Սարդարապատը Երևանի խանության օրոք

5459

Երևանի խանության օրոք Սարդարապատի մահալը ուներ 22 բնակավայր: Մահալի կենտրոնը և ամանամեծ բնակավայրը Սարդարապատ գյուղն էր 1.487 հոգի բացառապես հայ բնակչությամբ: Մահալի գյուղերից 7-ը մահմեդական էր, 11-ը` հայ, մյուսները՝ խառը: Մահմեդականներ էին պարսիկները, քրդերը, կովկասյան թաթարները (ադրբեջանցիներ) և թյուրքալեզու տարբեր ցեղեր:

Մահալում բնակչության ընդհանուր թիվը, համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, կազմում էր 5.428 հոգի, որից հայեր՝ 3.591, մահմեդականներ՝ 1.837 մարդ: Հայության մեծամանությունը՝ 3.214-ը, բնիկ էր: Երբ խանությունը պարսիկներից գրավեցին ռուսները, Սարդարապատի շրջանում ներգաղթած հայերի թիվը կազմեց 356 հոգի Պարսկաստանից, 21 հոգի (4 ընտանիք) Արևմտյան Հայաստանից՝ Օսմանյան կայսրությունից:

Սարդարապատի  բերդը19-րդ դարի երկրորդ տասնամյակում հիմնադրել է Երևանի սարդարի (պարսկերեն՝ զորապետ, ընդհանուր հրամանատար ) եղբայր Հասան խանը՝ օգտագործելով Արմավիրի բլրի հինավուրց բերդի քարերը: Սարդարապատ ստուգաբանվում է որպես “Սարդարի պատ”: Ռուսական զորքերը Սարդարապատի բերդը գրավում են 1827-ի սեպտեմբերին:

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին: Խանության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Խանությունը բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից 11-րդը  Սարդարապատի մահալը (շրջան) էր:

Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:

Լուսանկարում՝ Սարդարապատի բերդը