Գլուխ ԻԱ
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատությունը:
Մայիսի 28-ի ակտը
1919թ. գարնանը Հայաստանի կյանքի կարևոր երևույթներից մեկն էր և Արևմտահայ երկրորդ համագումարը:
Հայաստանի Հանրապետության գոյության սկզբի շրջանում, արևմտահայությունը իրեն մեկուսացած էր պահում պետական կյանքից: Այդ արտահայտվում էր շատ բաներում. պետական հիմնարկություններում, համեմատաբար, քիչ արևմտահայ պաշտոնյաներ կային. արևմտահայ երիտասարդությունը պարտադիր զինվորակոչից խուսափում էր: Ուրիշ պետական պարտավորությունների հանդեպ էլ արևմտահյությունը վերապահ էր և, առհասարակ, հարազատ չէր զգում իրեն հանրապետության մեջ: Անդրանիկը, որ Բաթումի դաշնագրից հետո իր զորամասով ու գաղթականներով հեռացել էր Հայաստանից և ապա ամրացել Զանգեզուրում՝ թշնամական դիրք բռնելով «թուրքերի ձեռքով ստեղծած» հանրապետության վերաբերմամբ, զգալի չափով արտահայտիչ էր արևմտահայերի այն ժամանակվա մտայնությանը: Ազգային պատվիրակությունը Փարիզում Պողոս փաշա Նուբարի գլխավորությամբ ավելի հեղինակություն է վայելում արևմտահայերի մեջ, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը: «Հայաստանի Հանրապետություն» խոսքն էլ ընդունելի չէր շատերի համար, եղածը սոսկ «Արարատյան Հանրապետություն էր»:
Ընդհակառակը, «Արարատյան Հանրապետության» կառավարությունը ամեն կերպ աշխատում էր վերացնել այդ խորությունը և, առհասարակ, հատվածական խնդիրը Հայաստանում՝ մի գործ, որ, իհարկե, հեշտ չէր այն ժամանակվա պայմաններում: Տասնյակ տարիներ հայ քաղաքական միտքը դաստիրակվել էր այն ուղղությամբ, որ Հայաստանը այնտեղ էր, Բարթողյան լեռնաշղթայի մյուս կողմը, հայկական հարց, Հայաստանի ինքնավարություն, հայ պետություն կարող էր լինել միայն Թուրքահաստանում, և, հանկարծ, բոլորովին չսպասված տեղից՝ մեջտեղը բսնում է ինչ-որ մի «Հայաստանի Հանրապետություն՝ մարսելի՞ բան է այդ: Հետո, այդ «Հանրապետության» մեջ դեռ շատ բանից՝ օրենքներից ու լեզվից սկսած մինչև ներքին կարգերը, մինչև հանրային կենցաղն ու բարքերը՝ ռուսի հոտ էր բուրում: Արևմտահայության մտքի ու զգացմունքներին խորթ էր այդ, անհարազատ:
Ուստի և զարմանալի չէ, որ անկախության առաջին օրերից հենց նրանք սկսել էին մտածել «ինքնորոշման», իրենց քաղաքական դիրքն ու ընթացքը որոշելու մասին: Այդ նպատակին ծառայեց Արևմտահայ երկրորդ համագումարը Երևանում փետրվարի 6-13-ին:
Համագումարը ծրագրվեց միջկուսակցական մի շարք խորհրդակցությունների մեջ, ուր դեկտեմբերի 19-ին կազմվեց համագումարի կազմակերպիչ կոմիտե: Այս վերջինիս դիմումի վրա՝ Հայաստանի Խորհուրդը դեկտեմբերի 28-ին տրամադրեց 35000 ռ. համագումարի կարիքների համար: Համագումարը ենթադրվում էր բանալ հունվարի 25-ին, բայց շրջանների պահանջով՝ հետաձգվեց տասն օրով: Խորհրդակցությունների մեջ կազմվել էր հետևյալ օրակարգը.
«1. Արևմտյան Հայաստանի գաղթական հայության քաղաքական նպատակների ձևակերպումն ու արտահայտությունը:
- Արևմտյան Հայաստանի գաղթական հայության ներգաղթի խնդիրը և կազմակերպությունը:
- Արևմտյան Հայաստանի գաղթական հայության ներկայացուցչական և հաշվեհարդարի մարմնի ընտրությունը»:
Համագումարը կազմվեց ժողովրդական քվեարկությամբ՝ երկաստիճան ընտրական սկզբունքով: Համագումարը ներկայացնում էր հետևյալ կազմը:
Երևան՝ 31700 գաղթական՝ 8 պատգամավոր՝ Հ. Կոսոյան, Զ. Կորկոտյան, Հ. Հայրապետյան, Հ. Կարինյան, Ռ. Շատվորյան, Ե. Ալեքսանյան, Մ. Մալոյան, Ա. Ավետիսյան:
Էջմիածին՝ 46600 գաղթական՝ 3 պատգամավոր՝ Եզնիկ վարդ. Ներկարարյան, Հ. Մուդոյան, Վ. Համբարձումյան:
Աշտարակ՝ 12880 գաղթական՝ 2 պատգամավոր՝ Գ. Ոսկերիչյան, Ռ. Թերլեմեզյան:
Ծաղկաձոր՝ 23750 գաղթական՝ 5 պատգամավոր՝ Տ. Ղիմոյան, Շ. Բասենցյան, Տ. Թերլեմեզյան, Մ. Մանուկյան, Հ. Աբրահամյան:
Կոտայք՝ 17570 գաղթական՝ 5 պատգամավոր՝ Ա. Մանուկյան, Շ. Շարանբերյան, Ա. Ղուկասյան, Ս. Գալստյան, Հ. Շահբազյան:
Սուրմալու՝ 25700 գաղթական՝ 4 պատգամավոր՝ Ա. Միրզոյան, 0. Ղորղանյան, Թեյմուր բեգ և Թեմուր աղա:
Միլլի ձոր՝ 10670 գաղթական՝ 1 պատգամավոր՝ Ա. Մխիթարյան:
Ալեքսանդրապոլ՝ 10000 գաղթական՝ 1 պատգամավոր՝ Ս. Խալոյան:
Դիլիջան՝ 12000 գաղթական՝ 2 պատգամավոր՝ Վ. Առաքելյան, Ղ. Հովսեփյան:
Բաշ-Գառնի՝ 5000 գաղթական՝ 1 պատգամավոր՝ Մ. Դարմանյան:
Նոր Բայազետ՝ 27973 գաղթական՝ 7 պատգամավոր՝ Վ. Քրմոյան, Բ. Աբոյան, Ա. Խաչիկյան, Մ. Գրիգորյան, բժ. Մուրադյան, Ա. Խոջայան, Գ. Ասլանյան:
Կազմակերպիչ կոմիտե՝ Գրիգոր Բուլղարացի, Սմբատ, Վ. Տերոյան, Ռ. Դրամբյան, Ա. Սասունի, Վ. Հոխիկյան, Հ. Մխիթարյան, Ա. Կիտուր, Ն. Բուռնության:
Արևմտահայ Խորհրդի անդամներից՝ բժ. Բոնապարտյան, Վան-Փուշ;
Հայաստանի Խորհուրդ՝ Ս. Վրացյան:
Եղբայրական օգնության կոմիտե՝ Կորյուն վարդ. Սահակյան:
Կովկ. Հ. բարեգ. Ընկերություն՝ Ե. Հարությունյան:
Լորդ Մեյըրս կոմիտե՝ Ս. Թոփալյան:
«Աշխատանք», «Վան-Տոսպ» թերթերից՝ Ա. Գազանջյան, Հ. Վարդապետյան:
Այսպիսով, համագումարին մասնակցում էին 55 պատգամավորներ: Պատգամավոր չէին ուղարկել Սիսիանի, Ղամարլուի և Դարալագյազի գաղթականները: Բացակայում էին նաև Ղարաքիլիսայի 2 պատգամավորները: Հրավիրված էին նաև Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչը, Անդրանիկը և ուրիշներ: Անդրանիկի մոտ ուղարկվել էր հատուկ մարդ՝ խնդրելով, որ անպատճառ ներկա գտնվի համագումարին, բայց նա չէր համաձայնվել մասնակցել մի ժողովում, որը գումարվելու էր «թուրքերի ձեռքով ստեղծած Հայաստանի» մայրաքաղաքում: Իր պաշտոնական նամակում (հունվար 25) նա գրում էր. «Մտածելով, որ չեմ կարող այդ համագումարին իմ մասնակցությամբ օգտակար դառնալ և թեթևացնել ձեր աշխատանքները, ուստի հրաժարվում եմ ներկա լինել այդ համագումարին»: Կաթողիկոսը ուղարկել էր օրնհնության կոնդակ և Գ. եպ. Չեորեքչյանին՝ ներկայացուցիչ իր կողմից: Շնորհավորական նամակներ էին ուղարկել Դաշնակցության Արևմտյան Հայաստանի Կենտրոնական կոմիտեն և Հայ ռամկավար կուսակցության Երևանի շրջանային վարչությունը:
Փետրվարի 4-ին և 5-ին տեղի ունեցած նախապատրաստական նիստերում կազմվեց համագումարի նախագահությունը՝ 3 նախագահներ՝ Գր. Բուլղարացի, Վ. Տերոյան և Վ. Քրոմյան, երկու քարտուղարներ՝ Ա. Կիտուր և Հ. Վարդապետյան, լիազորությունները քննող մարմին և 4 հանձնաժողովներ՝ շրջանների զեկուցումների, քաղաքական, ներգաղթի և հաշվեհարդար կազմակերպչական:
Համագումարի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Հայաստանի Խորհրդի սրահում, փետրվարի 6-ին, Գր. Բուլղարացու նախագահությամբ: Կաթողիկոսական կոնդակի ընթերցումից հետո ողջույնի ճառեր խոսեցին Հովհաննես Քաջազնունին, որ հայտնեց կառավարության ցանկությունը՝ այս համագումարով վերացած տեսնել հայության հատվածական բաժանմանը, Սիմոն Վրացյանը, Կորյուն վարդապետը, Ս. Թոփալյանը, Ե. Հարությունյանը, Ա. Տեր-Հակոբյանը և Խաչիկյանը: Վ. Տերոյանը կարդաց մի զեկուցում համագումարի աշխատանքների մասին: Վ. Քրմոյանը հարգանքի խոսք ուղղեց նահատակված զոհերի հիշատակին: Հասարակությունը, որ խռնված էր սրահում, ջերմ վերաբերմունք ցույց տվեց համագումարին: Բազմաթիվ կազմակերպություններ, հիմնարկություններ և գործիչներ գրավոր ողջունել էին համագումարը:
Համագումարի աշխատանքները անցան համերաշխության մթնոլորտում: Միայն քաղաքական բանաձևի շուրջ տեղի ունեցան բուռն վիճաբանություններ ու բախումներ: Եվ հենց այդ հարցն էր կազմում համագումարի առանցքը: Բժ. Բոնապարտյանի զեկուցումից հետո երկար քննության առնվեցին առաջարկված բանաձևի հատկապես 1, 2 և 5 կետերը: Հոդված առ հոդված քննելուց և մաս-մաս ընդունվելուց հետո, ամբողջական բանաձևը երրորդ քվերակությամբ, դրվեց փետրվարի 12ին և ընդունվեց միաձայնությամբ ու ջերմ ծափահարություններով: Արևմտահայության քաղաքական կամքի ձևակերպումն էր այդ: Բանաձևն ասում է.
«Արմտահայ երկրորդ համագումարը՝ քննելով հայ ժողովրդի ներկա կացությունը,
- Սրտագին ողջունում է և հայտարարում Ազատ և Միացյալ Հայաստանի անկախությունը,
- Լիակատար վստահություն է հայտնում Ազատ և Միացյալ Հայաստանի Պողոս Նուբար փաշայի անդրանիկ դահլիճին: (Այդ օրերին Երևանում լուր էր շրջում, թե Փարիզում Պողոս Նուբարը հայտարարել է Հայաստանի անկախությունն ու միությունը և կազմել Միացյալ Հայաստանի կառավարություն):
- Հայտարարում է իր վճռական որոշումն ու կամքը՝ ունենալ քաղաքական և պետական մեկ միություն համազգային հատվածների և երկրամասերի միավորությամբ:
- Ընտրված Գործադիր մարմնին պարտադրում է նախարարական դահլիճի հետ անմիջական հարաբերության մեջ մտնել՝ իրականացնելու և գործնականացնելու քաղաքական և պետական այն բոլոր աշխատանքները, որոնք հարկավոր են Ազատ և Միացյալ Հայաստանի պետական գոյությունը հիմնավորելու համար:
- Միաժամանակ պարտադրում է ընտրված Գործադիր մարմնին՝ գործական քայլեր ձեռք առնել Արարատյան Հանրապետության նախարարության և Խորհրդարանի հետ Միացյալ Ազատ Հայաստանի անկախությունը հայտարարելու և իր մասնակցությունը բերելու գոյություն ունեցող պետական և օրենսդրական հաստատություններում համազգային միությունը իրականացնելու համար: (Այս կետին դեմ արտահայտվեցին ռամկավար 5 պատգամավորները և պատճառաբանված հայտարարություն ներկայացնելով՝ նիստից հեռացան):
- Պահանջում է Ազատ և Միացյալ Հայաստանի պետական գոյության երաշխավորումը՝ դաշնակից պետությունների քաղաքական, տնտեսական և ռազմական օժանդակությամբ և աջակցությամբ:
- Պահանջում է Հայկական Մեծ եղեռնի հեղինակ և պատասխանատու ճիվաղներին՝ Վիլհեմի, Էնվերի, Թալեաթի, Ջեմալի, Նազըմի, Բեհաէդդին Շաքիրի և ընկեր նահանգապետներու, կառավարիչների և բոլոր ղեկավարների զինվորական դատարանով պատժվելը:
- Պահանջում է հայ ժողովրդի վնասների ամբողջական հատուցումը՝ ի հաշիվ օսմանյան կառավարության»:
Թեթև ակնարկն իսկ բավական է հասկանալու համար, թե ի՜նչ սուր պայքար է տեղի ունեցել բանաձևի շուրջ. այն մեքենայական միացումն է երկու՝ բոլորովին անհաշտելի տեսակետների՝ մի կողմից «լիակատար վստահություն… Պողոս Նուբար փաշայի անդրանիկ դահլիճն», մյուս կողմից՝ «գործնական քայլեր Արարատյան Հանրապետության և Խորհրդարանի հետ Միացյալ Ազատ Հայաստանի անկախությունը հայտարարելու» և այլն: Անկասկած, ռամկավար պատգամավորները ավելի հետևողական էին իրենց հակաարարատյան տրամադրություններով: Պետք էր կանգնել կա՛մ Հայաստանի, կա՛մ Փարիզի տեսակետի վրա. ռամկավարները ընտրեցին վերջինը: Համագումարի մեծամասնությունը դեռ տատանվում էր Արարատի և Փարիզի միջև:
Այս տեսակետից բնորոշ էին նաև համագումարի կողմից «Հայկական պատվիրակության նախագահ Նորին վսեմափայլության Պողոս Նուբար փաշային» և «Արարատյան Հանրապետության պ. վարչապետին» տրված ողջույնի հեռագրերը: Առաջինում ասվում էր, թե համագումարը «իր սրտագին ողջույններն է ուղղում Ձերդ վսեմության և իր լիասիրտ վստահությունը հայտնում, որ Ձեր կարող և արդյունավետ գործունեությամբ պետք է վերջնականապես ձևակերպվեն հայ բնաշխարհի պետական հիմքերը և հայ բազմաչարչար ժողովրդին հնարավորություն տրվի աշխատել և վերստեղծել իր հայրենի տունը: Համագումարը տեսնելով Ձեր մեջ յուր իղձերի և ցանկությունների լավագույն արտահայտիչը՝ հույս ունի, որ յուր քաղաքական և ազգային ձգտումները, կջանա լուծել հայ ժողովրդի արհեստականորեն անջատված հատվածների միավորությամբ և մեկ պետական-քաղաքական իրավակարգի ստեղծմամբ»:
«Արարատյան Հանրապետության պ. վարչապետին» ուղղված հեռագրում համագումարը «ողջունելով հայության մեկ հատվածի կառավարությունը՝ լիահույս է, որ նա ևս կմիացնի իր ձայնը Արևմտահայ համագումարի վճռին՝ ունենալ մեկ հայրենիք և մեկ Միացյալ Ազատ Հայաստանի պետական կազմակերպություն:
Համագումարը գտնելով սույն խնդիրը հայության համար պատմական մեկ կարևոր խնդիր՝ հավատացած է, որ Արարատյան Հանրապետության կառավարությունը կփութա օր առաջ հայտարարել Միացյալ Ազատ Հայաստանի անկախությունը և գործնական քայլեր առնել՝ միացումը իրականացնելու համար կյանքում»:
Այս վերջին միտքը շեշտվում է «Արարատյան Հանրապետության Խորհրդարանին» ուղղված հեռագրում. «Արևմտահայ Բ համագումարը՝ ողջունելով Հանրապետության անդրանիկ Խորհրդարանը՝ վստահ է, որ այն ևս իր հեղինակավոր ձայնը պիտի միացնի հայության ամենից շատ տանջված և զոհաբերած խոշոր հատվածի ձայնին՝ ունենալ մեկ հայրենիք, Միացյալ Անկախ Հայաստան, մեկ պետական կազմակերպությամբ: Համագումարը հավատացած է, որ Խորհրդարանը չի ուշանա իր որոշումը տալու հայության համար խիստ կարևոր այս խնդրի մասին»:
Համագումարը բանաձևեր ընդունեց և արևմտահայ նախկին մարմինների հաշվեհարդարի ու ներգաղթի մասին: Առաջինը ասում էր.
«Արևմտահայ Բ համագումարը՝ լսելով հաշվեհարդար հանձնաժողովի զեկուցումը արևմտահայ նախկին մարմինների մասին և տեսնելով, որ դրանք կազմալուծված են և 1918 թ. մայիս ամսից ի վեր ոչ մի տեղ չեն հաջողել մեծամասնություն կազմել, իրենց ընտրողներին հավաքել և իրենց տնտեսական-բարոյական գործունեության հաշիվը ներկայացնել, ինչպես նաև շնորհիվ այն հանգամանքի, որ ոչ միայն իրենց ընտրողներին հավաքել և իրենց ընտրողներին հավաքել և իրենց տնտեսական-բարոյական գործունեության հաշիվը ներկայացնել, ինչպես նաև շնորհիվ այն հանգամանքին , որ ոչ միայն իրենց ընտրողների մոտ չեն վերադարձել և Բ համագումարին չեն ներկայացել, մի բան, որ ըստ ամենայնի նրանք հնարավորություն ունեին, այլև միայն 2-3 հոգու համաձայնությամբ հանձն են առած արևմտահայ փախստականության հանդեպ այնպիս պարտականություններ կատարել, որ երբեք իրենց վրա դրված չի եղել, նրանց գումարները անձնական պատասխանատվությամբ զանազան գործերի հատկացնելով, մի բան, որ ո՛չ համագումարը, ո՛չ կոնֆերանսը և ո՛չ էլ խորհուրդները չէին թույլատրել: Արևմտահայ Բ համագումարը, որպես Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ ապաստանած փախստական ներկայացուցչությունը՝ հայտարարում է նախկին խորհուրդները լուծված՝ պահնաջելով բարոյական և նյութական հաշվետվություն իրենց ամբողջ գործունեության վերաբերմամբ թե՛ հավաքականորեն և թե՛ անձնապես»:
Ներգաղթի համար «համագումարը հրահանգում է ընտրվելիք մարմնին այս պահից անհրաժեշտ միջոցները ձեռնարկել պատմական Միացյալ Հայաստանի կառավարության մոտ և դաշնակիցների ներգործոն միջամտությամբ և աջակցությամբ պետականորեն ապահովել ներգաղթող ժողովրդի ֆիզիկական գոյությունը և պարենավորման անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև նրան հետևող վերաշինության գործի իրականացման անհրաժեշտ տվյալները հավաքել»:
Ի վերջո, փետրվարի 13-ի նիստում, գաղտնի քվեարկությամբ ընտրվեց «Արարատյան Հանրապետության մեջ ապրող արևմտահայ հատվածի Գործադիր մարմին՝ բաղկացած հետևյալ 9 անձերից. Սմբատ Բորոյան, Խաչ. Բոնապարտյան, Ար. Սասունի, Գր. Բուլղարացի, Վար. Տերոյան, Ռուբ. Դրամբյան, Վահագն Քրմոյան, Վաղ. Հոխիկյան և Արս. Կիտուր: Գործադիր մարմնի համար մշակվեցին հետևյալ հրահանգները.
- Նա կիրականացնի համագումարի որոշումները:
- Կշարունակի մնալ իր ստանձնած պարտականությունների և իրավասության մեջ մինչև Միացյալ Ազատ Հայաստանի պետական-օրենսդրական հաստատությունների իրականացումը՝ հայության մյուս հատվածների՝ Պողոս Նուբարի կաբինետի, Արարատյան Հանրապետության կառավարության և Խորհրդարանի գործակցությամբ և համաձայնությամբ:
- Բացառիկ և համազգային արժեք ներկայացնող որևէ դեպքի առթիվ կհրավիրվի սույն համագումարն իր լրիվ կազմով՝ գործադիր մարմնի անդամների մեկ երրորդին կամ համագումարի անդամների կեսից ավելիի պահանջով:
- Գործադիր մարմինը հաշվետու և պատասխանատու է համագումարի առաջ իր գործունեության համար:
- Համագումարի 2-րդ նստաշրջանը կհրավիրվի մայիս 1-ին, եթե մինչ այդ ներգաղթը կատարված չէ և եթե հնարավոր է պատգամավորների կեսից ավելին հավաքել:
- Գործադիր մարմնի օրենսդրական գործունեությունը կսահմանափակվի միայն այն չափով, որ չափով որ չի հակասում համագումարի որոշումներին և բանաձևերին:
- Գործադիր մարմինը կաշխատի մյուս շրջանները ևս, որոնք զանազան պատճառներով ներկա կազմից կբացակայեն, պատգամավորներ բերելով՝ լրացնել իր կազմը»:
Այսպիսով, ստեղծվում էր մի նոր կառավարություն՝ «Արարատյան կառավարության» կողքին: Գործադիր մարմինը կազմակերպվեց պետական հիմունքներով՝ տալով իրեն մի տեսակ նախարարության բնույթ. իր նախագահին և անդամներին տրվեց նախարարական դեր: Անգամ նյութական կողմով հետ չմնաց կառավարությունից. նախագահին նշանակեց վարչապետական ռոճիկ, անդամներին՝ նախարարական դրամը, իհարկե, ստանալով «Արարատյան Հանրապետության» գանձարանից:
Այս դրությունը, սակայն, երկար չտևեց: Կյանքը ստիպում էր գնալ միակ հնարավոր ճանապարհով՝ հատվածական տարբերությունների վերացման ուղիով: Եվ ամենից շատ արևմտահայությունն էր զգում այդ պահանջը: Գործադիր մարմինը ընդառաջ գնալով հանրային շեշտված տրամադրությանը՝ մի շարք ժողովներում քննության առավ համագումարի որոշումը՝ «մեկ հայրենիք, Միացյալ Անկախ Հայաստան» ունենալու մասին և եկավ այն եզրակացության, որ անհրաժեշտ է օր առաջ հայտարարել Հայաստանի երկու հատվածների միացումը: Եվ այդ իմաստով պաշտոնական դիմում արեց կառավարությանը:
Արևմտահայ Գործադիր մարմնի դիմումը միանգամայն համապատասխան էր այն օրերին Հայաստանի գրեթե բոլոր խավերում տիրող տրամադրությանը: Փետրվարի 25-ին կառավարությունը քննության առավ Գործադիր մարմնի դիմումը և միաձայնությամբ համաձայնվելով առաջարկին՝ հանձնարարեց արտաքին գործոց նախարարին պատրաստել մի զեկուցում Հայաստանի Խորհուրդ մտցնելու համար: Նման քայլի անհրաժեշտությունը չէր մերժվում կառավարության ո՛չ մի անդամի կողմից:
Այնուհետև կատարվեցին նախապատրաստական աշխատանքները Հայաստանի անկախության և միության հայտարարությունը հանդիսավորապես կատարելու համար: Այդ նպատակով կազմվեց մի հանձնախումբ հանրային կրթության և արվեստի նախարար Գ. Մելիք-Ղարագյոզյանի նախագահությամբ: Գ. Մելիք-Ղարագյոզյանը հանուն հանձնախմբի մի կոչ հրատարակեց, որով հրավիրում էր ժողովրդին արժանավոր վայելչությամբ տոնել Մայիսի 28-ը. «Թո՛ղ Մայիսի 28-ի օրը լինի զոհերի հիշատակին, բայց և համազգային մեծ ուրախության օր՝ օ՛ր նոր պետության ստեղծման բիբլիական Արարատի շուրջը, օ՛ր ազգային բարձր իղձերի և համաշխարհային արդարության հաղթանակի»:
Նախարարների խորհրդի մայիսի 27- նիստում, որին ներկա էին Ա. Խատիսյանը, զոր. Արարատյանը, Ս. Մանասյանը, Քր. Վերմիշյանը, Ս. Թորոսյանը, Գ. Մելիք-Ղարագյոզյանը, Հ. Չմշկյանը և ուրիշներ, լսվեց վարչապետի զեկուցումը այն բոլոր ձեռնարկների մասին, որոնք կատարվել էին Հայաստանի անկախության տարեդարձի օրը միության հայտարարությունը անելու համար և կարգադրվեց հայտարարության նախագիծը: Կառավարությունը հավանություն տվեց արված աշխատանքին, որոշեց, Հայաստանի Խորհրդի ապրիլի 27-ի օրենքի հիման վրա, հաստատել հայտարարության նախագիծը և հանձնարարեց վարչապետին հրապարակել: Որոշեց նաև «հրավիրել Հայաստանի Խորհրդի նիստերին մասնակցելու, որպես Խորհրդի անդամներ, Արևմտահայ Գործադիր մարմնի 12 անդամներին»:
Նույն նիստում քննվեց հանրային կրթության նախարար Գ. Մելիք-Ղարագյոզյանի առաջարկը՝ Հայաստանի անկախության և միության հայտարարությունը հավերժացնելու համար. 1) մայրաքաղաքում հուշարձան կանգնեցնել հայ ազատամարտում ընկած հերոսներին ի հիշատակ և այդ նպատակով կազմել հիմնադրամ՝ կառավարության կողմից հատկացնելով 1000000 ռուբլի և 25000 ռուբլի էլ արձանի մրցանակաբաշխության համար, 2) հրատարակել հայկական ազատագրության վերջին շրջանի պատմությունը, որի համար տրամադրել 285000 ռուբլի, 3) բաց թողնել առանձին շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մակագրությամբ: Այս առաջարկն ևս հաստատվեց միաձայնությամբ:
Երկու օր վերջը, մայիսի 28-ին, Հայաստանի Խորհրդի հանդիսավոր նիստում կատարվեց Հայաստանի միության և անկախության հայտարարությունը:
Այդ օրը Երևանը ստացել էր շքեղ, տոնական կերպարանք: Ամբողջ քաղաքը զարդարված էր դրոշակներով, գորգերով, կանաչներով ու ծաղիկներով: Վաղ առավոտվանից փողոցները լիքն էին բազմություններով: Շրջակա գյուղերից քաղաք էին գալիս խումբ-խումբ գյուղացիներ, պատգամավորություններ դրոշակներով՝ հանդեսներին մասնակցելու համար:
Առավոտյան, քաղաքային ինքնավարության շենքի ընդարձակ հրապարակում տեղի ունեցավ հոգեհանգիստ հայրենիքի ազատության համար զոհվածների հիշատակին, ապա՝ մաղթանք և զորահանդես: Հրապարակն ու մոտակա փողոցները բռնված էին ծովածավալ բազմությամբ, զորքով, դպրոցական աշակերտներով, արիներով, որբերով: Մեջտեղը տեղավորված էին Հայաստանի Խորհրդի ու կառավարության անդամները, զորավար Դեյվին, Պարսկաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները, Ամերիկյան կոմիտեի անդամները և ուրիշներ: Պատվո պահակախմբի ուղեկցությամբ Էջմիածնից եկել էր Ամենայն հայոց կաթողիկոսը, որ նախագահում էր հոգեհանգստի և հացամաղթանքի արարողությանը:
Հոգեհանգստից ու մաղթանքից և վարչապետի՝ բանակին ուղղած խոսքից հետո, սկսվեց զորահանդեսը՝ հազարավոր ներկաների ծափերի ու ցնծության աղաղակների մեջ: Զորամասերը՝ հետևակ, հրետանի, այրուձի, զինվորական նվագի ընկերակցությամբ, անցնում էին խրոխտ շարքերով՝ հույզերով ու ոգևորելով հանդիսատեսներին:
Զինվորներից հետո սկսվեց աշակերտների, որբերի, արիների, արհեստակցական միությունների ու ժողովրդի շքերթը:
Հանդեսից հետո տեղի ունեցավ հայտարարության արարողությունը: Հայաստանի Խորհրդի մուտքն ու դահլիճը նույնպես զարդարված էին շքեղ՝ դրոշակներով, գորգերով ու ծաղիկներով: Օթյակները բռնված էին օտար պետությունների ներկայացուցիչներով: Մի օթյակ հատկացված էր կաթողիկոսին և իր շքախմբին: Բեմի վրա տեղավորված էին Խորհրդի և կառավարության անդամները: Դահլիճի առջևի մասում երևում էր զորավար Նազաբեկյանի պատկառելի դեմքը, մյուս կողմը՝ նստած էր զորավար Փիրումյանը: Սրահը բերնեբերան լեցված էր հյուրերով ու հանդիսականներով:
Հանդեսին նախագահում էր հանրային կրթության և արվեստի նախարար Գ. Մելիք-Ղարագյոզյանը, որ մի գրավոր ճառով բացատրեց հանդեսի նշանակությունը, որից հետո նվագախումբը հնչեցրեց «Մեր հայրենիքը», որ լսվեց հոտնկայս: Մի պահ տիրեց խորհրդավոր լռություն, ապա վարչապետ Խատիսյանը արտասանեց մի փոքրիկ ճառ և ժողովրդականների խանդավառ ծափերի մեջ կարդաց հետևյալ հայտարարությունը.
«Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ցանկության, հայտարաում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն:
Ուղիղ մի տարի առաջ ռուսահայերի համագումարից ընտրված Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իրեն անդրկովկասյան հայկական գավառների բարձրագույն իշխանություն: Ազգային խորհրդի կազմած կառավարությունն այդ քաղաքական ակտի մասին պաշտոնապես պետությունների ներկայացուցիչներին հայտնելուց հետո, այս մի տարվա մեջ փաստորեն հաստատել է իր իշխանությունն Անդրկովկասի հայկական գավառներում:
1919 թ. փետրվար ամսին Երևան քաղաքում կայացած Արևմտահայ երկրորդ համագումարը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ նա Հայաստանը միացյալ և անկախ է ճանաչում:
Այժմ, Անդրկովկասում և Օսմանյան կայսրության սահմաններում գտնված պապենական հայկական երկրների միացման և անկախության այս ակտը կատարելով՝ Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ միացյալ Հայաստանի պետական ձևն է ռամկավար հանրապետություն և որ ինքը հանդիսանում է միացյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այսպիսով, ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերագույն տերն ու տնօրենը, և Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը հանդիսանում են միացյալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագույն օրենսդիր և գործադիր իշխանությունը:
Հայաստանի կառավարությունը սույն ակտը հրատարակում է 1919 թ. ապրիլի 27-ի խորհրդարանի որոշմամբ կառավարությանը տրված հատուկ լիազորությունների հիման վրա»:
Նախարարների խորհրդի նախագահի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար ՝ Ալ. Խատիսյան,
Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար՝ Ս. Մանասյան,
Զինվորական նախարար գեներալ-մայոր՝ Ք. Արարատյան,
Արդարադատության նախարարի պաշտոնակատար՝ Հ. Չմշկյան,
Հանրային կրթության նախարար՝ Գ. Մելիք-Ղարագյոզյան,
Խնամատարության նախարար՝ Ս. Թորոսյան,
Պարենավորման նախարար՝ Ք. Վերմիշյան,
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար՝ Գ. Ջաղեթյան,
Գործերի կառավարիչ՝ Գ. Խատիսյան:
1919 թ. մայիսի 28-ին, Երևան քաղաք:
Հայտարաության ընթերցումից հետո, համաձայն նախօրոք եղած որոշման, բեմ բարձրացան և նստեցին Հայաստանի Խորհրդի անդամների շարքում, արևմտահայ գործադիր մարմնի ընտրած 12 պատգամավորները՝ Հմ. Մանուկյան, Վ. Քրմոյան, Զ. Կորկոտյան, Վ. Հոխիկյան, Վան-Փուշ, Վ. Առաքելյան, Ա.Մաքսապետյան, Ա. Միրզոյան, Ա. Կիտուր, Հ. Կոսոյան, Ա. Սասունի, Հ. Հայրապետյան: Երկու հատվածների միացման հայտարարության առաջին գործնական արտահայտությունն էր այս, որ հասարակությունը ողջունեց ոգևորված ծափերով:
Այնուհետև կառավարության կողմից հայտարարվեց ընդհանուր ներում վարչական կարգով բանտարկվածների համար, իսկ քրեական հանցագործների պատիժը կրճատվեց կես առ կես: Եվ նախագահի՝ հուշարձանի, շքանշանի ու հրատարակությունների մասին կառավարական որոշումները հայտարարելուց հետո, հաջորդաբար ողջույնի ճառեր խոսեցին Հայաստանի Խորհրդի նախագահ Ավ. Սահակյանը, արևմտահայերի ներկայացուցիչ Վ. Քրմոյանը, կաթողիկոսը, Ամերիկյան կոմիտեի ներկայացուցիչ հարյուրապետ Էլդըրը, Պարսկաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ՀՅԴ Բյուրոյի կողմից՝ Ս. Արարատյանը, ՀՅԴ Երևանի և Վրաստանի ԿԿ-ի կողմից՝ Վ. Խորենին, հանուն Ղարաբաղի հայության՝ Գ. Բալայանը, Ամերիկահայ գաղութի կողմից՝ Ա. Միքայելյանը, պետական ծառայողների կողմից՝ Վ. Ահարոնյանը, ուսուցչական միության կողմից՝ Ա. Տեր-Թովմասյանը, Կանանց միության կողմից՝ օրիորդ Լ. Տեր-Սարգիսյանը, Երևանի քաղաքային ինքնավարության կողմից՝ Մ. Մուսինյանը և ուրիշներ:
Առանձնապես տպավորիչ էր Գևորգ Ե կաթողիկոսի ճառը, որ անգլիական զինվորականների ներկայությամբ հրավեր էր կարդում հայ ժողովրդին «հույս չդնել օտարի վրա, որովհետև մեր ժողովրդի բարօրությունն ու առաջադիմությունը մեզանից է կախված բացառապես: Այժմ, երբ Մասիսը մագնիսի պես քաշեց ու միացրեց հայության երկու հատվածները, երբ ստեղծվեց Միացյալ Հայաստան, այժմ պետք է լարենք մեր ազգային բոլոր կարողությունները՝ փրկելու և դաստիրակելու համար մեր ժողովուրդը ի փառս իր ազատ հայրենիքի»:
Վ. Քրմոյանը Արևմտահայ Գործադիր կոմիտեի կողմից կարդաց հետևյալ հայտարարությունը. «Կանգնած մնալով Արևմտահայ Բ համագումարի ընդունած քաղաքական բանաձևի տեսակետների վրա՝ Արևմտահայ Գործադիր մարմինն իբրև Հայկական Հանրապետության սահմանների մեջ ապրող արևմտահայերի ներկայացուցչական օրգան, լսելով կառավարության հայտարարությունը Հայաստանի միացման և անկախության մասին, սրտագին ողջունում է կառավարության կատարած ակտը և իր լիակատար պատրաստակամությունը հայտնում Հայաստանի Խորհրդարանի և կառավարության մեջ իր գործոն մասնակցությունը բերել՝ իրագործելու Միացյալ Հայաստանի գաղափարը և ամրապնդելու հայ ժողովրդի ազատությունն ու բարգավաճումը»:
Ճառերից հետո, կարդացվեցին բազմաթիվ շնորհավորական գրություններ ու հեռագրեր Հայաստանի զանազան կողմերից և արտասահմանից: Շնորհավորում էին Վրաստանի Սահմանադիր ժողովն ու վարչապետը, Ադրբեջանի Խորհրդարանն ու կառավարությունը, Լեռնականները, Վրահայոց ազգային խորհուրդը, Անդրկովկասյան Ասորական ազգային խորհուրդը, երիտասարդ գրողներ Ստ. Զորյանը, Մ. Մանուելյանը, Լեյլին և շատ ուրիշներ:
Ժողովը խորունկ լռության մեջ, հոտնկայս, հարգեց Արամի հիշատակը և խանդավառ ոգևորությամբ ցույցեր արեց հայկական բանակի ներկայացուցիչներ զորավար Նազարբեկյանին, զորավար Փիրումյանին ու Դրոյին:
Հանդեսը փակվեց «Մեր հայրենիքով», որից հետո վարչապետը պաշտոնական անձերով շրջապատված՝ դուրս եկավ Խորհրդարանի պատշգամբը և ժողովրդին ու զինվորությանը կարդաց Միացյալ Հայաստանի անկախության հայտարարությունը, որ ընդունվեց որոտագին «կեցցեներով» և թնդանոթի 30 հարվածներով:
Ժողովուրդը մինչև ուշ գիշեր շքերթներով, երաժշտությամբ, երգ ու պարով տոնում էր օրվա մեծ դեպքը:
Խանդավառ հանդիսավորություններ տեղի ունեցան և Հայաստանի գավառներում ու գաղութահայության մեջ: