Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան մեկուսացման մեջ է․ Թաներ Աքչամի զրույցը ՍիվիլՆեթի հետ

685

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած՝ Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստի ժամանակ որոշվել էր, որ պետք է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի համար նոր կառույց ստեղծել։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամի հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստի ժամանակ հանձնարարել է «Հայոց ցեղասպանության պնդումներին պատասխանելու և ռազմավարություն մշակելու համար ստեղծել քաղաքացիական նոր անկախ մարմին»։ Այդ կապակցությամբ Ֆեյսբուքում ձեր բարձրացրած հարցը Ձեզ եմ ուղղում՝ ինչո՞ւ և ինչո՞ւ հիմա։

Կարծես թե, երկու պատճառ է նշմարվում։ Առաջին՝ չկա հատուկ պատճառ, գործ ունենք պետության ավանդական գործելաոճի հետ։ Բացի այդ, 2000-ականների սկզբին Ազգային անվտանգության խորհրդին կից ստեղծվել էր «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգող մարմինը» (ASİMKK)։ Կառավարման նախագահական համակարգի անցման հետ մեկտեղ այս կառույցը վերացվեց։ Այդպիսով, մնում էր երկու բան անել․ կամ ասել, որ նման կառույցի կարիք չկա, և փաստորեն հավանություն տալ ASİMKK-ի փակմանը կամ էլ փոխարենը փորձել ավելի լավ կառույց ստեղծել։ Նախընտրեցին երկրորդ տարբերակը։

Երկրորդ պատճառը և ըստ իս ամենակարևորը՝ 2023 թվականն է։ 2023-ը թե՛ Թուրքիայի հիմնադրման 100-ամյակն է, թե՛ ընտրությունների տարի է։ «Արդարություն ու զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցություններից բաղկացած կոալիցիան (ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիա) ինչ գնով էլ լինի՝ ձգտելու է հաղթել ընտրություններում։ Դրան տանող ճանապարհներից մեկն էլ 2023-ի ընտրություններին հանրապետության հիմնական խնդիրներն ընդգրկող «համակողմանի» ծրագրով հանդես գալն է։ Հայկական հարցը hանրապետության կարևոր խնդիրներից մեկն է․ ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիան փորձում է հարցի վերաբերյալ հանդես գալ համակողմանի ծրագրով և ցույց տալ, թե ընդդիմությունից ավելի լավն է։ Այդ պատճառով սխալ չի լինի այս նոր քայլը համարել «հայկական նախաձեռնություն»։
Կարևորը հետևյալ հարցն է․ ընդդիմությունը չի կարողանալու որևէ բան ասել այս «նախաձեռնության» դեմ, որովհետև կառավարությունն այն ներկայացնելու է որպես համազգային գործ, ինչի հետևանքով ընդդիմությունը հակադրվելու փոխարեն ստիպված է լինելու աջակցել դրան։ Իսկ դա իշխանության համար մեծ առավելություն է։

Ըստ ձեզ՝ ի՞նչ կարող է անել այս նոր կառույցը, Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ փոփոխություն սպասո՞ւմ եք։

Կախված է նրանից, թե ինչ եք հասկանում՝ փոփոխություն ասելով։ Կուզեի առանձնացնել երեք կետ։

Առաջին՝ նոր կառույց ստեղծելու որոշման հիմքում ընկած է հինգ համալսարանների պատրաստած համատեղ զեկույցը։ Չգիտենք, թե ինչ է այն պարունակում։ Սակայն կարող ենք ենթադրել, որ առնվազն մի շարք հարցերի շուրջ «մտածել են» ու որոշ «նոր նախաձեռնություններով» են հանդես գալու։

Երկրորդ՝ հենց նույն օրերին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Անիի ավերակների մոտ գտնվող հայտնի Մետաքսի ճանապարհի կամուրջը վերանորոգվելու է։ Անցած տարիներին հայ-թուրքական հաշտեցման փորձեր անող միջազգային մի շարք կառույցներ կամրջի վերանորոգման համար դիմել էին թուրքական կառավարությանը, սակայն այդ առաջարկները մերժվել էին։ Այժմ հենց Թուրքիան է որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ, ինչը բազմանշանակ փաստ է։

Երրորդ՝ միջազգային հարթությունում Թուրքիայի փակուղային դրությունն է։ Ո՛չ ակադեմիական աշխարհում, ո՛չ քաղաքական հարթությունում չկա մեկը, որ Թուրքիայի թեզերը լուրջ ընդունի։ Սրանից 5-10 տարի առաջ ակադեմիական աշխարհում հետևյալ միտքը, թե «խնդիրը երկու կողմ ունի, և այս երկու կողմը տարբեր տեսակետներ ունեն, այդ պարագայում պետք է կողմերից հավասար հեռավորություն պահպանել ու հարգել նրանց տեսակետները», դեռ կողմնակիցներ ուներ։ Սակայն այսպես մտածող արդեն գրեթե չի մնացել։ Ակադեմիական հաստատություններում թուրքական կառավարության թեզերը համարում են հերթական ժխտողական տեսակետն ու լուրջ չեն ընդունում։

Քաղաքական հարթությունում համանման իրավիճակ է։ Թուրքիան կորցրեց իր ամենակարևոր ամրոցը՝ ամերիկյան Կոնգրեսը։ Արևմուտքում կարծես թե չի մնացել մի երկիր, որը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը։ Նույնիսկ իսլամական երկրներն են սկսել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կարող ենք ասել, որ Ցեղասպանության հարցում Թուրքիան բոլոր տեսակետներից մեկուսացման մեջ է։

Այս ամենը նշանակում է, որ Թուրքիան փակուղային դրության մեջ է, և այս նոր նախաձեռնությունը կարող ենք համարել փակուղային դրությունից փրկվելուն միտված քայլերից մեկը։ Ժխտողական քաղաքականության էությունը չի փոփվելու, բայց հնարավոր է՝ նոր արտահայտություններ ու համանման բաներ շրջանառության մեջ դրվեն։ Ըստ իս՝ մենք կարծես մի տեսակ հոգեբանական պատերազմի նախաշեմին ենք։

Սփյուռքի հայկական որոշ թեթեր գրեցին, թե Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ դատի գործիչներին։ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբն էլ հայտարարում է, թե Էրդողանը թիրախավորում է Հայ դատի ակտիվիստներին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

Չեմ կարծում, թե Էրդողանը կարող է միջազգային հարթությունում որևէ մեկին սպառնալ։ Բանն այն է, որ ոչ ոք այս տեսակ սպառնալիքները լուրջ չի ընդունում։ Ըստ իս՝ Թուրքիայի հիմնական խնդիրը իրեն նորից լուրջ վերաբերվելն է։ Թուրքիան փնտրելու է նոր ճանապարհներ ու մեթոդներ, որ իր առաջ քաշած թեզերին լուրջ վերաբերվեն։

Ի՞նչ եք կարծում՝ նոր ռազմավարության շրջանակում Թուրքիան կհրաժարվի՞ «ընդհանուր ցավի» քաղաքականությունից, նման հավանականություն տեսնո՞ւմ եք։

Ժխտողական քաղաքականությունը չի ենթադրում, թե պիտի մշտապես հետևես միևնույն թեզին։ Կարելի է ժխտողականության մի տեսակից ցատկել մյուսին։ Այս օրերին հետազոտական աշխատանքի բերումով վերընթերցեցի 1918 թվականին նոյեմբերի 1-ին տեղի ունեցած՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության վերջին կոնգրեսի ժամանակ Թալեաթ փաշայի խոսքը։ Շատ հետաքրքիր է․ Թալեաթը գրեթե ներողություն է խնդրում։ Նա մոտավորապես ասում է․ «Կոտորածները կանխելու համար ես հնարավոր ամեն բան արել եմ, պիտի պատիժներ կիրառեինք, ամբողջությամբ չարեցինք, թե անեինք՝ լավ կլիներ»։ Հիմա կարող են սկսել համանման բաներ ասել։ Կամ էլ ընդհակառակը՝ կարող է վերադարձ լինի դասական ժխտողական թեզերին, այն է՝ «ոչինչ էլ չի եղել, եթե ինչ որ բան եղել է, ուրեմն հենց հայերն են պատասխանատու»։

Անհրաժեշտ է տեսնել երկու բան․ առաջինը՝ հոգեբանական հակահարձակման նախապատրաստություններ են տեղի ունենում և երկրորդ՝ դրան դեմ դուրս եկող ըննդիմություն չի լինելու, այսինքն՝ խաղի թելադրողը կառավարությունն է․․․

Վերջերս «Գազեթե Դուվարում» հրապարակված հոդվածում խոսում էիք Էրդողանի՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի նախապատրաստության մասին և քննում նրա՝ «հիմնադրի առաքելությամբ» հանդես գալու հարցը։ Ըստ Ձեզ՝ «Նոր Թուրքիայի» ծրագրում Հայաստանի հետ հարաբերություններին տեղ հատկացվա՞ծ է։

Չեմ բացառում, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում հոգեբանական առավելություն ստանալու նպատակով կարող է համանման հայտարարությամբ հանդես գալ, թե «մենք կողմ ենք նոր նախաձեռնություններին, լավ հարաբերություններին»։ Սակայն քանի Ադրբեջանն այս հարցում է, ու Ղարաբաղի խնդրում որևէ փոփոխություն չի արձանագրվել, ես չեմ կարծում, թե Թուրքիա-Հայաստան հարաբերություններում փոփոխություններ կարող են լինել։ Այս ամենը հիշեցնում է փակուղի, որում Թուրքիան իրեն ամբողջովին կապել է Ադրբեջանի դիրքորոշման հետ։ Եվ եթե ազերիական քաղաքականության մեջ փոփոխություն չլինի, Թուրքիան որևէ շարժ չի կարող անել։

Հարցազրույցը և թարգմանությունը՝ Գոռ Երանյանի

ՍիվիլՆեթ