադրելով պետական դավաճանության մեջ, երբ դրսի ուժերով, տվյալ դեպքում՝ ռուս բոլշևիկների ու թուրք քեմալականների, փորձ արվեց զավթել իշխանությունը:

Հայաստանի ժողովրդին կոչ ուղղեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը.

«Նոքա, որոնք վտանգ չեն տեսնում արևելքից և արևմուտքից, նոքա, որոնք չտեսնողս են ձևանում, որ մեր տան մեջ մեր դեմ դավեր են լարում՝ պայթեցնելու անկախ Հայաստանի գաղափարը, նոքա, որոնք չեն տեսնում հայաջինջ ծրագրերի քայլ առ քայլ և հետևողական իրագործումը, զգո՞ւմ են, թե ինչ պատասխանատվություն է ծանրանում նոցա հանդեպ պատմության առաջ: Այս րոպեիս, երբ ամենքիս պարտականությունն է համախմբվել ո՛չ միայն հայրենիքի պահպանության և վերաշինության գործի շուրջը, այլ, նամանավանդ, հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելու դժվարին աշխատանքի շուրջը. ցավալի է տեսնել ներքին երկպառակտությունները:

Մենք, ինչպես և մեր երջանկահիշատակ նախնիները, որ աշխատանք ենք թափել տաճկահայ դատի համար լավ օրերի հույսի ակնկալությամբ, չենք կարող անտարբեր մնալ այս նեղ րոպեներին, և երբ վտանգված են տեսնում հայրենիքի միության գործը, բայց, նամանավանդ, հայ ազգի ֆիզիկական գոյության ճգնաժամային գործը, իբր ընդհանրական հայրապետ, մեր սրբազան պարտքն ենք համարում այս ծանր, կասենք օրհասական րոպեներին հայրական խրատով դիմել բոլորին և զգաստության կոչ անել՝ հա՛յ ժողովուրդ, համախմբվի՛ր քո հայրենի հանրապետության պահպանության գործի շուրջը. դա է քո հայրենիքի փրկության միակ ճանապարհը: Վտանգը և խիստ ծանր վտանգը քո դռանն է, հայ ժողովուրդ, զգույշ եղիր և պատմության առաջ ծանր պատասխանատվության բեռի տակ մի՛ ընկնիր»:

Աղբյուրը՝ Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանարապետություն, Բ հրատարակություն, 1958թ, Բեյրութ, էջ 393-394