Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:
Գլուխ ԻԵ
Ղարաբաղից հետո Զանգեզուրը…
1919 թ. սեպտեմբերի 7-ին, Ադրբեջանի գլխավոր սպայակույտի պետը հետևյալ գաղտնի մտքերն էր թելադրում Ղարաբաղի ընդհանուր նահանգապետ դր. Սուլթանովին. «Ղարաբաղի հարցի խաղաղ կարգադրությունը հարկադրում է մտածել, որ Զանգեզուրի գավառի կցումը տեղի կունենա առանց զինված կռվի, որովհետև նրա հայ ազգաբնակչությունը, Նախիջևանի փլուզումից հետո, դրված է երկու կրակի մեջ և հազիվ թե համարձակվի դիմադրելու մեզ, առանց թիկունքում նախկին աջակցությունն ունենալու: Սակայն և այնպես, Ղարաբաղի անդորրության ապահովումը եղել է ու կլինի մեր մշտական մտահոգությունը՝ Կամավորական բանակի և նրա բնական ու մնայուն դաշնակից Հայաստանի հետ ընդհարվելու պարագայում: Գործերի ներկա վիճակում Հայաստանը մեզ համար վտանգավոր չէ, բայց նման բարենպաստ կացությունը չի կարող երկար տևել, և մենք պետք է պատրաստվենք ավելի վատ դրության համար:
Ղարաբաղի վերջնական կորուստի հետ հայերը չեն կարող հաշտվել և, անկասկած, կաշխատեն օգտագործել ամեն հարմար առիթ կորուստը հետ դարձնելու նպատակով: Այդ բոլորը մեզանից պահանջում է, զորաշարժի դեպքում, զորքեր թողնել Խանքենդում, իսկ ապագայում նաև Գորիսում՝ հայերի վրա հսկելու համար: Այդպիսով, Ղարաբաղը կարող է մեր ոչ մեծ բանակից բավական զգալի ուժեր գրավել ճակատից: Սակայն, կան միջոցներ Ղարաբաղի պահպանության համար ո՛չ միայն դաշտային զորքերը չթուլացնելու, այլ ճակատի համար կենդանի ուժ էլ հանելու նրա խորքերից՝ թողնելով բավականաչափ զորամասեր Ղարաբաղի ընդհանուր նահանգապետության շրջանի կարգի ապահովության համար:
Այդ նպատակով հարկավոր է օգտագործել քրդական հիանալի մարտական ուժը, կազմակերպել նրանցից հետևակ ու ձիավոր մասեր «համիդիե» գնդերի օրինակով, որոնց գործնական օգտակարությունը փորձված է թուրքերի կողմից վերջին պատերազմի ընթացքում: Քրդական գնդերի անվեհեր գործունեության մասին փոքրասիական, պարսկական և Միջագետքի ռազմաճակատներում՝ միաձայն խոսում են պատերազմին բոլոր մասնակցողները:
Քուրդ զորամասերի խաղաղ ժամանակի շարքերը ստեղծելու համար ենթադրվում է կազմակերպել քրդական ձիավոր գունդ և մի հրացանաձիգ գումարտակ, որը պատերազմի ժամանակ կվերածվի 4 գումարտակի: Զինապարտ տարիքի քրդերը զինվորական պարտականություն կկատարեն իրենց մասերում, իսկ պատերազմի դեպքում կկազմվեն նոր մասեր էլ (երկրորդ և երրորդ հերթի գնդեր ու գումարտակներ), որոնց մի մասը կհատկացվի ռազմաճակատին, մյուսները կմնան Ղարաբաղում:
Քրդական զորամասերի կազմակերպությունը հանգամանորեն մշակելու համար անհրաժեշտ է առայժմ պարզել թե որքան հետևակ ու ձիավոր մարտիկներ կարող են տալ քրդերը: Հաղորդելով ձեզ այս մասին՝ խնդրում եմ ձերդ գերազանցության՝ հայտնել ձեր կարծիքը և հաղորդել խնդրված թվերը»:
Այս նամակը կատարյալ հստակությամբ պարզում է, թե ի՞նչ ուղղությամբ էր զարգանում ադրբեջանյան պետական միտքը, որի համար թուրքական «համիդիե» գնդերը համարվում էին իդեալ: Ցույց է տալիս նաև, որ ադրբեջանցիների համար հերթի էր դրվում Զանգեզուրի կցումը, որպեսզի Սամուրից մինչև Արաքս հաստատվի Ադրբեջանի իշխանությունը:
Զանգեզուրը, ցարական իշխանության օրով, կազմում էր Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգի մեկ գավառը՝ Ղարաբաղի ու Պարսկաստանի միջև՝ արևմուտքից ունենալով Նախիջևանն ու Դարալագյազը, իսկ արևելքից Կարյագինի գավառը: Զանգեզուրի գավառը բռնում էր 6743 քառակուսի վերստ տարածություն և 1916 թ. ուներ 226 .398 բնակիչ, որից հայ՝ 95.054, թուրք շիա՝ 110.637, թուրք սուննի՝ 8.966, քուրդ՝ 3.638, ռուս՝ 1.709 և այլն:
Զանգեզուրի վարչական սահմաններն էլ արհեստական կերպով գծված էին այնպես, որ ո՛չ մի ժողովուրդ նրա մեջ զգալի մեծամասնություն չէր կազմում: Ըստ հայկական վարչական վերաբաժանման ծրագրի Զանգեզուրից պետք է զատվեին մի շարք զուտ թրքաբնակ շրջաններ ու կցվեին Կայրագինի թուրքական գավառին, որով Զանգեզուրը կդառնար հայ մեծամասնություն ունեցող (65 տոկոս), մի գավառ՝ 136 հազար բնակչությամբ, որից 88.000՝ հայ, 46.000՝ թուրք և 2.000՝ ուրիշ ազգություններ:
Ռուսական հեղափոխության լուրը Զանգեզուրում էլ առաջ բերեց ընդհանուր ոգևորություն: Հետզհետե ամեն կողմ կազմվեցին հեղափոխական կոմիտեներ՝ փոխարինելու համար հին իշխանությանը: Դեպքերի բերումով՝ գավառը կտրվեց նահանգական կենտրոն Գանձակից և իր գործերը վարում էր ինքը՝ Գորիսի ու Հանքերի խառն կոմիտեների միջոցով: Այստեղ էլ հայերն ու թուրքերը սկզբի շրջանում ապրում էին հաշտ ու համերաշխ:
Մարտի սկզբներին Ղարաբաղն ու Զանգեզուրը միացվեցին և կազմվեց Գանձակից անկախ մի առանձին շրջան՝ Շրջանային գործադիր կոմիտեի գլխավորությամբ: Այս վերջինի ջանքերով կազմվեց Գորիսի գործադիր կոմիտե, որին ենթարկվում էին բուն Զանգեզուրն ու Սիսիանը, իսկ Ղափան-Մեղրի շրջանը մնաց Հանքերի կոմիտեի իշխանության տակ:
Սակայն, շրջանային նոր կազմակերպությունը հաջողություն չունեցավ. փաստորեն Ղարաբաղն ու Զանգեզուրը ապրում էին առանձին, իրարից կտրված, և Զանգեզուրի կացությունը երթալով վատանում էր: Մի կողմից նյութական ու պարենավորման սուր տագնապը, մյուս կողմից՝ հողային վեճերը, հայ-թուրքական հարաբերությունների լարվելը՝ այս ամենը անհրաժեշտ դարձրին ավելի ուժեղ իշխանության ստեղծումը: Օգոստոսի 15-ին գումարվեց համազանգեզուրյան գործադիր կոմիտեի նիստը՝ բաղկացած 31-ական հայ ու թուրք պատգամավորներից, որոնք ընտրվել էին Օզակոմի ներկայացուցիչների ղեկավարությամբ, գավառի 31 գյուղախմբերից: Հայ պատգամավորներից 24-ը դաշնակցականներ էին, մնացած 7-ը՝ սոցիալ-դեմոկրատ, սոցիալիստ-հեղափոխական և այլն, թուրքերից՝ 28 մուսավաթական և 3-ը՝ սոցիալ-դեմոկրատ:
8 օրվա նիստերի ընթացքում լուծվեցին գավառին վերաբերվող խնդիրներ և ընտրվեց 4 հոգիանոց մի դիվան, 7 անդամներից հողային կոմիտե, գավառապետ, օգնական, շրջանների ոստիկանապետեր, որոնք և կազմեցին գավառի իշխանությունը՝ դիվանի վերին հսկողության տակ: Դիվանի նախագահ ընտրվեց Նազար բեկ Սուլթանովը, փոխնախագահ՝ Հ. Տերունին, հողային կոմիտեի ղեկավար՝ Արշ. Շիրինյանը և Մ. Հ. բեգ Խոջահանսկին, գավառապետ՝ Մեսրոպ բեկ Սարատիկյանը, օգնական՝ Խանլար բեկը:
Գործադիր կոմիտեի նիստերի ժամանակ տեղի ունեցավ կրքոտ պայքար, մասնավորապես, մուսավաթականների կողմից, որոնք աշխատում էին իշխանությունը առնել իրենց ձեռքը: Այդ պայքարը, Ջալիլ բեգ Սուլթանովի գլխավորությամբ, շարունակվեց դուրսն էլ և ծայրաստիճան սրեց հայ-թուրքական հարաբերությունները: Դրան նպաստում էին և բախումները թուրք քոչվորներիև տեղական հայ ու ռուս գյուղացիների միջև: Տեղական թուրքերը բռնում էին քոչվորների կողմը, որից առաջ էին գալիս ընդհարումներ տեղական հայերի ու թուրքերի միջև: Տեղական թուրքերը բռնում էին քոչվորների կողմը, որից առաջ էին գալիս ընդհարումներ տեղական հայերի ու թուրքերի միջև: Սեպտեմբերին աղուդիվաղուդեցի թուրքերի ձեռքով սպանվեցին մի քանի սիսիանցիներ: Երթևեկությունը խանգարվեց, ճանապարհները դարձան վտանգավոր:
Գործերը է՛լ ավելի խճճվեցին, երբ թուրքերը Զանգեզուրի թուրքական մասը հայտարարեցին Գորիսից անկախ, և Դոնդարլու գյուղում կազմեցին առանձին կառավարություն՝ Մահմեդական կոմիտե անունով՝ Ջալիլ բեկի նախագահությամբ: Թուրքական շրջանների հայերը տեղափոխվեցին հայկական վայրեր: Գորիսից թուրքերը քաշվեցին թուրքական շրջաններ: Փաստորեն Զանգեզուրը բաժանվեց երկու, իրարից անկախ մասերի: Նոյեմբեր ամսից լուծվեց և Գործադիր կոմիտեի դիվանը, պետական հիմնարկությունները փակվեցին, գավառապետը քաշվեց գործից, և ամեն բան խառնվեց իրար:
Այսպես տևեց դրությունը մինչև 1918 թ. հունվարի վերջերը: Հունվարի 25-ին Գորիսում կազմվեց 18 հոգանոց միջկուսակցական մի խորհուրդ՝ 9 դաշնակցական և 9 մյուս կուսակցություններից, որը աշխատեց կազմակերպել հայկական շրջանների իշխանությունը, բայց նյութական միջոցների ու պետական մեքենայի բացակայության պատճառով հաջողություն չունեցավ:
Գարնան բացվելով՝ անիշխանությունը ավելի ևս սաստկացավ: Մայիսին սկսվեց քոչը: Թուրք քոչվորները պատրաստվում էին իրենց հոտերով բարձրանալ Զանգեզուրի սարերը: Հաջողության դեպքում այդ պիտի նշանակեր ստույգ մահ զանգեզուրցիների համար: Եվ ահա, ինքնաբերաբար, իրարից անկախ, Սիսիանում, Գորիսում, Ղափանում ու Մեղրիում կազմվեցին տեղական մարմիններ, որոնք իրենց ձեռքն առան ինքնապաշտպանության գործը: Նշանակվեցին շրջանապետներ և անցան կազմակերպական աշխատանքի:
Մայիսի վերջերին Զանգեզուր հասավ և Խնուսի, Սասունի ու Վանի գաղթականների մի մասը՝ զինված ուժերով: Խնուսցիների մի հարյուրյակը Եղոյի գլխավորությամբ և վանեցիների մի վաշտը իրենց դրին Սիսիանի մարմնի տրամադրության տակ, իսկ Սասունցի Մանուկը, Մուշեղը և Չոլոն երեք հարյուրյակով անցան Գորիս: Այդ ուժերը կազմեցին այն կորիզը, որի շուրջ համախմբվեցին զանգեզուրցի մարտիկները:
Հունիսի սկզբներին, հազարավոր զինված քոչվորներ խառնվեցին Հագարի գետի ափին՝ պատրաստ զենքի ուժով բանալու սարերի ճամփան: Նրանց օգնության էին եկել և Հաջի-Սամլուի ու Մուսուլմանլարի թուրքերը: Հարամի Դյուզ վայրում տեղի ունեցան թուրքերի և հայերի միջև արյունահեղ ճակատամարտեր, և թուրքերը պարտված՝ դիմեցին փախուստի՝ կռվի դաշտում թողնելով բազմաթիվ դիակներ: Կարճ ժամանակ հետո, Հաջի-Սամլուի թուրքերը հարձակվեցին Սիսիանի վրա՝ կամենալով միանալ թուրքական Ջուլ շրջանին և այդպիսով Զանգեզուրը կտրել Դարալագյազից, բայց ջարդված քշվեցին այստեղից էլ: Ընդհանրումներ եղան և Զեյվա-Հագարակ գծի վրա, Մեղրիում. այստեղ ևս թուրքերը չդիմացան ու փախան Օրդուբադի կողմերը:
Այսպիսով, Զանգեզուրն ազատվեց քոչի մղձավանջից: Հուլիսին Սիսիան եկավ Շուշիի գնդի սպայակույտը՝ գնդապետ Մելիք-Շահնազարյանի գլխավորությամբ: Իսկ, հուլիսի վերջերին, զանգեզուրցիների կողմից Երևան ուղարկվեց մի հատուկ պատվիրակություն՝ հայտնելու համար Հայաստանի կառավարությանը, որ Զանգեզուրը վճռել է մնալ Հայաստանի մաս և պատրաստ է մինչև մահ կռվել, և խնդրելու, որ Հայաստանի կառավարությունը Զանգեզուր ուղարկի 8-10 ձեռնհաս սպա ու դրամական միջոց: Հայաստանի կառավարության վիճակն այն օրերին այնպես էր, որ իհարկե, շոշափելի օգնություն չէր կարող հասցնել: Վարչապետ Քաջազնունին սահմանափակվեց միայն բարոյական քաջալերանքով: Ըստ էության, ավելի դրական չեղավ և ներքին գործոց նախարար Արամի արածը, բայց նա խոստացավ կենդանի կապ պահել Զանգեզուրի հետ և մոտիկ ապագայում ուղարկել մի ձեռնհաս հրամանատար ու սպաներ:
Հուլիսի վերջերին Զանգեզուր մտավ Անդրանիկը և հրամանատարի պահանջը այդպիսով որոշ ժամանակի համար լուծվեց:
Օգոստոսի սկզբներին, Կարսի և Շարուր-Նախիջևանի հետ միաժամանակ, թուրքերն ընդհանուր հարձակման անցան և Զանգեզուրի վրա, բայց նորից հանդիպեցին համառ դիմադրության: Զանգեզուրցիների խնդրանքով ինքնապաշտպանության գլուխն անցավ Անդրանիկը, որ ընդհանուր զորահավաք հայտարարեց և հետ շպրտեց թուրքական բոլոր գրոհները՝ գրավելով և ամրանալով Զաբուխի բերանում:
Նոյեմբերին թուրքերը նորից դիմեցին գործողությունների Զանգեզուրի դեմ: Կռիվները տևեցին մինչև դեկտեմբեր: Անդրանիկը, որ ստացել էր ղարաբաղցիների օգնության կոչը, ջարդեց թշնամուն և շարժվեց դեպի Շուշի, բայց, ինչպես տեսանք արդեն, կես ճանապարհին անգլիացիների կողմից կանգնեցվեց ու վերադարձվեց Զանգեզուր: Ճանապարհները բացվելուն պես Անդրանիկը, անգլիական սպա Գիբընի ուղեկցությամբ անցավ Էջմիածին, ուր մի առ ժամանակ մնալուց հետո, զենքերն ու ռազմամթերքը կաթողիկոսին հանձելով՝ անցավ Թիֆլիս և այնտեղից, մայիսի 6-ին արտասահման:
Անգլիացիների երևալը Զանգեզուրում առաջ բերեց անխառն ուրախություն, որը, սակայն, շուտով պղտորվեց անգլիացիների բռնած երկդիմի դիրքով. «մեր մեծ դաշնակցի» ներկայացուցիչներն էլ աշխատում էին Զանգեզուրը դնել Ադրբեջանի իշխանության տակ: Զանգեզուրցիք ցասումով բողոքեցին և ըմբոստացան այդ ծրագրի դեմ: Այդ առթիվ Զանգեզուր գնաց զոր. Թոմսոնի տեղակալ զոր. Շատելվորտն և Հայաստանի ներկայացուցիչ Հ. Արղությանը: Զանգեզուրցիք Շատելվորտին էլ ընդունեցին զայրույթով ու միակ պահանջով՝ միացնել Զանգեզուրը Հայաստանին: Շատելվորտի սպառնալիքների վրա՝ զանգեզուրցրիները զինված ցույց արեցին նրա ինքնաշարժի շուրջ և քիչ էր մնում ձերբակալեին նրան: Շատելվորտը հեռացավ ձեռնունայն, իսկ Արղությանը, որ Ղարաբաղի հարցում կուսակից էր փոխադարձ զիջումի, զեկուցում տարավ Երևան, թե ստեղծված պայմաններում, ո՛չ միայն Զանգեզուրը, այլև Ղարաբաղն էլ չի կարելի թողնել Ադրբեջանի տիրապետության տակ:
Թուրքերի պարտությունից հետո, կուսակցությունների և կազմակերպությունների փոխադարձ համաձայնությամբ որոշվեց կյանքի կոչել Զանգեզուրի Կենտրոնական ազգային խորհուրդը 9 անդամներով, որոնք պիտի ընտրվեին շրջաններից: Ընտրվեցին Սիսիանից Մ. Զաքարյան, Հ. Տերունի և Գ. Տեր-Մկրտչյան, Բուն Զանգեզուրից՝ Տ. Սազանդարյան, բժ. Մ. Պարոնյան. Ն. Հովսեփյան, Ղափան-Մեղրիից՝ Ս. Մ. Քարամյան, Ա. Շիրինյան, Ս. Մ. Ստեփանյան: Խորհուրդը գործի անցավ դեկտեմբերի սկզբին և այդ օրից լուծված համարվեցին բոլոր հին մարմինները:
Ազգային խորհուրդը ձեռնարկեց գավառի իշխանության հիմնական կազմակերպություն: Ամեն ինչ նորից պետք էր սկսել: Խորհրդի նախագահ և միանգամայն գավառապետ ընտրվեց Մ. Պարոնյանը, որին, երկու ամիս անցած, գավառապետի պաշտոնում փոխարինեց Ն. Հովսեփյանը: Նշանակվեցին շրջանային կոմիսարներ: Վերընտրվեցին գյուղական կոմիսարները: Ստեղծվեց գավառական պարենավորման կոմիտե. շրջաններում նշանակվեցին պարենավորման կոմիսարներ: Գորիսում հիմնվեց շրջանային դատարան: 1919 թ. հունվարին հայտարարվեց 20-22 տարեկան զանգեզուրցիների զորահավաք և ստեղծվեց տեղական մնայուն զորամաս: Պետական կարիքների համար հարկ դրվեց ազգաբնակչության վրա:
Հունվարի վերջերին Ազգային խորհրդի կողմից Երևան ուղարկվեց Ա. Շիրինյանը՝ ստանալու համար դրամ ու ռազմամթերք և խնդրելու, որ Հայաստանի կառավարությունը փութացնի Զանգեզուրի նահանգապետի առաքումը: Վերջինիս գալըանհրաժեշտ էր, որովհետև ձյունը հալելուն պես, Անդրանիկը պիտի հեռանար և նրան պետք է փոխարիներ մեկ ուրիշը:
1919 թ. մարտի 6-ին, Գորիս հասավ Հայաստանի կառավարության նշանակած Զանգեզուրի ընդհանուր կոմիսարը՝ փոխգնդապետ Արսեն Շահմազյանը, որից հետո Զանգեզուրն այլևս կապվեց Երևանի հետ: Շահմազյանի պաշտոնը կես գաղտնի էր. Ղարաբաղ-Զանգեզուրը Ադրբեջանին կցել աշխատող անգլիացիների ճնշման տակ, Հայաստանի կառավարությունը պաշտոնական ձև չէր տալիս իր գործունեությանը Զանգեզուրում: Հակառակ դրան, Զանգեզուրը, երկրի մյուս մասերին հավասար, օգտվում էր Հայաստանի պետական միջոցներից:
Մարտի 31-ին Գորիսում հրավիրվեց համազանգեզուրյան մի համագումար, ուր Ազգային խորհուրդը ներկայացրեց իր հրաժարականը: Եվ նրա տեղ, ընդառաջ գնալով ժողովրդի միահամուռ փափագին, ընտրվեց Զանգեզուր-Ղարաբաղի Շրջանային խորհուրդ անունով մի մարմին՝ այդ ձևով հանդիսավորապես նվիրագործելով Ղարաբաղ-Զանգեզուրի միությունը և այս երկուսի կցումը Մայր Հայաստանին: Շրջանային Խորհրդի անդամներ ընտրվեցին Ա. Շիրինյանը, Մ. Զաքարյանը, Հ. Տերունին, Խ. Դանիելյանը (չորսն էլ դաշնակցական), Եր. Բագունցը, Սահ. Տեր-Հայրապետյանը (բոլշևիկ) և Ս. Մ. Ստեփանյանը (անկուսակցական): Ղարաբաղի կողմից խորհրդի մեջ մտան՝ Գեր. Բալայանը, Եղիշե Իշխանյանը, Մելիք. Եսայանը, Ավ. Ասատուրյանը և Արս. Բագունցը: Վերջիններս այդ ժամանակ՝ խուսափելով անգլիացիների հալածանքներից՝ գտնվում էին Գորիսում, որտեղից և հետևում էին Ղարաբաղի անց ու դարձերին:
Վերակազմվեց երկրի ինքնապաշտպանության գործը: Շրջանային Խորհրդի անդամներից կազմվեց զինվորական խորհուրդ, իսկ սպաներից՝ գլխավոր սպայակույտ: Շրջաններում նշանակվեցին զինվորական հրամանատարներ՝ Սիսիանում Պողոս Տեր-Դավթյանը, Տաթևում՝ Խ. Մալինցյանը, Տեղ-Խնձորեսկում՝ Մ. Հուսենյանը, Ղափանում՝ Հ. Տեր-Պետրոսյանը, Մեղրիում՝ Շահպազյանը: Կարգվեցին նաև ճակատապետներ՝ Զաբուղում, Զեյվա-Հագարակում, Բազարչայում, Նորս-Գոմրիում:
Զուգընթացաբար տարվում էր նաև քաղաքացիական մասի կազմակերպական աշխատանքը: Գավառապետ նշանակվեց Ն. Հովսեփյանը, օգնական և միլիցիապետ՝ Սաքոն: Միլիցիայի թիվը կրկնապատվեց: Բացվեցին փոստատները և կանոնավորվեց փոստային հարաբերությունը Երևանի հետ: Վերաբացվեց Գորիսի պետական գանձարանը: Հիմնվեց պետական վերահսկողություն: Վերաբացվեցին Գորիսի և Հանքերի հիվանդանոցները, բուժակային կայարաններն ու դեղատները: Սկսվեց գործել զինվորական ատյանը:
Մինչև հուլիսի վերջերը կազմակերպական աշխատանքներն արդեն վերջացած էին: Օգոստոսին Շրջանային խորհուրդը աշխատանքների բաժանում կատարեց իր անդամների միջև՝ հիմնվելով հետևյալ վարչությունները. վարչապետ և ներքին գործերի վարիչ՝ Ա. Շիրինյան, օգնական՝ Ս. Մ. Ստեփանյան, հաղորդակցության՝ ինժ. Ա. Բագունց, կրթական՝ Հ. Տերունի, առողջապահության և խնամատարության՝ Ա. Ավետիսյան, օգն. Խ. Դանիելյան, երկրագործական՝ Մ. Զաքարյան, արդարադատության՝ Եր. Բագունց: Զանգեզուրի կառավարությունն էր այս, որ, այնուհետև, ձեռք ձեռքի ընդհանուր կոմիսարի հետ՝ տարավ երկրի կազմակերպության ու կառավարության գործը: Խորհրդի մյուս անդամները զբաղվում էին Ղարաբաղի հարցերով: Շրջանային խորհուրդն իր ամբողջության մեջ վարիչների գործունեության վերին հսկողի դերում էր և շաբաթը մի անգամ նիստ գումարելով՝ լսում էր վարիչների զեկուցումները:
Պետք է ավելացնել և այն, որ այդ բոլոր աշխատանքները կատարվում էին գրեթե պատերազմական պայմաններում: Ապրիլի 15-ից սկսած մինչև նոյեմբերի վերջը տեղի ունեցան մի շարք լուրջ բախումներ հայերի և թուրքերի միջև Երիցաթումբի, Զեյվա-Հագարիի, Ներքին Հանդ, Նյուադիի, Նորս-Գոմրիի, Մազրայի, Բազարչայ-Ղուշչի-Բիլագի, Մինքենդ-Խոզնավուրի և այլն: Ամեն անգամ կռիվներին մասնակցում էին երկու կողմից 1500-3000 զինված ուժեր: Համարյա բոլոր դեպքերում էլ նախահարձակը թուրքերն էին. նրանք էին և չարաչար պարտվողը: Թուրքերի ձգտումն էր միացնել Զանգեզուրը Ադրբեջանին:
Այս բանին ուժ էին տալիս և անգլիացիները: Այսպես, մայիսի 2-ին Շուշիից Գորիս եկավ անգլիական միսսիայի պետ մայոր Մաք Մեզենը և հրավիրելով Զանգեզուր-Ղարաբաղի Շրջանային խորհրդի անդամներին՝ արեց հետևյալ հայտարարություն-պահանջը.
- Ճանաչել Ադրբեջանի իշխանությունը՝ երկրում կարգ, իշխանություն հաստատելու, ճանապարհները բանալու և ժողովրդին պարեն հասցնելու համար:
- Հարմարություններ տալ քոչվորներին՝ բարձրանալու Զանգեզուրի լեռները:
Շրջանային խորհուրդը մայիսի 3-ին տվեց հետևյալ գրավոր պատասխանը.
«Զանգեզուրի առաջին գյուղացիական համագումարի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության երկրամաս Զանգեզուրի դեմ կատարված յուրաքանչյուր հարձակողական գործողություն կհանդիպի ամենահամառ և կատաղի դիմադրության Զանգեզուրի հայ ժողովրդի կողմից:
Հայաստանի Հանրապետության երկրամասում չապրող քոչվորներին ո՛չ մի դեպքում և ո՛չ մի պայմանով չի թույլատրվում բարձրանալ Զանգեզուրի սարերը:
Ինչ վերաբերվում է իշխանության հաստատելուն, պետք է ասենք, որ ո՛չ միայն այժմ, այլև համատարած անիշխանության օրերին Զանգեզուրում միշտ թագավորել է օրինակելի իշխանություն, և այժմ հարկ չկա իշխանություն հաստատելու այնտեղ, ուր անիշխանություն չկա:
Ուղիղ երկու տարի է ինչ Զանգեզուրը կտրված է քաղաքակիրթ աշխարհից, նրա առաջ փակված են հաղորդակցության ճանապարհները: Զանգեզուրը հաշտվել է այդ հանգամանքի հետ՝ գտնելով, որ իր ազատությունը վեր է ամեն տեսակ հարմարություններից և կուլտուրական բարիքներից:
Համաշխարհային խաղաղարար համաժողովի հայտարարությունը պարզորոշ թելադրում է ամենքին՝ պահպանելու եղած դրությունը, մինչև վերջնական որոշման հայտարարությունը:
Թուրք-ադրբեջանյան ավանտյուրայի ամբողջ ընթացքում Զանգեզուրը եղել է միշտ ինքնուրույն, և դաշնակից հրամանատարությունը այդպես էլ տեսել է Զանգեզուր մտնելիս:
Ամեն մի ոտնձգություն մեր ինքնուրույնության դեմ ում կողմից էլ որ երևան գա, այդ ստատուս քվոյի խանգարումն է և մեր կողմից կհանդիպի ամենաուժեղ դիմադրության»:
Այս հանդուգն պատասխանը ստանալուց հետո անգլիական ներկայացուցիչը շտապեց հեռանալ: Եվ գործի անցավ Ադրբեջանը:
Ղարաբաղի խնդիրը փակելուց և Հայաստանի մահմեդական ապստամբությունների վայր դարձնելուց հետո, Ադրբեջանի կառավարությունը սկսեց ուժեր հավաքել Զանգեզուրի շուրջը զորավար Ալի Աղա Շիխլինսկիի գլխավորությամբ: Հոկտեմբերին, Շուշիի և Կարյագինի ուղղությամբ համախմբվեցին 3 հետևակ ու 2 ձիավոր գնդեր, 8 թեթև ու 4 ծանր թնդանոթներ և 400 քուրդ կամավորներ: Նախիջևանի և Շարուրի կողմից շարժման մեջ դրվեցին ավելի քան 3000 կռվողներ: Ադրբեջանը ուզում էր 3 ծայրերից օղակել և արագ ու կտրուկ հարվածներով գրավել Զանգեզուրը:
Վճռական գործողությունների անցնելուց առաջ, դր. Սուլթանովը մի կոչ ուղղեց զանգեզուրցիներին, որով համոզում էր հետևել ղարաբաղցիների օրինակին և հոժարակամ ճանաչել Ադրբեջանի իշխանությունը: «Ես դիմում եմ,- գրում էր նա,- Զանգեզուրի ազգաբնակչության, բանվորներին ու գյուղացիներին… ապացուցե՛ք, որ դուք կապ չունեք անիշխանական և արկածախնդիր տարրերի հետ: Ես ապահովում եմ ձեր անձի ու գույքի անձեռնմխելիությունը, իսկ ես միշտ հարգում եմ իմ խոսքը: Իսկ եթե դուք շարունակեք օգնել անիշխանական տարրերին, ես այնքան ուժ կունենամ, որ ստիպեմ ձեզ ճանաչել Ադրբեջանի հանրապետության իշխանությունը, բայց այն ժամանակ արյունահեղության պատասխանատվությունը կընկնի ձեր վրա»:
Զանգեզուրցիք ականջ չդրին Սուլթանովի հորդորներին, և նոյեմբերի 1-ին ադրբեջանյան զորքերը Զաբուղից, Կարյագինի կողմից, Նախիջևանից ու Դարալագյազից անցան ընդհանուր հարձակման: Ամբողջ 6 օր Զանգեզուրի լեռներում որոտում էին թնդանոթներն ու գնդացիրները: Առաջին օրերը թշնամին գրավեց Խնածախ, Խոզնավար, Բայանդուր, Կոռնիձոր գյուղերն ու Քաչալ Դաղը և սպառնում էր Գորիսին: Նոյեմբերի 4-ին զանգեզուրցիները, Ա. Շահմազյանի հրամանատարությամբ, կանգնեցրին թշնամու առաջխաղացումը և կատաղի հակագրոհներով ու հարվածներով, նոյեմբերի 6-ին, փախուստի մատնեցին ադրբեջանյան բանակը, որը թողեց բազմաթիվ դիակներ, ավելի քան 150 գերի, մեկ թնդանոթ, 20 գնդացիր և հարուստ ավար: Ադրբեջանյան 2-րդ ձիավոր գունդը ամբողջապես ոչնչացավ: Զանգեզուրը, շնորհիվ իր զավակների հերոսական ճիգերի, մի անգամ էլ փրկվեց մահացու վտանգից:
Զանգեզուրի դեպքերը ահագին հուզում առաջ բերեցին դուրսը: Գնդ. Հասկելի փոխանորդ գնդ. Ռեյը և բրիտանական ներկայացուցիչ Ուորդրոպը շտապեցին պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններից՝ վերջ տալ արյունահեղության և փոխադարձ համաձայնությամբ լուծել Զանգեզուրի հարցը: Մինչ Հայաստանը անմիջապես տվեց իր համաձայնությունը, Ադրբեջանը սկզբում բավական անզիջող դիրք բռնեց. «Զանգեզուրում պատերազմական գործողություններ չկան, Ադրբեջանի կառավարության կողմից,- պատասխանեց գնդապետ Ռեյին վարչապետ Ուսուպբեկովը,- Զանգեզուրը Ադրբեջանի անբաժան մասն է… Ադրբեջանի կառավարությունը հարկադրված էր զինվորական օգնություն ուղարկել Ղարաբաղի ընդհանուր նահանգապետին՝ կարգը վերականգնելու և հայ ապստամբների անիշխանական- բոլշևիկյան հրոսակախմբերը ճնշելու նպատակով»: Սակայն, պարտության լուրը առնելուց հետո փուքսը բավական իջավ, և նույն Ուսուպբեկովը փութաց ընդունել գնդ. Ռեյի առաջարկը՝ նոյեմբերի 20-ին, իր մոտ հանդիպում ունենալու Հայաստանի վարչապետի հետ:
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Խատիսյանի և Ուսուպբեկովի տեսակցությունը գնդ. Ռեյի առանձնասենյակում: Երկու կողմերի բանակցությունները հանգեցին նոյեմբերի 23-ի համաձայնությանը, ըստ որի՝
«1. Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պարտավորվում են դադրեցնել տեղի ունեցող ընդհարումները և նոր ընդհարումների չդիմել:
- Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայնվում են ձեռք առնել իրական միջոցներ բանալու և նորոգելու Զանգեզուր տանող ճանապարհները՝ խաղաղ երթևեկի համար:
- Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պարտավորվում են լուծել բոլոր վիճելի հարցերը, մեջը լինելով և սահմանավեճերը, խաղաղ համաձայնությունների ճանապարհով, մինչև հաջորդ հոդվածում նախատեսված խորհրդաժողովի վճիռը: Այն դեպքում, երբ կարելի չլինի հասնել խաղաղ համաձայնության, երկու կողմերը պարտավորվում են իրավարար ընտրել մի չեզոք անձնավորություն, որի վճիռը պիտի լինի պարտադիր երկու կողմերի համար էլ: Ներկայումս այդ անձը համարում է Միացյալ Նահանգների բանակի գնդ. Ջեյմս Ս. Ռեյը:
- Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պարտավորվում են իսկույն ևեթ հավասար թվով պատգամավորներ նշանակել, չորեքշաբթի, նոյեմբերի 20-ին, Բաքվում գումարվելիք խորհրդաժողովի համար, որը պետք է տեղափոխվի Թիֆլիս դեկտեմբերի 4-ին, ուր կշարունակվեն խորհրդաժողովի նիստերը, եթե փոխադարձ համաձայնությամբ պետք չնկատվի այլ վայր փոխադրելու: Այդ խորհրդաժողովը պիտի քննի բոլոր այն հարցերը, որոնք վեճ ու բախում են առաջ բերում երկու կառավարությունների միջև, և լիազորություն կունենա լուծել այդ հարցերը համաձայնության կամ իրավարարության միջոցով:
- Սույն համաձայնությունը համարվում է իրական ստորագրության օրից և մնայուն ուժ կստանա երկու պետությունների խորհրդարանների վավերացումից հետո»:
Այս համաձայնությամբ վերջ գտավ Զանգեզուրի արյունահեղությունը, որ քիչ մնաց պատճառ դառնար հայ-ադրբեջանյան պատերազմի: Ճիշտ է, կռիվները փաստորեն շարունակվեցին, բայց այս անգամ արդեն նախահարձակը զանգեզուրցիներն էին: Նոյեմբերի վերջերին, ղափանցիները, Երևանից նոր հասած Գ. Նժդեհի գլխավորությամբ, մաքրվեցին Օխչի չայի ապստամբ շրջանը: Դեկտեմբերի սկզբին մաքրվեցին Գեղվա ձորի մոտ 40 թուրքաբնակ գյուղերը: Այդ դեպքերը նորից բողոքի ու սպառնալիքի նյութ դարձան գնդ. Ռեյի և Ուորդրոպի կողմից: Ադրբեջանի կառավարությունը ցասկոտ հեռագրեր տվեց ու պատասխաններ ստացավ, բայց կյանքը գնաց իր ճանապարհով. Զանգեզուրն այլևս մաքրված էր ներքին թշնամուց:
***
Թուրքիայի և Ադրբեջանի միացման մեկ օղակն էլ Գողթն գավառակն է՝ հազիվ 20-25 գյուղ ունեցող հայկական մի շրջան՝ կծկված Ալանգյոզ ու Ղազանգյոլ բարձրաբերձ լեռների և Արաքսի միջև: Գողթնը և Արևիքը (Մեղրի) զատում են Ադրբեջանը Նախիջևանից. վերացնել մեջտեղից այս հայկական շրջանները՝ նշանակում է բանալ ուղիղ ճանապարհ Բաքվի, Անգորայի և Պոլսի միջև: Ուստի, տարօրինակ չպիտի թվա այն համառությունը, որով թուրք-ադրբեջանցիները, ամեն առիթով, աշխատում էին գրավել Գողթնը:
Երբ, Բաթումի դաշնագրից հետո, թուրքերը եկան Նախիջևան, նրանց առաջին գործը եղավ Գողթնի նվաճումը. 1918 թ. հուլիսի 25-ին թուրք զորքերը մտան Ագուլիս:
Օգոստոստոսի 8-ին, կովկասյան իսլամական կառավարության կողմից Օրդուբադ քաղաքի և շրջանի զինվորական կառավարիչ նշանակվեց թուրքական բանակի սպա Խալիլ բեյը, որը իր ձեռքի տակ ուներ 5-6 թուրք սպաներ, 12 թնդանոթ, 20-22 գնդացիր և հազարի չափ տեղական թաթար զինվորներ: Օրդուբադ հասնելուն պես նա հրատարակեց հետևյալ հայտարարությունը՝ ռուսերեն և թուրքերեն լեզուներով.
«Կովկասյան Իսլամական կառավարության կողմից ես նշանակված եմ Օրդուբադ քաղաքի և շրջանի զինվորական կառավարիչ և աստծու օգնությամբ այսօրվանից ստանձնեցի իմ պարտականությունների կատարումը:
Կովկասյան Իսլամական կառավարությունը ցանկանում է, որ իր բոլոր հպատակները, առանց կրոնի և ազգության խտրության, ապրեն խաղաղ, անդորր կյանքով և արյունահեղություն չլինի:
Մեր սահմաններում գտնվող հայ գյուղերը, եթե կցանկանան հպատակվել մեզ, պետք է հանձնեն զենքերը, որովհետև բոլոր մահմեդական գյուղերը, մինչև այժմ ենթարկվել են և ենթարկվում են հայերի հարձակման: Այն օրվանից, որ ես Նախիջևանի շրջանում եմ, ամբողջ Անդրկովկասում, իմ հավաքած ստույգ տեղեկություններով, ավերված են 300 մահմեդական գյուղերը, այնինչ հայկական գյուղեր, միայն 3-ից մինչև 5:
Այսպես, ուրեմն, փաստերը ցույց են տալիս, որ հանգիստը և խաղաղությունը խանգարող հանդիսանում են ոչ թե մահմեդականները, այլ հայերը, որի պատճառով մենք, այսինքն՝ Կովկասյան Իսլամական կառավարությունը, չենք կարող կատարելապես հավատալ հայերին:
Զենքները հանձնող հայերը կլինեն մեր թանկագին հպատակները, որոնց պատիվը, կյանքն ու գույքը կգտնվեն մեր հովանավորության տակ. նրանց վերաբերմամբ ամենափոքրիկ ցույցն իսկ չի թույլատրվի: Զենքեր չհանձնող հայ գյուղերը կհամարվեն կառավարության թշնամի և նրանց դեմ ձեռք կառնվեն խիստ միջոցներ»:
Շնորհիվ իրենց ճկուն բնավորության, գողթնեցիք կարողացան գլուխ պահել «Իսլամական կառավարության» իշխանության տակ:
1919 թ. մայիսին, Նախիջևանի գրավումից հետո, Գողթնը դարձավ նրա երեք գավառներից մեկը՝ Ագուլիս կենտրոնով: Ընդհանուր նահանգապետ Գ. Վարշամյանը Գողթնի գավառապետ նշանակեց Աշոտ Մելիք-Մուսյանին, իսկ միլիցիապետ՝ երիտասարդ ու քաջ սպա Մովսես Գյուլնազարյանին: Սրանք նոր էին հասել իրենց պաշտոնավայրը, երբ տեղի ունեցավ մահմեդական ապստամբությունը Նախիջևանում, և Գողթնը նորից կտրվեց Հայաստանից;
Օգոստոսի 3-ին, Ա. Մելիք-Մուսյանն ու Մ. Գյուլնազարյանը, Վերին Ագուլիսից, Հայաստանի խորհրդարանին, Հայաստանի կառավարության, Գորիսի, Ղափանի, Գենուազի պետական ներկայացուցիչներին, Ազգային խորհուրդներին և ի լուր համայն հայության արեցին հետևյալ դիմումը.
«Նախիջևանն ընկավ. շրջանի հայության բավական խոշոր մասը սրի է քաշված, Արաքսի մեջ նկատված էին մեծ թվով դիակներ: Նախիջևանի մեր զորքերը, ըստ թուրքական լուրերի, կոտորածից ազատված հայության մնացորդների հետ նահանջել են դեպի Դարալագյազ: Նույն աղբյուրներից իմանում ենք, որ Նեհրամում հազարից ավելի հայ գերյալներ կան: Ջուլֆայում ու Ջուղայում խոշոր դեպքեր տեղի չեն ունեցել, ժողովրդի մեծագույն մասը և մեր փոքրաթիվ զորքը անցել են Պարսկաստան: Ազա և Դեր գյուղերը անվնաս գաղթեցին Ցղնա: Երնջակի ձորում, ականատեսների պատմելով, տեղի են ունեցել սոսկալի կոտորածներ: Ղազանչիից ազատվել և Գողթն են ապավինել մոտ 500 հոգի: Մի օր տևող կռիվներից հետո Գյազը, Փորադաշտը և Շուռութը շատ քիչ զոհեր տալով՝ քաշվել են Գողթն:
Հուլիսի 25-ից Գողթնում ուժեղ կռիվներ են տեղի ունեցել: Վերին գյուղերում (Փառակա-Բիստ) հաջողություններն առայժմ մերոնց կողմն են: Տանակերտը 8 օր է պաշաման վիճակի մեջ է. այստեղ տեղի են ունենում դիրքային անընդհատ կռիվները: Պաշարված կարելի է համարել Վերին և Ներքին Ագուլիսները: Թուրքերը խոշոր պատրաստություններ են տեսնում մաքրելու Գողթնը հայությունից: Ժողովուրդը աննկարագրելի նեղության մեջ է հացի կողմից: Արտաքին աշխարհից կտրված ենք բառի ամենալայն իմաստով: Մի քանի անգամներ սուրհանդակներ ենք ուղարկել Գենուազ օգնություն և լուր ստանալու համար, բայց մինչև օրս չեն վերադարձել: Գողթնը լքված իր հարազատներից և կտրված արտաքին աշխարհից, իր անելիքների մասին ճիշտ հաշիվ տալ իրեն չի կարող: Ապավինել թուրքերի ողորմածությունը՝ ներկա հանագմանքներում անհնարին է: Ի սեր աստծո, ցույց տվեք մեզ փրկության ճանապարհ: Սեփական միջոցներով ամենաշատը 10-15 օր ևս հազիվ կարողանանաք պահպանել ներկա դրությունը: Սարսափելի չէ մահը… երկրորդ տարին է, որ մենք արդեն հաշտվել ենք այդ մտքի հետ: Գողթնը կմեռնի հերոսի մահով, սակայն, թո՛ղ ամբողջ աշխարհը իմանա, որ այս անգամ մեզ մահվան դուռ հասցնողը Երևանի մեր կառավարությունն է: Փրկված է Գողթնը, եթե մոտ օրերում 400 սրտացավ զինվոր մեզ օգնության հասնի»:
Հուսահատի ճիչ էր այս: Գողթնում չգիտեին, որ Երևանը ինքն էլ օրհասական ժամեր էր ապրում և նույնպես ճչալով՝ օգնություն սպասում արտաքին աշխարհից:
Բայց և այնպես, կառավարությունը շտապեց կազմակերպել Գողթնի օգնության գործը. մի կողմից նյութական միջոց ու պարեն փութացրեց, մյուս կողմից՝ հանձնարարվեց Գ. Նժդեհին ու բաշգառնեցի հայտնի խմբապետ Ղազար Քոչարյանին կազմել մի զորամաս՝ Գողթն ուղարկելու համար: Մի քանի շաբաթից զորամասը արդեն պատրաստ էր, և սեպտեմբերի 4-ին, Ղազարի հրամանատարության տակ, դուրս եկավ Երևանից ու հոկտեմբերի 2-ին, Դարալագյազի ու Զանգեզուրի վրայով, հասավ Գողթն:
Տխուր էր այնտեղի կացությունը: 6 լեռնային գյուղերը միայն մնացել էին ազատ, մյուսները կամ տեղահանվել ու կոտորվել էին, կամ ապրում էին ջարդի մղձավանջի տակ: Ազատ մնացած գյուղերը միայն մնացել էին ազատ, մյուսները կամ տեղահանվել ու կոտորվել էին, կամ ապրում էին ջարդի մղձավանջի տակ: Ազատ մնացած գյուղերն էին Բիստ, Ալահի, Նասըրվազ (Մեսրոպավան), Փառակա, Ցղնա և Ռամիս, որոնք գտնվում էին պաշարված վիճակում: Ագուլիսները համակերպվել էին թուրքական իշխանությանը, հեռացրել էին իրենց միջից կռվող ուժերը և դրանով էին ուզում պահել իրենց գոյությունը: Տիրում էր պարենի անասելի տագնապ. հարաբերության և մթերք ստանալու միակ ճանապարհը Ղափուչուխի լեռնանցքն էր՝ 12 853 ոտք բարձրությամբ, այն էլ վտանգված էր Օխչի ձորի ապստամբ թուրքերի կողմից:
Հայկական զորքերի ժամանումը բարձրացրեց ժողովրդի տրամադրությունը: Ղազարը Մովսես Գյուլնազարյանի և տեղական ուժերի գործակցությամբ կազմակերպեց շրջանի ինքնապաշտպանությունը՝ 7-800 կռվողներ, 2 թնդանոթ, 6 գնդացիր, և այնուհետև Գողթնը ո՛չ միայն դիմացավ թուրքական հարձակումներին, այլև ինքն էլ դարձավ նախաձեռնարկ: Նոյեմբերի կեսերից սկսվեցին անվերջ կռիվներ գողթնեցիների և թուրքերի միջև. նոյեմբերի 12-ին թշնամին առաջ խաղաց Բիստի վրա ու հետ շպրտվեց: Նոյեմբերի 25-ին թուրքերն ավելի մեծ ուժերով, երկու զորասյունով, հարձակվեցին Բիստի, Ալահիի, Մեսրոպավանի և Ռամիսի վրա: Տեղի ունեցան տաք կռիվներ. թշնամին պարտված՝ դիմեց խուճապային փախուստի՝ հայերի ձեռքը թողնելով առատ ավար, գերիներ ու մի դրոշակ:
Իր վրեժը, սակայն, մի ամիս հետո լուծեց Վերին Ագուլիսից: Օխչի ձորի ու Գեղվա ձորի ավերից հետո, Օրդուբադի ու Նախիջևանի թրքությունը, կազմակերպեց Ագուլիսների թալանն ու կոտորածը: Մանրամասնությունները Երևան հասցրեց Գողթնի հաշտարար դատավոր Հ. Տեր-Անտոնյանը, որի պատմությունը նյութ ծառայեց բազմաթիվ բողոքների ու հեռագրերի փոխանակության Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև:
Դեկտեմբերի 18-ին Օրդուբադի և շրջանի զինված թուրքերը հարձակվեցին ու սկսեցին թալանել Ներքին Ագուլիսը: Ազգաբնակչությունը թողնելով իր ամբողջ ունեցվածքը՝ փախավ Վերին Ագուլիս: Վերջինիս ներկայացուցիչները դիմեցին Օրդուբադ, թուրքական հրամանատար Էդիֆ բեյին՝ խնդրելով ապահովել հայերի կյանքը: Էդիֆ բեյը անձամբ եկավ Վերին Ագուլիս ու խոստացավ անհրաժեշտ միջոցները ձեռք առնել Ագուլիսի պաշտպանության համար: Սակայն, շրջակայքում հետզհետե սկսվեցին հավաքվել թուրքական զինված խմբեր: Ագուլիսցիների դիմումների վրա՝ Էդիֆ բեյը հանգստացնում ու երդվում էր անվերջ, թե հայերի գլխից մի մազ անգամ չի վնասվի:
Դեկտեմբերի 25-ին Վերին Ագուլիս եկան Օրդուբադի շեյխն ու գավառապետ Թայիրովը: Սրանց հասնելուց մի ժամ հետո, քաղաքում լսվեց հրացանաձգություն և աղմուկ. թուրք զինված խուժանը թալանում ու կոտորում էր հայերին: Վառվեց Սարգիս Հախնազարյանի տունը, և հրդեհը սկսեց տարածվել: Հայերը շեյխի առաջնորդությամբ փոխադրվեցին թուրքական թաղը: «Գիշերը,- պատմում է Տեր-Անտոնյանը,- հրդեհը բռնեց ամբողջ քաղաքը, և քաղաքում խրախճանք էր կատարվում: Առավոտյան գավառապետ Թայիրովը հայտարարեց, որ ինքը գնում է Օրդուբադ դիմավորելու համար Խալիլ փաշային, որը, իբր թե, մեկնում է Պարսկաստան: Եվ ասաց, որ այնտեղից կհայտնի, թե ուր պետք է ուղարկել հայ գաղթականներին՝ հայկական Ցղնա գյո՞ւղը թե Պարսկաստան: Նրա գնալուց հետո, ժամը 12-ի մոտերքը, հայտարարվեց, որ կարգադրության համաձայն, հայերը պիտի ուղարկվեն Ցղնա և որ նրանց ուղեկցելու է ինչ-որ Սաթթար (Դռնիս գյուղացի, հայտնի ավազակ, տաժանակիր աշխատանքից փախած): Ազգաբնակչությունը երբ որ իմացավ, սարսափահար եղավ. դիմեց Էդիֆ բեյին, որ ինքը ուղեկցի հայերին: Բայց Էդիֆ բեյը պահվել էր սենյակում ու խուսափում էր հայերից: Ես վազեցի ոստիկանապետ Մունշիևի մոտ (15 տարի առաջ եղել էր իմ գրագիրը), որը պահեց ինձ իր մոտ: Երբ բնակիչները մտրակներով դուրս քշվեցին, ես լսեցի հրացանաձգություն, ոչ թե անկարգ, այլ համազարկերով: Համազարկերը շարունակվեցին մոտ երկու ժամ: Ո՛չ մի կասկած չկար, որ համազարկերը տրվում էին կատարելապես կազմակերպված զորամասերի կողմից: Երբ համազարկերը լռեցին, իմ պահված սենյակը բերեցին 30-ի չափ գեղեցիկ հայուհիներ՝ օրիորդներ ու տիկիններ: Սկսեցին սենյակ մտնել ոստիկանապետ Մունշիևը, նախկին տանուտեր Վահաբ Էֆենդին, Սաթթարը և ուրիշներ, որոնք մեկ-մեկ, երկու-երկու ընտրում ու դուրս էին տանում գեղեցիկ հայուհիներին՝ նախօրոք խլելով նրանց մոտի զարդեղեններն ու դրամը: Դուրս տարած հայուհիներին բռնաբարում էին հարևան սենյակում: Նույն սենյակում, մահճակալի տակ, պատկած էր թալանված Սարգիս Մսրխանյանը, որի կնոջ ու երկու զավակներին սպանել էին հենց աչքի առջև: Նրա խորհուրդով, մենք դուրս եկանք հետևի դռնից – ոչ ոք չէր հսկում, ամենքը զբաղված էին բռնաբարություններով – և այգիների միջով հասանք ավերակ Դանակերտ գյուղը ու այստեղից էլ Ցղնա ու Զանգեզուր, որտեղից ես եկա Երևան: Ես ինքս տեսա, թե ինչպես թալանին ու սպանություններին մասնակցում էին տեղական թուրքերը, որոնցից կարող եմ տալ վաճառականներ Համզայի, Հյուսեյին Կուլիի, Իբրահիմի և ուրիշների անունները: Կոտորածն ուներ բոլորովին կազմակերպված բնույթ: Անկասկած, նախաձեռնությունը բխում էր բարձր իշխանությունից, իսկ թալանին ու կոտորածին մասնակցում էր տեղական պաշտոնեությունը: Իհարկե, եթե իշխանությունը կամենար, ո՛չ թալան կլիներ և ո՛չ կոտորած»:
Ագուլիսի կոտորածը մեծ հարված էր հայ ժողովրդի համար, և հասկանալի է այն հուզումն ու ցասումը, որ առաջ բերեց հայկական բոլոր շրջաններում: Լուրը Երևան հասավ դեկտեմբերի 29-ին, Գորիսից: Երկու օր հետո, դեկտեմբերի 31-ին, հնդկա-եվոպական հեռագրագծով հեռագիր ստացվեց Թավրիզից, թե «քարտեզի վրա Ագուլիսն այլևս գոյություն չունի, Ներսես եպ.»: Հունվարի 4-ին Մելիք-Թանգյան եպիսկոպոսը հաղորդեց, թե՝ «ամենքը կոտորված են: Մանրամասնությունները թույլ չեն տալիս»:
Նույն օրերին Հայաստանի կառավարությունը Բաքվից էլ տեղեկություն ստացավ, որ այնտեղ արտգործնախարարի օգնական Խան Թեքինսկիի նախաձեռնությամբ հատուկ խորհրդակցություն է գումարվել, որին մասնակցել էին և Ուսուպբեկովն ու Խան Խոյսկին և որտեղ մշակվել էր Հարավային Զանգեզուրը, Գողթնը, Օրդուբադն ու Նախիջևանը Ադրբեջանին ու Թուրքիային հավատարիմ մարտական մահմեդական տարրերով բնակեցնելու և այդ նպատակով, առաջին հերթին, «Նախիջևանի շրջանի հարավային մասը հայ տարրերից մաքրագործելու» ծրագիրը: Ագուլիսի կոտորածը այս ծրագրի սկզբնային քայլն էր. Ներքին Ագուլիսում կոտորվեց մոտ 400 մարդ, Վերին Ագուլիսում՝ 1000: Ողջ մնացին միայն մի քանի տասնյակ կանայք ու օրիորդներ, որոնք նվեր տրվեցին թուրք սպաներին ու կոտորածի ղեկավարներին. այսպես, վաճառական Փանյանի 16-ամյա գեղեցկուհի աղջիկը բաժին հասավ Էդիֆ բեյին:
Հայաստանի կառավարությունը ստացավ տեղեկությունները օրը օրին հաղորդեց գնդ. Հասկելին ու դաշնակիցների ներկայացուցիչներին և բողոքներ ուղարկեց Բաքու: Ադրբեջանի կառավարությունը սկզբում ուրացավ եղելությունը, ապա հեռագրեց, թե «լուրերը չափազանց մեծացված են» և, ի վերջո, հունվարի 23-ին միայն, Հայաստանի կառավարության վճռական մերկացումների ու բողոքների տակ, ստիպված եղավ ընդունել փաստը, որը, սակայն, արդարացնում էր նրանով, որ կոտորածը եղել է Էջմիածնի, Երևանի ու Զանգեզուրի շրջաններից հայերի ձեռքով քշված մահմեդական գաղթականների կողմից:
Հայկական բողոքները իրական դարման չհասցրին և Հասկելից ու դաշնակից ներկայացուցիչներից. նրանք սահմանափակվեցին միայն ցավակցություններով, պաշտոնական նկատողություններով, խորհուրդներով ու սաստումներով և գործնական միջամտությունից խուսափեցին. երկու գյուղ էր ավերվել, 1000-1500 մարդ էր կոտորվել՝ արժե՞ր դրա համար աշխարհ իրար խառնել…
Գողթնեցինք իրենք, սակայն, այլ կերպ էին մտածում: Կոտորածի լուրն առնելուն պես՝ Ղազարի մարտական ուժերը շարժման մեջ դրվեցին, և դեկտեմբերի 27-ին, փոխվրեժի զայրույթով լցված, հարձակվեցին Փառակայից 3 վերստ հեռու գտնվող Բլավ ավազակաբարո թուրք գյուղի վրա, գիշերային գրոհով գրավեցին ու ոչնչացրին նրան: Ու այնուհետև ամիսներ շարունակ, անընդհատ հարձակումներ էին գործում շրջակա մահմեդականության վրա՝ ահ ու սարսափի մատնելով, մանավանդ օրդուբադցիներին: Փոխվրեժը օրդուբադցիներից՝ դարձավ Գողթնի ազատ մնացած վեց գյուղերի ոգևորության աղբյուրը: Նույն նպատակի համար քայլեր էին առնվում և Ղափանում Գ. Նժդեհի կողմից: Մի քանի ամիս հետո, Ագուլիսի վրեժը լուծվեց: