Մայիսյան խռովությունները, 1920թ. Սիմոն Վրացյան

2536

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:

Գլուխ ԻԸ

Այն ժամանակ, երբ Վրաստանում, Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասում և ամենուրեք հայ բոլշևիկները ենթարկվում էին անողոք հալածանքի, Հայաստանի կառավարությունը նրանց տվեց հնարավորություն ապրելու և աշխատելու Հայաստանում: Հայ բոլշևիկ գործիչներից շատերը՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ս. Խանոյան, Դ. Շահվերդյան, Մ. Սահակայն, Ե. Երզնկայն, Ավիս Նուրիջանյան և ուրիշներ իրենց կայնքը փրկեցին Հայաստանի կառավարության շնորհիվ: Նրանք Հայաստանում վարում էին զանազան պաշտոններ պետական կամ հասարակական հիմնարկությունների մեջ՝ դպրոցներում, կոոպերատիվներում, նախարարությունների, պետական վերահսկողության, ինքնավարությունների մեջ:

Ընդունվելով Հայաստանի սահմանների մեջ՝ կառավարությունը մի պայման էր դրել հայ կոմունիստներին. Հայաստանում քաղաքական աշխատանք չկատարել: Եվ նրանք ամենքը պատվո խոսք էին տվել հարգելու այդ պայմանը: Նրանցից ոմանք իրենք հենց անմտություն էին համարում բոլշևիկյան գործոն աշխատանքը Հայաստանում: Եվ քանի պատերազկմական գործերը Խորհրդային Ռուսաստանում հաջող չէին, ընդհանուր առմամբ, պահվում էր տված խոսքը: Ճիշտ է, պատահում էին մասնակի խախտումներ, ինչպես երիտասարդ «Սպարտակյանների» թռուցիկը Բեոյուք-Վեդիի կռիվների ժամանակ, բայց կառավարությունը ներողամիտ աչքով էր նայում:

Սակայն, երբ կարմիր զորքերը սկսեցին մոտենալ Կովկասին, Հայաստանում հյուրընկալված բոլշևիկներն էլ չդիմացան և անցան հակապետական գաղտնի գործունեության: Նրանք պրոպագանդ էին մղում զորքի և բանվորության մեջ. բաց էին թողնում գաղտնի թռուցիկներ ու թերթեր: Իրենց կողմը քաշելով Խորհրդարանի անկուսակցական պատգամավոր Արտաշես Մելքոնյանին, նրա միջոցով, հրատարակում էին  «Գյուղացիական ձայն» թերթը, որ անհաշտ պայքար էր մղում տիրող վարչաձևի դեմ, և առանց ծածկելու, անում էր խորհրդային իշխանության գովքը:

Ա. Մռավյանը պատմում է, որ 1919-20 թվականներին բոլշևիկյան եռանդուն գործունեություն կար Հայաստանում: Գաղտնի բջիջներ էին կազմվում, գրականություն էր տարածվում, ժողովներ էին գումարվում, քարոզչություն էր արվում զորքի և բանվորության մեջ:

«Ընկ. Ղուկաս Ղուկասյանի և նրա մոտիկ ընկերներ Արմենակ Բուդաղյանի և Աղասի Խանջյանի միջոցով,- գրում է նա,- մենք Երևանում կատարում էին կոնսպիրատիվ (գաղտնի) մեր բոլոր գործերը: Թռուցիկներ տպել և կպցնել պատերին, գրականություն փոխադրել, ժողովատեղի գտնել, նամակ տանել Թիֆլիս՝ Երկրային կոմիտե և այլն՝ այս բոլորը նրանք կատարում էին արագ, ճիշտ, կոնսպիրացիայի բոլոր օրենքներով»:

Նույն Ղ. Ղուկասյանը  «1919 թ. օգոստոսի վերջերին հատուկ հանձնարարությամբ անցնում է Դիլիջան, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլ՝ տեղական կազմակերպություններին հայտնելու Երևանում գումարվելիք կուսխորհրդակցության, նրա օրակարգի և կազմակերպման հետ կապված հարցերի մասին»:

Բոլշևիկները համեմատաբար ուժեղ էին Ալեքսանդրապոլում: Այստեղի նրանց կոմիտեն մեծ գումարներ է ստանում Թիֆլիսից ու Ռուսաստանից, գաղտնի թերթ էր հրատարակում և քարոզիչներ ու կազմակերպիչներ ուղարկում երկրի զանազան կողմերը: Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող չեզոք գոտին հենակետ էր բոլշևիկների համար, որտեղից նրանք, գաղտնի ճանապարհներով, մարդ, դրամ և գրականություն էին ներմուծում Հայաստան: 1920 թվականի սկզբներին Հայաստանը արդեն թատերաբեմ էր բոլշևիկյան գործոն քարոզչության և կազմակերպության:

Կառավարությունը տեղյակ էր բոլշևիկների գործունեությանը, բայց դանդաղում էր վճռական միջոցներ ձեռք առնելու: Ներքին գործոց նախարարությունը մոտից հետևում էր նրանց գաղտնի շարժումներին ու պարագլուխների քայլերին, ծանոթ էր նրանց ծրագրերին և բանակի ու բանվորության մեջ մղած հակակառավարական գործունեության: Հայաստանի քաղաքական հետախուզության և պահեստի միլիցիայի գլուխը կանգնած էր Լևոն Քալանթարյանի պես մի հմուտ ու եռանդուն գործիչ, որի տեսողությունից խուսափելը շատ էլ հեշտ չէր: Բայց կառավարությունը դանդաղում էր վճռական միջոցներ ձեռք առնել. հոգեբանորեն պատրաստ չէր «մեզ պես ընկերվարական կոմունիստներին», «մեր երեկվա ընկերներին» ձերբակալելու: Կար և Վրաստանի օրինակը. դեռ երեկ Հայաստանի հասարակաց կարծիքը այնպես խիստ դատապարտում էր վրաց մենշևիկների գործադրած դաժան միջոցները բոլշևիկների դեմ՝ հիմա ինչպե՞ս անել նույնը մեզ մոտ:

Սակայն, թե Դաշնակցության մեջ և թե չեզոք շրջաններում կար և հակառակ վերաբերում. ամեն կողմից մատնանշվում էր այն վտանգը, որ բոլշևիկները կարող էին հասցնել Հայաստանին: Այս տրամադրության և եղած պահանջների հետևանքով, ներքին գործոց նախարարությունը, հունվարի 31-ին Երևանում և Դիլիջանում ձերբակալեց մի քանի կոմունիստների:

Այս փաստը բոլշևիկներն ընդունեցին իբրև մարտահրավեր: Մի քանի օր անցած, սոցիալ-դեմոկրատ գործիչ Արշակ Զոհրաբյանի հուղարկավորության առթիվ, նրանք կազմակերպեցին աղմկոտ մի ցույց, որի նպատակն էր ցուցադրել իրենց ուժերը և Հայաստանի իշխանության դեմ պայքարին հրապարակային բնույթ տալ:

Հունվարի 31-ի ձերբակալությունները նյութ դարձան և խորհրդարանական հարցապնդման: Փետրվարի 20-ին սոցիալիստ-հեղափոխական պատգամավոր Վահան Մինախորյանը կառավարությանն ուղղեց հետևյալ հարցապնդումը.

«Հունվարի 31-ին ներքին գործոց նախարարի կարգադրությամբ Երևանում և Դիլիջանում ձերբակալվել են մի քանի անձնավորություններ. պատճառաբանությունն այն է, թե հիշյալ անձինք ունեցել են հակապետական և կահակառավարչական ընթացք, սակայն, նրա կարգադրության մեջ չի հիշատակվում որևէ օրենք, ազդ կամ նույնիսկ բերանացի նախազգուշացում, որի հիման վրա կարելի լիներ հիշյալ կարգադրությունը, բոլորովին այլ բան է ասում, և հենց այդ տեսակետից կատարված փաստը ապօրինություն է:

Մյուս կողմից, պարզ պիտի լիներ, թե քաղաքական հոսանքի դե՞մ է ուղղված այդ հալածանքը, թե սոսկ անհատների: Եթե առաջինն է, ապա դա ապօրինություն է, որովհետև քաղաքական հոսանքը պիտի ազատ լինի որևէ հետապնդումից. եթե երկրորդն է, ապա ո՞ւր է այն կոնկրետ մեղադրանքը նրանց կատարած գործերի: Նրանց հրատարակած մեկ գիրքը, բաց թողած թռուցիկը չեն պարունակում որևէ հակապետական կամ հակակառավարչական բովանդակություն, իսկ տաճիկ փաշաների հետ համաձայնություն կնքած լինելու լուրերը փաստացիորեն ապացուցված չեն: Այսպես նայելով խնդրին՝ սոցիալիստ-հեղափոխական ֆրակցիան կատարված ձերբակալությունները համարում է ապօրինի և առաջարկում է ազատել նրանց»:

Զուտ ձևական-իրավաբանական տեսակետից սոցիալիստ-հեղափոխականների մեղադրանքը, գուցե և իրավացի էր. այն ժամանակները պետական ո՞ր պաշտոնյան էր այնքան հմուտ գոյություն ունեցող օրենքներին, որ կարողանար անթերի կերպով, պետական օրենքի բոլոր պահանջներին համապատասխան ձևակերպել իր գործերը: Սակայն, ըստ էության սոցիալիստ-հեղափոխականները, իհարկե, անարդար էին. նրանք շատ լավ ծանոթ էին բոլշևիզմի էությանը և հայ բոլշևիկների գործունեության բնույթին, որպեսզի կարողանային պնդել, թե՝ «նրանց հրատարակած մեկ գիրքը, բաց թողած թռուցիկը չեն պարունակում որևէ հակապետական կամ հակակառավարչական բովանդակություն»: Եվ նախարարի տված բացատրություններն ու հետագա վիճաբանությունները լիովին հաստատեցին այս պարագան:

Ներքին գործոց նախարար Ա. Գյուլխանդանյանը տվեց հետևյալ բացատրությունները. «Նրանք, ովքեր ընդունում են Հայաստանը որպես անկախ պետական միավոր, այսպիսի հարցապնդում չպիտի անեին, քանի որ նորակազմ պետությունը ամենահասարակ վտանգներից իսկ կարող է տուժել, և կառավարությունը ամեն միջոց պիտի ձեռք առնի երկիրը զերծ պահելու որևէ պատահարից: Հայաստանում կան բավական թվով բոլշևիկներ, որոնք՝ իրենց ասելով եկել են այստեղ միայն ապաստան գտնելու և ո՛չ մի գործունեություն չպիտի ունենան: Սակայն, դեռ հուլիս ամսին, Բեոյուք-Վեդիի կռիվների ժամանակ, նրանք տպեցին մի թռուցիկ, որով կոչ էին անում զորքին չգնալ կռվի: Այնուհետև, տեղի ունեցան մի քանի դեպքեր Սարիղամիշ-Ալեքսանդրապոլ երկաթուղագծի վրա և այլն: Հայաստանի անկախության տոնի օրը պատերին փակցվեցին թռուցիկներ, որոնք ուղղված էին մեր պետական կազմի դեմ:

Վերջին տեղեկությունները ցույց են տալիս, որ օրեցօր Հայաստան են գալիս նոր մեծամասնականներ [բոլշևիկներ], որոնք իրենց հետ բերում են խոշոր գումարներ՝ ագիտացիայի համար: Մյուս կողմից, անհերքելի փաստ է, որ ռուս մեծամասնականները դաշն են կապել երիտասարդ թուրքերի հետ: Այդ համաձայնությամբ թուրքական զորքերը պիտի անցնեն Հայաստանի վրայով Դենիկինի թիկունքին խփելու համար: Ի՞նչ դրության մեջ կընկնի Հայաստանը այդ պարագայում, պարզ է ամենքին, բայց մեծամասնականների համար դա արժեք չունի և, եթե կուզեք, հայ ժողովրդի բնաջնջման գնով նրանք կիրագործեն իրենց ծրագիրը: Ադրբեջանում և Անդրկասպյան երկրում բոլշևիկյան շարժման գլուխ են անցել թուրք ջարդարարներ, որպիսիք են Նուրի փաշան, Քյազիմ բեյը և այլն: Վերոհիշյալ փաստերը կառավարությունը նկատել է որպես հանցանք և միջոցներ է ձեռք առել նրանց դեմ, որոնք ակտիվ քայլեր են անում մեր պետության կամ կառավարության դեմ»:

Նախարարի բացատրություններից հետո տեղի ունեցան բուռն վիճաբանություններ: Սոցիալիստ-հեղափոխական Ա. Խոնդկարյանը՝ ընդարձակորեն վեր առնելով հարցապնդման նյութը՝ հայտնեց, որ ինքը հակառակ է բոլշևիզմին, բայց պնդում է, որ յուրաքանչյուր հանցանք պետք է ձևակերպվի և գործը հանձնվի դատարանին: Այս հողի վրա, իհարկե, հարցապնդման դեմ չէր կարելի առարկել, բայց հարցապնդման իսկական իմաստը այդ չէր:

Իր ճառի մեջ հետաքրքրական մերկացումներ արեց Արշակ Ջամալյանը. «Միլլի շարժման և բոլշևիկների դաշինքը,- ասաց նա,- դժբախտաբար, ճշմարտություն է. դրա հետևանքը այն է, որ մեր ժողովրդի գոյությունը թղթախաղի վրա է դրվում: Թիֆլիս եղած ժամանակս, բոլշևիկների Անդրկովկասյան Գերագույն գործադիր մարմնի շրջանային կոմիտեի ականավոր անդամներից մեկը հայտնեց ինձ, որ նոյեմբերի 27-ին Բաքվում, բոլշևիկների և երիտասարդ թուրքերի միջև կայացել է մի համաձայնություն, որ տաճկական զորքերը Հայաստանի վրայով պիտի անցնեն Դենիկինի թիկունքը բռնելու համար: Նույն այդ անձնավորությունը ասաց, որ իրենք միջոցներ պիտի ձեռք առնեն հայերի կոտորածի առաջն առնելու համար, բայց, իհարկե, կարող է իրենց այդ չհաջողվի: Սրանք փաստեր են և ոչ ոք հերքել չի կարող:

Այժմ տեսնենք, ձերբակալված բոլշևիկները կապ ունե՞ն այս ամենի հետ: Կուսակցական կարգապահությամբ ստորին մարմինը ենթարկվում է վերին մարմնի կարգադրություններին, բոլշևիկների Անդրկովկասյան կոմիտեի հրահանգները պարտադիր են Հայաստանի կոմիտեի համար, և սա պետք է ի կատար ածի, եթե հակառակ էլ լինի: Ահա իսկական պատկերը գործի, որ ըմբռնել է կառավարությունը և միջոցներ է ձեռք առել, բայց, ցավոք սրտի, կիսատ: Պետք է կռվել ամբողջ կազմակերպության դեմ, որպեսզի նա հնար չունենա ուժ դառնալու»:

Այս հարցապնդման առթիվ տեղի ունեցած վիճաբանություններից երեք խնդիր դառնում էր ակնհայտ ու անհերքելի. նախ՝ որ հայ կոմունիստները Հայաստանի սահմաններում կատարում են գործոն աշխատանք՝ պետական հեղաշրջում առաջ բերելու նպատակով, երկրորդ՝ որ բոլշևիկների և թուրքերի միջև գոյություն ունի իրական համաձայնություն, որի հետևանքով թուրքերը պարտավորվել են օգնել բոլշևիկներին Դենիկինի դեմ, և, հետևաբար՝ երրորդ՝ բոլշևիկներին օգնության գնալիս՝ թուրքերը պետք է անցնեն Հայաստանի վրայով՝ նոր քայքայումների ու կոտորածի մատնելով մեր երկիրը:

Հայաստանում առանձնապես մեծ անհանգստություն պատճառեց բոլշևիկ-քեմալական գործակցությունը: Հայ կոմունիստները վրդովումով հերքում էին այդպիսի գործակցության գոյությունը, և մամուլի մեջ տարածված լուրերը համարում էին «դաշնակների պրովոկացիայի» արդյունք: Այն օրերին հայ բոլշևիկները դեռ ամոթ էին համարում բարեկամությունը թուրք ջարդարարների հետ: Հետո ժամանակները փոխվեցին, փոխվեցին և բարքերը…

Հայաստանի կառավարությունը, ինչպես և Դաշնակցության բարձրագույն մարմինը մեկից ավելի անդամներ քննության առան բոլշևիկ- քեմալական համաձայնության փաստը, ինչպես և այդ փաստից բխելիք հետևանքները: Պարզ էր, որ համաձայնության մեջ, ուղղակի կամ անուղղակի ձևով որոշ տեղ պետք է ունենար և Հայաստանը հենց, թեկուզ, իր աշխարհագրական դիրքի պատճառով: Իրերի առարկայական ընթացքը թելադրում էր միջոցներ ձեռք առնել, որպեսզի ապագա իրադարձությունների պարագային՝ հայ ժողովուրդը ոտքի տակ չգնա: Այս մտահոգությամբ, Դաշնակցության բյուրոն, հունվարի սկզբներին Թիֆլիս ուղարկեց իր անդամներից երեքին՝ Ա. Ջամալյանին, Ռ. Տեր-Մինասյանին և Ս. Վրացյանին, որպեսզի հարաբերության մեջ մտնեն Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի հետ և պարզեն վերոհիշյալ հարցի մանրամասնությունները, ինչպես նաև այդ հարցից բխելիք գործնական հնարավորությունները: Հայտնի էր, որ բոլշևիկների ղեկավարության կենտրոնը Թիֆլիսում էր, ուր գաղտնի ապրում էին մի շարք աչքի ընկնող կոմունիստ գործիչներ: ՀՅԴ բյուրոյի անդամները մեկնեցին Թիֆլիս՝ ունենալով իրենց հետ բոլշևիկ-քեմալական համաձայնագրի պատճենը:

Տեսակցությունը տեղի ունեցավ Կովկասյան բյուրոյի ընդհանուր քարտուղար Հ. Նազարեթյանի հետ, և, վերջին հաշվով, խիստ ճնշիչ տպավորություն թողեց:

Նազարեթյանին տրվեց երկու հարց: Առաջին՝ ճի՞շտ է, որ բոլշևիկների և քեմալականների միջև կնքված է գաղտնի համաձայնություն: Երկրորդ՝ ճի՞շտ է, որ այդ համաձայնությունը ուղղված է նաև Հայաստանի դեմ: Բոլշևիկ-քեմալական համաձայնության փաստը նա չհերքեց, բայց շատ երկար խոսում էր այն մասին, որ կոմունիստական հեղափոխությունը պաշտպան է ճնշված ազգերին և, ուրեմն, չի կարող չպաշտպանել նաև հայ ժողովրդին: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչները հեռացան այն համոզումով, որ եթե բոլշևիկ-քեմալական բարեկամության շահերը պահանջեն, Հայաստանը կզոհաբերվի հանուն բոլշևիկների արևելյան քաղաքականության: Տեսակցության միջոցին, հիշելով Լենինի դեկրետը Հայաստանի անկախության մասին, ինչպես նաև դաշնակցականներից ոմանց գործակցությունը Ս. Շահումյանին, ՀՅԴ բյուրոյի անդամները հայտնեցին այն միտքը, թե հայ ժողովրդի շահը պահանջում է որոշ հասկացողություն բոլշևիկների և Հայաստանի ղեկավար կուսակցության միջև: Պատասխանը եղավ չոր հեգնական ժպիտ: Ինչ հասկացողություն, հարկավոր է արագացնել խորհրդային իշխանության տարածումը նաև Կովկասի վրա: Ընդառաջ գնալու, համաձայնության եզր գտնելու ո՛չ մի ցանկություն չարտահայտվեց կովկասյան բյուրոյի վարիչի կողմից:

Թե՛ նախորդ դեպքերը, թե՛ այս փաստը և թե՛ այն գաղտնի տեղեկությունները, որ ամեն օր ստացվում էին կառավարության հետախուզական բաժնում, ո՛չ մի կասկած չէին թողնում այլևս, որ Հայաստանի դեմ նյութվում է մի դավ և որ այդ դավի անմիջական մասնակիցներն ու դերակատարները Հայաստանում հյուրընկալված հայ կոմունիստներն են: Դանդաղելն այլևս հանցանք էր, և կառավարությունը ձեռք առավ կտրուկ միջոցներ. իրար հետևից տեղի ունեցան ձերբակալություններ: Բռնվեց աչքի ընկնող կոմունիստների մեծ մասը, որոնք որոշ ժամանակ բանտում պահվելուց հետո՝ արտաքսվեցին Հայաստանի սահմաններից: Ձերբակալվածների մեջ էր և Ավիս Նուրիջանյանը, որը կարողացավ փախչել և հետագայում դարձավ հակապետական շարժման մոլի ղեկավարներից մեկը:

Կատարված ձերբակալություններն ու խուզարկությունները կառավարության ձեռքը տվեցին առատ նյութ, որից երևաց, որ բոլշևիկները պատրաստում էին Հայաստանում ընդհանուր ապստամբություն, այդ նպատակով արտասահմանից ստացել էին խոշոր գումարներ և ձեռնարկել էին մարտական խմբերի կազմակերպության: Հայտնի դարձավ, ընդհանուր առմամբ, և ապստամբության հատակագիծը: Պարզվեց նաև, որ բոլշևիկները որոշած են եղել օգտագործել Հայաստանի այլազգի տարրերի՝ մահմեդականների և ռուսների դժգոհությունը, ինչպես նաև երկրում տիրող պարենավորման ծանր կացությունը, որը սրվել էր այն պատճառով, որ կառավարությունը իր ունեցած հացի պաշարի մեծ մասը հատկացրել էր ցանելու, իսկ ամերիկյան ալյուրը ուշացել էր փոխադրության միջոցների թերության հետևանքով:

Պարենավորման հողի վրա, փետրվար և մարտ ամիսներին, նույնիսկ մի քանի ցույցեր էին տեղի ունեցել քաղաքային ինքնավարությունների և պարենավորման նախարարության դեմ: Բոլշևիկները գրգռում էին ամբոխի մութ բնազդները: Խոսում էին այն անսպառ հացի, շաքարի, հագուստեղենի ու նավթի մասին, որ պիտի լցվի Հայաստան, հե՛նց որ հաստատվի խորհրդային իշխանություն, և հրավիրում էին տապալելու  «դաշնակների բռնապետությունը»: Սոված ու տկլոր մարդիկ, իհարկե, հեշտությամբ ենթարկվում էին այսպիսի քարոզչության և կույր գործիք էին դառնում բոլշևիկների ձեռքին: Պետք է արձանագրել և այն իրողությունը, որ տնտեսական տագնապն ու սովը իբրև քաղաքական պայքարի զենք գործ էին ածում ո՛չ միայն միջոցների մեջ խտրություն չդնող բոլշևիկները, այլև ուրիշ՝ ավելի չափավոր տարրերը, ինչպես, օրինակ, ժողովրդական կուսակցությունը:

Առաջ հայ բոլշևիկները ժխտում էին այն մեղադրանքը, թե իրենք հանրապետության օրով աշխատել են պետական հեղաշրջում առաջ բերել, թե մայիսյան օրերին որոշել են ընդհանուր ապստամբություն անել: Այժմ արդեն, հենց իրենց կողմից հրատարակված բազմաթիվ փաստերով ու վավերագրերով, հաստատվում է, որ 1919 և 1920 թվականների ընթացքում հայ կոմունիստները Հայաստանում պատրաստվելիս են եղել, ապստամբության միջոցով, խորտակելու Հայաստանի անկախությունը:

Այս տեսակետից հետաքրքրական են հայ բոլշևիկ պարագլուխների վկայությունները.

«Բոլշևիկյան ակտիվ և խտացած գործունեությունը Հայաստանի տերիտորիայում,- գրում է Ս. Կասյանը,- իրապես սկսվել է 1919 թվի ամառվանից: Ճիշտ է, առաջ էլ եղել են այդտեղ խմբեր, բայց որովհետև մեր կուսակցության Երկրային կոմիտեն կտրված է եղել Հայաստանից, նա չի կարողացել ոչ կազմակերպչական գործ կատարել այդ խմբերի միջոցով, ո՛չ էլ ուղղություն տալ նրանց գործունեությանը: Անգլիացիների գալուց հետո, երբ դաշնակներն ավելի էին երես առել և իշխանությունն ամբողջապես կենտոնացրել իրենց ձեռքը, այդ խմբերի գործունեությունը լիկվիդացիայի է ենթարկվում համարյա ամբողջապես: Նույն տարվա սեպտեմբերին, նախապատրաստական աշխատանքներից հետո, Երկրային կոմիտեի ներկայացուցիչները կազմակերպում են Երևանում՝ գավառներից հրավիրված պատասխանատու ընկերների գաղտնի խորհրդակցություն, ուր մշակվում է այդ երկրում մեր գործունեության հիմնական տակտիկան և ստեղծվում կենտրոնական մարմին՝  «Հայաստանի կոմիտե»:

Այս խորհրդակցությունը, ըստ Կասյանի, մեկնում է այն փաստից որ Հայաստանում  «արդյունագործական կապիտալիզմի նշույլն անգամ գոյություն չունի», «առևտրական կապիտալիզմի դեմքն էլ վաղուց մոռացվել է», «գյուղացիության խոշորագույն մասը անծանոթ է լատիֆունդիական, նույնիսկ կալվածատիրական հարաբերություններին, ուր ազգաբնակչության 90 տոկոսը աղքատության և զրկանքի մեջ է քարշ տալիս իր խղճուկ գոյությունը», և առաջադրում է հետևյալ նշանաբանները. «1. Վճռական պայքար Անտանտի դեմ, 2. վճռական պայքար այն ներքին ուժերի դեմ, որոնց վրա հենվում է նա՝ դաշնակ կառավարության և արտասահմանյան հայ բուրժուազիայի ագենտների ,3. անխնա վարկաբեկումն ցարական և բուրժուական Ռուսաստանի և 4. որպես դրական հակադիր այդ բացասական լոզունգների՝ միջազգային հեղափոխական պրոլետարիատի կոմունիստական պայքարի ու բանվորագյուղացիական Ռուսաստանի բարոյական հմայքի բարձրացումը և խորհրդային հանրապետության հաստատումը Հայաստանում»:

«1920 թվի հունվարի երկրորդ կեսին Երևանում տեղի ունեցած կուսակցական անլեգալ կոնֆերենցիան, հիմնվելով կուսակցության քառամսյա փորձառության վրա, ամբողջապես ընդունեց և հաստատեց այդ վարքագիծը: Տարաձայնությունը վերաբերվում էր միայն այն հարցին, թե կուսակցությունը մասնակցելո՞ւ է բոլոր հասարակական հաստատությունների գործառնությանը, օրինակ զեմստվոների, թե՛ միայն դասակարգային հիմնարկությունների՝ արհմիությունների և գյուղացիական միությունների»:

«… Ալեքսանդրապոլի կազմակերպությունը, որ գլխավորապես բաղկացած էր համարյա բացառապես Բաքվից ու Թիֆլիսից եկած երկաթուղային բանվորներից, իր ներկայացուցիչների բերանով հարց էր հարուցել իշխանությունը վերցնելու մասին, բայց կոնֆերենցիան կտրականապես մերժեց այդ», որովհետև «կոնֆերենցիան կանգնեց այն տեսակետի վրա, թե որքան էլ հեշտ լինի բլանկիստական հարվածով գրավել իշխանությունը ինքնուրույնաբար և մեկուսացած, այնուամենայնիվ իշխանությունը ձեռքում պահելը անկարելի պիտի լինի՝ այն հասարակ պատճառով, որ 1) կուսակցությունը, բաղկացած լինելով ո՛չ ավելի քան 500 անդամից, չափազանց աղքատ լինելով փորձված ու պատրաստ ուժերով, չպիտի կարողանա ո՛չ միայն դիմադրել այն ժամանակվա քաղաքական և հոգեբանական սիտուացիայում անխուսափելիորեն առաջ գալիք քաղաքացիական կռվին, այլև իշխանություն կազմակերպել կենտրոնում և տեղերում, 2) որ նա հնարավորություն չպիտի ունենա կազմակերպելու այնպիսի բանակ, որը կարողանա, առանց «դրսի » օգնության, դիմադրել արտաքին թշնամիների՝ մենշևիկյան Վրաստանի, մուսավաթական Ադրբեջանի և քեմալական Թուրքիայի ամենաթեթև արշավանքին անգամ. 3) որ ծայրաստիճան քայքայված և սովի ճիրաններում գալավորղ երկրի ցուրտն ու քաղցը մի կողմից, իսկ տնտեսական անխուսափելի բլոկադան մյուս կողմից՝ հենց սաղմի մեջ պիտի խեղդեն խորհրդային իշխանությունը»:

«Կացությունը,- բացատրում է Կասյանը,- պահանջում էր զբաղվել ո՛չ թե այդ տհաս մտքով, այլ կուսակցական կազմակերպությունների և սրանց ազդեցության ու նշանաբանների տարածմամբ ու խորացմամբ, արհեստակցական և գյուղացիական միությունների միջոցով իներտ մասսաների քաղաքական դաստիրակությամբ՝ զարթեցնելով նրանց մեջ ինքնագործունեության և ինքնիշխանության ձգտումը: Այդպիսով, պատրաստ լինել իշխանությունը գրավելու, երբ նեցուկ կունենանք մի հարևան երկիր, որով հնարավոր կլինի կապվել բանվորագյուղացիական Ռուսաստանի հետ: Միայն երկու դեպքի համար էր կոնֆերենցիան առաջադրել  անպայմանորեն բարձրացնելու ապստամբության դրոշը և ընդհանուր ճակատ ստեղծելու՝ ինչ գնով էլ ուզում է լինի. նախ՝ եթե դաշնակ կառավարությունը հանդգնություն ունենա Անտանտի թելադրանքով և մենշևիկյան Վրաստանի հետ միասին օգնել մուսավաթական կառավարությանը՝ խոչընդոտ հանդիսանալու կարմիր բանակին՝ Բաքուն հարկադրանոք գրավելու դեպքում. երկրորդ՝ եթե նա Ադրբեջանի կամ Վրաստանի բանվորագյուղացիական ապստամբությունը թիկունքից խանգարել ուզենա»:

Կասյանի այս հավաստիացումներին, ըստ երևույթին, ավելի շուտ իր անձնական համոզումներից են բխում, քան իրական փաստերից: Անկարելի չէ, որ նա ինքը այդպես էր մտածում, բայց կոնֆերենցիան, անշուշտ, ավելի համամիտ էր  «Ալեքսանդրապոլի կազմակերպության ներկայացուցիչներին», որոնց առաջնորդ Ավիսը խիստ մարտական մի բանաձևով առաջարկում էր անմիջապես «վերցնել իշխանությունը»: Կասյանը հավատացնում է, որ այդ բանաձևը ո՛չ միայն չի անցել, այլ չի էլ քննվել, մինչդեռ կոմկուսի կենտրոնական պաշտոնաթերթ  «Իզվեստիայի» 1922 թ. 25 հունվարի համար 1-ում այդ բանաձևը տպված է, որպես խորհրդակցության կողմից ընդունված և հայ կոմունիստների համար պարտադիր մի որոշում: Հետագա դեպքերն էլ զարգացան Ավիսի բանաձևի ուղղությամբ, և Կասյանի հոգեշահ խորհրդակցությունները «զանգվածի օբյեկտիվ կացության», «երկրի իրական պայմանների» ու «տնտեսական-դասակարգային ստրուկտուրայի» մասին միայն գայլի շարականներ էին «մեր դոկտրինյոների, դիալեկտիկորեն մտածելու շնորհքից զրկվածների և ձախության հիվանդությամբ բռնվածների համար»:

Այդ երևում է և Աշ. Հովհաննիսյանի վկայությունից:

«Սովետիզացիայի խնդիրը,- ասում է նա,- պարտավորիչ էր ամենից առաջ կոմունիստական կուսակցության Հայաստանի կոմիտեի՝ Արմկոմի համար: Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների գաղտնի կոնֆերանսը, որ տեղի ունեցավ Երևանում, 1920 թվի հունվարին, ընդունել էր թեզիսներ այն իմաստով, որ կարմիր բանակի մերձեցման և հարևան հանրապետությունների հեղաշրջում լինելու դեպքում պետք է առաջադրել Հայաստանի սովետիզացիայի խնդիրը: Վերահաս դեպքերը հարկադրում էին նախապատրաստական քայլեր անել այդ ուղղությամբ: Հայաստանի կոմիտեն ենթադրում էր, որ Ղազախն ու Ղարաբաղը, որպես սահմանակից շրջաններ, հեղաշրջման հենակետներ պետք է դառնային Հայաստանի համար: Մինչ այդ պետք էր խուսափել վճռական գործողություններից, բավականանալ միայն կազմակերպչական աշխատանքով»:

Հայ կոմունիստների հակապետական շարժման դրդիչ և ազդանշան հանդիսացավ Ադրբեջանի Խորհրդայնացումը: Անտարակույս, հայերը տեղյակ էին Ադրբեջանում սպասվող դեպքերին և իրենք էլ պատրաստվում էին այդ ուղղությամբ:

Հայ բոլշևիկները որոշ հույսեր կապում էին և այդ միջոցին Ղարաբաղում զարգացող պատերազմական գործողությունների, ինչպես և ռուս ու մահմեդական տարրերի դժգոհության հետ: Նրանց հաշիվը պարզ էր. շահագործելով սովը, տնտեսական ճգնաժամը, ռուսների ու մահմեդականների կենտրոնախույս բնազդները մի կողմից և մյուս կողմից՝ բոլշևիկների արտաքին ուժն ու կարմիր բանակի հմայքը՝ պայթեցնել Հայաստանի Հանրապետությունը: Զինված ապստամբությունն ու քաղաքացիական կռիվը այդ նպատակին հասնելու ուղիղ ճանապարհն էին:

Ադրբեջանի հեղաշրջումը զուգադիպեց մայիսի մեկի տոնին: Երևանում և Հայաստանի մյուս վայրերում հայ աշխատավորությունը պատրաստվում էր առանձին հանդիսավորությամբ տոնելու աշխատավորների միջազգային համերաշխության օրը: Բոլշևիկները օգտվեցին դրանից և աշխատեցին մայիսյան տոնը վերածել ընդհանուր հակապետական ապստամբության: Երևանում այդ չհաջողվեց, բայց գավառական մի շարք քաղաքներում նրանք ունեցան կարճատև հաջողություն:

Շարժումները զարգացան հետևյալ ձևով: Երևանում Մայիսի մեկը տոնվեց աննախընթաց շուքով: Ամբողջ քաղաքը զարդարված էր կարմիր դրոշակներով, գորգերով ու ծաղիկներով: Վաղ առավոտվանից փողոցները լցված էին խուռն բազմություններով: Հրապարակներն ու Աբովյան պողոտան բռնված էին արհեստակցական միությունների անդամներով, դրոշակներով ու նշաններով: Կազմակերպված թափորին մասնակցում էին բոլոր հոսանքները: Քրիստափորի, Ռոստոմի ու Զավարյանի պատկերների կողքին դրված էին և Լենինի ու Շահումյանի պատկերները: Դաշնակցության նշանախոսքերին ու մակագրություններին զուգընթաց կային և բոլշևիկյան աղմկարար կարգախոսներ: Զորահանդեսից հետո Խորհրդարանի առջև տեղի ունեցավ հրապարակային փառահեղ ժողով, ուր ճառեր արտասանեցին Խորհրդարանի նախագահ Ա. Սահակյանը, արտաքին գործերի նախարար Հ. Օհանջանյանը, վրաց սոցիալ-դեմոկրատ հայտնի գործիչ Ի. Ռամիշվիլին, Սեպուհը և ուրիշներ: Ապա տեղի ունեցավ Երևանի նոր կայարանի հանդիսավոր բացումը, ուր նույնպես արտասանվեցին բազմաթիվ ճառեր: Օրվա ճառախոսների գլխավոր նյութն էր կարմիր գույն առած Ադրբեջանի վերջնագիրը, որ նոր էր ստացվել Երևանում և որով պահանջվում էր երեք օրվա ընթացքում մաքրել Ղարաբաղն ու Զանգեզուրը հայկական ուժերից: Այդ առթիվ ընդունվեց մի բանաձև, որի մեջ ժողովը «հայտնում էր իր բուռն զայրույթը թուրք գյուղացիության և բանվորության անունը շահագործող դահիճներին, որոնք խորհրդային իշխանության և կոմունիզմի անունը օգտագործելով՝ շարունակում են նախորդ կառավարության արյունոտ գործը: Հայաստանի աշխատավորությունը իր եղբայրական ձեռքն է մեկնում Ադրբեջանի աշխատավորությանը և պահանջում է վերջ տալ արշավանքին դեպի Ղարաբաղ և Զանգեզուր՝ թույլ տալով, որ այդ գավառների գյուղացիությունն ու բանվորությունը ինքը ազատորեն արտահայտի իր կամքը: Հայաստանի աշխատավորությունը խորապես հավատալով, որ Ռուսաստանի խորհրդային իշխանությունը թույլ չի տա Ադրբեջանին հարձակողական քաղաքականություն՝ միևնույն ժամանակ պահանջում է իր կառավարությունից անհողդողդ պաշտպանել Հայաստանի և հայ աշխատավորության ազատությունն ու անկախությունը և առաջարկում է արհեստակցական միությունների միության այս բանաձևը անմիջապես հայտնել բոլոր երկրների աշխատավորությանը և խորհրդարանների սոցիալիստական ֆրակցիաներին»:

Բանաձևը, որ առաջարկված էր արհեստակցական միությունների կենտրոնական վարչության կողմից, դնում էր տարբերություն Խորհրդային Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքականության միջև: Թեև հետագա դեպքերը ցույց տվեցին, որ ո՛չ մի տարբերություն չկար: Նա արտահայտում էր այն նպաստավոր տրամադրությունը, որ կար Երևանի արհեստակցական միությունների որոշ մասերում, հատկապես ավտոգարաժի ծառայողների մեջ: Եվ թափորների ու ժողովների ընթացքում էլ փորձեր եղան տոնին տալ բոլշևիկյան բնույթ, նույնիսկ արտասանվեցին հակակառավարական ճառեր, բայց, ընդհանուր առմամբ, ժողովուրդը մնաց անտարբեր բոլշևիկների հանդե հարուցած աղմուկ-ժխորին: Պարզ էր, որ Երևանը բոլշևիկների հետ չէր, բայց անվիճելի էր նաև, որ բոլշևիկյան տարրերն ու տրամադրությունները այնքան էլ արհամարհելի չէին:

Գավառում դեպքերը բոլորովին ուրիշ ընթացք ստացան:

Հիշեցնենք արդեն, որ Ալեքսանդրապոլը կազմում էր բոլշևիկների գործունեության կենտրոնը: Ապրիլի վերջերին այստեղ էին հավաքվել նրանց գլխավոր գործիչներն ու մարտական ուժերը՝ հեղաշրջում առաջ բերելու որոշումով: Մայիսի մեկին տեղի ունեցան բոլշևիկյան բուռն ցույցեր: Ի միջի այլոց հարձակում գործվեց Դաշնակցության ակումբի վրա, պատերից փրցվեցին և ոտքի տակ նետվեցին Քրիստափորի, Զավարյանի և ուրիշների նկարները: Ո՛չ մի կողմից ո՛չ մի դիմադրություն: Տեղական իշխանությունը շվարած չքանում է. դաշնակցականները խուսափում են արյունահեղությունից: Հրապարակը մնաց բոլշևիկներին: Հակապետական շարժման կենտրոն էր «Վարդան Զորավար» զրահանգնացքը:

Լուրը Երևան հասնելու պես՝ զինվորական նախարարը կարգադրեց, որ «Վարդան Զորավարի» պետ գլխապետ Մուսայելյանը գնացքը առնելով՝ մեկնի Ղամարլուի ճակատը: Մուսաելյանը ո՛չ միայն չկատարեց իր բարձրագույն իշխանավորի հրամանը, այլև կարգադրեց, որ Ղամարլուի ճակատից անմիջապես Ալեքսանդրապոլ մեկնի զրահապատ գնացքի մի մասը, որ պահպանում էր Հայաստանի սահմանները Վեդի Բասարի թուրքերի դեմ:

Հրամանը կրկնվեց և սպարապետ զորավար Նազարբեկյանի կողմից, բայց Մուսաելյանը նորից չենթարկվեց: Ընդհակառակը, զրահապատ գնացքի վրա բարձրացրեց բոլշևիկյան դրոշը, որից հետո նույն Մուսայելյանի նախագահությամբ կազմվեց Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտե, որը հայտարարեց իրեն երկրի գերագույն իշխանություն: Ռազմահեղափոխական կոմիտեի մեջ դերերը բաժանված էին հետևյալ ձևով. նախագահ և զինվորական կոմիսար՝ Մուսայելյան, արտաքին գործերի կոմիսար՝ Ավիս Նուրիջանյան, ներքին գործերի կոմիսար՝ Արտաշես Մելքոնյան: Ռազմահեղափոխական կոմիտեն բռնեց Ալեքսանդրապոլի կայարանը, իր կողմը քաշեց տեղական զորքի մի մասը և կտրեց երկաթուղային հաղորդակցությունը դրսի աշխարհի հետ:

Ապա Մուսաելյանը անմիջապես ուղիղ հեռագրաթելով վերջնագիր ուղարկեց Երևան՝ պահանջելով, որ կառավարությունը իրեն հանձնի իշխանությունը: Ռազմահեղափոխական կոմիտեի անունից հեռագրեր տրվեցին Կարս, Սարիղամիշ, Ղարաքիլիսա և ուրիշ վայրեր, որոնցով հայտարարվում էր Հայաստանի խորհրդայնացումը և զինվորական ու քաղաքացիական իշխանություններին հրահանգվում էր ճանաչել նոր վարչաձևը:

Այս հեռագրերը արձագանք գտան գլխավորապես զորամասերի և այլազգիների մեջ: Ալեքսանդրապոլից ստացված հրամանի վրա, մայիսի 9-ին, գլխավորապես ավտոգարաժի ծառայողներից, ռազմահեղափոխական կոմիտե ստեղծվեց Կարսում, որ մի գրությամբ դիմեց նահանգապետ Ղորղանյանին, բերդապետ Փիրումյանին և քաղաքագլուխ Նորհատյանին՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կտրել ամեն կապ Երևանի հետ, ճանաչել Ալեքսանդրապոլի խորհրդային կառավարությունը և շարունակել իրենց պաշտոնավարությունը: Նման կարգադրություն հասավ և Մուսաելյանից  ու Մելքոնյանից: Ըմբոստների կողմն անցան և բերդի զորքերի մի մասը և մոլոկան ու հույն բնակչությունը: Երկու օր քաղաքը մնաց խռովարարների ձեռքը:

Կարսից շարժումը փոխադրվեց Սարիղամիշ ու Կաղզվան: Դրսից եկած բոլշևիկների ազդեցության տակ Սարիզամիշի զորքի փոքր մասը կազմեց հեղափոխական կոմիտե և փորձեց առնել իշխանությունը: Զինվորների մեջ կարգապահությունը խանգարվեց: Հեղափոխական կոմիտեն փորձեր արեց հարաբերության մեջ մտնելու և «եղբայրանալու» սահմանի վրա գտնվող թուրք զինվորների հետ:

Ավելի աղմկահույզ եղան դեպքերը Նոր Բայազետում: Մայիսի 13-ին, բոլշևիկների գրգռումով Բասար-Գեչարում կանգնած Համազասպի գնդի կամավորների մի մասը ըմբոստացավ և դիրքերը լքելով՝ գնաց Ղարանլուխ, որ շրջանի զինվորական կենտրոնն էր: Այստեղ խռովարարներին միացան տեղի զինվորները: Ըմբոստացած զորքի գլուխը անցավ ուսուցիչ Սարուխանյանը, որ գրգռիչ ճառերով դրդեց ամբոխին տապալելու կառավարությունը: Զինվորները ձերբակալելով զորքերի հրամանտար զորավար Սիլիկյանին և ամբողջ սպայությունը՝ աղմուկով շարժվեցին դեպի Նոր Բայազետ և փոքրիկ ընդհարումից հետո գրավեցին քաղաքը մայիսի 17-ին:

Այսպիսով, գրեթե միաժամանակ և միևնույն ձևով, Հայաստանի զանազան կողմերում բռնկվեցին ապստամբություններ: Ամեն տեղ ապստամբությունը կրում էր զինվորական բնույթ: Տեղ-տեղ միայն միացան և բանվորները: Պարզ էր, որ շարժումը կազմակերպված էր նախօրոք. տևական աշխատանք էր թափված բանակում և բանվորության մեջ: Շարժման ղեկավարները հույս ունեին, որ կարմիր բանակը կհասնի իրենց օգնության: Ապստամբները բոլոր տեղերում միևնույն նշանախոսքերն էին գործածում. Ռուսաստանի կարմիր բանակը գալիս է ժողովրդին ազատելու «դաշնակների լծից », եղբայրական Ռուսաստանը հաց է ուղարկվում սովահար Հայաստանին, արդեն Բաքվից դեպի Հայաստան են շարժվել ալյուրով և նավթով  բեռնված գնացքները և այլն: Շատ գրավիչ  խոստումներ, և բոլշևիկները լավ էին հաշվել ամբոխային հոգեբանությունը: Սակայն, դեպքերը ստացան բոլորովին տարբեր ընթացք:

Հայաստանի բոլոր կողմերից հասնող հեռագրերը խռովությունների և ապստամբությունների մասին մի պահ շփոթեցին Երևանի ղեկավար շրջաններին: Ակներև էր, որ կառավարական մեքենան ի վիճակի չէր բռնկված հրդեհը մարելու: Ճիշտ է, ապրիլի 3-ին կատարվել էր նախարարության մասնակի լրացում. կառավարության մեջ մտցվել էին Ա. Ջամալյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Ս. Վրացյանը, որով ՀՅԴ բյուրոյի անդամների մեծ մասը դառնում էին նախարար, բայց կառավարելու եղանակը՝ խորհրդարանական դանդաղաշարժ մեքենայով՝ չէր համապատասխանում վայրկյանի պահանջին: Անհրաժեշտ էր արագաշարժ ու վճռական իշխանություն: Հարկավոր էին կտրուկ միջոցներ: Այդ կարող էր տալ միայն ՀՅ Դաշնակցությանը:

Մայիսի 5-ին գումարվեց Խորհրդարանի արտակարգ նիստը, որը ընդունեց Ա. Խատիսյանի նախարարության հրաժարականը և նշանակեց նոր կառավարություն. ՀՅ Դաշնակցության բյուրոն իր ամբողջ կազմով անցավ իշխանության գլուխը:

Բյուրո-կառավարության կազմն էր. վարչապետ և արտգործնախարար՝ Հ. Օհանջանյան, ներքին և զինվորական՝ Ռ. Տեր-Մինասյան, ելևմտական՝ Ա. Գյուլխանդանյան, հաղորդակցության՝ Ա. Ջամալյան, գյուղատնտեսության, պետական գույքերի և աշխատանքի՝ Ս. Վրացյան, խնամատարության՝ Ս. Արարատյան, հանրային կրթության և արվեստի՝ Գ. Ղազարյան:

Փաստորեն, հայտարարվում էր Դաշնակցության դիկտատուրա: Խորհրդարանը մի ամսով դադարեց:

Նոր կառավարությունը անմիջապես հայրենիքը հայտարարեց վտանգի մեջ և ժողովրդին ուղղեց հետևյալ կոչը.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.

«Քաղաքացինե՛ր.

Հերոսական պայքարով և անօրինակ զոհողությամբ հայ աշխատավոր ժողովուրդը տիրացել է անկախության և ազատության և միացնելով բռնավորների կամքով դարեր շարունակ իրարից բաժանված հայրենիքի երկու հատվածները՝ հիմք է դրել պետական առաջադեմ շինարարության: Հայաստանի խորհրդարանի և կառավարության ամբողջ մտահոգությունն է եղել ապահովել աշխատավոր ժողովրդի ֆիզիկական գոյությունը ու սոցիալական անարգել զարգացումը և անսասան պահել հանրապետական դեմոկրատիկ իրավակարգը:

Քաղաքացինե՛ր, այսօր, Հայաստանի ժողովրդի այս բախտորոշ վայրկյանին, նորից ամպեր են կուտակվում մեր երկրի գլխին: Մահվան ճիրաններում պայքարող տաճիկ փաշաները մի կողմից և բոլշևիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանյան խաները մյուս կողմից՝ նորից սպառնում են Հայաստանի անկախությանը և ազատությանը: Գիտակցաբար կամ անգիտակցորեն նրանց օգտին են գործում և մի շարք տարրեր երկրի ներսում, որոնք աշխատում են օգտագործել պարենավորման ճգնաժամին ու ժողովրդի հոգնածությունը, որպեսզի առաջ բերեն անկարգությունները և իրենց նեղ եսական տենչերին հագուրդ տան:

Եվ այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերն ու հրոսախմբերը շարունակում են արյունահեղությունը Ղարաբաղում և Գանձակում, այն ժամանակ, երբ տաճիկ ասկյարները շարժումներ են անում Շարուրի և Նախիջևանի շրջաններում և հրդեհում հայ գյուղերը, զանազան անպատասխանատու խմբակներ վերջ չեն տալիս իրենց գրգռիչ ընթացքին և կամենում են պառակտում առաջ բերել երկրի մեջ, առանց հաշվի առնելու, որ ամեն մի խլրտում առաջ կբերի անիշխանություն ու պարենավորման սուր տագնապ և կզրկի ժողովրդին ապրուստի միջոցներից:

Քաղաքացինե՛ր, Հայաստանը կարիք ունի հանգստի և համերաշխության. ո՛չ մի հուզում, ո՛չ մի խլրտում՝ ամեն ոք պետք է գտնվի իր գործի և պաշտոնի գլխին: Զինված խորհրդարանից ստացած արտակարգ լիազորություններով՝ կառավարությունը դիմում է ձեր քաղաքացիական գիտակցությանը և հրավիրում ամենքիդ, հայ ժողովրդի գոյության այս ճգնաժամային վայրկյանին, համախմբվել կառավարության շուրջը, որի նշանաբանն է՝ Հայաստանի անկախության և ազատության պաշտպանությունն ու ներքին դեմոկրատիկ կադրերի ամրապնդումը: Այս նպատակներն իրագործելու համար կառավարությունը չի խնայի և ո՛չ մի ճիգ, և նա կհաղթի ձեզ հետ և ձեզ համար:

Նախարարապետ և արտաքին գործերի նախարար՝ Հ. Օհանջանյան

Զորական և ներքին գործերի նախարար՝                    Ռ. Տեր-Մինասյան

Գյուղատնտեսության և աշխատանքի նախարար՝     Ս. Վրացյան

Ֆինասնսների և արդարադատության նախարար      Ա. Գյուլխանդանյան

Հաղորդակցության նախարար՝                                     Ա. Ջամալյան

Հանրային կրթության և արվեստի նախարար՝            Գ. Ղազարյան

Խնամատարության և վերաշինության նախարար՝      Ս. Արարատյան»:

Միևնույն ժամանակ հայտարարվեց բոլոր դաշնակցականների ընդհանուր զորաշարժ: Ամեն կողմ ուղղարկվեցին դաշնակցական հայտնի գործիչներ՝ լայն լիազորություններով: Ամեն տեղ սկսվեցին կազմվել կամավորական գնդեր: Ալեքսանդրապոլը վերագրավելու համար կազմվեց առանձին մի զորամաս, որի գլուխ դրվեց ժողովրդական խմբապետ Սեպուհը: Արագությամբ շարժման մեջ դրվեցին և կանոնավոր զորամասերը: Հիմնվեց արտակարգ դատարան, և, առհասարակ, երկիրը դրվեց արտակարգ վիճակի մեջ: Կառավարությունը հայտնաբերեց բացառիկ եռանդ և կարճ ժամանակում ստեղծեց հասարակական բարձր տրամադրություն:

Հասարակական կարծիքը ամբողջապես վավերացնում էր կառավարական քայլերը: Քաղաքական կուսակցությունները, պետական և տեղավարական հիմնարկությունները, հանրային կազմակերպություններն ու անհատ քաղաքացիները իրենց դնում էին կառավարության տրամադրության տակ: Նման չեղած ոգևորություն ու եռուզեռ էր սկսվել մայրաքաղաքում ու գավառներում: Հայ սոցիալ-դեմոկրատների Հայաստանի բանվորներին, գյուղացիներին և քաղաքացիներին ուղղած մայիսի 14-ի կոչը հետևյալ ձևով էր արտահայտում այն օրերին հասարակական տրամադրությունը:

«Պատահեց այն, ինչ ամենից քիչ սպասելի էր և ամենից շատ դատապարտելի:

Բաքվի քաղաքական կոմեդիան վերածվեց Ալեքսանդրապոլի ողբերգության. իսլամական խաբուսիկ կոմունիզմից նվաճվեց ստրկամտորեն հայկական բերդը, հայության օրրանը:

Մի խումբ ստորահոգի բախտախնդիրներ հանդգնեցին բարձրացնել քաղաքացիական կռվի արյունաշաղախ դրոշը, ապստամբել հայ ժողովրդի ինքնորոշման կամքի դեմ և ճեղքել հայ դեմոկրատիայի ներքին մի ուրույն ճակատը»:

Դաշնակցած բոլշևիզմն ու պանիսլամիզմը, ծափ զարկեցին, որովհետև նրանց հոգեվաճառ ագենտներին հաջողվել էր անգամ ծվատված երկիրը, արյունաքամ ժողովուդը, որբերի ու գաղթականների տխուր հայրենիքը Մոսկվայի և Էրզրումի քաղաքագետների դիվիզիայի ծրագրերին ենթարկելու փորձեր անել:

Բանվորնե՛ր, ընկերնե՛ր և քաղաքացինե՛ր:

Զրահապատ գնացքի մեջ պատսպարված մի խումբ անորսալի ոճրագործներ՝ պարզելով «Խորհրդային Ռուսաստանի» դրոշակը՝ ամենամեծ դավը նյութեցին հայ ժողովրդի դեմ այն վայրկյանին, երբ նրա ֆիզիկական գոյությունը մահացու չափ վտանգված է ողջ շրջապատից և երբ նրա քաղաքական բախտը խելագար արարքով օգնում են միայն արտաքին թշնամիներին՝ թե՛ Հայաստանը օղակող թուրք-թաթարական սպառազեն բանդաներին և թե՛ Պոլսի քաղաքագետներին:

Բանվորնե՛ր, ընկերնե՛ր և քաղաքացինե՛ր:

Ամեն մեկիդ սրբազան պարտականությունն է այս ծանր օրերին ձեր ուժի և եռանդի, շնորհքի և ընդունակության մաքսիմումը նվիրաբերել վտանգված հայրենիքի պաշտպանության գործին: Բոլոր նրանք, որոնց մեջ առկայծում է պատասխանատվության վառ զգացմունքը մի բուռ դժբախտ ժողովրդի գոյության և նրա գերազանցորեն արդար դատի համար, պե՛տք է ոտքի ելնեն որպես ծառացած ըմբոստություն, և աջակցեն Հայաստանի կառավարության՝ բնի մեջ խեղդելու համար այն հայրենադավ ոճրագործների ապստամբությունը, որոնք փորձում են փորփրել մեր դեմոկրատական իրավակարգի հիմքերը և մտցնել բռնապետական-տեռորիստական արդեն դատապարտված վարչաձևը:

Թո՛ղ կորչեն պետական ոճրագործները և բոլոր հակապետական տարրերը:

Կեցցե՛ սոցիալիզմը և դեմոկրատիզմը Հայաստանում:

Հայաստանի սոցիալ-դեմոկրատ բանվորական կուսակցության Երևանի կոմիտե»:

Ժողովրդին հորդոր ուղղեց և Ամենայն Հայոց կաթողիկոսը.

«Նոքա, որոնք վտանգ չեն տեսնում արևելքից և արևմուտքից, նոքա, որոնք չտեսնողս են ձևանում, որ մեր տան մեջ մեր դեմ դավեր են լարում՝ պայթեցնելու անկախ Հայաստանի գաղափարը, նոքա, որոնք չեն տեսնում հայաջինջ ծրագրերի քայլ առ քայլ և հետևողական իրագործումը, զգո՞ւմ են, թե ինչ պատասխանատվություն է ծանրանում նոցա հանդեպ պատմության առաջ: Այս րոպեիս, երբ ամենքիս պարտականությունն է համախմբվել ո՛չ միայն հայրենիքի պահպանության և վերաշինության գործի շուրջը, այլ, նամանավանդ, հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելու դժվարին աշխատանքի շուրջը. ցավալի է տեսնել ներքին երկպառակտությունները:

Մենք, ինչպես և մեր երջանկահիշատակ նախնիները, որ աշխատանք ենք թափել տաճկահայ դատի համար լավ օրերի հույսի ակնկալությամբ, չենք կարող անտարբեր մնալ այս նեղ րոպեներին, և երբ վտանգված են տեսնում հայրենիքի միության գործը, բայց, նամանավանդ, հայ ազգի ֆիզիկական գոյության ճգնաժամային գործը, իբր ընդհանրական հայրապետ, մեր սրբազան պարտքն ենք համարում այս ծանր, կասենք օրհասական րոպեներին հայրական խրատով դիմել բոլորին և զգաստության կոչ անել՝ հա՛յ ժողովուրդ, համախմբվի՛ր քո հայրենի հանրապետության պահպանության գործի շուրջը. դա է քո հայրենիքի փրկության միակ ճանապարհը: Վտանգը և խիստ ծանր վտանգը քո դռանն է, հայ ժողովուրդ, զգույշ եղիր և պատմության առաջ ծանր պատասխանատվության բեռի տակ մի՛ ընկնիր»:

Նույնքան վճռական են և Անկուսակցականների միության, Հայ ժողովրդական կուսակցության և Հայ Ռամկավար կուսակցության ու Հայաստանի խորհրդի կոչերը՝ անվերապահ դատապարտություն բոլշևիկների սկսած ապստամբության և ջերմ հրավեր աջակցելու կառավարության՝ ճնշելու համար այդ ապստամբությունը: Անկուսակցականների միությունը բոլշևիկներին անվանում է «հայրենիքի գաղափարը ժխտող չարագործներ», «ազգի մատնիչներ և դավաճաններ»: «Մեզ՝ անկուսակցականներիս համար ոչ մի կասկած չկա և կարող էլ չի լինել, որ Մելքոնյանները, Նուրիջանյանները, Մուսաելյանները և նրանց ընկերները հայ ազգի դավաճաններ են»: «Անկուսակցականների միությունը իր լիովին վստահությունն է հայտնում կառավարությանը և հավատում է, որ վերջինս կանգ չի առնելու վճռական և կտրուկ միջոցների առաջ, որպեսի ապագայում անհնար դարձնեն մեր մեծ ու փոքր Վասակների չար դավերը»:

Ուշագրավ էր Ռամկավար կուսակցության կոչը. «Մեր ավերակ և քանդված հայրենիքի մեջ, ասված էր այնտեղ, հայ ժողովուրդը բնաջնջող, մեզ կոտորող, մեր հայրենյաց լեռ ու ձոր, գետն ու վտակը հայ արյունով ներկող Իթթիհատ կուսակցությունը, որ Նուրի ու Խալիլ փաշաներու միջոցով փոխադրված էր Ադրբեջան, գառան մորթը վրան առած՝ մի օր, հանկարծ, Բաքվի մեջ հայտարարեց խորհրդային իշխանություն և առաջին օրն իսկ իր նշանավոր ուլտիմատումով պահանջեց հայկական հանրապետութենեն երեք օրերուն հանձնել Ղարաբաղն ու Զանգեզուրը և իր զորախմբերն արդեն շարժման մեջ դրավ Հայաստանի վրայեն երթալ միանալու Մուսթաֆա Քեմալ փաշայի հետ, որը մինչև այժմ կշարունակե ջարդել տասնյակ հազարավոր հայեր Կիլիկիո մեջ, հակառակ մինչև իսկ ֆրանսիական բանակի ցույց տված պաշտպանության:

Խելագար և երկու աչքերով կույրը միայն կարող էր չտեսնել այս կերպով հայկական հանրապետության ընդհանրապես և Թուրքահայաստանի մասնավորապես սպառնացող նոր վտանգը. և, սակայն, գտնվեցան հայ անուն կրող մարդեր և հայ իրականության մեջ գործող, բայց հայ ոգիին ու զգացումներուն խորթ խմբակներ, որոնք փոխանակ Հայաստանի սահմանները պաշտպանելու այդ վտանգին դեմ, կողմնակից հայտարարեցին զիրենք այդ հայադավ շարժման և Ալեքսանդրապոլի ու Կարսի մեջ դիմեցին եղբայրասպան կռվի:

Այդ խելագարները ո՛չ միայն չմտածեցին, որ այդ կերպով վերջին անբուժելի հարվածը կուտան լուծման օրերու մեջ գնտվող հայկական հարցին, այլ մինչև անգամ հոգ չըրին, որ երկրի սահմանները կբանան և կհրավիրեն տաճիկ-Ադրբեջանյան գառնազգեստ գայլերը, որպեսզի մնացյալ հայության դիակներու վրայեն երթան ու միանան մեր դարավոր թշնամիին, Էնվերի ու Թալեաթի հարազատ հաջորդ Մուսթաֆա Քեմալին:

Տարակույս չկա, որ ամեն հայ մարդ, որ իր երակներու մեջ հայ արյուն կկրե և ի գլխուն մեջ փոքր-ինչ խելք ունի, կդատապարտեն այդպիսի խելագար շարժումը, ևս առավել թուրքահայերս, որ անոր անմիջական հետևանքները կկրենք: Այդ շարժումն ինչ տեսակ շարժառիթներ ալ ունեցած լինի, չի կրնար արդարանալ, և մենք մասնավորապես պետք է ծառանանք անոր դեմ և մեր բոլոր ուժերը ի սպաս դնենք կառավարության՝ իր բնի մեջ խեղդելու զայն և շեղեցնելու իր ոճրապաշտ նպատակեն:

Հայ Ռամկավար կուսակցությունը, մանավանդ, որ տոգորված է եղած միշտ հայ ազգի կրած տառապանքներով, որ կեցած է այն ուղիին վրա, որ նախորդ բազմահազար նահատակներն իրենց արյունով գծած են նորա առաջ, ամենեն ավելի իրավունք ունի զայրույթով մերժելու այդ հայրենադավ ոճիրը, դատապարտելու անոր հեղինակները՝ միաժամանակ իր ուժերը տրամադրելով հայրենիքին սպառնացող ներկա վտանգին հանդեպ:

Բնա՛վ չենք կասկածեր, որ այդպես կմտածեն նաև բոլոր մեր ընկերները և բոլոր անոնք, որ հայ անուն և հայ զգացում կկրեն:

Կորչի՛ եղբայրադավ և հայրենադավ ոճիրը:

Կեցցե՛ հայ ոգին:

Կեցցե՛ միացյալ և անկախ Հայաստանը»:

Հայ ժողովրդական կուսակցությունը ևս, որ մինչև այդ շատ բուռն կերպով քննադատում էր կառավարության գործերը, մայիսի 6-ին մի նամակ ուղղեց նախարարապետին, որի մեջ հայտնում էր. թե «Հայ ժողովրդական կուսակցության Կենտր. կոմիտեն միաձայն որոշեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյության և ազատության սպառնացող խոշոր վտանգի հանդեպ ցույց տալ Հայաստանի կառավարության եռանդուն աջակցություն՝ պաշտպանելու իրավակարգը երկրում և պաշտպանելու Միացյալ Հայաստանի անկախությունը ամեն տեսակ ոտնձգություններից»:

Այս ինքնաբուխ հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի բոլոր կողմերից տեղացող հակաբոլշևիկ հեռագրերը ցույց էին տալիս, որ ժողովուրդն ու կառավարությունը ապրում ու զգում էին միևնույն ձևով: Եվ կառավարությունը՝ հենված երկրի բացարձակ վստահության վրա, անցավ վճռական գործի:

Քաղաքացիական կռվից ու արյունահեղությունից խուսափելու նպատակով՝ կառավարությունը փորձեց խաղաղ միջոցով կարգադրել խնդիրը: Վարչապետը մի հեռագիր ուղղեց Մուսաելյանին և բացատրելով երկրի ծանր դրությունը ու ներքին ընդհարումներից ծագելիք աղետը՝ առաջարկեց վերջ տալ ըմբոստությանը՝ խոստանալով միաժամանակ, որ հանցավորները կարժանանան ներման: Ռազմահեղափոխական կոմիտեն, ի պատասխան այս դիմումի, ուղղեց մի հայհոյալից հեռագիր, որի մեջ ասում էր, թե ինքն իրեն Հայաստանի կառավարություն հորջորջող մարմինը ավազակների և մարդասպանների մի խումբ է և որ Հայաստանի օրինավոր կառավարությունը Ալեքսանդրապոլի Ռազմահեղափոխական կոմիտեն է, որին արդեն ճանաչել է ամբողջ երկիրը և որը պահանջում է Երևանի կառավարությունից էլ անհապաղ ճանաչել իր իշխանությունը՝ սպառնալով, հակառակ պարագային, ընդդիմացողներին պատժել հեղափոխական ժամանակի օրենքներով:

Կառավարությունը տեսնելով, որ բոլոր ճիգերն անցան ապարդյուն, ապստամբների դեմ շարժեց զինված ուժեր: Կանոնավոր զորամասերին միացան ամեն կողմից հասնող կամավորական խմբեր: Մայիսի 13-ի լուսաբացին Անի և Ադին կայարանների միջև, Մուսայելյանի զրահապատ գնացքը հարձակվեց կառավարական զորքերի վրա: Տեղի ունեցավ տաք կռիվ, որի ընթացքում, ապստամբներից վիրավորվեց 6 հոգի, որոնց մեջ և Մուսայելյանի օգնական սպա Եվանգուլյանը: Զրահապատը չդիմացավ և փախուստի դիմեց՝ ճանապարհի կամուրջները պայթեցնելու փորձեր անելով:

Այս անհաջող կռվից հետո Ռազմահեղափոխական կոմիտեի ներքին գործոց կոմիսար Ա. Մելքոնյանը ուղիղ հեռագրաթելով դիմեց Երևան, և հետևյալ բնորոշ խոսակցությունը տեղի ունեցավ նրա և ներքին գործոց նախարարի օգնական Ս. Թորոսյանի միջև.

Ա. Մելքոնյան. «Ես՝ բժ. Արտաշես Մելքոնյանս առաջարկում եմ կարգադրել դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի կողմերը կարողանան խաղաղ հանգամանքներում համաձայնության գալ մի քանի ընդհանուր շատ կարևոր հարցերում»:

Ս. Թորոսյան. «Մենք ձեզ կողմ չենք ճանաչում, այլ մի խումբ ավանտյուրիստներ, որոնք դավաճանելով հայ ժողովրդին՝ խառնակություններ են սերմացնում: Մենք գիտենք, որ ձեզ հետ չէ նաև Ալեքսանդրապոլի զորքը: Ձեզ մի խումբ բախտախնդիրներիդ հետ՝ վարվելու ենք իբրև խառնակիչների: Արդեն գիտենք, որ դուք ջարդվել եք ու նեղն ընկած՝ խաղաղության մասին եք խոսում: Դուք, պարոն Մելքոնյան, իբրև խորհրդարանի անդամ կրկնակի դավաճանություն եք գործում և արժանի հատուցումը կստանաք: Ձեզ համար փրկության մի միջոց կա՝ անձնատուր լինել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և նրա գթությանը դիմել»:

Ա. Մելքոնյան. «Ես խոսում եմ իբրև միջնորդ ձեր և Ալեքսանդրապոլի միջև, ուր հայտարարված է խորհրդային իշխանություն և որի կողմն են Կարսի և Սարիղամիշի զորքերը: Գյուղացիական զանգվածները բռնված են քաղաքացիական կռվով, և ես ուժ չունեմ, անզոր եմ անխուսափելի արյունահեղությունների առաջն առնելու: Որպեսզի ընդհանուր լեզու գտնենք և խուսափենք ավելորդ արյունահեղությունից, անհրաժեշտ է, որ դադարեցվեն ռազմական գործողությունները և երկու կողմից ուժ գործադրենք ելք գտնելու համար»:

Ս. Թորոսյան. «Կարսից և Սարիղամիշից մի շարք հեռագրեր ունենք, այնտեղ ամբողջ զորքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմն է և այդպես էլ կմնա, որովհետև փորձված և իմաստուն հայ ժողովուրդը ավանտյուրիստների հետևից չի գնա: Ինչ  վերաբերվում է ձեր այն ստին, որ գյուղացիական զանգվածները բռնված են քաղաքացիական կռվով, պիտի ասեմ, որ հայ գյուղացին դատարկ բաներով զբաղվող չէ: Մեր կողմից ոչ ոք ձեզ չի լիազորել միջնորդի դեր ստանալու, որովհետև մենք ո՛չ բանակցություններ ենք վարում բախտախնդիր մարդկանց հետ և ոչ էլ ձեզ նման միջնորդի կարիք ունենք մեր իսկական ներկայացուցիչներին շուտով կտեսնեք Ալեքսանդրապոլում: Եթե հայ արյուն է թափվում, մենք գիտենք, թե ում հանցանքի պատճառով այդ»:

Եվ, հիրավի, ապստամբների վիճակը լավ չէր Ալեքսանդրապոլում: Շարժման սկզբին նրանց էր հարել և զորքի մի մասը: Սպայությունը՝ զորքի ամբողջությունը փրկելու և ներքին կռիվների պատճառ չտալու հաշվով, նույնպես ճանաչել էր Ռազմահեղափոխական կոմիտեի իշխանությունը։ Բանակն իր կողմը գրավելուց հետո՝ Ռազմահեղափոխական կոմիտեն իր իշխանությունը տարածել էր և քաղաքի վրա, ուր հին պաշտոնեությունը հայտարարվել էր հեռացած և ներքին գործոց կոմիսար Մելքոնյանի կողմից նշանակված էին նոր կոմիսարներ. անասնաբույժ Պրիբիլսկի՝ ինքնապաշտպանության շտաբի պետ, Սիկորսկի՝ թնդանոթաձիգների կոմիսար, Ամատունի (հնչակյան)՝ քաղաքային միլիցիայի պետ, Լևոն Սարգսյան՝ պարենավորման կոմիսար, Կոչուբինսկի՝ Կազաչի պոստի պետ և այլն: Այս կոմիսարները փաստորեն ո՛չ մի ազդեցություն չունեին, որովհետև քաղաքի ազգաբնակչությունը հենց սկզբի օրերից թշնամական դիրք բռնեց դեպի ըմբոստները: Բազմամարդ ժողովների մեջ քաղաքացիները դատապարտեցին խռովարարների ընթացքը և նույնիսկ փորձեր արեցին գրավելու կայարանը, բայց զրահապատի թնդանոթները արգելք եղան: Քաղաքացիների այս վերաբերումը անդրադարձավ և զորքի տրամադրության վրա: Հետզհետե ամենքը տեսան, որ ապստամբները, իրոք, մի խումբ բախտախնդիրներ են, որոնց ուժն ու իշխանությունը զրահապատի սահմաններից դուրս չի տարածվում:

Ա. Մելքոնյանի փորձի վիժումից հետո ապստամբները Լ. Սարգսյանից  ու Հ. Չոլախյանից կազմված հատուկ պատվիրակություն ուղարկեցին կառավարական զորամասի հրամանատար Սեպուհի մոտ: Պատվիրակությունը խնդրեց առաջխաղաղացումը դադարեցնել և իրեն արտոնություն տալ գնալու Երևան՝ կառավարության հետ բանակցելու համար: Զորամասի պետը, կառավարության հրահանգն ստանալուց հետո, հայտնեց, որ ինքը լիազորություն ունի հարցը տեղն ու տեղը վճռելու և առաջխաղացումը չի կանգնեցնի, սակայն, պատրաստ է հարցը առանց կռվի լուծելու պայմանով, որ ամենաուշը մինչև մայիսի 14-ի առավոտյան ժամը 6-ը Ռազմահեղափոխական կոմիտեն անձնատուր լինի և զրահապատ գնացքը հանձնի անվնաս:

Մայիս 13-ի գիշերը ապստամբները թողեցին զրահագնացքը և փախան՝ ոմանք դեպի Աղբաբա՝ թուրքերի մոտ, ոմանք պահվեցին քաղաքում: Մայիսի 14-ի առավոտյան հանրապետական զորքերը, առանց կռվի մտան քաղաք և խանդավառ ընդունելություն գտան ազգաբնակչության կողմից: «Վարդան Զորավարի» վրա բարձրացավ հանրապետական դրոշը: Բոլոր զորամասերը միացան ատրճանակի մի քանի հարվածներով, փողոցում, սպանվեց զորավար Խաչատրյանը, որ անցել էր բոլշևիկների կողմը: նույն օրն ևեթ ձերբակալվեցին փախստական կոմիսարներ Մուսայելյանը, Մելքոնյանը և ուրիշներ: Ավիս Նուրիջանյանին հաջողվեց ճողոպրել: Ձերբակալվածներին հանձնեցին արտակարգ դատարանին:

Ավելի կարճ տևեց Կարսի «Ռազմահեղափոխական կոմիտեի» կյանքը: Մայիսի 10-ին Խորհրդարանի անդամ Ն. Աղբալյանը զորքի և հասարակության խուռն բազմության առաջ մի կուռ դասախոսություն կարդաց «ներկա մոմենտի մասին», որ ահագին տպավորություն թողեց ունկնդիրների վրա: Հաջորդ օրը, ժողովուրդն ու զորքը շրջապատեցին ավտոգարաժը, ուր ամրացել էին բոլշևիկները, և պահանջեցին վերջ տալ ապստամբությանը: Ապստամբները ապաստանեցին «Ալեքսանդր Բ» ամրոցը, որտեղից սկսեցին թնդանոթ պարպել քաղաքի վրա: Մայիսի 12-ին ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե», որ իր ձեռքն առավ քաղաքի բովանդակ իշխանությունը: Հայրենիքի փրկության կոմիտեի ղեկավարությամբ ժողովրդական բազմահազար բազմությունը «Մեր հայրենիք» երգելով շարժվեց դեպի ապստամբները, որոնք դիմավորեցին հրացանային ու թնդանոթային կրակով: Գազազած ամբոխը խլեց բոլշևիկների գնդացիրներն ու զինված ինքնաշարժը և առավ մի շարք գերիներ: Բոլշևիկները, որոնց թիվը մի քանի տասնյակից չէր անցնում, համառ դիմադրություն ցույց տվեցին՝ պահանջելով իրենց հանձնել քաղաքի և բերդի իշխանությունը: Մայիսի 13-ին, երբ Հայրենիքի փրկության կոմիտեն պատրաստվում էր վերջնական գրոհով գրավել ամրությունը, պարզվեց, որ ապստամբները գիշերը բեռնակիր ինքնաշարժով փախել են Ալեքսանդրապոլի ուղղությամբ: Իսկույն հետապնդում կազմակերպվեց և Արգինա գյուղի ջրաղացների մոտ տեղի ունեցավ տաք կռիվ փախստականների և հետապնդողների միջև. բոլշևիկներից սպանվեցին 10 և ձերբակալվեցին 7 հոգի. մյուսները կարողացան փախչել: Ձերբակավեցին նաև ռուս, թուրք և հույն ազգային խորհուրդների անդամները, որոնք իրենց միացյալ ժողովում որոշել էին և արձանագրություն կազմել բոլշևիկների հետ համագործակցելու մասին: Ձերբակալվածները հանձնվեցին արտակարգ դատարանին:

Ալեքսանդրապոլի և Կարսի դեպքերը վճռական նշանակություն ունեցան և Սարիղամիշի համար: Երբ այնտեղի ապստամբները իմացան, որ Կարսի շարժումը ճնշված է, փորձեցին փախչել, բայց ձերբակալվեցին: Խռովարարների կողմը անցած զինվորները «Մեր Հայրենիք» երգելով գնացին և միացան կառավարական զորքերին: Ձերբակալվածները հանձնվեցին արտակարգ դատարանին:

Նույնը եղավ վախճանը և Նոր Բայազետի ընբոստների: Իշխանությունն իրենց ձեռքն առնելուց հետո՝ բոլշևիկները սկսեցին բռնություններ գործ դնել հակառակ նկատված քաղաքացիների վերաբերմամբ, թալանեցին պետական գանձատունը, պահեստները և մասնավոր քաղաքացիների բնակարանները: Հեղաշրջման օրը քաղաքից հեռացած իշխանությունը, օգնական ուժեր ստանալով, մայիսի 19-ին վերագրավեց քաղաքը, և ազատ արձակեց բանտարկվածներին: Կռվի ժամանակ սպանվեցին 2 խռովարարներ և վիրավորվեցին 3-ը, կառավարական զորքերից սանվեց 1 հոգի և վիրավորվեց 2-ը: Բռնվեց և պարագլուխ Սարուխանյանը, որը մյուս ձերբակալվածների հետ հանձնվեց արտակարգ դատարանին:

Այսպիսով, երկու շաբաթվա ընթացքում կառավարությունը ամբողջ երկրում վերջ տվեց ապստամբական շարժմանը: Հայաստանից փախած բոլշևիկները մեծ իրարանցում առաջ բերեցին Ադրբեջանում։ Դիմումներ արեցին 11-րդ բանակին, հեռագրեր ուղարկեցին Մոսկվա՝ ջանալով ամենքին հավատացնել, որ Հայաստանում կոմունիստների կոտորած է կատարվում և որ արդեն սպանվել են հազարավոր մարդիկ: Միաժամանակ, ադրբեջանյան իշխանության օգնությամբ Ղազախի շրջանում հավաքվեցին հայ ու մոլոկան փախստականներից խմբեր և պատրաստվում էին հարձակվելու Հայաստանի վրա: Մայիսի 21-ին, երբ ապստամբությունն արդեն ամեն տեղ համարվում էր ընկճված, հանկարծ, Ղազախի կողմից, կարմիր դրոշակներով, առաջ շարժվեցին բոլշևիկյան ուժեր և առանց կռվի մտան Իջևան: Եկողներին միացան և որոշ քանակությամբ տեղացիներ: Զորքը չդիմադրեց: Բոլշևիկները ձերբակալեցին ներքին գործոց նախարարի օգնական Սարգիս Մանասյանին, զորքերի հրամանատար զոր. Բաղդասարյանին, Իջևանի գավառի ինքնավարության նախագահ Ն. Ջաղեթյանին, Մ. Սարատիկյանին և ուրիշ պաշտոնյաների ու սպաների և տարան Բաքու: Ապա անցան Դիլիջան և առանց արգելքի հանդիպելու գրավեցին քաղաքը: Սակայն, շուտով օգնության հասան կառավարական զորքեր ու կամավորական խմբեր, որոնք, զինված ժողովրդի հետ միասին, հարձակվեցին թշնամու վրա, որը խուճապով դիմեց փախուստի՝ թողնելով սպանված իր պարագլուխ Հակոբջանյանին: Այս առթիվ կուսակցությունները բաց թողին հետևյալ հավաքական կոչը.

«Հայաստանի քաղաքացինե՛ր, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի խռովություններին հետևեց Դիլիջանի գավառը: Ներքին ոճրագործ տարրերի պետական դավաճանությանը հաջորդեց արտաքին նույնօրինակ տարրերի անհանդուրժելի արշավանքը դեպի մեր երկրի խորքերը:

Մեր հայրենիքի ներքին ու արտաքին թշնամիները միացած՝ դիվային ծրագրեր են որոճում Հայաստանի ազատության և անկախության դեմ: Հայ ժողովուրդը, որի ինքնորոշված կամքի մարմնացումն է կազմում իր պետական անկախությունը, պիտի արթուն պահպանի նման փայփայի ու պաշտպանի իր այնքա՜ն թանկ գնով նվաճած ազատությունն ու անկախությունը:

Թո՛ղ հայ քաջարի բանակը սուրբ ուխտի երդումը տա կազմ ու պատրաստ դիմագրավելու համար Հայաստանի անկախությունը բոլոր թշնամիների դեմ՝ ո՛վ ո՛ր կողմից և ի՛նչ անվան տակ ուզում են թող լինեն նրանք:

Իսկ դու, հա՛յ ժողովուրդ, մի սիրտ մի հոգի դարձած պետք է քո ուժն ու աջակցությունը չխնայես մեր քաջարի բանակին և մեր կառավարությանը անշեղորեն ազատ ու անկախ Հայաստանը մարմնացնելու գործում:

Կեցցե՛ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը:

Կեցցե՛ Հայաստանի դեմոկրատիկ հանրապետությունը:

Հայ Ժողովրդական կուսակցության Հայաստանի Կենտրոնական կոմիտե, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության Երևանի կոմիտե, Հայ Ռամկավար կուսակցության Հայաստանի խորհուրդ, Հայաստանի անկուսակցականների միության վարչություն»:

Իջևան-Դիլիջանի դեպքերը վերջին օղակն էին բոլշևիկների առաջ բերած ապստամբությունների շղթայի մեջ:

Ապստամբության հաշվեհարդարից հետո Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Նոր Բայազետում և Դիլիջանում կազմվեցին արտակարգ դատարաններ, որոնց հանձնվեց ձերբակալվածների դատը: Ընդհանուր առմամբ այս դատարանները գտնվեցին համբերատար ու ներող և բացառիկ դեպքերում միայն հանեցին մահապատիժներ, որոնց ընդհանուր թիվը 10-ից չի անցնում:

Մայիսյան խռովությունները վերջացան բոլշևիկների ջաղջախիչ պարտությամբ: Այդ շարժումը Հայաստանի համար տվեց մի շարք ծանրակշիռ հետևանքներ, որոնք ահագին նշանակություն ունեցան հետագա դեպքերի վրա: Եվ առաջին ու ամենից ավելի ճակատագրական հետևանքը պետք է համարել հայկական բանակի բարոյալքումն ու քայքայումը: Արդեն ըմբոստության դեպքերի պատմությունից էլ երևաց, որ շարժումը, ընդհանուր առմամբ, զինվորական էր. բոլշևիկներին հաջողվել էր մուտք գործել զորամասերի մեջ, իրենց կողմը քաշել զինվորների մի մասը և այսպիսով բաժանում ու թշնամություն մտցրել բանակի մեջ: Քաղաքացիական կռիվների ընթացքում զորքը կտոր-կտոր եղավ, մի մասը գործոն աջակից էր բոլշևիկների, մյուսը՝ կռվում էր նրանց դեմ, մի ահագին զանգված էլ տատանվում և «չեզոքություն» էր պահպանում: Պետականության գաղափարը, որ առանց այն էլ ուժեղ չէր մեր նորաստեղծ ազգային բանակում, ավելի ևս թուլացավ:

Բոլշևիկյան ապստամբության հաշվեհարդարը զուգադիպեց Մայիսի 28-ին, անկախության տարեդարձին, որը տոնվեց արտակարգ հանդիսավորությամբ, ամբողջ Հայաստանում, բայց, մանավանդ, Երևանում:

Քաղաքը զարդարված էր առանձին շքեղությամբ: Խորհրդարանը, գիմնազիայի նոր շենքը, քաղաքապետարանը, պետական հիմնարկություններն ու մասնավոր տները թաղված էին ծառերի ոստերի ու ծաղիկների, գորգերի ու դրոշակների մեջ: Աբովյանի վրա կանգնած էր հաղթական շքեղ կամար: Փողոցներից ու շենքերի զարդարանքը ստանձնել էր ակադեմիկոս Ա․ Թամանյանը իր օգնականներով: Կուսակցությունները բաց էին թողել բոլշևիկների դավաճանությունը դատափետող և Միացյալ ու Ազատ Հայաստանի անկախությունը ջատագովող թռուցիկներ:

Հայաստանի զանազան կողմերից եկել էին բազմաթիվ պատգամավորություններ: Ժողովրդական կուսակցության Կենտրոնական կոմիտեն Թիֆլիսից Երևան էր ուղարկել Սամ. Հարությունյանին և Լեոյին՝ անկախության հանդիսություններին ներկա գտնվելու համար: Հանդեսին մասնակցում էր և Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Արհեստակցական միությունների միությունը, դպրոցները, որբանոցները, անհաշիվ բազմություն գյուղերից ու քաղաքից՝ վաղ առավոտվանից լցվել էին փողոցները: Առավոտյան հանրապետական մաղթանքից ու զորահանդեսից հետո տեղի ունեցավ զորամասերի շքերթը. հետևակ շարքերը, այրուձին, հրետանին՝ խլելով ներկաների ցնծագին ծափահարությունները: Ապա անցան արհեստակցական միությունները իրենց դրոշակներով ու նշաններով, բոյ-սկաուտները, որբերը, գյուղացիական խմբերը: Մեջ ընդ մեջ շարժվում էին բեռնակիր ինքնաշարժեր զանազան խորհրդանշաններով, տրակտորներ, գյուղական սայլեր, գութաններ, կենդանի պատկերներ:

Մինչև ուշ գիշեր քաղաքը հրճվանքի մեջ էր, երեկոյան՝ հրավառություն: Ցերեկը գիմնազիայի նոր շենքի ընդարձակ և ճաշակով զարդարված սրահում տեղի ունեցավ հրապարակային ժողով-հանդես, որին հրավիրված էին օտար պետությունների  ներկայացուցիչներ, կառավարության և Խորհրդարանի անդամները, բարձր հրամանատարությունը, բազմաթիվ պատվիրակություններ ու պետական-հասարակական գործիչներ: Երեկոյան նույն սրահում կազմակերպվեց գրական-երաժշտական շքեղ երեկույթ և պարահանդես:

Փառահեղ հանդեսներ կատարվեցին և գավառներում: Ալեքսանդրապոլում, բազմահազար ժողովուրդը, համքարությունները, կազմակերպված բանվորությունն ու գյուղացիությունը մեծ խանդավառությամբ տոնեց անկախության տարեդարձը: Քաղաքը ամբողջ զարդարված էր եռագույն դրոշակներով, գորգերով, կանաչով ու պատշաճ նշանաբաններով: Հսկա թափորը կայարանից, կտրելով քաղաքը, անցավ կանգնեց քաղաքային ինքնավարության շենքի առջև, ապա դիմեց դեպի նահանգապետարանը, ՀՅ Դաշնակցության ակումբը: Այստեղից շարժվեց Կազաչի պոստ, ուր սպասում էր զինվորությունը: Այստեղ Գարեգին եպիսկոպոսը կատարեց հանդիսավոր մաղթանք, որից հետո տեղի ունեցան զորահանդես և սկաուտական խաղեր: Թափորի ժամանակ ընդհանուր ուշադրության և խանդավառ ծափերի առարկա էր Մայր Հայաստանը խորհրդանշող ինքնաշարժը, Հայաստանը  ներկայացնող մի օրիորդ, սուրը ձեռքին կանգնած կողքին՝ հրացանավոր հայդուկ, մեջտեղը՝ կռանը ձեռքին մի դարբին՝ սալի առջև գութանը կոփելիս: Մայր Հայաստանի հետևից գնում էին գյուղացիներ՝ երեք լուծ եզով գութանը առջևից, հորովելի երգով: Ապա հետևում էր ջուլհականոցի սայլը՝ մանող ու դզող աշխատավորուհիներով: Երեկոյան քաղաքը հրավառված էր: Ժողովրդի համար կազմակերպված էին ձրի դասախոսություններ, շարժապատկերի ներկայացումներ, զբոսանք քաղաքային պարտեզում:

Նույն խանդավառությունն ու հանդիսավորությունը նաև Վաղարշապատում էր: Քաղաքը պճնազարդված էր գույնզգույն: Քաղաքի հրապարակում և ճեմարանի դռան առջև կանգնեցված էին ազատության կամարներ: Շրջակա գյուղերից ժողովուրդը խումբ-խումբ, դրոշակներով ու երգերով, լցվել էր քաղաք: Զորք, ժողովուրդ, բանվորներ, աշակերտներ, հիմնարկությունների ներկայացուցիչներ խռնվում էին Էջմիածնի բակում: Հանդիսավոր պատարագից ու հայրապետական մաղթանքից հետո եղան ողջույններ ու ճառեր և կատարվեց զորահանդես: Հետո քաղաքի զանազան մասերում տեղի ունեցան միտինգներ, շքերթ, ժողովրդական հանդեսներ ու ճաշկերույթ, երեկոյան՝ հրավառություն:

Համաժողովրդական հանդեսներ կատարվեցին և Կարսում, Նոր Բայազետում, Դիլիջանում, Ղարանլուխում, Փարաքարում, Արդահանում, Իգդիրում, Ջալալ-Օղլիում, Քեշիշքենդում՝ ամեն տեղ: Երբե՛ք, մինչև այդ, Հայաստանի ժողովուրդը նման ուրախություն չէր հայտնաբերել, երբե՛ք «Մեր Հայրենիքը» չէր հնչել այնպես անկեղծ, լիաթոք ու խրոխտ, Հայաստանի բոլոր ծայրերում, ամենքի բերանից լսվում էր.

Մեր Հայրենիք, ազա՛տ, անկա՛խ,

Մեր թշնամուց ազատված…

***

Մայիսյան խռովությունները վերջացան բոլշևիկների ջախջախիչ պարտությամբ՝ ծանր վնաս հասցնելով Հայաստանի նորաստեղծ պետականությանը:

Այնուհետև բոլշևիկ պարագլուխների մեջ ծայր տվեց ինքնաքնադատությունը և փոխադարձ մեղադրանքը: Այսօր իսկ բոլշևիկների մեջ ընդհանուր կարծիք գոյություն չունի մայիսյան խռովությունների մասին:

Հայաստանի պատմության համար խիստ հետաքրքրական են այն մերկացումները, որ մայիսին խռովությունների հեղինակները արեցին՝ բացատրելու կամ արդարացնելու համար իրենց ապստամբական ձեռնարկների անհաջողությունը:

1932 թվին Երևանում լույս տեսավ մի հատոր «Առաջին մասայական հեղափոխական շարժումները» անունով և որ շուտով արգելքի տակ դրվեց, իբրև հակահեղափոխական հրատարակություն: Այդ հատորում առաջ են բերված մայիսյան բոլշևիկյան խռովություններին վերաբերվող վավերական նյութեր, նամակներ ու տեղեկագրեր, որոնք վարկաբեկիչ փաստերով ներկայցնում են այն օրերի հայ բոլշևիկների դավադիր գործունեությունը Հայաստանի Հանրապետության դեմ: Պատմության այդ սև էջը պատկերացնենք այստեղ հենց իրենց՝ բոլշևիկների խոսքերով, որոնք որևէ արդարացման տեղ չեն թողնում:

Բոլշևիկների պարտության գլխավոր պատճառը այն անվիճելի փաստն էր, որ բոլշևիզմը հայ ժողովրդի մեջ ոչ մի հող չուներ: Հայ ժողովուրդը չէր համակրում բոլշևիկներին, բացի այն սակավաթիվ հայերի, որոնք բոլշևիկության մեջ Ռուսաստանն էին տեսնում: Հայաստանի առարկայական և ենթակայական պայմանները հակառակ էին խորհրդային իշխանության:

Իսկ ինչպե՞ս են բացատրում իրենք բոլշևիկները իրենց պարտությունը:

Հունիսի 1-ին, Ալեքսանդրապոլի բանտից Թիֆլիս Երկրային կոմիտեն ուղարկած մի զեկուցման մեջ, Մուսայելյանը, ապստամբության դեպքերը մանրամասնորեն պատմելուց հետո, անհաջողության պատասխանատվությունը ձգում է Արմենկոմի և Ալեքսանդրապոլի բոլշևիկների վրա: Նա գրում է. «Արմենկոմը, որի գործունեության մասին ես առանձին զեկուցում եմ տալու, դժբախտաբար, այդպիսի մի սուր մոմենտում բավականաչափ գործունեություն չցուցադրեց: Վերջապես, մայիսի 7-ին և 8-ին մեր հարցապնդման հետևանքով, Արմենկոմից մեզ մոտ եկան բժ. Մելքոնյանը և Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, որոնք ծանոթանալով դրությանը՝ վավերացրին վճռականապես հանդես գալու մեր որոշումը: Զորքերը մարտական դրության մեջ դնելով՝ ամսի 10-ին մենք Ռազմահեղափոխական կոմիտեի անունից քաղաքը հանձնելու համար վերջնագիր ներկայացրինք իշխանություններին: Քաղաքը հանձնվեց առանց մի գնդակ արձակելու:

Սրանից հետո է, որ մեզ մոտ սկսվում է ներքին տրագեդիան. տեղական ընկերները ստեղծարար, օրգանական աշխատանքներին բացարձակ անընդունակ գտնվեցին: Աշխատանքը վաղօրոք բաշխված էր ընկերների միջև, սակայն իշխանությունը գրավելուց հետո, նրանցից ոչ մեկը գրեթե մատը մատին չխփեց իր դիրքերում: Ամբողջ աշխատանքը գլխավորապես ինձ վրա էր բարդվել: Ես ֆիզիկապես ի վիճակի չէի բոլորը ինքս անելու և միաժամանակ, իբրև Կարմիր զորքերի հրամանատար, տանելու իմ հատուկ աշխատանքը: Իսկ Երևանի կողմից արդեն թշնամու ուժերը շարժվում էին: Արմենկոմի անդամները համարյա ոչինչ չէին անում: Ամբողջ Հայաստանում զորքերը գրեթե մեր կողմն էին, բայց տեղերում ուժեղ ձեռքեր չգտնվեցին: Ամենուրեք պահանջվում էր իմ ներկայությունը, իսկ Ալեքսանդրապոլը թողնել՝ ինձ թույլ չէին տալիս:

Կառավարությունը մեր դեմ զինել էր գրեթե բացառապես տաճկահայերին, գաղթականներին, մաուզերիստներին և կուսակցական դաշնակներին: Մեր պարենավորման կոմիտեն ոչնչից ոչինչ չէր անում: Իշխանության ներքին ճգնաժամը, պարենավորման բացակայությունը և այլ բազմազան պատճառներ ստիպեցին համաձայն Ռազմահեղափոխական կոմիտեի որոշման քաղաքն առանց կռվի հանձնել»:

Որքան և երկար լինի, մենք առաջ կբերենք նաև հետևյալ երկու վավերագրերը.

Առաջին վավերագիրը Ալեքսանդրապոլի կոմիտեի հետևյալ նամակն է Հայաստանի կոմիտեին՝ կազմված և ստորագրված Ավիս Նուրիջանյանի ձեռքով.

«Կոմունիստական կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեն մայիսի 1-ից 10-12 օր առաջ, հետևապես, Բաքուն գրավելուց առաջ ընդունեց մայիսմեկյան լոզունգները. այդ թվում էին «Կեցցե՛ Խորհրդային Հայաստանը », «Կորչի՛ կոտորածներ սարքող կառավարությունը» և այլն: Հենվելով բանվորական մեծամասնության, մանավանդ, երկաթուղու վրա, Կոմիտեն որոշեց առանձին երթով դուրս գալ՝ ուժերի հաշվառման համար: Ադրբեջանում տեղի ունեցած հեղաշրջումը վաղօրոք ապահովեց մեր հաջողությունը. չնայած ճնշումներին և զուսպ նախազգուշացումներին, տենդային աշխատանքը կատարվում էր: Ապրիլի 30-ին ձերբակալեցին ընկերներից մեկին, որին մի քանի ժամից ազատ արձակեցին, նախազգուշացնելով «Կորչի՛ դաշնակների կառավարությունը» և մյուս լոզունգների անթույլատրելիության մասին: Մյուսներին ձերբակալելու փորձ ևս կատարվեց, սակայն նրանց չգտան: Մայիսի մեկի ելույթը մի զորատես էր Ալեքսանդրապոլի պրոլետարիատի և զորքի համար, որ դուրս եկավ բոլշևիկայն դրոշակի տակ և Հայաստանի պատմության մեջ չտեսնված լոզունգներով: Մեր դեմ էին մի բուռը սպեկուլյանտներ դաշնակների դրոշակների տակ՝ 200 մարդուց ոչ ավելի: Մեր մասսան 5000-ից ավելի էր: Դաշնակների տապալումը կատարյալ էր: Սկզբում ամեն ինչ ընթանում էր առանց միջադեպերի, սակայն Ալեքսանդրյան փողոցի անկյունում մաուզերիստ դաշնակցականներից մեկը Խորհրդային Ադրբեջանի հասցեին պրովակացիա արեց և դրանով վրդովեցրեց զինվորներին և բանվորներին: Դրա հետևանքն այն եղավ, որ հենց տեղն ու տեղը՝ դաշնակների բյուրոյի մուտքի առաջ զինվորները ծեծեցին դաշնակ վարժապետ-սպեկուլյանտ Մացոյին: Դրան իբր պատասխան՝ մաուզերիստները երկու գնդակ արձակեցին և թեթև վիրավորեցին հենց իրենցից՝ դաշնակներից մեկին: Մեր կողմից նույնպես երկու գնդակ արձակվեց օդի մեջ:

«Շնորհիվ զինվորների և բանվորների գիտակից վերաբերմունքին, որով նրանք ենթարկվում էին բոլշևիկների կոմիտեի պահանջներին, միջադեպը սպառվեց և մաուզերիստների պրովոկացիան չհաջողվեց: Զինվորների փորձը դիմել դեպի բանտ ձերբակալվածներին ազատելու համար՝ չիրագործվեց դարձյալ կուսակցության կոմիտեի պահանջի հետևանքով, որ խուսափում էր դաշնակների նոր պրովոկացիայից: Ցույցը, Ավիսի և մյուսների ճառերից հետո, ժամը 4-ին, կայարանի մոտ ցրվեց, մինչդեռ երթն սկսվել էր առավոտյան ժամը 10-ին: Անհրաժեշտ է նկատել, որ այդպիսի հաջողություն կուսակցությունը չէր սպասում նույնիսկ այդ օրն առավոտյան: Ընդունված էին մեր առաջարկություն-պահանջները՝ ձերբակալվածներին ազատ արձակելու, պատգամավորների Խորհուրդ կազմակերպելու և Խորհրդային Ադրբեջանը ողջունելու մասին: Ողջույնի հեռագիրը կազմված էր կոմունիստական և շատ սուր ոգով՝  հիշատակելով հայ մուսավաթիստների խմբապետական կառավարության դեմ միասնորեն կռվելու մասին, Խորհրդային Ադրբեջանի բանվորների, գյուղացիների և ասկյարների պատգամավորների խորհուրդը ողջունելու մասին և այլն: Բանաձևն ընդունվում էր միաձայն, բուռն և երկարատև ծափահարություններով, «ուռա»-ի բացականչություններով: Եթե այդ օրն իշխանությունը գրավված չէր, այդ ոչ թե այն պատճառով, որ մենք անզոր էինք, այլ միայնակ զինվորական մասսայի անբավարար կազմակերպված լինելու և թալաններից երկյուղ կրելու պատճառով:

Նույն գիշերը ձերբակալված է ընկերներից մեկը, մյուսների մոտ էլ են եղել, բայց նրանց տներում չեն գտել: Այժմ դրությունը այսպես է: Այդ օրը բոլոր զինվորական մասերը կազմել են գնդի կոմիտեներ և ներկայացել ընկ. Մուսաելյանի զրահապատ գնացքը՝ բանակցությունների համար: Հաստատված է ամենասերտ կապը: Ամբողջ զորքը Մուսայելյանի զրահապատի հետ մեր տրամադրության տակ է: Ավելին քաղաքային և երկաթուղային միլիցիայի մեծագույն մասը ևս մեր ձեռքն է: Զորքի մեջ կարգապահությունը պաշտպանվում է հենց իրենց իսկ ղեկավարների միջոցով, ընդ որում ավելի լավ, քան մինչև այժմ: Հնարավորություն չկա կանգ առնելու բոլոր այն մանրամասնությունների վրա, որոնք բնորոշում են դաշնակների կուսակցության կատարյալ սնանկությունը և մեր կուսակցության հսկայական բարոյական ուժը և ֆիզիկական զորությունը:

Համենայն դեպս իշխանությունը գրավելու խնդիրը մեր ցանկության հարցն է, ոչ թե օրվա, այլ րոպեի խնդիր է: Դաշնակների այն պրովոկացիան, թե իբր Խորհրդային Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմ է սկսվել, որ իբրև թե նպատակ ունի հայ բոլշևիկների հետ միացած՝ ոչնչացնելու բոլոր հայերին, ոչ մի հաջողություն չունեցավ և այժմ էլ չունի: Պրովոկատորները քիչ էր մնում ծեծի ենթարկվեին կանանց և զինվորների ձեռքով: Այժմ դաշնակները մտածում են զինաթափ անել զրահապատը: Վերջինս ռազմական դրության մեջ է գտնվում, ամբողջ օր ու գիշեր հերթապահություն կա. որոշակի հայտնված է՝ զրահաատը չենք հանձնելու: Զրահապատի զինվորները երդվել են մինչև վերջին մարդը մեռնել, բայց անձնատուր չլինել:

Զորքը ամեն րոպե կարելի էր ոտքի կանգնեցնել մեկ մարդու նման: Զրահապատի զինաթափման փորձը կլինի մի մարտակոչ, որ մենք ամեն րոպե պատրաստ ենք ընդունելու: Հայաստանի կոմիտեի որոշումը սկսել Ղազախի գավառից, իսկ Ալեքսանդրապոլը դեռ սպասի, մեզ դնում է անել դրության մեջ: Մենք ամեն ջանք գործ ենք դնում խուսափելու համար կոնֆլիկտից՝ ձերբակալություններից, զրահապատը զինաթափ անելուց, տեռորներից և այլն: Սակայն, հակառակ սպասվածին, եթե այդպիսիք տեղի ունեցան, մարտակոչը պետք է ընդունվի: Այս է Ալեքսանդրապոլի կոմիտեի անշեղ որոշումը. մենք թույլ չենք տա գլխատել այն մասսան, որի ուժի և կարողության վրա հենվում ենք հենց ինքներս:

Մենք խնդրել ենք տալ մեզ հրահանգներ՝ ինչպես վարվենք: Հայաստանի կոմիտեի ամեն մի որոշում մենք պատրաստ ենք կատարելու, սակայն, նախազգուշացնում ենք Հայաստանի կոմիտեին. եթե վերջինս մեզանից պահանջելու լինի՝ ձերբակալություններին, գաղտագողի տեռորին, զրահապատի զինաթափման և այլն, չպատասխանել իշխանությունը գրավելով, ապա մենք մեզնից վերցնում ենք ամեն մի պատասխանատվություն այն անխուսափելի հետևանքների նկատմամբ, որ պետք է որ նախատեսի և Հայաստանի կոմիտեն: Հայաստանի կոմիտեն Ռուսաստանի Խորհրդային իշխանության և պատմության առաջ պատասխան պիտի տա կուսակցության կազմակերպության ջախջախման և իշխանության գրավումը մեկ ամսով, գուցե և երկու ամսով հետաձգելու համար: Մենք խնդրում ենք Հայաստանի կոմիտեն այսօր ևեթ պատասխան տալ մեզ՝ համաձա՞յն է արդյոք նա մեր բռնած դիրքին, այն է՝ մենք ամեն ջանք գործ ենք դնում էքսցեսները կանխելու համար, մինչև ձեզնից հրահանգներ ստանալը, իսկ մասսայական ձերբակալությունների անկյունից կատարվող տեռորի և, առավել ևս, զրահապատը զինաթափ անելու փորձերի դեպքում, մենք ընդունում ենք մարտակոչը և գրավում ենք իշխանությունը: Եթե Հայաստանի կոմիտեն սրան համաձայն չէ, խնդրում ենք անհապաղ կերպով հրահանգներ տալ:

  1. Եթե դուք լիովին համաձայն եք մեր տեսակետին, ապա հայտնեցեք ուղիղ գծով. «Միշան առողջ է»:
  2. Եթե դուք կարծում եք, թե անհրաժեշտության դեպքում պետք է հանձնել զրահապատը, Կազմակերպությունը ցրել տալ և մինչև ձեր հրահանգներն ուղարկելը ելույթ չունենալ, ապա նույնես ուղիղ գծով ասացեք՝ «Միշան վախճանվեց »:
  3. Ավիսը՝ Գրիշան է:
  4. Զրահապատը՝ հիվանդանոց:
  5. Ապստամբությունը՝ դեղորայք:
  6. Պարենավորումը քիչ է, չի բավականացնի իշխանությունը գրավելու դեպքում, մինչև Ռուսաստանից ստանալը՝ անմիջապես փող փոխադրի՛ր:
  7. Տասը-տասնհինգ օր լիովին կբավի հացը և այլ մթերքներ. փողը փոխադրված է: Մնացածն ամբողջ այնպես կազմեցեք, որ մոտավորապես կարելի լինի հասկանալ: Այսօր երեկոյան ժամը 9-ից մինչև 10-ը դուք ուղիղ գծով կանչեցեք Ալեքսանդրապոլից այն ընկերոջը, որին դուք գիտեք, և խոստացեք հիշյալ ութ կետերի համաձայն: Եթե ուղիղ գծով չհաջողվի, հեռագիր տվեք Ալեքսանդրապոլ՝ ընկ. ( անունը չկա. Ս. Վ.) հասցեով նույն կետերի համաձայն:

ԱՎԻՍ»

Ալեքսանդրապոլի Կոմիտեի կնիքը,

3-ը մայիսի, 1920թ.

Ավիսի այս թեթևսոլիկ ու պարծենկոտ գրության վրա էր, որ Արմենկոմը Դր. Տեր-Սիմոնյանին և Արտ. Մելքոնյանին ուղարկեց Ալեքսանդրապոլ:

Պետք է համաձայնվել Բորյանի հետ, որ Արմենկոմը իսկապես որ անջիղ և ղեկավարելու անընդունակ մարդկանցից էր բաղկացած: Արմենկոմը, 1919-ի գաղտնի ժողովում կազմված էր հետևյալ անձերից՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ավիս Նուրիջանյան, Ս. Ալլահվերդյան, Դան. Շահվերդյան, Դ. Տեր-Սիմոնյան, Հ. Կոստանյան և Ղ. Ղուկասյան:

Ահա և Արմենկոմի սեփական բացատրությունները ապստամբության մասին:

«Ընկերնե՛ր, – գրում էր Արմենկոմը Կովկասյան Երկրային կոմիտեին,- Արմենկոմը կամենում էր Դորայի միջոցով ուղարկել գրավոր զեկուցում Հայաստանի դեպքերի մասին, բայց որովհետև բոլոր մեկնողներին հետևում էին, այդ պատճառով այն ժամանակ չհաջողվեց այդ անել: Ուղարկում ենք հիմա:

Ադրբեջանի դեպքերից, այլև Հյուսիսային Կովկասում մերոնց տարած հաղթանակներից հետո, այստեղ տրամադրությունը խիստ փոխվել է մեր օգտին:

Հաշվի առնելով այդ ամենը և նկատի ունենալով Հայաստանի կազմակերպությունների կոնֆերանսի որոշումը՝ Հայաստանում, Խորհրդային զորքերը մոտենալիս, այլև հարևան հանրապետություններում հեղաշրջումներ լինելուց հետո իշխանությունը գրավելու նատակով ելույթ ունենալու մասին, Արմենկոմը սկսեց այդ ուղղությամբ աշխատանք կատարել:

Շարժման սկզբի համար իբրև բազա նշանակցված էր Ղազախը և դրա հետ միաժամանակ ելույթներ պետք է սկսեին ամենուրեք: Արմենկոմը կանգնեց հենց այդ տեսակետի վրա, որովհետև նախ՝ Ղազախը կպած էր Խորհրդային Ադրբեջանին, իսկ մյուս կողմից՝ նկատի ունենալով ղազախցիների հեղափոխականությունն ու տոկունությունը: Այդ նպատակով համապատասխան հրահանգներ ուղարկվեցին այնտեղ: Առաջարկված էր այնտեղից եկած ընկերոջը կազմել Ռազմ. հեղկոմիտե, մոբիլիզացիայի ենթարկել բոլոր ուժերը և պատրաստվել ելույթի՝ կապվելով միաժամանակ Ադրբեջանի ընկերների և Ադրբեջանի միջոցով այն կողմի հետ: Նույնը կատարված էր և Ղարաբաղի վերաբերմամբ (մոտավորապես ապրիլի վերջին), բայց ընկերների ուղարկելու գործը ձգձգվեց:

Մայիսի մեկին ելույթի համար մենք պատրաստվում էինք ամենուրեք. Մեզ համար այդ օրը խաղաղ ցույցի միջոցով մեր ուժերի զորատեսի օր պետք է հանդիսանար:

Մայիսմեկյան ցույցերի հաջողություններն ամենուրեք ակնհայտորեն ցույց տվեցին, թե որպիսի խոր արմատներ է ձգել կուսակցությունը լայն մասսաների՝ այդ թվում նաև զինվորական մասսաների մեջ: Եղել էին տեղեր, որտեղ բնակչությունը և զորքը բացառապես մեր դրոշակի տակ էին հավաքվել (Ղարաքիլիսա, Սարիղամիշ):

Այդ օրը (մայիսի մեկին) իշխանությունը գրավելու խնդիրը չէր դրված մեր առաջ, սակայն, այդ օրվանից արդեն պարզ էր, որ այդ հարցը ամենամոտ ապագայի հարցն է: Այդ ուղղությամբ տենդային աշխատանք սկսվեց և այդ իսկ նպատակով կազմակերպությունները ռազմական դրության մեջ էին դրված:

Մայիսի երկուսին մենք Թիֆլիս ուղարկեցինք ընկ. Հ. Հայկազին, որպեսզի արտակարգ կերպով այստեղ ուղարկեն Ս. Կ.(ասյանին) և Ա.(սքանազ Մռավյանին), արդեն պատրաստվելով Հայաստանում հաստատել խորհրդային իշխանություն, որովհետև, կրկնում ենք, հավատացած էինք, որ դա ամենամոտ ապագայի խնդիր է:

Մայիսի երկուսին մենք տեղեկություն ենք ստանում Ալեքսանդրապոլում կատարված մայիսմեկյան տոնի մասին, այլև ընկ. Ավիսի լրիվ անունով ստորագրված ողջույնի մի ընդարձակ հեռագիր Բաքու ընկ. Նարիմանովի անունով: Քանի որ մի կողմից ինքը՝ Արմենկոմը, ողջույնի հեռագիր էր ուղարկել Խորհրդային Ադրբեջանին դեռևս մայիս մեկին և մյուս կողմից՝ նկատի ունենալով Ավիսի հեռագրի յուրահատուկ տողը, որ անընդունելի էր տակտիկական տեսակետից, Արմենկոմը որոշեց այդպիսին չուղարկել և ամեն կողմից ստացված տեղեկությունների հիման վրա կազմել արդեն ընդհանուր բնույթ կրող մի ողջույն:

Այդ արված է:

Մայիսի 3-ին մենք ընդարձակ զեկուցում ստացանք Ալեքսանդրապոլի դեպքերի մասին:

Ալեքսանդրապոլի բոլոր փաստաթղթերի պատճեները սրա հետ ուղարկում ենք: Զեկուցման մեջ մանրամասնորեն հաղորդվում էր այնտեղ՝ Ալեքսանդրապոլում տիրող  դրության, զրահագնացքի մասին և այլն: Այդ զեկուցումն, ինչպես ինքներդ էլ կտեսնեք, լի է հակասություններով և բավական տարիօրինակ տպավորություն է թողնում:

Ելույթի տարերայնությունն ու անկազմակերպությունն արդեն երևում են հենց այն բանից, որ նրանք իրենք են գրում, թե՝ «առավոտյան այդպիսի հաջողության չէին սպասում»: Պարզ է, որ եթե նրանք հույս չէին ունեցել մայիսմեկյան ցույցի հաջողության վրա, ապա ևս առավել խոսք անգամ չէր կարող լինել արդեն իշխանությունը գրավելու նպատակով հաջող և կազմակերպված ելույթ ունենալու մասին:

Այստեղ ամբողջ բանակն ու բնակչությունը մեկ անգամից անցան նրանց կողմը և որ դաշնակների մոտ երկու հարյուր մարդ կար, իսկ նրանց կողմում՝ հինգ հազար: Եթե նույնիսկ «իշխանությունը չէր գրաված, ապա ոչ այն պատճառով, որ մենք անզոր էինք, այլ զինվորական մասսաների անկազմակերպության պատճառով և թալաններից երկյուղ կրելուց»: Հանկարծ, մեկ անգամից ամբողջ «զորքն ու զրահապատը մեր տրամադրության տակ են անցնում և այդ պատճառով այստեղ իշխանություն գրավելու հարցը մեր ցանկության խնդիրն է և ոչ թե օրվա այլ րոպեի հարցը: Իսկուն ևեթ, մի օրվա ընթացքում, կազմակերպված զինվորներն արդեն երդվեցին մինչև վերջին մարդը մեռնել, բայց անձնատուր չլինել: Թե ինչպես նրանք իրագործեցին, ձեզ, ընկերներ, արդեն հայտնի է: Այնուհետև, այդ բանն ընդգծում ենք, ընկերներ, որ Ալեքպոլում նրանք իշխանությունը ձեռք ձգելու խնդիրը կապում էին ձերբակալությունների, անկյունից կատարվող տեռորների հետ: Միաժամանակ հաղորդում են, թե պարենը շատ քիչ է, իշխանությունը գրավելու դեպքում մինչև Ռուսաստանից ստանալը չի բավականացնի և այլն:

Առաջինը, ուշադրության առնելով նրանց այսօրինակ հաղորդագրությունները, ընկեր Ավիսի մշտական հափշտակվելը, որ մինչև արկածախնդրության էր հասնում (մենք նկատի ունենք հինգ ամիս սրանից առաջ Բաքվում եղած նրա ելույթը, որով նա հանուր աշխարհին ազդարարում էր կոմունիզմի լիակատար հաղթանակը Հայաստանում և դաշնակների սնանկության մասին) և որ այդ բոլորը նրանք կատարում էին զրահապատի մեջ նստած, այսինքն՝ լարված, ներվային դրության մեջ, նրանց վախը ձերբակալություններից, ճնշումներից և «անկյունից կատարվող տեռորից», մենք հավատացած էինք, որ այդ բոլորը չափազանցված է, և որ, նույնիսկ այնտեղ ինչ որ լինի, ելույթի խնդիրը արդեն կաշվի խնդիր է հանդիսանում նրանց համար, սեփական կյանքը փրկելու մի հարց և այլն:

Դեռ ավելին. մենք հավատացած էինք, որ նրանց հաջողությունը չի կարող կայուն լինել, որ անհրաժեշտ է ամենուրեք համաձայնեցնել մեր գործողությունները, քանի որ անջատ ելույթները փոշիացման և պարտության կհասցնեն, որ անհրաժեշտ է բոլոր շրջանների հետ կապ ունենալ և այլն, և այլն:

Ազդանշան տվողը Ղազախը պետք է լիներ, ահա Արմենկոմի նախագիծը: Այս որոշումն էլ տեղեկացված էր ալեքսանդրապոլցիներին և առաջարկված էր նրանց սկսած գործը անհիվանդագին կերպով լիկվիդացիայի ենթարկել ըստ կարելվույն, կամ գոնե ձգձգել:

Ալեքսանդրապոլի բոլշևիկները չցանկացան հաշվի առնել այդ: «Ինչո՞ւ Ղազախը և ոչ Ալեքպոլը», – ահա նրանց պատասխանը: «Մենք նույնիսկ հակառակ ենք սկզբից կապ հաստատելուն»:

Նրանք առաջնության մասին էին դրել խնդիրը, մոտենալով այն հարցին, ըստ երևույթին, սպորտիվ տեսակետից:

«Նրանք սկսում են ռմբակոծել մեզ իրենց պահանջներով ելույթին սանկցիա տալու մասին, մինչդեռ բանից դուրս եկավ, որ այդ բանը նրանք արդեն արել են և այժմ ոչ մի կասկած չկա, որ այդ հաղորդագրությունները մեզ ուղարկելիս են եղել հենց այնպես, նույնիսկ դիտավորյալ, որովհետև բնավ հաշվի չառնելով Արմենկոմին և բացահայտորեն նախատեսելով իրենց ելույթի անհաջողությունը՝ նրանք դիտմամբ ռմբակոծում էին մեզ իրենց պահանջներով, որպեսզի հետևանքների մեղքը մեզ վրա ձգեն:

Եվ այսպես ահա՝ խորհրդային իշխանություն, թեպետև բավականին յուրահատուկ (ապստամբության պարագլուխները 12 օր նստած են զրահապատի մեջ և համառորեն չեն իջնում այնտեղից): Պարզ է, որ եթե նրանք լուրջ տրամադրություններ ունենային, ապա դեպքերի բնական ընթացքով պետք է իրենց հաջողությունը զարգացնեին և ծավալեին մոտակա շրջանների հետ և նույնիսկ առաջխաղացման դիմեին Երևանի ուղղությամբ:

Ամսի 5-ին գալիս է այնտեղից նրանց կողմից ուղարկված մի ընկեր, երկաթուղային մի բանվոր, որ իր բանավոր զեկուցման մեջ արդեն ինֆորմացիա է տալիս իրերի դրության մասին, որ հիմնովին հակասում է ընկ. Ավիս հաղորդագրություններին: Այդ բանի վրա ուշադրություն է դարձրել ամբողջ Արմենկոմը: Ի դեպ, նա ասաց, որ  «այնտեղ ընկերները չափազանց ոգևորված են» և այլն: Հենց նա էլ բերել էր ալեքսանդրապոլցիների նամակը:

Հենց նույն գիշերը, այսինքն՝ մայիսի 5-ին մենք Ա.-ի և Մ.-ի ստորագրությամբ կրկին մի հեռագիր ենք ստանում դարձյալ Բաքու ուղարկելու համար, որ մենք պետք է ռադիոյով հաղորդեինք ընկեր Նարիմանովի անունով:

Նման բովանդակությամբ հեռագիր մենք այն պահին իսպառ անընդունելի համարեցինք, մի հեռագիր, որ այն ժամանակ ստեղծված պայմաններում անպայման պրովոկացիոն դեր էր խաղալու: Դա վերջնականապես պիտի խորտակեր մեր կազմակերպությունները: Մի՛ մոռանաք, ընկերներ, որ մեզ հաղթեցին նրանով, որ անտանելի ծանր մթնոլորտ ստեղծեցին Ադրբեջանի շուրջը, ազգայնական թշնամանք առաջ բերին և Հայաստանի սահմաններում ամենուրեք հակամուսուլմանական ելույթներ էին նախապատրաստում (դրա մասին տե՛ս ստորև): Այդ օրերին դրության տերերն էին հանդիսանում սասունցի, զեյթունցի, վանեցի մաուզերիստներ, գլխավորապես տաճկահայերը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր հարկավոր ալեքսանդրապոլցիներին այս ամենը: Հեռագիրը որոշ տեսակի ռեկլամի բնույթ էր կրում, իսկ գործին խոշոր վնաս էր հասցնում, քանի որ առանց այն էլ մեր թշնամիները խոսում էին  «Զանգիբասար-Բոյուքվեդյան բոլշևիկյան ելույթների» մասին:

Հենց այդ միջոցին էլ Մ.-ից հրաման ստացվեց իր օգնականի անունով՝ Ղամարլուում կանգնած զրահապատի հետ միասին շարժվել դեպի Ալեքսանդրապոլ:

Պարզ է, որ մենք գործ ունեինք արդեն կատարված փաստի հետ և որոշեցինք գործին միջամտել, նրան կազմակերպված բնույթ տալ և դիմանալ, մինչև այլ վայրերում գործողությունների սկսվելը, նույնիսկ Երևանում:

Ուրիշ ելք մենք այլևս չունեինք: Այդ նպատակով մյուս օրը, այսինքն՝ մայիսի 6-ին, ուղարկեցինք այնտեղ ընկեր Դ.-ին և Ա.-ին, լայն լիազորություն տալով նրանց և պարտավորեցնելով, որ եթե չի կարելի կասեցնել ապստամբությունը, որ անհրաժեշտորեն պետք էր անել, ապա միաժամանակ կապվել Ղարաքիլիսայի շրջանների, չեզոք գոտու և հարակից շրջանների հետ:

Այստեղ զինվորական մասերում տենդագին աշխատանք էր կատարվում: Ընկերներից մեկին՝ Արմենկոմի անդամի միջոցով այն զինվորականների հետ, որոնք այդ ժամանակում կազմակերպված էին՝ շարունակաբար խորհրդակցություններ էին կազմակերպում:

Կապ է հաստատված Քանաքեռում կանգնած զորամասի հետ, և երբ որ մայիսի 7-ին Դ.-ից և հանգուցյալ Ա.-ից մենք գրություն ստացանք, որ նրանք կանգնած են կատարված փաստի առաջ և խնդրում են ագիտացիա մղել ուղարկվելիք զինվորական մասերում, այլև թիկունք տալ իրենց Նոր Բայազետի շրջանում, Ելենովկայի ուղղությամբ, երկուստեք համերաշխ գործողությունների համար, ապա մենք այդ ուղղությամբ ինչ որ կարելի էր, անում էինք: Համապատասխան հրահանգով մենք Նոր Բայազետի շրջան ուղարկեցինք այժմ հանգուցյալ ընկեր Սարուխանյանին (նա մեկնեց 9-10-ին), որ ի կատար ածեց Արմենկոմի առաջարկությունը և սկսեց գործողությունները:

Անհրեժեշտ է նշել, որ Նոր-Բայազետի շրջանի ուժեղ կազմակերպությունը, որի մեջ մտնում էին նաև զինվորականները, ապրիլի կեսերին ջախջախված էր և ընկերները ընկ. Սարուխանյանի գլխավորությամբ և մի սպայի հետ արտաքսվել էին Նոր Բայազետի շրջանի սահմաններից: 6-ի գիշերը լույս 7-ին այստեղ սկսվեցին բռնություններ և չտեսնված հալածանքներ: Դա կապ ուներ Ալեքսանդրապոլի հետ: Մենք անցանք անլեգալ դրության: Կազմակերպության հետ կապը չէր կորցված:

Հետևյալ օրը, մայիսի 8-ին, այն զինվորներին, որոնց հետ կապ էինք հաստատել, մեր կողմից շեշտակի հարց դրվեց, կարելի՞ է արդյոք այստեղ հենց հիմա ելույթ ունենալ: Այդ հարցին նրանք պատասխանեցին, որ առայժմ այդ հնարավորությունը չկա, որ զորամասերում տատանումներ կան, որ դեռ պետք է աշխատել, սակայն Ալեքսանդրապոլի ուղղությամբ առաջացող զինվորական մասերը խոստացան Ալեքսանդրապոլի մոտենալուց անցնել ապստամբների կողմը:

Այսպիսի պատասխան ստացանք մենք գիշերվա ժամը մեկին, մթնոլորտը հետզհետե խտանում էր: Թերթերում աննախընթաց ցուցադրանք սկսվեց, կազմակերպվեցին արտակարգ դատարաններ, մահվան պատիժը սահմանված, խորհրդարանը արդեն ցրված էր:

Իշխանությունը իրենց ձեռքին պահելու նպատակով, դաշնակները պրովոկացիայի ենթարկեցին թուրքերի շարժումը Զանգիբասարի, Փարաքարի և այլ շրջաններում. կազմակերպվում էին հարձակումներ, ջուրը չէին բաց թողնում, անասունները գրավում էին և այլն: Թերթերում գրում էին, թե այդ ելույթը բոլշևիկներն են կազմակերպել: Մինչև ատամները զինեցին բոլորին՝ սպեկուլյանտներից սկսած մինչև գիմնազիստները: Մեր դեմ պայքարը Դաշնակցության կուսակցությունը վերցրել էր իր ձեռքը: Ձերբակալումների համար բացառապես մաուզերիստներին էին ուղարկում: մեզանից ոմանք փաստորեն օրենքից դուրս էին հայտարարված: Ձերբակալում էին նույնիսկ նրանց, ովքեր հենց միայն հանդիպում էին մեզ:

Այսպիսի պայմաններում աշխատանքն այնուամենայնիվ շարունակվում էր, և Արմենկոմը ոչ մի րոպե կազմակերպությունների հետ կապը չկորցրեց: Պետք է նկատել, որ սկզբի օրերին ակտիվ ընկերներից քչերը ձերբակալվեցին այստեղ:

Այդպիսի մթնոլորտում, ամսի 8-9-ին, Արմենկոմին հաջողվեց իր ստորագրությամբ բաց թողնել երեք օր առաջ պատրաստած թերթիկը (մինչ այդ ժամանակ չհաջողվեց տպագրել). այդ թերթիկով մենք ցանկանում էինք ցրել թունավորված այն մթնոլորտը, որ ստեղծված էր Ադրբեջանի շուրջը: Տպարանը կնքված էր, և մեզ չհաջողվեց թերթիկը բաց թողնել:

Մայիսի 12-ին թերթերից իմանում ենք, որ Ալեքսանդրապոլը բանակցություններ է վարում կառավարական ներկայացուցիչների հետ: Դաշնակները գրում էին.  «Ալեքսանդրապոլի դավաճանները փրկություն են խնդրում»: Դա բոլորի վրա ճնշող տպավորություն թողեց: Մայիսի 13-ին Ալեքսանդրապոլի ընկերները, առանց կռվի, հանձնում են քաղաքը և այստեղ, իհարկե, ամեն ինչ վճռվում է: Եվ այսպես արագ կերպով գրավելով իշխանությունը՝ նրանք նույնիսկ արագությամբ անձնատուր եղան:

Ինչպես պարզվում է, ալեքսանդրապոլցիներին ամբողջ ժամանակ թերթ չեն բաց թողած. եթե նրանք մի երեք օր էլ դիմանային, բանն ուրիշ ընթացք կստանար, որովհետև Ալեքսանդրապոլի ընկնելուց սկսվեց ապստամբությունը Նոր Բայազետի շրջանում, ղեկավարում էր ամբողջ ժամանակ դիրքերում գտնվող ընկ. Սարուխանյանը: Այնտեղ նրանք կարծում էին, թե Ալեքսանդրապոլը դեռ դիմանում է և իրենք էլ սկսում են առաջխաղացումը: Եղավ մի մոմենտ, երբ կառավարական զորքերը տատանվեցին և սկսեցին նահանջել, սակայն, վերջիններիս թվական գերակշռությունը (նրանց օգնել մեկնեցին Ալեքսանդրապոլից արդեն վերադարձած մաուզերիստները), և մի խմբի դավաճանությունն, ինչպես ասում են, հարցն այլ կերպ վճռեց և 4-5 օրվա համառ դիմադրությունից հետո, նորբայազեթցիները կռվով հանձնեցին քաղաքը: Այս բոլոր դեպքերին ականատես եղած ընկերն անձամբ այս ամենը զեկուցեց Արմենկոմին:

Եվ այսպես, համառ դիմադրությունից հետո, Նոր Բայազետը հանձնվեց և նրանցից մի քանիսը, ընկ. Սարուխանյանի գլխավորությամբ, գնդակահարվեցին: Սարսափելի կերպով վարվեցին ընկ. Սարուխանյանի հետ, ուղղակի ինկվիզիտորների նման: Այսպես, օրինակ, երկու ձիավոր նրա երկու ձեռքից բռնած և ձիերը քշելով քարշ էին տալիս նրան քաղաքի միջով: Մեր ընկերները տեսել են նրան ֆուրգոնի մեջ պառկած, ուշաթափ վիճակում: Ռազմադաշտային դատարանի որոշմամբ նա գնդակահարվել է: Նրա վերջին խոսքերի մասին «Հառաջի» գրածը ամբողջովին մտացածին է:

Ղազախում ելույթն սկսվեց նույնպես Ալեքսանդրապոլի և նույնիսկ Նոր Բայազետի անկումից հետո: Մեր կողմից երեք օր առաջ Դիլիջան էր ուղարկված մի ընկեր՝ ինֆորմացիայի համար: Գիտենք, և ձեզ էլ հայտնի է, որ այնտեղ մտել են խորհրդային զորքերը և իրենց հետ տարել են դաշնակներին:

Կարսում և Սարիղամիշում նույնպես տեղի են ունեցել ապստամբության ելույթներ, սակայն այդպիսիներն այնտեղ էլ են ճնշվել: Այնտեղ, ընդհարման ժամանակ ընկավ ընկ. Ղուկասը (այսպես են մեզ հայտնում) այլ ընկերների հետ (դեռևս ստուգված չէ):

Մենք չէինք կարող ավանտյուրայի դիմել և արդեն հավանություն էինք տվել Իգդիրի ելույթներին, որտեղ այդ միջոցին շատ ուժեղ զինվորական կազմակերպություն կար և անձնվեր զորամաս:

Այժմ այնտեղի ամբողջ շտաբը (5-ը զինվորական և 5-ը քաղաքացիական) գտնվում է Երևանի բանտում:

Ինչպես ինքներդ էլ տեսնում եք, հողը գրեթե ամենուրեք լրջորեն պատրաստված էր. դա մի պատահական արմատազուրկ ապստամբություն չէր, բնավ երբեք:

Եթե այդ բոլորն անհաջող վերջացավ, դա միմիայն ալեքսանդրապոլցիների վաղաժամ ելույթի պատճառով էր:

Անհնար լինելով ամենուրեք արագորեն կազմակերպել գործողությունները և անջատ գործողություններին ձևավորում տալ, այլև շնորհիվ շրջանների միջև երկաթուղային հաղորդակցության բացակայության, կանոնավոր ինֆորմացիան և գործողությունների համաձայնեցումը հնարավոր չեղավ:

Բնականաբար, այդպես չէր լինի մի երկու շաբաթ հետո:

Ընկ. Արտաշեսը ձերբակալվելուց հետո խիստ ծեծի ենթարկվեց: Եվ երբ նրան Էջմիածնի վրայով բերում էին Երևան, քաղաքից 5 վերստի վրա գնդակահարվեց: Այդ բանին սանկցիա էր տրված դաշնակների կուսակցության և կառավարության կողմից: Այսպես վարվեցին ահա մեր ընկերների հետ մեր հակառակորդները, մինչդեռ այն տեղերում, որտեղ իշխանությունը մերոնք էին գրավել, ոչ մի բռնություն չէր գործադրվել մեր հակառակորդների վերաբերմամբ: Այդ բանն իրենք էլ չեն ժխտում: Այսպես, օրինակ, Նոր Բայազետում գերի առնված զորավար Սիլիկովը հենց ինքը հաստատում է այդ:

Ներկայումս ամբողջ քաղքը (Երևանը) զինվորական ճամբարի է վերածված: Աննկարագրելի բաներ են կատարվում. բռնում են փողոցում ու ասես, ինքը՝ ներքին գործերի մինիստրը, «ձախ» դաշնակցական Ջամալյանը փողոցում ձերբակալում էր մեր ընկերներին: Կուսակցության (Դաշնակցության) ամեն մի անդամ օգտվում է ինչպես փողոցներում, այնպես էլ տներում ձերբակալություններ կատարելու իրավունքից:

Կուսակցական աշխատանքն այնտեղ չի ընդհատվել. ընկերներին ամեն օր հրահանգներ են տրվում. տասն օր առաջ հրավիրված էր արտակարգ քաղաքային խորհուրդ, որտեղ լսվեց Արմենկոմի զեկուցումը: Ընտրվեց Քաղաքային բյուրոն, որի վրա ժամանակավորաես դրված էին Քաղաքային կոմիտեի ֆունկցիաները: Գրեթե ամեն օր Բյուրոն նիստեր է ունենում. կազմակերպված էր «Կարմիր խաչը», որ կապված է կալանավորների հետ: Վերականգնվում են կապերը շրջանների հետ՝ տեղերում կազմակերպությունները վերականգնելու նպատակով: Ներկայումս Արմենկոմը բաղկացած է երկուսից: Մենք մեր դիրքերում ենք, բայց այս վիճակում Երևանում երկար մնալու ոչ մի հնարավորություն չկա: Ձերբակալությունն այժմ անխուսափելի հատուցմամբ է սպառնում՝ յուրաքանչյուրին, որովհետև դաշնակների կուսակցությունը այդ ոգով որոշում է կայացրել:

Վրաստանում կուսակցության լեգալիզացիայի հետևանքով անհրաժեշտ է այնտեղից սրանց սեղմել:

Ուղարկենք ընկերներին: Թող Բաքվում դաշնակցականներին չարձակեն, սրանք այդ բանից արդեն շփոթված են:

Երևանում ձերբակալված են 50 մարդ, որոնցից 14-ը ուղարկված են Սևանի կղզին: Սարիղամիշից բերված են 5 (զինվորական), Իգդիրի շրջանից՝ 9 ( զինվորական), 64 մնացյալներից: Աշտարակից՝ 3, Արտաշատից՝ 3 և Ղամարլուից՝ 4: Մի քանի ընկերներ թաքնվել են: Հաղորդում են, որ Ալեքսանդրապոլում նստած են 100-ից ավելի ընկերներ: Կարիքը մեծ է: Նախահաշիվը կարող ենք ուղարկել միմիայն տեղերում կազմակերպությունները վերականգնելուց հետո: Ուղարկված դրամը մի կաթիլ է ծովի մեջ:

Կազմակերպությունը վերականգնելու նպատակով մենք ընկերն ենք ուղարկել Դիլիջան: Ուղարկում ենք Ղարաքիլիսա: Շրջանների համար ազատ ընկերներ քիչ կան: Ահա ընդհանուր գծերով երկրի ներկա դրությունը, մեր վերաբերմունքը դեպքերին և նրանց գնահատումը: Մենք ամեն ժամանակ պատրաստ ենք բանավոր բացատրություններ ևս տալու, եթե այդպիսին կպահանջվի:

Այսօր տեղեկություն ստացանք, որ մաուզերիստների խմբերը ուղարկված են և ուղարկվում են Ղարաբաղ: Շրջապատում են նաև Զանգիբասարի շրջանը»:

Ռ. Կ. Կ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԻՏԵ

(ԱՐՄԵՆԿՈՄ)

1920 թ. մայիսի 31, Երևան

Ինչ էլ լինեն Արմենկոմի և մյուս պատասխանատու բոլշևիկների չքմեղանքները, փաստը մնում է փաստ. Հայաստանի քաղաքական կյանքի ամենածանրակշիռ վայրկյանին, հայ բոլշևիկները չքաշվեցին խռովություններ հանել երկրի ներսը, եղբայասպան քաղաքացիական պատերազմ առաջ բերելու, զինված ապստամբության միջոցով Հայաստանի անկախությունը խորտակելու և պետական իշխանությունը հափշտակելու փորձ անելով: Հայ ժողովրդի կամքով այդ դավը վիժեց, բայց անհաշիվ վնասներ հասցրեց թե՛ ներքին և թե՛ արտաքին կյանքում:

Լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի արխիվից