Արցախյան բանակցություններում սատանան մանրամասների մեջ է. տեքստ և տեսանյութ

748

«Մադրիդյան փաստաթուղթը, այո, կարող է լինել բանակցությունների հիմք»․ Թաթուլ Հակոբյան

Newarmenia-ի զրուցակիցն է «Սիվիլնեթի» վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը

-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ այսօր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեսակոնֆերանս կանցկացվի։ Ի՞նչ անհրաժեշտություն կար այս տեսակոնֆերանսի։

-Դե գիտեք, որ կորոնավիրուսի հետ կապված բանակցային գործընթացն էլ է առցանց ընթանում, բայց դա չի կարող փոխարինել ռեալ բանակցություններին։ Բայց դա չեղածից լավ է, որովհետև բանակցային ֆորմատը ամենակարևոր գործառույթներից մեկն է այն իմաստով, որ իր տեղում իր չափով կանխում է նոր պատերազմի հավանականությունը։ Երբ ասում են՝ ինչքա՞ն կարող են հանդիպել, ինչքա՞ն կարող են զրուցել, ինչքա՞ն կարող են Մինսկի խմբի համանախագահները գալ, ինչքա՞ն կարող են երկրների արտգործնախարարները և նախագահները տարբեր երկրներում հանդիպել ու փոխ ծախսել, դա շատ անլուրջ վերաբերմունք է։ Դա, եթե անհրաժեշտ է, պետք է անել հավերժ, որովհետև բանակցային գործընթացը կատարում է այն դերը, ինչ հայ դիրքապահը իր տեղում։ Այսինքն, բանակցությունների փակուղի մտնելն ավելի է բացում պատերազմի կիսաբաց դուռը։ Այդ դուռը միշտ կիսաբաց է։ Երբ բանակցություններ չկան, այդ դուռը լրիվ բացվում է հակառակորդի առաջ այն տրամաբանությամբ, որ եթե բանակցություն չկա, սրանց հետ էլ ո՞նց հարց լուծենք։

-Այսինքն, այն, ինչ տեղի ունեցավ 2016-ի ապրիլին․․․

-Ես չեմ ասում, որ բանակցությունները պետք է անպայման ձախողվեն, որ սկսվի պատերազմ, բայց ձախողումներն ավելի են դուռ բացում։ Այո, կարող ենք նաև այդպես ասել, որովհետև 2016-ին, դրանից առաջ հավանաբար Ադրբեջանը տեսավ, որ չի ստանում այն, ինչ ակնկալում էր, կամ կարող է լինել իհարկե այլ պատճառ, բայց դիվանագիտությունը նոր պատերազմը կանխող ամենաէֆեկտիվ, ամենակարևոր, ամենապահանջված գործիքներից մեկն է և երբեք չի կարելի թերագնահատել դիվանագետների աշխատանքը։ Դա շատ դեպքերում չերևացող, գուցե շատերի համար թանկ թվացող, բայց իրական կյանքեր փրկող գործ է։.

-Մեր իշխանությունները ասում են, որ բանակցային սեղանին բանակցային փաստաթուղթ չկա: Սակայն արտգործնախարարը վերջերս ասաց, որ ինչ-որ տարրերի շուրջ, այնուամենայնիվ, խոսում են: Դա էդ ի՞նչ տարրեր են, ըստ Ձեզ:

-Ես կարծում եմ, որ մեր արտգործնախարարը ճիշտ է ասում։ Ես վստահ եմ, որ այն, ինչ ասում են մեր ընդդիմադիրները, որ՝ հիմա հողեր են ծախում, լրիվ քաղաքական մանիպուլացիա է և հարվածներ հասցնելու միջոցներից մեկն է։ Այսօր բանակցային սեղանի վրա չկա փաստաթուղթ, որի շուրջ կողմերը բանակցեն, բայց կան մի շարք սևագրեր, անգլերեն դրանք կոչվում են դրաֆթներ, որոնց շուրջ կողմերը կարող են բանակցել։ Հայաստանի պատմության մեջ այն եզակի դեպքերից է, երբ բանակցությունների սեղանին չկա փաստաթուղթ, բայց կան թղթեր, կան ինչ-որ կոնցեպտներ, առաջարկներ, որոնց շուրջ կարող են կարծիքներ փոխանակել։ Դա լա՞վ է, թե վատ, երբ սեղանին փաստաթուղթ չկա։ Տարբեր կարող են լինել մեկնաբանությունները։ Բայց ես համարում եմ, որ ավելի լավ է սեղանին լինի մի քիչ վատ փաստաթուղթ, բայց դրա շուրջ ընթանա բանակցային գործընթաց և վատ եմ համարում, որ չկա փաստաթուղթ, որը դուռ է բացում նոր պատերազմի համար։ Երբ մեր պաշտոնյաները համարում են, որ չկա փաստաթուղթ, դա գովելի բան չէ։ Դիվանագիտությունը գիտե՞ք ինչ է, այն է, որ դու կարողանում ես 20 տարի բանակցել իմանալով, որ այդ փաստաթուղթը կյանքի չի կոչվելու։ Այո, էդ ընթացքում, իհարկե, դու հարվածների ես արժանանում, ընդդիմությունը քեզ մեղադրում է դավադիր լինելու, հազար ու մի բաների մեջ, բայց դու կյանքեր ես փրկում շփման գծի երկայնքով ու դրանք վիրտուալ կյանքեր չեն, իմ ու քո երեխաներն են, հասկանու՞մ եք։ Ես չափազանց կարևոր եմ գնահատում մեր դիվանագետների աշխատանքը։

-Վերջերս Եվրոպական խորհրդարանը և Եվրանեսթը, որի անդամ է Հայաստանը, պաշտոնական բանաձևով առաջարկել են, որ ԼՂ հակամարտության կարգավորումը տեղի ունենա Լ՛Աքվիլայի հայտարարության հիման վրա: Այդ հայտարարությունն էլ հիմնված է մադրիդյանի սկզբունքների վրա: Խնդրում եմ պարզաբանեք, ո՞րն է պատճառը, որ մեզ սկսեցին հրամցնել դեռևս 11 տարվա վաղեմության մի փաստաթուղթ:

-Կարելի է մի քանի պատասխան տալ։ Պատասխան առաջին՝ դե որ ուրիշ բանի շուրջ չենք կարող բանակցել, վերադառնում ենք դրան, երկրորդ, կարող ենք ասել, որ դա դիվանագիտության ձախողում է որոշակի իմաստով։ Բայց եթե այդ փաստաթուղթը Հայաստանի շահերից չի բխում, հիմա մենք կարող ենք քննարկել, նույնիսկ կարող ենք մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակը գնալ, լավն էր, թե վատն էր․․․ Չեմ կարող հիմա ասել, թե ինչու են այդ տարբերակն առաջարկում։ Հավանաբար մտածում են, որ այդ առաջարկներում կան ավելի շատ տարրեր, որոնց շուրջ բանակցող կողմերը կարող են ինչ-որ բանակցային պրոցես սկսել։ Բայց լավ չէ, երբ վերադառնում ենք մերժված տարբերակի։

Մեր պատկան մարմինները այդ ի՞նչ որակի աշխատանք են տարել, որ մեզ կրկին հրամցնում են մադրիդյանի հիմքով և շարադրանքով առաջադրած սկզբունքները։ Այսինքն, մենք ունենք նոր վարչապետ, նոր գաղափարներ հարցի լուծման, գիտեք նաև վարչապետի մոտեցումը երեք երկրների ժողովուրդներին ընդունելի լուծման մասին․․․

-Այս արտգործնախարարը՝ Զոհրաբը Մնացականյանը, կարծում եմ, որ բախտավոր արտգործնախարար է։ Նրան նախորդած արտգործնախարարները՝ Էդվարդ Նալբանդյանը, Վարդան Օսկանյանը, մասամբ նաև՝ Ալեքսանդր Արզումանյանը, նկատի ունեմ ընտրակեղծարարությանը հաջորդող իշխանությունների արտգործնախարարներին, դժբախտ արտգործնախարարներ էին։ Որովհետև նրանք ոչ միայն պետք է բանակցեին, այլ ամեն անգամ միջազգային հանրության առաջ պետք է պատասխան տային, թե դուք ինչո՞ւ եք ընտրություններ կեղծում, թե ինչո՞ւ դուք ժողովրդավարական չեք, ինչո՞ւ եք կոռումպացված, ինչո՞ւ եք մարդու իրավունքներ խախտում ամեն օր։ Այս իմաստով Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը և Էդվարդ Նալբանդյանը դժբախտ մարդիկ էին։ Այս արտգործնախարարը երջանիկ մարդ է, որովհետև նա եկել և ԱԳ նախարար է նշանակվել՝ ունենալով աշխարհում ծախելու հրաշալի նյութ, դա թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն է։ Երջանիկ պահեր պետք է լինեին Հայաստանի դիվանագիտության համար, որպեսզի աշխարհին ցույց տային, որոշ դեպքերում նույնիսկ պետք չէ ցույց տալ, որովհետև նրանք տեսնում են, թե մենք ուր ենք, և բանակցային այն կողմը որտեղ է գտնվում։ Գուցե նաև պատճառներից մեկն այն է, որ մենք չկարողացանք օգտագործել momentum կոչվածը, երբ մենք ունեինք ակնհայտ դիվանագիտական առավելություն, երբ մենք չունեինք ակնհայտ ներքին խնդիրներ, որովհետև արտաքին քաղաքականությունը ի վերջո ներքին քաղաքականության շարունակությունն է։ Բայց ես զգում եմ, որ մենք արդեն չունենք էն հետհեղափոխական էն լավ վիճակը, որ կար։ Հիմա մեր դիվանագիտության աշխատանքը մի քիչ ավելի է դժվարանում, որովհետև արդեն մենք էլ կարծեք թե քիչ-քիչ կամ պրոբլեմներ ենք ստեղծում, կամ ստեղծելու ենք առաջիկայում։ Ես նկատի ունեմ Հայաստանի ներքին գործընթացները ՍԴ-ի շուրջ, դատարանները շրջափակելու շուրջ, կարող ենք մեկս արդարացնել, մյուսը չպաշտպանել, բայց իրականության մեջ դու պետք է Հայաստանին նայես Մոսկվայի պատուհանից, Բրյուսելի պատուհանից, Վաշինգտոնի պատուհանից։ Ես կարծում եմ, որ մենք լավ ժամանակ ենք կորցրել։

-Եկեք Ղարաբաղի պատուհանից էլ նայենք։ Ձեզ հայտնի են Մադրիդյան սկզբունքները։ Ղարաբաղի պատուհանից ի՞նչ ռացիոնալ բաներ կան Մադրիդյան սկզբունքների մեջ։ 

-Գիտե՞ք, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, եթե մինչև դա դուք ինձ ուրիշ հարց չտաք։ Եթե դուք կարողանաք այս սպիտակ թղթի վրա ինձ ասել, թե ինչ է նշանակում լուծում, ես այդ ժամանակ կասեմ՝ դա լա՞վն է, թե՝ ոչ։ Քանի դեռ հայ ժողովուրդը չի ասել․․․ Ես նկատի չունեմ էն ծայրահեղ խմբերին՝ 5 տոկոս էս կողմից, 5 տոկոս այն կողմից։ 5 տոկոսը, որը կարող է ասել՝ դե լավ էր, էլի 88 թվից առաջ լավ էր, հանգիստ ապրում էինք, էլի, էս ի՞նչ կռիվ գցեցին մեր մեջ, ադրբեջանցիների հետ նորմալ ապրում էինք, իսկ էդ տեսակետները կրողներ եղել են, և վստահ եմ, որ կան, և էն մյուս 5 տոկոսը, որ ոչ միայն ասում են ոչ մի թիզ հող, այլև ուզում են ավելի առաջ գնալ։ Ես նկատի ունեմ լուծում, որը մեջտեղում է և որտեղ հայերն ու ադրբեջանցիները կարող են իրար հետ խոսել, լեզու գտնել։ Այ երբ մենք կհասկանանք, թե մենք ինչ ենք ուզում, ըստ դրա կարող եմ ասել՝ լա՞վն է, թե ոչ։ Եթե Արցախի կամ Հայաստանի կամ հայկական պատուհանից նայենք, և եթե մենք որոշել ենք, որ ոչինչ չենք տալու Ադրբեջանին, և Ադրբեջանը պետք է լինի պարտված կողմ և կապիտուլացվող կողմը, ապա ներկայացված բոլոր տարբերակները հակահայկական են և դավաճան կլինի նա, որը կընդունի այդ տարբերակներից որևէ մեկը։

-Ահա ինչու եմ ես ասում՝ ռացիոնալ․․․

-Մենք ի՞նչ ենք ուզում։ Մենք ուզում ենք մի թուղթ, որի վրա լինի տեքստ, և որի տակ լինի 3 ստորագրություն, երկու հայկական կողմ և մեկ ադրբեջանական, որոնք կստորագրեն և կասեն՝ գիտե՞ք ինչ կա՝ 25 տարի կռվել ենք, սրանից հետո եկեք փորձենք գտնել լուծում։ Մադրիդյան փաստաթուղթը գիտե՞ք ինչ փաստաթուղթ է՝ դա երես փրկող փաստաթուղթ է, դա 50/50 է։ Բոլորի համար, էդ պատճառով է, որ Մադրիդյան փաստաթուղթը մնում է կենսունակ։ Էդ փաստաթուղթը, որ ես կարդում եմ որպես յան ազգանուն ունեցող անձ, ես տեսնում եմ, որ 50 տոկոս շատ լավ կետեր կան, որովհետև այնտեղ կա, որ Ղարաբաղն անկախանում է և միանում է Հայաստանին, հետո մոռանում եմ իմ յան-ը և իմ ազգանվանը ով եմ ավելացնում, ադրբեջանցի եմ դառնում, կարդում եմ, տեսնում եմ, որ մյուս 50 տոկոսն էլ կա, որ իրանց համար լավ է, բայց էն 50 տոկոսի մեջ չենք տեղավորվում։ Այսինքն, այս փաստաթուղթը, որ չարյաց փոքրագույնն է, այնպես է գրվել, որ այնտեղ յուրաքանչյուր կողմ կարողանա գտնել այն նվազագույնը, ինչ ինքը երազում էր։ Այդ իմաստով Մադրիդյան փաստաթուղթը, այո, կարող է լինել բանակցությունների հիմք։ Բայց գիտենք, որ Սատանան մանրուքների մեջ է, և քանի դեռ մանրամասները հայտնի չեն, հետևաբար դժվար է միանշանակ ասել, թե ինչի այս ամենը կհանգեցնի։

-Խոսք էիք տվել գրել դեսպանների, դրսում աշխատող մեր դիվանագետների մասին: Ե՞րբ սպասենք հրապարակմանը:

-Հավանաբար չեմ գրի։ Չեմ կարող ասել ինչու։ Շատ անակնկալ հարց եք տալիս։ Եթե գրեմ, ապա պիտի գրեմ մինչև վերջ անկեղծ և եթե գրեմ մինչև վերջ անկեղծ, համարում եմ, որ այս պահի դրությամբ ամենևին էլ լավ բան արած չեմ լինի։ Ես հիմա էլ պատրաստ եմ էդ նյութը գրելու, հենց վաղը պատրաստ եմ գրել սկսած իրենց ունեցած եկամուտներով և չունեցած եկամուտներով, բայց այս պահի դրությամբ ես համարում եմ, որ ճիշտ ժամանակը չէ։ Սա չի նշանակում, որ ես ձեռքերս բարձրացնում եմ վերև, սա նշանակում է, որ դրա համար դեռ հարմար ժամանակը չէ։ Գիտե՞ք, համարում եմ, որ մենք լրագրողներս չպետք է խիղճ ունենանք, չպետք է իշխանությունների միջև տարբերություն դնենք, բայց գալիս են պահեր, երբ դու մտածում ես՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նման թեմա շոշափելը։ Ես համարում եմ, որ սա ամենևին էլ ճիշտ ժամանակը չէ։

-Այնուամենայնիվ շարունակեմ։ Ինչո՞ւ Փաշինյանը չփոխեց այն դեսպաններին, որոնք նշանակվել էին Սերժ Սարգսյանի օրոք կամ նրա կադրերն էին։

-Ես էլ եմ այդ հարցի մասին շատ մտածում։ Գիտե՞ք ես մի հոդված եմ գրել, որը չեմ հրապարակել։ Վերնագիրն այսպիսին էր՝ մարտի 1-ի դեսպանները։ Երբ գրեցի այդ հոդվածը, հասկացա, որ ունենք դեսպաններ, նաև բարձր դիվանագետներ արտգործնախարարությունում, նախարարից մի քիչ ցածր, որոնք մարտի 1-ին եղել են ջրբաժանի այն կողմում, որտեղ մարտի 1 իրականացնողներն էին։ Ես մտածեցի, որ վերնագիրն էլ է շատ լավը, հատ-հատ, անուն առ անուն, ով ինչ է ասել այն օրերին, ով ինչպես է միջազգային տարբեր կազմակերպություններում արդարացրել մարտի 1-ը և Նիկոլ Փաշինյանին ներկայացրել խառնակիչ և այլն։ Էստեղ խնդիր կա, դու չես կարող դիվանագետին մեկ օրում պատրաստել։ Այո, կարող ես բոլորին հանել, կանչել Երևան, բայց դու պետք է աշխատող մարդիկ ունենաս։ կա երեք ոլորտ, որտեղ դու չես կարող հեղափոխական փոփոխություն անես, դա բանակն է, արտաքին հետախուզությունը՝ ԱԱԾ-ն և դիվանագիտական կորպուսը։ Չես կարող այնտեղ ջարդ իրականացնել, պետք էլ չէ, բայց քաղաքական պաշտոններում պետք է նշանակվեին քաղաքական մարդիկ։ Այո, նրանք կարող էին չունենալ բավականին դիվանագիտական անցյալ, դիվանագիտական ձիրք և այլն, բայց ինձ համար անընդունելի է, երբ դիվանագիտական շրջանակներում անգամ կարող են լինել խոսակցություններ, թե էս ո՞վ է եկել իշխանության, էս ի՞նչ ուժեր են, էս ինչ մարդիկ են, ինչն ակնհայտ իրականություն է։

-Արդյո՞ք մեր արտաքին քաղաքականության մեջ կան նախաձեռնություններ: Թվեք հեղափոխությունից հետո մի քանի Հայաստանի շահերից բխող նախաձեռնություն:

-Մի քիչ հեռվից եմ գալիս, բայց շատ կարճ եմ ուզում պատասխանել, որովհետև եթե հեռվից չգամ, մերկապարանոց կհնչի ու մեղադրանք կհնչի․ ես չեմ ուզում մեր արտաքին քաղաքականություն իրականացնողին մեղադրել։ Լևոն Տեր-Պետրոսյանի վարդապետությունն էր արտաքին քաղաքականության՝ բոլոր հարևանների հետ լեզու գտնել, հաշտ ու համերաշխ հարևանությունն էր։ Կարող ենք երեք գիրք գրել էդ մասին՝ ճիշտ էր, սխալ էր, լավ էր, բայց կար։ Ռոբերտ Քոչարյանը եկավ և իր արտաքին քաղաքականության հիմքում դրեց կոմպլեմենտարիզմը։ Այսինքն, ի՞նչ էր դա՝ փորձել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախումը մեր տարածաշրջանում հաշտեցնել։ Կարող է վերամբարձ է հնչում, կարող է ասեն՝ էս փոքր պետությունն էս ի՞նչ երազանքներ ունի, բայց ամեն դեպքում կա։ Սերժ Սարգսյանն իր արտաքին քաղաքականության հիմքում տեխնիկական տերմին դրեց, որը ես քննադատել եմ, մի քիչ էլ հումորով եմ վերաբերվել՝ նախաձեռնողականություն։ Ի՞նչ է նշանակում նախաձեռնողականություն, որովհետև նախաձեռնողականության մեջ չկա գաղափարախոսություն։ Հաշտ հարևանության մեջ կա գաղափար և փիլիսոփայություն, Քոչարյանի ժամանակ կար՝ լավ էր, վատ էր, ընդունելի էր, թե չէ, Սերժ Սարգսյանը դրեց նախաձեռնողականը, հավանաբար հաշվի առնելով, որ թուրքերի հետ սկսեց ինտենսիվ բանակցել, Եվրոպական միության հետ, Ղարաբաղի հարցում։ Ճիշտ է բոլոր էս իմ նշած երեք հարցում էլ՝ մեկն ավարտվեց գրողի ծոցն ուղարկելով արձանագրությունները, մյուսը գիշերվա ընթացքում մտքափոխ լինելով, երրորդն էլ՝ Ապրիլյան պատերազմով։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունն անուն չունի։ Երբ անուն կունենա, և մյուս անգամ դուք ինձ կհրավիրեք, ես կփորձեմ բացատրել։ Հիմա անուն չունի։ Ես շատ եմ ափսոսում, որ մենք կարող էինք ավելինին հասնել օգտագործելով Հայաստանում ստեղծված էս հետհեղափոխական իրավիճակը, որը նաև տվեց բախտավոր արտգործնախարար։ Հուսանք մենք կունենանք նախաձեռնություններ արտաքին քաղաքականության տարբեր ճակատներում, բայց էս համավարակով պայմանավորված արտաքին քաղաքականությունն էլ է մի քիչ նեղացել և ավելի առցանց տիրույթում է, ինչպես արտգործնախարարների տեսակոնֆերանսն է։

Զրուցեց Մհեր Արշակյանը