Ինչ կլինի, եթե Երևանը Արցախը ճանաչի անկախ կամ Հայաստանի Հանրապետության մաս

994

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի 2020-ի փետրվարի 21-ից մարտի 15-ն անցկացրած հարցումների մի հատվածը վերաբերում է Արցախյան հակամարտությանը:

Պաշտոնապես Արցախը ՀՀ-ի մաս հայտարարելուն միանշանակ կողմ է արտահայտվել հարցվածների 70 տոկոսը, 16 տոկոսը «կողմ է, բայց որոշակի պայմաններով», 9 տոկոսը դեմ է,  1 տոկոսն անտարբեր է, իսկ 4 տոկոսը պատասխանել է՝ չգիտեմ:

Հարցվողների 52 տոկոսը միանշանակ կողմ է, որ Արցախը լինի անկախ պետություն, 23 տոկոսն աջակցում է այդ գաղափարին, բայց «որոշակի պայմաններով», իսկ դեմ է 23 տոկոսը: Անտարբեր է հարցվածների 1 տոկոսը, իսկ 4 տոկոսը պատասխանել է՝ չգիտեմ:

Արցախը Հայաստանի, եթե կուզեք՝ Հայաստանի Հանրապետության մաս է, քանի որ Հայաստանը նրա ֆիզիկական և տնտեսական անվտանգության միակ երաշխավորն է: Որևէ պետության, այդ թվում ՀՀ-ի կողմից չճանաչված Արցախի սահմանները պաշտպանում են Հայաստանի զինված ուժերը և այս մասին, որքան էլ մենք չխոսենք, գիտի ամբողջ աշխարհը: Արցախը անկախ չէ նաև տնտեապես, քանի որ չունի մաքսակետ, չունի դրամական առանձին միավոր, չունի Կենտրոնական բանկ: Արցախի բյուջեի 60-70 տոկոսը ձևավորվում է ՀՀ-ից տրվող միջպետական վարկի արդյունքում, որը, ըստ էության վարկ չէ, այլ դրամաշնորհ կամ պարզապես օգնություն:

Արցախի վարչական սահմաններում, որ կազմում է մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր, բնակվող քաղաքացիները կրում են ՀՀ անձնագիր, և այդ մասին գիտեն Երևանում հավատարմագրված բոլոր դեսպանությունները, որոնք նաև արցախցիներին են տրամադրում վիզա:

Այո՛, Արցախը ՀՀ մաս չէ, բայց ՀՀ-ի շարունակությունն է և Հայաստան է:

Պատմական ակնարկ

1988-ին հայությունը պահանջում էր 4,4 հազար քառակուսի կիլոմետր տարածքով նախկին ԼՂԻՄ-ի միացումը Խորհրդային Հայաստանին: Բաքուն և Մոսկվան կտրականապես մերժեցին այդ խնդրագիրը:

1989-ի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդը, որ համաժողովրդական քվեարկությամբ ընտրված մարմին չէր, Երևանում՝ համատեղ նիստում, հռչակեցին երկու հայկական միավորների միացումը:

1990-ի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագրի սկզբնամասում հիշատակվում և որպես հիմք ընդունվում է դեկտեմբների 1-ի որոշումը, իսկ նույն տարվա մայիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին նաև ԼՂԻՄ-ի տարածքում, և Գերագույն խորհրդի մեկ տասնյակ պատգամավորներ ընտրվեցին Արցախից, որոնց մեջ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները:

1991-ի սեպտեմբերի 2-ին, երեք օր անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը իրեն անկախ հռչակեց Խորհրդային Միությունից, ԼՂԻՄ-ը՝ նրան միացած Շահումյանի շրջանով, հայտարարեց իր անկախությունը: Նույն տարվա դեկտեմբերի 10-ին Արցախի անկախությունը վերահաստատվեց նաև համաժողովրդական հանրաքվեով:

Մինչ այդ, սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեին Արցախը չէր մասնակցել, ինչպես նաև չէր քվեարկել հոկտեմբերի 16-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններում: Ավելին, 1991-ի դեկտեմբերի 28-ին Արցախը ընտրեց իր խորհրդարանը, ապա կազմեց կառավարություն:

Այսպիսով, թեև կային հայկական երկու պետությունների և՛ միավորման, և՛ անկախության ակտեր, ընտրվեց զուգահեռ, բայց միասնական գործելու ճանապարհը:

Ինչ կլինի, եթե Երևանը Արցախը ճանաչի անկախ կամ ՀՀ մաս  

Մեր նպատակը չէ այս գրությամբ քննարկել, թե ո՛րն էր ճիշտ ճանապարհը՝ երկու հանրապետությունների անկախությո՞ւնը, թե՞ միավորումը և այդ մասին աշխարհին հայտարարելը:

Եկեք հասկանանք, թե ինչ կլինի, եթե այսօր Երևանը պաշտոնապես և ի լուր աշխարհի հայտարարի, որ ճանաչում է Արցախը ՀՀ-ի մաս կամ նրա անկախությունը:

Դրան անմիջապես կհետևի Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը, որի ընթացքում կդատապարտվի Երևանի միակողմանի քայլը: Դա առաջին հերթին կդատապարտեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները:

Կդատապարտեն նաև միջազգային այլ կազմակերպություններ, էլ չենք խոսում մեր հարևան Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների մասին: Հայաստանը ինչ-որ տեղ կհայտնվի է՛լ ավելի մեկուսացման մեջ:

Սա մեզ պե՞տք է: Անշուշտ, պետք չէ: Մեզ պետք է մեկ այլ բան. գլուխներս կախ, նվիրումով աշխատել հանուն Հայաստանի և հանուն նրա անբաժանելի մաս Արցախի զարգացման ու բարգավաճման, որտեղ մարդիկ երջանիկ ու ապահով կյանք կունենան: Մեզ պետք է աշխատել, որ առաջին հերթին համանախագահ երկրները, միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը՝ դրանից բխող քաղաքական և իրավական հետևանքներով։ [Իսկ արդյոք նրանք կճանաչե՞ն, եթե մենք չենք ճանաչել]։

Երևանի կողմից Արցախի ճանաչումը կամ միացումը կնշանակի, որ վերջ են տրվում բանակցություններին, քանի որ անիմաստ է դառնում որևէ բանակցություն, երբ արդեն միակողմանի որոշվում է դրանց վերջնարդյունքը:

Այդուհանդերձ, կա՞ մի կետ, որից այն կողմ Երևանը չի կարող չճանաչել կամ իրեն միացված չհռչակել Արցախը: Այո՛, կա, և այդ կետը Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սկիզբն է:

Օրինակ, կարո՞ղ էր Երևանը նման քայլ կատարել 2016-ի ապրիլի 2-ին: Այո՛, կարող էր:

Բայց այստեղ էլ մի մեծ բայց կա: Եթե Երևանը 2016-ի ապրիլի 2-ին կամ այսօր գնա նման միակողմանի քայլի, ապա դա պետք է լինի 100 տոկոսով հաշվարկված, վերջնական և անվերադարձ քայլ: Անընդունելի է կատարել քայլը և մեծ քեռիների ճնշման տակ, լինի Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Եվրոպան, հետքայլ կատարել:

Երևանի կողմից Արցախը պաշտոնապես ճանաչելը և/կամ ՀՀ-ի մաս հայտարարելը նաև ներհայկական խնդիր է, որ տարբեր կառավարություններ ու գործիչներ Հայաստանում և Արցախում շահարկում են և առաջնորդվում երկակի չափանիշներով: Սա այլ թեմա է և այլ մոտեցում է պահանջում:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ