Ղարաբաղի հարցը 1920-ին և հայ-վրաց-ադրբեջանյան ժողովը Թիֆլիսում. Սիմոն Վրացյան

1045

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ կոթողային հատորի ԻԵ գլուխը՝  ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՎԵՐԵԼՔ խորագրով, ավելի հստակ, այդ գլխից այն հատվածը, որը վերաբերում է Ղարաբաղի և Զանգեզուրի դեպքերին: Այս գրության վերնագիրը դրվել է ԱՆԻ-ի կողմից:

Շատ ժամանակ չանցած, շուտով պարզվեց Կարսի դեպքերի շուրջ ադրբեջանցիների հանած աղմուկի իսկական դրդապատճառը. մարդիկ նոր դեպքեր էին պատրաստում Ղարաբաղում, և անհրաժեշտ էր հասարակության ուշադրությունը ուրիշ կողմ դարձնել:

Պետք է նկատել, որ օգոստոսի 22-ի համաձայնությունը էական փոփոխություն չմտցրեց Ղարաբաղի դրության մեջ, ինչպես և նոյեմբերի 23-ի համաձայնությունը չփոխեց Զանգեզուրի վիճակը: Նոյեմբերի 23-ից հետո էր, որ, ինչպես տեսանք, զանգեզուրցիք մաքրեցին Օխչի ուԳեղավա ձորերը:

Նոյեմբերի վերջերին Զանգեզուրում Ա. Շահմազյանին փոխարինեց Ս. Մելիք-Յոլչյանը, որպես քաղաքացիական մասի կոմիսար, իսկ զինվորական մասը ենթարկվեց զոր. Ղազարյանին: Սրանց գալով՝ Զանգեզուրը ձևականորեն էլ կազմակերպվեց իբրև Հայաստանի մաս: Քաղաքացիական իշխանությունը ամփոփվեց վարիչների խորհրդի ձեռքում՝ Ս. Մելիք-Յոլչյանի նախագահությամբ: Շրջանը բաժանվեց 2 գավառի. 1) Բուն Զանգեզուր, Տաթև, Դարաբաս, Սիսիան՝ Զանգեզուրի գավառ անունով, 2) Ղափան, Բաղաբերդ-Գեղվա ձոր, Արևիք և Գողթն՝ Կապար Գողթ անունով: Զինվորական տեսակետից շրջանը բաժանվեց 3 մասի. 1) Սիսիան՝ հրամանատար Պ. Տեր-Դավթյան, 2) Կապարգողթ՝ հրամանատար Գ. Նժդեհ և 3) Զանգեզուր: Յուրաքանչյուր շրջանի հրամանատարության կից կազմվեց զինվորական շտաբ, որոնց ենթարկվում էին ճակատապետներն ու վաշտապետները: 20-50 տարեկան բոլոր տղամարդիկ դրված էին զենքի տակ, երկրապահ զինվորության դրությամբ, 20-25 ընտիր սպաների ղեկավարության տակ: Դեկտեմբերի կեսերին Գորիս հասավ Դրոյի էքսպեդիցիոն զորամասը, և Դրոն հայտարարվեց Զանգեզուր-Ղարաբաղի ընդհանուր հրամանտար:

Այսպես կազմակերպված, հունվարի 19-ին, զանգեզուրցիք մի գրոհով մաքրեցին Բուն Զանգեզուրի և Ղափանի միջև ընկած տարածությունը՝ Դոնդարլու-Շուռ-Նուխ-Ասկիլումի թուրքական շրջանը, մոտ 30 գյուղ: Մարտին գրավվեց Ավդալար-Ալեանշու-Մուսունմանլար-Բարգյուշատ շրջանը, ուր գտնվում էին մոտ 120 թուրքական գյուղեր: Թրքությունը թողեց ու հեռացավ Ադրբեջան:

Իր հերթին, գործի վրա էր և Սուլթանովը: Նոյեմբերի պարտությունից հետո, նա եռանդով պատրաստվում էր Զանգեզուրի և Ղարաբաղի գրավման: Օգոստոսի 22-ի համաձայնությունը նրա ձեռքին ժամանակ վաստակելու միջոց էր լոկ: Մի կողմից աշխատում էր պառակտել ղարաբաղցիներին, մյուս կողմից զինվորական ուժեր համախմբել՝ Ղարաբաղը զենքով ընկճելու դիտավորությամբ: Փետրվարին համարյա ադրբեջանյան ամբողջ բանակը՝ մոտ 10.000 հոգի, հավաքված էր Ղարաբաղի ճակատում: Լուրեր էին տարածվում, որ ադրբեջանյան զորամասերի ընդհանուր ղեկավարն է Նուրի փաշան, օգնականը՝ զորավար Նևրուզովը և նրանց տրամադրության տակ գտնվում են բազմաթիվ թուրք սպաներ:

Ղարաբաղցիք տեսնում էին այդ և նույնպես պատրաստվում վիժեցնելու համար Սուլթանովի ծրագրերը: Գավառում գործում էր Ինքնապաշտպանության մարմինը սպա Զ. Մեսյանի, Ա. Միքայելյանի և ուրիշների մասնակցությամբ: Ղարաբաղի և Զանգեզուրի միջև հաստատված էր համագործակցություն, և Ղարաբաղը դրսից ստանում էր ռազմամթերք ու նյութական օգնություն:

Երկու կողմերը՝ Սուլթանովն ու ղարաբաղցիք պատրաստվում էին տենդագին և առանց ծածկելու: Փետրվարի 19-ին, երբ Ադրբեջանն արդեն բավականաչափ զորք էր համախմբել Ղարաբաղի շուրջ, Սուլթանովը դիմեց Շուշիի Հայոց ազգային խորհրդին՝ պահանջելով Ղարաբաղը հայտարարել Ադրբեջանի մաս: Սուլթանովի համար այլևս Հաշտության վեհաժողով գոյություն չուներ, և «սահման քաջաց զենն յուրյանց» սկզբունքը մնացել էր միակ հեղինակավորը:

Այս պահանջի առթիվ, փետրվարի 22-ին, Շոշու գյուղում գումարվեց Ղարաբաղի 8-րդ համագումարը, որին ներկա էին 96 պատգամավորներ Գյուլիստանից, Ջիվանշիրից, Խաչենից, Դիզակից ու Վարանդայից: Համագումարը որոշեց՝ մերժել Սուլթանովի պահանջը և շարունակել մնալ օգոստոսի 22-ի համաձայնության գետնի վրա: Միաժամանակ, համագումարը բուռն կերպով բողոքեց Սուլթանովի գործած կամայականությունների, բռնությունների դեմ:

Նույն պահին, 45-50 հոգի էլ, գլխավորապես քաղաքացիներ, հավաքվեցին Շուշիում, կազմեցին առանձին համագումար և ընդունեցին Սուլթանովի պահանջը՝ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:

Երկու համագումարների բանաձևերը ներկայացվեցին Սուլթանովին, որը, իհարկե, մնաց դժգոհ և սկսեց պատրաստվել ավելի վճռական քայլերի: Մարտի սկզբից Շուշիի երթևեկը առնվեց հսկողության տակ: Մարտի 4-ին հայկական թաղում տեղավորվեցինք Ադրբեջանի սպաներ: Մարտի 5-ին ցուցակագրվեցին Շուշիի հայ սպաները: Բաքվից հասան նոր զորամասեր: Մարտի 7-ին Շուշի եկավ ադրբեջանյան բանակի ղեկավար պրինց Մահմեդը: Մարտի 7-ին դեպի Խանածախ տանող ճանապարհի վրա սպանվեցին 5-6 հայեր: Մարտի 10-ին Եվլախ-Շուշի խճուղու վրա սպանվեցին 10 հայեր: Մարտի 10-ից Շուշի բերվեցին 150 հաջի-սամլուեցի քրդեր: Նույն օրը Սուլթանովը հրամայեց գավառի բոլոր հայ ոստիկանապետներին իրենց ձիավորներով, մարտի 23-ին, բայրամի օրը, ներկայանալ իրեն քաղաքում: Նույն ժամանակ, Սուլթանովը գրավոր հրաման ուղարկեց Մուսուլմանլարի կայազորի պետին, թե՝ «հողի երեսից մաքրել Խծաբերդ, Տումի և Հին Թաղլար գյուղերը»:

Այս և նման դեպքերը կասկած չէին թողնում հայերի մեջ, որ Ադրբեջանը որոշել է հրով ու սրով ընկճել Ղարաբաղը: Եվ որոշեցին կանխել, իրենք նախահարձակ լինել. մարտի 22 լույս 23-ի գիշերը Ղարաբաղում ծագեց ընդհանուր ապստամբություն Ադրբեջանի դեմ: Ասկերանի կիրճի գրավումով Շուշիում և Խանքենդում մնացած թուրք զորամասերը կտրվեցին արտաքին աշխարհից: Արյունոտ կռիվներ տեղի ունեցան Խանքենդում, ուր սպանվեցին ապստամբների հրամանատարներ Ալեքսան-Դային, սպա Լալայան և ուրիշներ: Շուշին մատնվեց թուրք խուժանի և զորքի հարձակման. հայ բնակչության մեծ մասը փախավ, իսկ մոտ 3-400 հոգի մնաց թուրքերի ձեռքը և բանտարկվեց. կանայք ենթարկվեցին զանգվածային բռնաբարության: Առաջնորդ Վահան եպիսկոպոսը գլխատվեց, և գլուխը պտտցնում էին քաղաքի փողոցներում:

Մարտի 26-ից Ադրբեջանի զորքերը ամեն կողմից սկսեցին հակահարձակման: Մի քանի օր կատաղի կռիվներ տեղի ունեցան Ասկերանում: Ապրիլի 3-ին ադրբեջանյան բանակը 8 թնդանոթներով ու բազմաթիվ գնդացիրներով անցավ գրոհի Ասկերանի, Խաչենի և Վարանդայի ուղղությամբ: Օրհասական ճակատամարտում հերոսի մահով սպանվեց Ասկերանի ճակատի հրամանատար Դալի Ղազարը: Թուրքերը ճեղքեցին հայկական շղթան և ամեն ինչ ավերելով՝ ապրիլի 4-ին մտան Շուշի ու կոտորեցին քաղաքում մնացած հայերին: Հայկական տների մեծ մասը ավերի տրվեց ու հրդեհվեց: Հայկական Շուշին նստեց մոխիրների վրա:

Դեպքերը ցույց տվին, որ ապստամբությունը կազմակերպված էր անփորձ մարդկանց ձեռքով: Հետևանքները կարող էին լինել շատ ավելի աղետավոր, եթե ապրիլի 13-ին Ղարաբաղ չհասներ Դրոն իր էքսպեդիցիոն զորամասով: Նա իր ձեռքն առավ շրջանի իշխանությունը, ապրիլի 15-ն զորահավաք հայտարարեց Վարանդայում ու Դիզակում, ամրացրեց ճակատները և 45 օր շարունակ մնաց Ղարաբաղում: Ապրիլի 22-ին Թաղավարդ գյուղում հրավիրվեց Ղարաբաղի 9-րդ համագումարը, որը 44 ձայնով մեկի դեմ մի անգամ էլ որոշեց մերժել Ադրբեջանի իշխանությունը և Ղարաբաղը համարել Հայաստանի մաս:

Դրոյի հասնելուց հետո Ադրբեջանի բանակն այլևս առանձին կենդանություն ցույց չտվեց. մի կողմից Բաքվում տեղի էին ունենում ներքին խմորումներ ու բոլշևիկյան շարժումներ, մյուս կողմից Թիֆլիսում դաշնակիցները և Անդրկովկասյան խորհրդաժողովը պահանջում էին վերջ տալ արյունահեղության: Չենթարկվել չէր կարելի. աղմուկն ու սպառնալիքը շատ մեծ էր:

Եվ, իրոք, Ղարաբաղի ապստամբության և Շուշիի կոտորածի լուրը Թիֆլիսում ցնցող տպավորություն գործեց: Այն պահին, երբ կարմիր բանակի առաջապահները կանգնած էին Անդրկովկասի դռանը, ընդհարումը հանրապետությունների միջև կարող էր դառնալ ճակատագրական:

Մարտի 27-ին Ղարաբաղի Հայրենակցական միության ներկայացուցիչներ Գ. Բալայանը և Լեոն մի հուշագիր ներկայացրին Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Հունաստանի ներկայացուցիչներին, գնդապետ Հասկելին, Հայաստանի վարչապետին և Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով նրանց միջնորդությունը Ղարաբաղի հարցում: Նրանք պահանջում էին՝ անմիջապես հեռացնել ադրբեջանյան զորամասերը, բանալ ճանապարհները և հարգել օգոստոսի 22-ի համաձայնությունը:

Նույն օրը Վրաստանի վարչապետ Ժորդանիան դիմեց դաշնակիցների ներկայացուցիչներին՝ խնդրելով նրանց միջնորդությունը՝ մարելու համար Ղարաբաղի հրդեհը: Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչներ Ուորդրոպը, կոմս Մարտելը և գնդ. Գաբբան, ապրիլի 1-ին, հավաքական մի հեռագրով դիմեցին Բաքու և Երևան՝ «եռանդագին հրավիրելով» խաղաղ միջոցներով և անհապաղ լուծել Ղարաբաղի և ուրիշ գավառների հարցերը, ուր «խաղաղությունը վտանգված է»: «Հաշտության այս հանդիսավոր կոչը, եթե չլսվի ճիշտ այն ժամին, երբ, թերևս, ամբողջ Անդրկովկասի բախտը վճռելու վրա է, կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ ձեր կառավարությունների համար»:

Հայաստանի կառավարությունը իսկույն ևեթ, ապրիլի 2-ին, պատասխանեց, թե ինքը բոլորովին համամիտ է դաշնակից ներկայացուցիչների առաջարկին և իր պատգամավորները ապրիլի 5-ին կլինեն Թիֆլիսում՝ մասնակցելու անդրկովկասյան խորհրդաժողովին՝ նպատակ ունենալով խաղաղությամբ լուծել  բոլոր վիճելի խնդիրները: Ապրիլի 4-ին Հայաստանի Խորհրդարանն էլ զբաղվեց Ղարաբաղի դեպքերով և հավանություն տվեց կառավարության հետևած քաղաքականությանը:

Ադրբեջանցիների որոշ ձգձգումից հետո, ապրիլի 9-ին բացվեց  անդրկովկասյան 3 հանրապետությունների խորհրդաժողովը: Հայաստանի ներկայացուցիչներն էին Հ. Օհանջանյանը, Տ. Բեկադյանը, Ս. Մամիկոյանը և Ս. Խաչատրյանը, Ադրբեջանինը՝ Հ. Աղաևը, Ֆ.Վեքիլովը, Ս. Կրիչինսկին. Վրաստանինը՝ Ե. Գեգեչկորին, Գ. Լորդկիպանիձեն և Գ. Մախարաձեն:

Օրակարգին անցնելուց առաջ, Հայաստաի և Վրաստանի պատվիրակությունները առաջարկեցին, առաջին հերթին, դնել Ղարաբաղի արյունահեղությունների դադարեցման խնդիրը, պնդելով, որ առանց դրան անկարելի է հանգիստ և արդյունավետ աշխատանք կատարել: Ադրբեջանի պատվիրակությունը սկզբունքով չառարկեց, բայց պնդեց, որ պետք է նկատողություն առնվեն և Օրդուբադի, Նախիջևանի, Վեդիի ու Ղազախի շրջանները: Եվ որովհետև ինքը լիազորություն չուներ, առաջարկեց նիստը հետաձգել, մինչև որ Բաքվից ստացվեն համապատասխան հրահանգներ:

Հաջորդ նիստում, ապրիլի 10-ին, կազմվեց խորհրդաժողովի նախագահությունը՝ Ս. Մամիկոնյան, Հ. Աղաև և Ե. Գեգեչկորի: Աղաևը Ադրբեջանի պատվիրակության կողմից կարդաց Բաքվի կառավարության հեռագիրը. «Խորհրդաժողովի հարուցած հարցը կքննվի վաղը, ապրիլի 10-ին, խորհրդարանի ավագների կողմից: Պատասխանը կստանաք վաղը երեկո»: Հայ պատվիրակները եռանդով բողոքեցին այդ ձգձգման դեմ: Որոշվեց նորից նիստը ընդհատել և սպասել Բաքվի պատասխանին:

Պատասխան չստացվեց և երրորդ նիստում, որը նույնպես հետաձգվեց: Չորրորդ նիստին, ապրիլի 11-ին, վերջապես Աղաևը հայտնեց Ադրբեջանի կառավարության պատասխանը, որով նա «համաձայնվում էր խորհրդաժողովի քննությանը ենթարկել ամբողջ Անդրկովկասի տարածության վրա ընդհարումներն ու արյունահեղությունները դադարեցնելու միջոցների հարցը»: Որից հետո, երկար ու բարակ, քննվեց օրակարգի հարցը և ընդունվեց խորհրդաժողովի հետևյալ օրակարգը. 1) արյունահեղ ընդհարումները դադարեցնելու հարց, 2) անդրկովկասյան պետությունների մնայուն մարմնի ստեղծում, 3) հողային հարցեր, 4) արտաքին քաղաքականության համաձայնեցում, 5) կոնֆեդերացիայի հարց, 6) տնտեսական խնդիրներ:

Ապա խորհրդաժողովը քննության առավ օրակարգի առաջին կետը, որի առթիվ սուր վիճաբանություններ եղան հայերի և ադրբեջանցիների միջև: Վերջիններս պահանջում էին, որ տեղի ունեցող ընդհարումները նկատվեն իբրև «պատերազմ հայերի և մահմեդականների միջև»: Ի վերջո, ընդունվեց հետևյալ բանաձևը, որ Աղաևի, Մամիկոնյանի և Գեգեչկորու ստորագրությամբ անմիջապես հեռագրվեց Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին. «Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների խորհրդաժողովը իր աշխատանքներին ձեռնարկելով՝ որոշում է՝ 1) անմիջապես դադարեցնել բոլոր այն արյունահեղ ընդհարումները, որոնք այժմ տեղի են ունենում Ղազախում, Նախիջևանում, Օրդուբադում և Ղարաբաղում, 2) Միաժամանակ, խորհրդաժողովը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները ամենակտրուկ միջոցներ ձեռք առնեն վերացնելու համար հայ և մահմեդական ազգաբնակչությունների միջև ընդհարման բոլոր հնարավորությունները՝ համապատասխան հանրապետությունների սահմաններում, 3) Այս որոշման մասին շտապով տեղեկացնել Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին, որպեսզի նրանք ձեռք առնեն համապատասխան միջոցներ»:

5-րդ նիստում, ապրիլի 12-ին, խորհրդաժողովը զբաղվեց արյունահեղությունը դադարեցնելու պայմաններով, դարձյալ երկար վեճ ծագեց հայերի և Ադրբեջանցիների միջև Ղարաբաղի մասին: Վերջիններս պնդում էին, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է և Ղարաբաղի խնդիրը՝ Ադրբեջանի ներքին խնդիրը: Հայերը, ընդհակառակը, համարում էին, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասը չէ: Երկու կողմերը մնացին իրենց տեսակետին, և որոշվեց «անմիջապես լիովին վերականգնել այն իրավական վիճակը, որ գոյություն ուներ ընդհարումներից առաջ և հիմնված էր հայ-ադրբեջանյան և անդրկովկասյան հանրապետությունների խորհրդաժողովներում ձեռք բերված համաձայնության վրա՝ կառավարությունների հետ ազգային խորհուրդների պայմանագրի հիմամբ»:

Նույն նիստում որոշվեց ընտրել 6 հոգանոց հանձնախումբ՝ 2-ական ամեն մի պատվիրակությունից և ուղարկել Ադրբեջան ու Հայաստան՝ խորհրդաժողովի որոշումը գործադրելու համար:

Ապա ուղարկվեց 3 հանձնախումբ. մեկը՝ Մախարաձեն, Մամիկոնյանը, Աղաևը՝ Ղազախ, ուր նույնպես հայ-թուրքական ընդհարումներ էին պատահել. մյուսը՝ Ի. Ռամիշվիլի, Ա. Աբեղյան ու Ջ. Սուլթանով՝ Շարուր-Նախիջևան, և երրորդը՝ Ղարաբաղ: Հանձնախմբերը մեկնեցին համապատասխան վայրերը, բայց հետագա դեպքերի պատճառով շոշոփելի գործ չկատարեցին:

Այնուհետև խորհրդաժողովը երկար զբաղվեց կոնֆեդերացիայի հարցով: Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացրեց «Անդրկովկասյան Հանրապետությունների խորհրդի» նախագիծը: Առաջարկվում էր երեք հանրապետությունների ներկայացուցիչներից կազմել մշտական միջազգային խորհուրդ, որի պարտականությունը պիտի լիներ. «1) հոգալ հանրապետությունների արտաքին ապահովությունը և նրանց անկախության ու չեզոքության պահպանումը, 2) հսկել, որ հանրապետությունների միջև ծագող վիճելի խնդիրների լուծումը միջնորդ դատարանի կողմից՝ գործադրվի, 3) հետևել, որ կիրառվեն դաշնագրերը հանրապետությունների միջև, 4) մշակել միջհանրապետական դաշնագրերի նախագծեր, 5) ձգտել խաղաղությամբ լուծել հանրապետությունների միջև ծագող վեճերը և եզրակացություններ տալ առանձին հանրապետությանց կառավարությունների առաջարկով»: Խորհուրդը պիտի կազմվեր 12 հոգուց. յուրաքանչյուր հանրապետություն պիտի տար 2 ներկայացուցիչ խորհրդարանից և երկու՝ կառավարությունից, մեկ տարի ժամանակով: Խորհուրդը պիտի ունենար սովորական և արտակարգ նստաշրջաններ: Եվ այլն:

Իհարկե, սա դեռ կոնֆեդերացիա չէր, բայց մի քայլ էր դեպի կոնֆեդերացիան: Ադրբեջանցիք քայլ առ քայլ հետապնդում էին իրենց հիմնական նպատակը՝ Անդրկովկասի միացումը: Վրացիք էլ դեմ չէին որոշ միության, պայմանով, որ Վրաստանի վեհապետական իրավունքները չտուժեն: Հայերի համար, քանի թուրքա-հայկական հարցը մնում էր անորոշ, գոյավիճակի ամեն փոփոխություն համարվում էր վաղաժամ: Այս դեպքում էլ նրանք չմերժեցին իրենց համաձայնությունը, բայց այդ արվեց այնպես, որ հավասար էր մերժումի:

Դեռ կոնֆեդերացիայի խնդիրը չփակած, ապրիլի 16-ին ադրբեջանցիք բերեցին զինվորական գործակցության առաջարկը Խորհրդային Ռուսաստանի դեմ: Վրացիք չառարկելով հանդերձ՝ առաջ քաշեցին սահմանագծման հարցը: Հայերն էլ դեմ արտահայտվեցին արտաքին ճակատով զբաղվելուն: «Այժմ, երբ անդրկովկասյան հանրապետությունների առաջև կանգնած է մի նոր վտանգ և նոր արյունահեղություններ են հնարավոր, հայկական պատվիրակությունը մերժում է զբաղվել արտաքին քաղաքականությամբ»,- վրդովված նկատեց Ադրբեջանի Վեքիլովը:

«Այո՛,- առարկեց հայերի կողմից Տ. Բեկզադյանը,- քանի հողային հարցերը չեն լուծված, խորհրդաժողովի որոշումները ո՛չ մի արժեք չեն ունենա: Եթե ենթադրենք, որ խորհրդաժողովը որոշի ընդհանուր ուժով դուրս գալ արտաքին ոտնձգությունների դեմ ի պաշտպանություն մեր հանրապետությունների անկախության, այսինքն՝ հյուսիսի վտանգի դեմ, այն ժամանակ հայկական պատվիրակությունը առաջարկում է քննել հարավային վտանգի հարցը, որովհետև թուրքերը, որքան հայտնի է, դաշնակից են բոլշևիկների հետ: Բացի այդ, խորհրդաժողովը պետք է ստույգ տեղեկություններ ունենա այն համաձայնության մասին, որը, իբրև թե, գոյություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Մեզ համար անհրաժեշտ է պարզել նաև Ադրբեջանի կառավարության վերաբերումը դեպի մեր պետականությունը»:

Նորից հին հարցը՝ «հյուսիսի» ու «հարավի» վտանգը: Ադրբեջանցու համար «հյուսիսն» էր սարսափելի, հայերը վախենում էին «հարավից». էլ ի՞նչ խորհրդաժողով, ի՞նչ կոնֆեդերացիա, ի՞նչ համաձայնություն: Եվ ո՛չ մի համաձայնություն էլ չկայացավ:

Իսկ մինչ պատգամավորությունները խորհրդաժողովում ճառեր էին արտասանում, մինչ Ադրբեջանն իր ամբողջ բանակը կենտրոնացրել էր Ղարաբաղի դեմ, ապրիլի 28-ի գիշերը, բոլշևիկները, թուրքերի աջակցությամբ և Ադրբեջանի Խորհրդարանի համաձայնությամբ, առանց մի հատիկ փամփուշտ պարպելու, մտան Բաքու և Ադրբեջանում հայտարարեցին խորհրդային իշխանություն: Նոր գործոն էր մտնում Անդրկովկաս, որ գալիս էր բոլորովին այլ ընթացք տալու նորաստեղծ հանրապետությունների կյանքին: Եվ այդ նոր գործոնի ուշադրության առաջին առարկանեղավ Հայաստանը: Հեղաշրջման հաջորդ օրը Բաքվից Երևանի կառավարության ուղարկվեց հետևյալ վերջնագիրը.

«Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության բանվորագյուղացիական կառավարությունը, հանձինս հեղափոխական կոմիտեի, պահանջում է՝ նախ մաքրել ձեր զորքերից Ղարաբաղի և Զանգեզուրի հողամասերը. երկրորդ՝ քաշվել դեպի ձեր սահմանները. երրորդ՝ դադարեցնել ազգամիջյան կոտորածը: Հակառակ դեպքում, ադրբեջանյան ընկերվարական խորհրդային հանրապետության հեղափոխական կոմիտեն իրեն կհամարի պատերազմական դրության մեջ Հայաստանի Հանրապետության հետ: Վերջնագրի պատասխանի համար տրվում է երեք օր ժամանակամիջոց: Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության արտաքին գործերի գործավար Հուսեյնով»: