Հրայր Թովմասյան vs Նիկոլ Փաշինյան. իրավական սոուսով համեմված քաղաքական պայքար

1097

Թավշյա հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանին հավատարիմ մի շարք պաշտոնյաներ տեղավորվեցին Նիկոլ Փաշինյանի թիմում և խորհրդարանում իշխանական Իմ քայլը խմբակցությունում:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որ հենց հեղափոխության օրերին էր ուզում կատարել փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը և ազատությունից զրկել Նիկոլ Փաշինյանին, շատ հարմարավետ տեղավորվել է հեղափոխական թիմում:

Նշանավոր Տիգրան Մուկուչյանը, որի «նկարչական շնորհքի», այն է՝ ընտրակեղծարարության մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անեկդոտներ էր պատմում խորհրդարանի ամբիոնից, այսօր հարմարավետ տեղավորվել է ԿԸՀ-ում:

Թվում է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էլ էր այդ ճանապարհին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարում էր, որ հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանի հրաժարականն անհրաժեշտություն չէ և այդ հարցը իր իրավասությունների տիրույթում չի գտնվում:

Բայց Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի շուրջ դատական գործընթացում դուրս եկավ հեղափոխության տրամաբանությունից ու չգրված կանոնից և փաստացի աջակցեց երկրորդ նախագահին՝ լուրջ նյարդայնություն ու տհաճություններ պատճառելով գործող իշխանություններին:

Թովմասյանի հարցը նախ փորձեցին լուծել պատվավոր թոշակի ուղարկելով: Սակայն նա և ՍԴ մյուս անդամները մերժեցին թոշակները, որը, նույնպես, վիճելի առաջարկ էր:

Հետո Ազգային ժողովով որոշեցին Թովմասյանի ու մյուսների հարցերը լուծել, սակայն վերջին պահին մտածեցին, որ ճիշտը հանրաքվեի ճանապարհն է: Հանրաքվեն ամենա-ամենան է: Փաշինյանը Սյունիքից մարդաշատ հանրահավաքներ սկսեց, բայց այս անգամ էլ խոչընդոտեց կորոնավիրուսի համաճարակը:

Իշխանական թիմը որոշեց, որ պետք է կրկին վերադառնալ ԱԺ:

Կասկած չկա, որ Թովմասյանին և ՍԴ մյուս դատավորների ճակատագիրը վճռված է:

Այո՛, բարեկամներ, սա քաղաքական գործընթաց է, որը փորձ է արվում համեմել իրավական սոուսով:

Իսկ եթե ուզում եք ավելի պարզ ներկայացնենք, ապա նախկին իշխանությունները փորձում են Հրայր Թովմասյանին և ՍԴ-ն օգտագործել՝ առնվազն պաշտպանվելու համար: Նրանք դիրքավորվել են ՍԴ խրամատում, վերջին կռիվն են տալիս և փորձում շրջել անշրջելի մի գործընթաց, որն սկսվել է 2018-ի ապրիլին՝ մերժելով նախկինը:

Մենք դեռ չգիտենք, թե ուր ենք գնում: Բայց հաստատ է, որ անցյալը մերժված է: Այս պարզ ճշմարտությունը նախկինները չեն ուզում հասկանալ և ընդունել:

Թովմասյանն ու նախկինները փորձում են ներկայացնել, թե Սահմանադրական դատարանը  ներքաղաքական գործընթացի մաս չի կազմում: Սա նույնքան և ավելի անհավատալի է, որքան իշխանությունների պնդումը, թե Ազգային ժողովում տեղի ունեցողը զուտ իրավական գործընթաց է:

Հրայր Թովմասյանը, առաջին անգամ չենք գրում, Սերժ Սարգսյանի վերարտադրության համար հեղինակած Սահմանադրության համար ստացել է իրեն հասանելիքը՝ ՍԴ նախագահի աթոռը: ՍԴ նախագահի պաշտոնը այն նվերն էր, որ Թովմասյանը ստացավ Սերժ Սարգսյանից։ Նա այդ աթոռը փորձում է ամեն կերպ պաշտպանել՝ հաշվի չառնելով Թավշյա հեղափոխությունը: Թովմասյանը կարող էր հանգիստ մնալ իր աթոռին, ինչպես Արթուր Դավթյանն ու Տիգրան Մուկուչյանը, եթե չմիանար նախկինների հակահեղափոխության փորձերին:

Սա է ամբողջը:

Պետք չէ պարզ ներքաղաքական կռվին, որտեղ կան երկու կողմեր՝ Նիկոլ Փաշինյան և նախկիններ, տալ իրավական բնութագիր:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ