Ծառուկյանի յոթ սխալները

1324

Հայաստանի խոշորագույն գործարարներից օլիգարխ Գագիկ Ծառուկյանն ապրում է կյանքի ամենադժվար օրերը:

Եթե 2015 թվականին նա գործ ուներ Սերժ Սարգսյանի հետ և կաբինետային պայմանավորվածության արդյունքում կարողացավ վերապրել՝ դրա դիմաց վճարելով հրապարակային ստորացումով, ապա այս անգամ նրան նման հնարավորություն, թվում է, չի տրվելու:

Ինչո՞ւ այսպես եղավ: Հաճախ լրագրողները, մեկնաբաններն ու վերլուծաբանները բարդ սխեմաներ են փորձում գտնել ներքաղաքական պայքարը հասկանալու, բացատրելու և հանրությանը ներկայացնելու համար: Իրականում, հաշվի չի առնվում պարզ, մարդկային գործոնը, այն է՝ մարդու սխալվելու, սխալ հաշվարկ կատարելու հնարավորությունը:

Եթե դու ունես դղյակներ, ֆինանսական մեծ կարողություն, ճանաչված ես, դա դեռ չի նշանակում, որ ապահովագրված ես կոպտագույն սխալ գործելուց:

Ծառուկյանը հեղափոխությունից հետո թույլ տվեց մի շարք սխալներ, որոնց հանրագումարը այսօր նրան կանգնեցրել է անելանելի թվացող իրավիճակի առաջ: Սխալ հաշվարկի հիմքում դրված է նաև Փաշինյանին չճանաչելու իրականությունը:

Սխալ հաշվարկ առաջին. հեղափոխությունը հնարավորություն էր, որ օլիգարխն իր կամքով հետ քաշվի քաղաքականությունից և զբաղվի բացառապես գործարարությամբ: Այդպես վարվեցին այլ օլիգարխներ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանը: Իր հերթին, Փաշինյանը, երբ 2018-ի հոկտեմբերին հուշագիր ստորագրեց Ծառուկյանի հետ, ամուր սեղմեց նրա ձեռքը, հայտարարեց, որ Ծառուկյանը օլիգարխ չէ, այլ խոշոր սեփականատեր, սա դարձավ շփոթեցնող ուղերձ: Անշուշտ, հենց այստեղ մենք կարող ենք ասել, որ Փաշինյանը չի պահել հուշագրի ոգին: Սակայն քաղաքականությունը, ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում, խոստովանություն չէ: Ծառուկյանի ատամը կտրեր, Փաշինյանին պատին դեմ չէ՞ր տա:

Սխալ հաշվարկ երկրորդ. Ծառուկյանը, թվում է, այնքան էլ լուրջ չի ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ անհաշտ պայքար է մղում կոռուպցիայի, կաշառակերության ու մենաշնորհների դեմ: Հեղափոխության վերջին օրերին Փաշինյանին աջակցելը, նրա հետ հուշագիր ստորագրելը, Փաշինյանին դստեր հարսանիքին հրավիրելը և բազմաթիվ այլ ոչ քաղաքական դիպվածներ բավարար չէ ապահովագրվելու համար:

Սխալ հաշվարկ երրորդ և ճակատագրական սխալ. այս օրերին, երբ Հայաստանը պարտվում է կորոնավիրուսի դեմ պատերազմում, Ծառուկյանը պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Սա մեջքից դաշույնի հարված է, Փաշինյանը սա չի ներում: Մենք չեն պնդում, որ եթե Ծառուկյանը խելոք մնար, ապա նա ու նրա շրջապատը կխուսփեր նախկինում գործած արարաքների համար պատիժ կրելուց: Մյուս կողմից, սակայն, Ծառուկյանի չմիանալը նախկին իշխանություններին Փաշինյանի հետ քաղաքական լուծումներ գտնելու կիսաբաց դուռ կթողներ:

Սխալ հաշվարկ չորրորդ. Ծառուկյանը ներքաղաքական գործընթացներում շարունակում է խաղալ այն կանոններով, որոնք գծվել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ: Խնդիրն այստեղ լավ կամ վատ կանոնների մասին չէ միայն, այլ նրա մասին, որ 2018-ից հետո ամբողջովին խաղի նոր կանոններ են գործում:

Սխալ հաշվարկ հինգերորդ. Ծառուկյանին թվում է, որ 10 հազար դրամ ընտրակաշառք ստացած ժողովուրդը դուրս է գալու փողոց՝ ի պաշտպանություն իրեն: Անկախ արտակարգ դրությամբ պայմանավորված իրողությունից, այսօր Հայաստանում չկա մի ուժ, որ կարողանա փողոց դուրս բերել կրիտիկական զանգված: Դա այսօր չի կարող անել նաև Նիկոլ Փաշինյանը (սրա մասին կգրեմ առաջիկայում), թեև վարչապետն ու թիմը շարունակում են ապրել հեղափոխական ու հետհեղափոխական էյֆորիայով այն դեպքում, երբ փողոցում շատ-շատ բան է փոխվել:

Սխալ հաշվարկ վեցերորդ. և՛ Ծառուկյանը, և՛ նախկին իշխանություններն ու ընդդիմությունը փորձում են Փաշինյանի դեմ կռիվ տալ փողոցում: Փողոցն ու հրապարակն այն վայրն է, որտեղ Փաշինյանը այսօր անպարտելի է (վաղը կարող է իրավիճակ փոխվել):

Սխալ հաշվարկ յոթերորդ. Ծառուկյանը և նախկին իշխանությունները հույս են դնում դրսից եկող ճնշումների վրա, այս դեպքում՝ Ռուսաստանից: Որևէ մեկը, սակայն, չի կարողանում բացատրել, թե ինչու պետք է Մոսկվան աջակցի Հայաստանի նախկին իշխանություններին: Աջակցող լիներ, դա կաներ հեղափոխության օրերին: Նախկին իշխանությունները հորինել են Փաշինյանի հակառուսականության միֆը այն դեպքում, երբ Փաշինյանը ոչ մի սանտիմետր չի շեղվել Հայաստանի՝ ռուսական արահետից: Եթե Վլադիմիր Պուտինը գոհ չէ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա կարգավիճակով, եթե Ռուսաստանը տանիք է տալիս հետախուզման մեջ գտնվող հայ նախկին պաշտոնյաների, ապա դա դեռ չի նշանակում, որ օգնելու է Հայաստանի նախկին իշխանություններին՝ տապալելու Փաշինյանին:

Այս ու մի քանի այլ սխալներ անելուց հետո Ծառուկյանը անցել է ռուբիկոնը և հետդարձի ճանապարհ ուղղակի չունի: Նրա զրուցակիցը այլևս Փաշինյանը չէ, բայց կարող էր լինել, եթե Ծառուկյանը, Հայաստանի իշխանությունների համար այս դժվարագույն օրերին չթեքվեր դեպի անցյալ:

Այնուամենայնիվ, պետք է փորձել գտնել քաղաքական լուծումներ, որքան էլ Փաշինյանն ու թիմը հայտարարեն, որ Ծառուկյանի շուրջ կատարվողը բացառապես իրավական գործընթաց է: Ծառուկյանի և նրա շրջապատի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարող են շարունակվել զուգահեռ քաղաքական լուծումների ու պայմանավորվածությունների փնտրտուքով:

Ներքաղաքական պայքարում զրո վերջնարդյունքով խաղը ամենալավ լուծումը չէ:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Դիտել նաև՝

Ծառուկյանը ճակատագրական սխալ է գործել և թանկ է վճարելու