Մանդատից զրկվածները. հերթը Ծառուկյանինն է

1300

Հայաստանի բոլոր նախագահների ղեկավարման տարիներին եղել են Ազգային ժողովի պատգամավորներին մանդատից զրկելու և քրեական գործով ներգրավելու դեպքեր: Չէր եղել միայն Հայաստանի չորրորդ առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանակ:

Առաջինը և ամենազանգվածայինը տեղի ունեցավ 1996-ի աշնանը՝ սեպտեմբերյան աղմկահայրույց նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը ներխուժեց խորհրդարանի շենք, որտեղ այն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր և ինքնադատաստանի ենթարկեց ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին և փոխնախագահ Արա Սահակյանին (Սերժ Սարգսյանը նրան նշանակեց դեսպան Ղազախստանում, այսօր անդամակցում է Արթուր Վանեցյանի կուսակցությանը):

Այդ դեպքերից հետո գումարված ԱԺ նիստում իշխանական, այն ժամանակ ՀՀՇ պատգամավորները, հենց ամբիոնի մոտ ծեծի ենթարկեցին ընդդիմադիր մի քանի պատգամավորների, որոնց մեջ ամենաերկարը և ցուցադրականը՝ Շավարշ Քոչարյանին, ով այն ժամանակ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ից էր (Շավարշ Քոչարյանը ևս եղել է ՀՀՇ-ից, հետագայում դուրս եկավ նաև ԱԺՄ-ից, ստեղծեց իր կուսակցությունը, որը կարճ կյանք ունեցավ, ապա Սերժ Սարգսյանը նրան նշանակեց արտգործնախարարի տեղակալ, այսօր էլ նա զբաղեցնում է այդ պաշտոնը):

Խորհրդարանի այդ նիստում ԱԺ-ն որոշեց համաձայնություն տալ Հայաստանի գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի առաջարկությանը` քրեական պատասխանատվության ենթարկելու պատգամավորներ Արշակ Սադոյանին (այսօր Հանրային խորհրդի անդամ), Սեյրան Ավագյանին, Դավիթ Վարդանյանին, Շավարշ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին (բոլորը՝ ԱԺՄ), Պարույր Հայրիկյանին և Ներսես Զեյնալվանդյանին (ԱԻՄ) և Ռուբեն Հակոբյանին (ՀՅԴ): Վերջինս հետագայում միացավ «Ժառանգությանը», իսկ այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է:

1998-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, անձեռնմխելիությունից զրկվեց ՀՀՇ պատգամավոր, արցախյան պատերազմում «Աֆղանցիներ» ջոկատի հրամանատար Նվեր Չախոյանը՝ մի մասնավոր քրեական գործի շրջանակներում:

1999 թվականի նոյեմբերին հենց խորհրդարանում ձերբակալվեց և ձեռնաշղթաներով դուրս բերվեց Մուշեղ Մովսիսյանը, որը համարվում էր Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչների հետ կապ ունեցող մարդկանցից մեկը: Հետագայում նա ազատ արձակվեց և մահացավ 2004-ի սեպտեմբերին՝ նույն տարվա մայիսի 28-ին տեղի ունեցած ավտովթարից հետո գիտակցության չգալով: Նա Շմայսի՝ Առաքել Մովսիսյանի եղբայրն էր:

2000 թվականի ապրիլին անձեռնխելիությունից զրկվեց Վանո Սիրադեղյանը: Նա 1999-ին ՀՀՇ-ից ընտրված միակ պատգամավորն էր հայրենի Տավուշի մեծամասնական ընտրական շրջանից: 90-ականների ամենահակասական գործիչներից Սիրադեղյանը մեղադրվում էր 1992-96 թվականներին մի շարք սպանություններ պատվիրելու համար: Նա չի ընդունել մեղադրանքները: Սիրադեղյանին խորհրդարանը նախ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա նաև պատգամավորի մանդատից անհարգելի բացակայությունների պատճառով: Ավելի քան 20 տարի է, որ Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից և նրա հստակ տեղը և որպիսությունը հայտնի չէ:

2008 թվականի մարտի 4-ին՝ Մարտի 1-ից օրեր անց, Ազգային ժողովը արտահերթ նիստում բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին և Մյասնիկ Մալխասյանին մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Փակ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորները համաձայնություն տվեցին իրենց գործընկերներին կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությանը:

2012 թվականի հոկտեմբերին ԱԺ-ն ձայների 64 կողմ, 6 դեմ և մեկ անվավեր հարաբերակցությամբ համաձայնություն տվեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը՝ նախկին արտգործնախարար և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու հարցի վերաբերյալ: Կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն և Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը: Այսօր Սերժ Սարգսյանը ինքն է անցնում դիզվառելիքի քրեական գործով, իսկ ՕԵԿ-ի գոյության մասին տեղեկություններ չկա: Մյուս  չորս խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն բոյկոտեցին քվեարկությունը: «Մատից ծծած» այս գործը «կարել» էին Աղվան Հովսեփյանը և ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանի ուղղակի թելադրանքով:

 Թաթուլ Հակոբյան